Սերժ Սարգսյանը պետք է հեռանա

1421

2018-ի ապրիլին՝ նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո, Սերժ Սարգսյանի հեռացումը քաղաքականությունից Հայաստանում բարեփոխումների և առաջընթացի կարևոր նախապայման է:

Սարգսյանի նախագահության տասը տարիներին Հայաստանը արձանագրել է հետընթաց մի քանի ուղղություններով:

Երկրից հեռացել է յուրաքանչյուր 10 բնակչից մեկը, բացարձակ թվերով՝ ավելի քան 300 հազար մարդ:

Արտաքին պարտքը ավելի քան քառապատկվել է՝ 1,5 միլիարդ դոլարից անցնելով 6 միլիարդը:

Եթե 2008-ին համախառն ներքին արդյունքը եղել է 11,5 միլիարդ դոլար, ապա 2016-ին այն կազմել է 10,5 միլիարդ:

Կտրուկ պակասել են օտարերկրյա ներդրումները՝ 2008-ի համեմատ շուրջ երեք անգամ, երկրում աղքատների թիվը ավելացել է:

Մի կողմ թողնենք, որ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26 է հասել Մարտի 1-ի արյունահեղության ճանապարհով, մի կողմ թողնենք, որ կեղծվել են 2013-ի նախագահական, 2015-ի սահմանադրական փոփոխությունների և 2017-ի խորհրդարանական ընտրությունները: Մի կողմ թողնենք, որովհետև ընտրություններ կեղծել են նաև նրա նախորդները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մի կողմ թողնենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Հայաստանն ու Արցախը հող են կորցրել:

Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, քանի որ նախագահության 10 տարիների արդյունքները բավարար են հասկանալու, որ նրա իշխանության մնալը նշանակում է լճացում, տեղում դոփել, բարեփոխումների բացակայություն: Այդ ամենը իր հերթին բերելու է նոր արտագաղթ, արտաքին պարտքի ավելացում, օտարերկրյա ներդրումների նվազում, աղքատության ավելացում:

Անգամ ընդդիմության շրջանում հնչում են կարծիքներ, թե սահմանադրական փոփոխություններից և խորհրդարանական կառավարման անցնելուց հետո կարևոր չէ, թե իշխող ուժը ում կնշանակի վարչապետ:

Չափազանց կարևոր է: Անգամ Միացյալ Նահանգների նման երկրում, որտեղ ինստիտուտներն են աշխատում, անհատի դերը էական է: Օրինակը Դոնալդ Թրամփն է:

Հայաստանում և նման կարգի երկրներում անհատների դերը քաղաքականության մեջ վճռական է։ Մանավանդ, երբ անհատները ձախողում են հնարավոր բոլոր ոլորտներում:

Մինչև 2022 թվականը իշխանությունը պատկանելու է ՀՀԿ-ին: Կուսակցությունն է որոշում կայացնելու, թե ով է լինելու վարչապետի պաշտոնում:

Լավագույն թեկնածուն, անկասկած, գործող վարչապետ Կարեն Կարապետյանն է: Որքան էլ նա ասոցացվի «Գազպրոմ»-ի և ռուսական շահերի հետ, հանրության շրջանում ընկալվի թույլ անհատականություն, նրա մնալը վարչապետի պաշտոնում կարող է դրական ակնկալիքներ և սպասումներ բերել:

Մեծ հաշվով, ի տարբերություն Սերժ Սարգսյանի նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանը չի ձախողել:

Կարեն Կարապետյանի մնալը վարչապետի պաշտոնում կարող է նշանակել ներդրումների հոսք ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արևմուտքից: Ուղն ու ծուծով կապված լինելով Ռուսաստանի հետ՝ Կարապետյանը, այդուհանդերձ, դրական ընկալում ունի նաև Արևմուտքում:

Իսկ եթե ՀՀԿ-ն կանգ առնի վարչապետի այնպիսի թեկնածուի վրա, որը ուղն ու ծուծով Սերժ Սարգսյանի կամակատարն է, այդ դեպքում նախընտրելի է Սերժ Սարգսյանի մնալը վարչապետի պաշտոնում:

Մինչդեռ Սերժ Սարգսյանի մնալը նշանակում է հույսի վերջնական սպանություն:

Թաթուլ Հակոբյան