Հայաստանը որևէ շահ կամ ձգտում չունի թշնամական դիրք բռնելու Ռուսաստանի հանդէպ

1198

1920 թ․ սեպտեմբերի 29-ին քեմալականները գրավեցին Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի առաջին օրերին՝ Ալեքսանդրապոլը, իսկ դեկտեմբերի 2-ին՝ ռուս-թուրքական հարվածների տակ, ՀՅԴ-ն իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցեց Բաքվում ձևավորված և նոյեմբերի 29-ին Իջևան մտած Հայհեղկոմին։

Ներկայացնում ենք ՀՅԴ Յառաջ օրաթերթի 1920թ․ նոյեմբերի 30-ի խմբագրականը։

ԱՆԻ

—–

ՀԱՅ ԵՒ ՌՈՒՍ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Հայ եւ ռուս յարաբերութիւնների խնդիրը բազմաթիւ առիթներով մենք շոշափել ենք այս էջերում: Նկատի ունենալով սակայն այդ յարաբերութիւնների կենսական նշանակութիւնը մեր ժողովրդի և պետութեան համար, մենք անհրաժեշտ ենք գտնում նորից վերադառնալու այդ հարցին՝ մեր տեսակէտն աւելի ևս պարզած լինելու համար:

Ոչ Հայաստանը և ոչ էլ հայ ժողովուրդը որևէ շահ կամ ձգտում չունեն և չեն էլ կարող ունենալ թշնամական դիրք բռնելու Ռուսաստանի հանդէպ, ով էլ ներկայացնելու լինի այդ հսկայ պետութիւնը:

Հայ ժողովուրդը կամենում է լինել անկախ ու ինքնիշխան իր երկրի մէջ: Եւ ամեն մի պետութիւն, որ կճանաչէ անկեղծօրէն և անվերապահօրէն Հայաստանի անկախութիւնը և միանգամայն կհրաժարւի մեր երկրի ներքին գործերի մէջ խառնւելուց, կլինի մեր բարեկամը: Առաւել ես Ռուսաստանը, որի հետ մենք կապւած ենք բազմաթիւ տնտեսական և կուլտուրական շահերով:

Բօլշևիկյան Ռուսաստանը բազմաթիւ անգամներ յայտարարել է, որ ընդունում է Հայաստանի կատարյալ անկախութիւնը և կամենում է լինել հաշտ ու բարեկամ հայ ժողովրդի և նրա պետութեան հետ:

Այդ հողի վրա սրանից մօտ եօթը ամիս առաջ սկսւել են բանակցութիւններ Մօսկւայում Հայաստանի և Ռուսաստանի միջև:

Այդ բանակցութիւնները, դժբախտաբար, չվերջացան Մօսկվայում, փոխադրւեցին Երևան և մեզնից միանգամայն անկախ պատճառներով ձգձգւում են մինչև այսօր էլ:

Սօվետական Ռուսաստանի լիազօր ներկայցուցիչ պ. Լեգրանը, որ ստորագրեց մեր ներկայացուցիչների հետ մի պայմանական համաձայնութիւն այստեղ, և մեկնեց Ռուսաստան իր կառավարութիւնից լրացուցիչ հրահանգներ ստանալու համար, որպէսզի վերադառնայ շուտով և իսկույն ստորագրէ վերջնական դաշնագիրը Լեհաստանի հետ, մինչև այսօր էլ չի տւել մեզ որևէ դրական պատասխան:

Եւ այսպէս անվերջ և ապարդիւն ձգձգւում են հայ և ռուս հաշտութեան բանակցութիւնները:

Այս հանգամանքը մեծ ջղագրգռութիւն է առաջ բերում մեր ժողովրդի բանիմաց շրջանների միջև և ստիպում թերահաւատությամբ վերբերւել բարեկամական այն խօսքերին, որ մեզ ասում են շարունակ Սօվետական Ռուսաստանի ներկայացուցիչները և որոնց միջև մինչև օրս էլ դժբախտաբար չհետևեցին այդ խօսքերը աներկբայելիօրէն հաստատող գործեր…

Հայաստանը մեծ պետութիւնների հետ ունեցած իր դառն և դաժան փորձից յետոյ, չի կարող լինել դիւրահաւատ դէպի որևէ օտար պետութիւն թէկուզ սօվետական Ռուսաստանը, որ հակառակ իր մեծ խոստումներին, չկամեցաւ մինչև այսօր կատարել բարեկամութեան ամենաանհրաժեշտ նախապայմանն իսկ- հաշտութեան պայմանագրի ստորագրումը:

Հայ ժողովուրդը ձգտել է միշտ, ձգտում է այժմ և պիտի ձգտի ապագայում էլ լինել հաշտ և բարեկամ Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ: Բայց ի՞նչ արժեք կարող է ունենալ այդ ձգտումը, եթէ Ռուսաստանը շարունակւում է պահպանել իր երկմիտ, երկդիմի վերաբերմունքը դէպի մեր ժողովրդի անկախ քաղաքական գոյութիւնը և ամեն կերպ խուսափում է կնքել մեզ հետ գէթ մի այնպիսի դաշնագիր, որ նա կնքել է Ֆինլանդիայի, Էստօնիայի, Լատվիայի և Վրաստանի հետ:

Փոխանակ դրան մենք տեսնում ենք յամառ փորձեր Սօվետական Ռուսաստանի անդրկովկասեան գործակալների կողմից սօվետիզացիայի ենթարկելու Հայաստանը, որը ուրիշ բան չպիտի նշանակէր, բայց եթէ զրկել  Հայաստանը անկախութիւնից և դարձնել նրան փաստորէն ռուսական մի նահանգ, ինչպէս դարձրին Ադրբէջանը:

Մենք կամենում ենք մնալ միջազգայնօրէն ճանաչւած անկախ պետութիւն: Եւ ամեն մի քայլ, որ պիտի տանի մեր երկիրը դէպի սովետիզացիա, միջազգային ներկայ պայմաններում պիտի լինի մեր պետութեան համար քաղաքական ինքնասպանութիւն:

Մենք կամենում ենք լինել հաշտ և բարեկամ սօվետական Ռուսաստանի հետ, ինչպես և մեր բոլոր հարևանների հետ, բայց մենք չենք կամենում դարձնել մեր երկիրը սօվետական, որովհետև դրանով մենք կզրկւենք մեր անկախութիւնից և մեր երկիրը կդարձնենք թատերաբեմ նորանոր պատերազմների համար, որոնց մէջ անխուսափելիօրէն մենք պիտի մտնենք Ռուսաստանի ընդհանուր շահերի և նպատակների հետապնդման համար:

Մինչդեռ Հայաստանի կատարեալ անկախութիւնը և բացարձակ չեզոքութիւնը պահպանելու միջոցով է, որ հայ ժողովուրդը կարող է ազատւել նորանոր արիւնահեղութիւններից և իմպերիալիստական ոյժերի բախման համար գործիք լինելուց:

Եթէ Ռուսաստանը մեր ժողովրդի և պետութեան անկեղծ բարեկամն է, նա ինքն ամենից առաջ և ամենից աւելի պիտի խուսափի խախտել Հայաստանի չեզոքութիւնը և օր առաջ հաստատի իր բարեկամութիւնը մեզ հետ հաշտութեան դաշնագրի միջոցով:

Սա կլինի ամենառաջին երաշխիքը հայ և ռուս բարեկամութեան, որը մեր ժողովրդի ամենամեծ, ամենաանկեղծ քաղաքական բաղձանքն է:

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիւ 263, Երեքշաբթի, 30 Նոյեմբեր, 1920թ