Ժերար Շալյան. «Հուշերիս հուշերը»

1376

2010 թվականի հուլիսյան տապին մեզ տրամադրված «Վիլիսը», փոշու քուլաներ հանելով, սլանում էր դեպի Աղդամի առաջնագիծ` հետևում մշուշելով ավերակների քաղաքը։ «Վիլիսի» մեջ, ինձնից ու Հրաչ Կասպարից բացի, Ժերար Շալյանն էր։ Հայաստանում և Արցախում նրան քչերը գիտեին ու հիմա էլ գիտեն քչերը, թեև նա աշխարհում զինված հակամարտությունների, մասնավորապես ոչ կանոնավոր պատերազմների ամենաերևելի մասնագետներից է։

Արցախում նա եղել էր 1993-ին՝ պատերազմի ամենաարյունալի շրջանում, երբ հայկական ուժերը արդեն կոտրել էին ադրբեջանական անկանոն ու կանոնավոր բանակի ողնաշարը։ Շալյանը աշխարհը ոտի տակ է տվել, խոսում է բազմաթիվ լեզուներով, ունի գիտելիքների ահռելի պաշար՝ խելքի ծով, սակայն նրա համեստությունն ու դիմացինին լսելու հանդարությունը տպավորություն է ստեղծում, թե առաջին անգամ է լինում դեպքի վայրում։ Աղդամի խրամատում նա անխոս լսում էր հրամանատարին ու 19-ամյա զինվորին։

Ավելի քան յոթ տարի է անցել այդ օրերից, և ես Ժերար Շալյանին ու մեր երկուսուկես օրերը վերհիշեցի, երբ իմ գրասեղանին դրվեց նրա գիրքը՝ «Հուշերիս հուշերը»։

«Արդեն քանի-քանի տարի այս էջերը մտքիս էին, բայց սիրտ չէի անում գրել: Հիմա, երբ բոլորը վաղուց մեռած են, և իմ վերջն էլ բնավ հեռու չէ, եկել է մե՜ծ ժամանակը՝ հիշեցնելու այս հավաքական սպանդի մասին»,- գրում է նա:

Հատորի ներածականը գրել է լրագրող, հրապարակախոս Իզաբել Քորթյանը: Գիրքը հայերեն թարգմանվել է ֆրանսերեն բնագրից, թարգմանության պատասխանատուներն են Կարինե Հարությունյանն ու Ժիրայր Լիպարիտյանը:

Լիպարիտյանը նաև գրել է «Խոսք ընկերոջ» հատվածը, թե ինչպես է 1972-ին Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի գրադարանի աստիճաններին պատահաբար հանդիպել Շալյանին, ինչպես է 1982-ին նրա հետ ներկա գտնվել Շվեյցարիայում Թուրքիայի դեսպանի դեմ կատարված մահափորձի մասնակից Հրայր Մաքս Քիլիջյանի դատավարությանը և պաշտպանությանը Մարսելին մոտ գտնվող Էքս ան Պրովանս փոքրիկ քաղաքում, ինչպես է նրան 1991-ին առաջին անգամ հրավիրել անկախության ճանապարհը բռնած Հայաստան:

«Հայաստանի վերջին իշխանությունները ծանոթ չեն Ժերար Շալյանի՝ միջազգային մակարդակով գործունեությանը, ոչ էլ հետաքրքրված են նրանով՝ որպես գիտնականի, քաղաքագետի, ռազմավարական հարցերի մասնագետի, ոչ կանոնավոր պատերազմների վերլուծողի, լրագրողի, գրողի ու բանաստեղծի, տեղյակ չեն այդ ասպարեզներում նրա կատարած ահռելի աշխատանքի մասին: Թեև դա օգտակար պիտի լիներ, մանավանդ պետականության կառուցման համար. Ժերար Շալյանը մեկն է, որի կարծիքն ու խորհուրդը խնդրել են մի շարք պետություններ ու պայքարող ժողովուրդներ»,- գրում է Լիպարիտյանը:

1934-ին Բրյուսելում ծնված և չորս տարի անց ընտանիքի հետ Փարիզում հաստատված Շալյանը ավելի քան 70 հատորների հեղինակ է, որոնք թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Արկածների ու ճամփորդությունների սիրահար Շալյանն ավելի քան կես դար այնտեղ է, որտեղ կա դիմադրական շարժում:

18 տարեկանում նա մեկնեց Ալժիր, ապա Գերմանիա, Ճինաստան, Հնդկաստան, Կուբա, Գվինեա, Մալի։

Պարտիզանական շարժումներն ու ոչ կանոնավոր պատերազմները նրան 60-70-ական թվականներին տարան Գվինեա Բիսաու, Վիետնամ, Կոլումբիա, Հորդանան, ապա նաև՝ Իսրայել, Էրիթրեա, իրաքյան Քրդստան։ 80-ականներին Շալյանը անց կացրեց Աֆղանստանում, Սալվադորում, Պերույում, Ֆիլիպիններում, Շրի Լանկայում, ապա Վրաստանում, Քաշմիրում, Իրաքում, Լեռնային Ղարաբաղում։

Այդ ճամփորդությունների ընթացքում նա հանդիպեց բազմաթիվ երևելի մարդկանց, այդ թվում՝ Չե Գևարայի, Յասեր Արաֆաթի, Համիլկար Կաբրալի հետ։

Արմատներով հաճընցի՝ կիլիկեցի Շալյանը, առաջիկա օրերին այցելում է Հայաստան։ 2010-ին նրան հրավիրել էր Սիվիլիթաս հիմնադրամը։ Այս անգամ նա Երևան է գալիս՝ ներկայացնելու առաջին հայերեն թարգմանված գիրքը՝ «Հուշերիս հուշերը»։

«Հորեղբորս, որ մեռավ զենքը ձեռքին, և բոլոր նրանց, ովքեր դիմադրեցին ու դիմադրում են ամենուրեք»,- գրում է Շալյանը գրքի առաջին տողերում։

Այս հատորը, որի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 15-ին Երևանում, Շալյանի ընտանիքի և հայ ժողովրդի պատմությունն է՝ հերոսական ու ողբերգական դեպքերի միահյուսված հաջորդականությամբ։

Ընտանեկան հուշերի միջոցով Շալյանը պատմում է Հայոց ցեղասպանության և վերապրածների մասին. «Հիմա, երբ բոլորը մեռած են, վերհուշի ժամն է: Ես հոշոտված մի ժողովրդի, քարտեզներից գրեթե ջնջված երկրի կամա-ակամա ժառանգն եմ և արդեն հասցել եմ ատել չարաղետ անցյալն անվերջ ծամող սևազգեստ ծեր կանանց դեմքերը»:

Գիրքը բաղկացած է մի քանի պատումներից, որոնք էպիկական շնչով գրված մեկ ամբողջական վիպակ են կազմում: «Հաճընի պաշարումը. 1920» հատվածում Շալյանը հորեղբոր կյանքի միջոցով ներկայացնում է թուրքական զորքերի դեմ տեղի հայերի հերոսական դիմադրության դրվագը:

«Մարտիկների սխրանքը. 1890-1908» հատվածում 19-րդ դարի վերջին տասնամյակում Օսմանյան բռնակալության դեմ զինված պայքարի ուղին բռնած մի քանի հազար հայ ֆիդայիների պատմությունն է՝ զորավար Անդրանիկ, հաճընցի Մուրադ, Ռուբեն փաշա…

Շալյանը Հայոց ցեղասպանությունը ամփոփել է «Հայրենի մահաստան. 1915-1916» հատվածում ու կրկին դա արել է իր հարազատների պատմությամբ. «Նորից քո կողմն եմ դառնում, հայր իմ անգին: Կորուսյալ ընտանիքիդ կողմը, որը քեզ որբ թողեց տասնհինգ տարեկանում: Դու թևիդ տակ առար վերջին՝ փոքրիկ եղբորդ, որին ավելի ուշ պիտի ճանաչեի ու տեսնեի, թե թաղմանդ ինչ դառնագին է լացում՝ հիշելով անցած այդ ժամանակները: Հայրդ, մայրդ, քո հինգ քույրերն ու եղբայրները զոհվեցին: Միայն մեծ եղբայրդ մնաց, որը կողքիդ չէր, Հաճընում էր, որտեղ մեռավ զենքը ձեռքին»:

«Արյան պարտք. 1918-1922»՝ սա հայկական Նեմեսիս հատվածն է: Շալյանը մի քանի էջերում նկարագրում է թուրք ոճրագործների վերջը, ովքեր կազմակերպել և սառնասրտորեն իրականացրել էին մի ողջ ժողովրդի հավաքական սպանությունը: Մեկը մյուսի հետևից աշխարհի տարբեր քաղաքներում գետին են փռվում ոճրագործները. Թալեաթը՝ Բեռլինում, Սաիդ Հիլմին՝ Հռոմում, Ջեմալը՝ Թիֆլիսում, Էնվերը՝ Միջին Ասիայի լեռներում…

Եվ վերջապես գրքի վերջին մասը՝ «Վերջերգ. Այստեղ, հիմա». այս հատվածում տեսնում ենք կյանքի մայրամուտը թակող Շալյան բանաստեղծին. «Փխրուն ու այնքա՜ն գեղեցիկ կյանքի վերջին լույսերը կհանգչեն շուտով, և հուշերի ալիքը կփշրվի: Բայց ծով ընդերքը խաղաղ է կրծքիս տակ: Նորից արև կբարձրանա, երբ իմն արդեն մարած կլինի: Տափաստանի անութներում ալեհեր աշխարհի նժույգներն են հանդարտ արածում»:

Թաթուլ Հակոբյան