«Հարատև կռիվ»-ը՝ մեծ էկրանին

1011

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց սցենարիստ և ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմը, որը ներկայացնում է 2016թ. ապրիլյան պատերազմի ամփոփ տարեգրությունը:

«Այս ֆիլմը նվիրված է 18-20 տարեկան տղաներին, կամավորներին, աշխարհազորայիններին»,- ցուցադրությունից առաջ, լեփ-լեցուն դահլիճին ասաց Թադևոսյանը։

Թադևոսյանի ստեղծագործական աշխատանքը ամփոփ գնահատեց գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը։

Թադևոսյանը Արցախյան 1991-1994 թվականների պատերազմը նկարած ամենահայտնի սցենարիստներից և ռեժիսորներից է։ Նրա 42 ֆիլմերից 6-ը գեղարվեստական են, իսկ մյուս 36-ը վերաբերում են Արցախյան ազատամարտին և ամփոփված են երկու ֆիլմաշարերում՝ «Խոնարհ հերոսներ» և «Արդարության մարտիկներ»։

Հեղինակը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց և կառույցներին, ովքեր օժանդակել են ֆիլմի նկարահանումներին՝ «Բաց դիվանագիտություն» ՀԿ-ին, Հայաստանի և Արցախի ՊՆ-ներին, Բակո Սահակյանին ու Վիտալի Բալասանյանին, Բեյրութից Սարգիս Բուդաքյանին, Երևանի քաղաքապետարանին, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորներին։

Ֆիլմում հեղինակի և ստեղծագործական կազմի նկարահանումներից բացի օգտագործվել են կադրեր ապրիլյան պատերազմի օրերին այլ լրատվամիջոցների, այդ թվում ՍիվիլՆեթի արված նկարահանումներից։

Թաթուլ Հակոբյան