Բոլշևիկները բռնի ուժով փակել են ՀՅԴ բերանը, կապել ձեռքերը, բայց չեն մեռցրել հոգին

2175

Հատված Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923 թ. խորհրդաժողովին ուղղված զեկուցագրից:

—–

Գրքի սկզբում ասվեց արդեն, որ Քաջազնունին իր զեկուցմանը կցել է նաև մի նամակ՝ գրված ի պատասխան իմ նամակի:

Ավելորդ չեմ համարում ներկայացնել այստեղ և՛ իմ պատասխանը Քաջազնունու այդ նամակին: Իմ նամակը ևս «հիմնական մտքերի զարգացումն է, լրացումը և լուսաբանությունը»:

1923թ. հուլիս 30, Ալլենժ

Սիրելի Ռուբեն Իվանովի՛չ,

Մի ամսից ավելի է, որ ստացել եմ հունիս 17 նամակդ, բայց հակառակ ցանկությանս, պատասխանը այսքան ուշացավ: Մի ժամանակ ես էի վատ զգում ինձ, հետո հիվանդապահություն էի անում… Այսպիսի պայմաններում անհարժեշտ տրամադրություն չէր լինում գրելու: Եվ եթե այսօր էլ գրիչ եմ ձեռք առնում, բնավ համոզված չեմ, թե պիտի կարողանամ քո այնպես խնամված ու բովանդակալից նամակին վայել պատասխան գրել:

Մեր նամակագրության հիմնական խնդիրների վերաբերմամբ մեր տեսակետները այնքա՜ն են տարբերվում միմյանցից, որ չգիտեմ՝ արդեն դարձել է անխախտ համոզում, որ «Դաշնակցությունը անցել է մի որոշ ճամբա, բերել է իր կյանքի դատը մինչև մի որոշ կայան, որից դենը ինքը այլևս անզոր է առաջնորդելու»,  որ նա «պետք չէ այլևս Հայաստանին», որ, Դաշնակցություն կազմակերպությունը դատապարտված է մահվան (ըստ իս՝ մեռած արդեն) », որ «Հ. Յ. Դաշնակցությունը այլևս անզօր և անպետք է» ևայլն, և այլն. իսկ ինձ համար նույնքան անխախտ համոզում է, որ Դաշնակցությունը կենդանի է, կա, նրա գոյությունը զգացվում և շոշափվում է հայ կյանքի բոլոր երևույթների մեջ և դեռ հարկավոր է հայ ժողովրդին:

Փաստե՞ր ես ուզում: Ահա գաղութները, որոնց կյանքը մեր աչքի առջև է և որոնց մասին կարող ենք դատել ոչ թե «նշանավոր օտարականների» տպավորություններով: Մեր գաղութներում ազգային-հասարակական կյանքին ջիղ, գույն ու բովանդակություն տվողը այսօր էլ Դաշնակցությունն է: Դաշնակցական մամուլն է ամենատարածվածը և ամենից ավելի ազդեցիկը: Ընտրությունների ժամանակ նախապատվություն է տրվում դաշնակցական թեկնածուներին: Դաշնակցության ներքին կազմակերպությունը ոչ միայն չի խախտվել, այլ վերջերս տեղի ունեցող շրջանային ժողովները ցույց են տալիս, որ կատարելապես ամուր է: Նույնիսկ գաղթականության մեջ, Հունաստանում ու Սիրիայում, կազմակերպական եռանդուն աշխատանք է կատարվում, և կենդանի տարրերը, մանավանդ երիտասարդությունը, նոր սերունդը սիրով մտնում է մեր կուսակցության մեջ: Ես լավ ծանոթ չեմ, ի՞նչ է կատարվում Ռումինիայում, բայց Ամերիկայի, Եգիպտոսի, Բուլղարիայի ու Սիրիայի մասին ունեմ մանարամասն տեղեկություններ, որոնք հաստատում են քո ասածի հակառակը:

Բայց գաղութների կազմակերպության ամուր լինելը, կասես, նշան չէ, որ նա կենդանի է երկրում: Համաձայն եմ, որ եթե Դաշնակցությունը լինի միայն գաղութային կազմակերպություն, և նրա արմատները երկրում պիտի չորանան, ավելի լավ է վերացվի: Գաղութները կյանք և արժեք ունեն այնքան, որքան գոյություն ունի մայր երկիրը և իր կենդանի հյութով սնունդ է տալիս նրանց: Բայց, բարեբախտաբար, երկրի վիճակն էլ այն չէ, ինչ որ դու ես ենթադրում:

Մեր ստացած բոլոր տեղեկությունները ցույց են տալիս, որ ժողովրդի ընդհանուր համակրանքը Դաշնակցության կողմն է, և, հակառակ խիստ հալածանքների, երկրի բոլոր կողմերում կան կազմակերպություններ: Նոր սերունդը, մի կողմ դրած որբանոցները, նույնիսկ պետական դպրոցներում, սնվում է դաշնակցական գաղափարներով… և ակնհայտ կերպով ընդդիմադիր է բոլշևիկներին: Այս ընդհանուր մտայնությամբ է բացատրվում, որ, ինչպես ցույց է տալիս բոլշևիկների պաշտոնական վիճակագրությունը («Զարյա Վաստոկա», թիվ 239), Հայաստանում միայն 1692 կօմունիստ կայ, ո՛չ միայն հայ: Դրանով է բացատրվում և այն հակադաշնակցական դաժան քաղաքականությունը, որին հետևում են բոլշևիկները: Իհարկե, այդ քաղաքականության հետևանքով մեր կազմակերպությունը երկրում սեղմվել է, փոքրացել ծավալով, բայց այդ չի նշանակում, որ նրա պոտենցիան սպառել է: Հակառակը, դրանով ավելացել է նրա առաձգականությունը և եթե հնարավորություններ ստեղծվեն ազատ արտահայտվելու, կասկած չկա, նա շատ շուտով կստանա իր լայն զանգվածային կազմակերպության բնույթը:

Քեզ համար «կուսակցություն չկա այլևս, կան բեկորներ», մինչդեռ իրականությունը ցույց է տալիս, որ կուսակցությունն ապրում է, պահում իր կազմակերպությունն ու ժողովրդականությունը: Դու այդ փաստին մի պատասխան ունես միայն. «Ես չեմ հավատում քո ունեցած տեղեկություններին»… Էհ, բանը որ հավատի մնաց, իհարկե, դժվար է ապացուցել հակառակը, բայց իրականությունը հավատով չի կարելի հերքել: Դու կարող ես իմ ասածին չհավատալ, այդ դեպքում պարտական ես հակառակ փաստեր բերել և ոչ թե բավականանալ միայն վերացական խորհրդածություններով ու սխոլաստիկ բնույթ կրողբանավարություններով, և՛ս առավել չսահմանափակվել սոսկ քո ունեցած նախկին կուսակցական տեղեկություններով ու տպավորություններով, քանի որ հենց ինքդ էլ վկայում ես, որ երբեք չես եղել իսկական մտքով կուսակցական մարդ, այսինքն՝ չես ապրել կուսակցության ներքին կյանքով ու տեղյակ չես եղել նրա վիճակին: Կուսակցության մեռած լինելու ապացույց չեն և մի շարք հիվանդագին երևույթները ընկերական փոխհարաբերություններում, նրանք արդյունք են անցողական պատճառների, ոչ էլ Ընդհանուր ժողովի չգումարվելը, քանի որ դու շատ լավ գիտես, որ Ընդհանուր ժողովը չգումարվեց ոչ ներքին, այլ արտաքին արգելքների հետևանքով: Այսպիսի պահեր անցյալ ում էլ պատահել են մեր կուսակցական կյանքում:

Բայց, ասում ես, կուսակցությունը մեռել է ոչ թե միայն իբրև ֆիզիկական մարմին, այլև գաղափարապես: Ապացույց դրան Խորհրդաժողովի բանաձևը՝ «զուրկ շիտակությունից և տղամարդկությունից»: Ինչո՞վ է այդ բանաձևը անշիտակ ու տղամարդկությունից զուրկ: Նրանով, որ տապանաքար չի՞ դրել Դաշնակցության վրա: Խորհրդաժողովը, հաշվի առնելով ստեղծված առարկայական պայմանները, որոնք իր համոզումով ժամանակավոր են, հրահանգում է սպասողական դիրք բռնել, սպասել ընդհանուր հանգամանքների պարզվելուն՝ նվիրվելով գլխավորապես ներքին աշխատանքների: Այս քաղաքականությունը կարելի է անվանել պատեհապաշտ, ոչ-հեղափոխական, բայց «զուրկ շիտակությունից  և տղամարդկությունից» անվանել չի կարելի: Խորհրդաժողովի բանաձևի մեջ ներքին կեղծիք չկա. կա արտաքին պայմանների համակերպում, որոնք համարվում են ժամանակավոր: Եվ առողջ ու կենդանի կուսակցության պարտականությունն է հենց այդ՝ գիտենալ, թե երբ պետք է զենք շարժել և երբ զենքը պատյանը դնել: Խորհրդաժողովի բանաձևը բնորոշում է մի հանգրվան, լոկ հանգրվան և ո՛չ ավելի:

Բայց ինչո՞ւ է քեզ Դաշնակցությունը թվում մեռած:

Նրա համար, որ հիմք ընդունելով այդ փաստը, կազմես քո բանավարությունը՝ Դաշնակցությունը մեռավ, կեցցե՛ Դաշնակցությունը, այսինքն՝ կեցցեն բոլշևիկները, որոնք Դաշնակցության ժառանգն են, Դաշնակցությունը «պետք է վերանա ասպարեզից և իր տեղը տա հայ բոլշևիկներին», «հայ բոլշևիկները դաշնակցականներ են, միակ դաշնակցականները այսօր», «այսօր Հայաստանի ներկան ու ապագան ապահովված է շատ ավելի, քան 1920թ. նոյեմբերին»: «Ես չեմ ճանաչում հայ բոլշևիկներին… սրտիս խորքում մի համառ հավատ ունեմ, որ նրանք էլ ինձ պես ու իմ չափ հայ մարդիկ են»:

Էլի՛ հավատ… Ինչի՞ վրա է հինված այդ հավատը, և արդյոք դա նույն այն հաւատը չէ՞, որ ունեինք ամենքս, երբ 1920թ. դեկտեմբերի 2-ին իշխանությունը հանձնում էինք բոլշևիկներին: Այն ժամանակ էլ մտածում էինք, թե բոլշևիկները մեզ պես մարդիկ են, թե Հայաստանի մշակութային ու տնտեսական ներկա հետամնաց պայմաններում նրանք էլ նույնը պիտի անեն, ինչ մենք. պիտի ապահովեն Հայաստանի սահմանները, պիտի տան երկրին խաղաղություն և այլն, և այլն: Հիշում ե՛ս, թե ինչ էինք մտածում մենք: Արդյունքը, սակայն, ի՞նչ եղավ: Եվ ի՞նչ երաշխավորություն ունես, թե «Մյասնիկյանի ու Լուկաշինի կառավարությունը» վաղը, երբ հրամայեն ի վերուստ, չի անի այն, ինչ որ Կասյանի կառավարությունը արեց: Արդյոք բոլշևիկների գաղափարաբանությո՞ւնն է փոխվել, արդյոք նրանք պրոլետարական դիկտատուրայից ու համաշխարհային հեղափոխությունից ե՞ն  հրաժարվել: Այն, որ նրանք այսօր վերջ են տվել պատերազմին, «լուծել» են սահմանների հարցը, ապահովել հաղորդակցության միջոցները և աշխատելու պայմանները, դեռ ոչինչ չի նշանակում: Այդպես է նրանց այսօրվա ընդհանուր կուրսը՝ խաղաղություն և ուժերի հավաքում նոր գրոհի պատրաստվելու համար: Ե՞րբ պիտի հնչի նոր գրոհի ահազանգը, ոչ ո՛ք չգիտի, բայց ոչ մի երաշխավորություն չկա, որ այսօրվա դրությունը տևական է լինելու:

Ոչինչ չի նշանակում և այն, որ բոլշևիկները ճառում են անկախության մասին: Մեր աչքի առջև է նրանց էվոլյուցիան այդ խնդրում, և այսօր միայն ներողամիտ ժպտով կարելի է խոսել զանազան Ռ.Ս. Ֆ.Ս.Ռ.-ների Ս.Ս. Ս.Ռ.-ների սահմանադրության մասին: Անկախությունն ու ինքնավարությունը արտասահմանի համար հատկացված ցուցանակներ են միայն, իսկ իրականում քաղաքական, վարչական ու տնտեսական բոլոր իրավունքները կենտրոնացած են կոմունիստական կուսակցության ձեռքում՝ Մոսկվայում: Քեզ մխիթարում է, որ «Մյասնիկյանի ու Լուկաշինի կառավարությունը մի քիչ ավելի է, քան… զեմստվոյական հաստատությունները»: Ինձ այդ չի մխիթարում. Ես, իսկապես, չեմ իմանում, թե ի՞նչ է ներկայացնում իրենից այդ կառավարությունը անկախության տեսակետից և եթե, իրոք, նա այսօր ավելի է, քան մի զեմստվո, ո՛չ մի տվյալ չունեմ պնդելու, որ վաղն էլ այդպես կմնա:

Ինձ առանձին ոգևորություն չի պատճառում և բոլշևիկների, այսպես կոչված, շինարարությունը. ճտերն աշնան են հաշվում, և դեռ վաղաժամ է այդ մասին եզրակացություններ հանելու: Երևի ինձ պես է մտածում և Հայաստանի ժողովուրդը, որ գայլի աչքով է նայում բոլշևիկներին:

Դու ասում ես, որ մենք բոլշևիկների կատարած քիչն էլ չկարողացանք անել: Ինչո՞ւ: Որովհետև նույն այդ բոլշևիկները 1920թ. մայիսից սկսած շրջափակման ենթարկեցին մեր երկիրը, կտրեցին մեզ նավթից ու հացից և քիչ հետո էլ բոլորովին խորտակեցին: Այդ խորտակումը մեր բարոյական ու մտավոր տկարության և բոլշևիկների զորության ապացույց չէ բնավ: Ո՛չ էլ դրանով նրանք մեր երկիրը փրկեցին կորստից:

Դու հակառակ համոզումն ունես. «Այն օրհասական ժամին, երբ մենք սպառել էինք արդեն մեր վերջին ուժերը, բոլշևիկները ասպարեզ եկան, խորտակեցին մեզ, բայց երկրին պաշտպան կանգնեցին…»: Մինչդեռ նույն այդ «օրհասական ժամը»՝ 1920թ. նոյեմբերի աղետը, հենց բոլշևիկների ձեռքի գործն էր: Նրանք Հայաստանն ու հայ ժողովուրդը զոհ բերին իրենց ցնորամիտ ծրագրերին, իսկ մենք հիմա երախտագիտություն ենք հայտնում նրանց, որ մեզ բոլորովին չոչնչացրին ու ինչ որ մի բան էլ թողին կանգուն: Սա էլ տեսակետ է, իհարկե: Բոլշևիկները ո՛չ միայն չփրկեցին Հայաստանը, այլ  պատճառ դարձան հայ ժողովրդի մեծագույն դժբախտության՝ մահացու հարված հասցնելով Հայաստանի անկախությանը և հայկական խնդրին: Եվ ես ուղղակի ապշում եմ, ինչպե՞ս կարող ես դու հայ բոլշևիկների վարմունքը գովել և անվանել «պաշտպանություն երկրի»: Ինչպե՞ս դու մոռանում ես այն զզվելի ոճիրը, որով հայ բոլշևիկները արգելք եղան հաշտության և բարեկամության դաշնագրի ստորագրությանը՝ Չիչերինի ու [Լևոն] Շանթի միջև Մոսկվայում: Ինչպե՞ս մոռացության ես տալիս մայիսյան ապստամբությունը, որն իսկապես սպառեց մեր ժողովրդի ուժերը, բոլշևիկների սադրանքները Ղարաբաղի ու Զանգեզուրի վերաբերմամբ, [Մուստաֆա] Քեմալին [Աթաթուրք] ոսկի ու զենք մատակարարելը հենց Հայաստանի դեմ: Եվ մեզ համարում ես անկարող, իսկ բոլշևիկներին՝ ժողովրդի փրկիչներ, փոխանակ նրանց երեսին շպրտելու «ազգային դավաճան» խոսքը…

Այո՛, բոլշևիկները ստեղծեցին մի դրություն, որով Հայաստանը կապվեց Խորհրդային Ռուսաստանի հետ: Մենք գոհ չենք այդ դրությունից, բայց համակերպվում ենք: Եվ համաձայն եմ քեզ հետ, որ «այն օրը, երբ ռուսը գնա Կովկասից, Հայաստանը կվտանգվի մեծապես»: Եվ բոլորովին չեմ ձգտում, որ Մոսկվային փոխարինի Անկարան: Եվ հենց դրա համար է, որ Դաշնակցությունը այսօր ոչ միայն չի կռվում բոլշևիկների դեմ, այլև օգնում է նրանց այն ձեռնարկներերին, որոնք, իր հասկացողությամբ, օգտակար են Հայաստանին ու հայ ժողովրդին: Որոշ վերապահությամբ, մի պահ ընդունինք նաև, որ բոլշևիկները «ստեղծված պայմաններում կարող են շարունակել մեր գործը»:

«Որոշ պայմաններում» ցարիզմն էլ կարող էր շարունակել մեր գործը: Բայց ի՞նչ երաշխավորություն, որ Խորհրդային Ռուսաստանը երկար կյանք ունի կամ Խորհրդային Ռուսաստանի ներկա քաղաքականությունը տևական է, որպեսզի հայ բոլշևիկների «օգտակար» դերն էլ տևական լինի: Հապա եթե կրկնվի 1918-ի պատմությունը ու մենք երես առ երես մնանք մեր հարևանների ու թուրքերի հե՞տ: Դու հավատում ես, որ այս դրությունը տևական է: Ես այդ հավատը չունեմ: Ավելին, ես հակառակ հավատն ունեմ: Եթե ճիշտ դուրս գա իմ հավատը, հայ բոլշևիկների ազդեցությունը զրոյի կհավասարվի: Եվ քանի որ այդ հնարավորությունը չի հերքվում, որքա՞ն խելացի բան է ցանկանալ ամբողջ հայ ժողովրդի քաղաքականությունը կապել միայն Խորհրդային  Ռուսաստանի ու բոլշևիկների հետ: Արդյոք սա նույն ճակատագրական սխալը չէ՞, որ մենք ար[եց]ինք1914-ին:

Դու ասում ես, որ բոլշևիկները արդեն իսկ համաձայնություն ստեղծել են մեր հարևաններ հետ, մինչդեռ Դաշնակցությանը անցյալում չհաջողվեց և ապագայում էլ չի հաջողուի: Ամենքին հայտնի է արժեքը այն «համաձայնության», որ բոլշևիկներին հաջողվել է ստեղծել Կովկասում: Կովկասն այսօր էլ բուռն հնոց է ազգային հակամարտությունների, որոնք զսպված են ռուսական ուժով: Ենթադրենք մի պահ, որ ռուսները հեռացան Կովկասից, չեմ ասում, որ անպատճառ կհեռանան, ի՞նչ կլինի այդ «համաձայնության» վիճակը: Ասել թե, որովհետև անցյալում Դաշնակցությանը չի հաջողվել համաձայնության գալ հարևանների հետ, ապագայում էլ չի հաջողվի , հազիվ թե լինի ճիշտ: Կովկասի բոլոր ժողովուրդներն էլ փորձառության որոշ բովով անցել են, ինչպես և Դաշնակցությունը:

Նմանապես և թրքական խնդրում: Որ թուրքերը, առհասարակ, հաշտ աչքով չեն նայում հայերին, հայտնի է: Բայց այն պահին, որ թուրքերն իրենց հարաբերությունները խզեն ռուսների հետ, արդյո՞ք ավելի տրամադիր չեն լինի դաշնակցականների հետ գործ ունենալու: Թուրքերի, և ո՛չ միայն թուրքերի աչքին հայ բոլշևիկները նույն ռուսներն են, Ռուսաստանի գործակալնները արևելքում, մինչդեռ դաշնակցականները, իբրև անկախության ձգտող, հակառուսական ուժ են: Իհարկե, թուրքերի և դաշնակցականների միջև վիհը շատ խորն է և, անշուշտ, ուրիշ՝ նոր ուժ ավելի հարմար կլիներ այդ դերի համար, բայց այդպիսի ուժ գոյություն չունի: Դու ասում ես՝ երբ պետք լինի, նոր մարդիկ ու նոր կուսակցություններ առաջ կգան: Նոր կուսակցությունները արհեստական կերպով չեն ստեղծվում: Նրանք առաջ են գալիս կյանքի ընթացքում: Եթե հայ կյանքըասպարեզ հանի Դաշնակցության փոխարինող նոր ուժ, օրհնյա՛լ լինի նրա կամքը: Բայց այդպիսի նշաններ ես գոնե դեռ չեմ տեսնում: Առայժմ Դաշնակցությունն է հայ կյանքի ամենամեծ քաղաքական կազմակերպությունը, և քանի հայ ժողովուրդը նրան է վստահում, զանգվածաբար նրան է փարած, նշանակում է նրա գաղափարները դեռ տեղ ունեն մեր իրականության մեջ ու կենդանի են: Բոլշևիկները բռնի ուժով փակել են նրա բերանն ու կապել ձեռքերը, բայց չեն մեռցրել հոգին:

Այս բոլորից հետո ես ավելորդ եմ համարում երկար կանգ առնել քո այն խոսքի վրա, թե հայ բոլշևիկները Դաշնակցության ժառանգն են: Այդ ճիշտ չէ: Հայ բոլշևիկները մեր կյանքում դրսից բերված տարր են և չեն բխել հայ իրականությունից՝ իբրև նրա օրգանական մասը: Հենց որ ռուսական խորհրդային ռեժիմն ընկնի, նրանք էլ  կգոլորշիանան: Համարել նրանց Դաշնակցության ժառանգ՝ գեղեցիկ, բայց անբովանդակ խոսք է միայն: Դաշնակցության ժառանգությունը բաժանելու ժամանակը չի հասել դեռ: