«Ժողովրդի թշնամին». չորս օր Բեյրութում

1564

Նոյեմբերի 14-ից 18-ը այցելեցի Լիբանան: 2006-ից ի վեր, երբ առաջին անգամ տեսա Միջերկրականի մարգարիտը, այնտեղ այցելում եմ տարեկան մի քանի անգամ՝ տարբեր գործերով, հիմնականում հրատարակչական և դասախոսական:

Այս այցելությամբ երկու նպատակ ունեի՝ ներկայացնել Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի վերջին երկու հրատարակությունները, ինչպես նաև՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո բացված գրքի ամենամյա ցուցահանդեսին մասնակցել ինչպես իմ հեղինակած, այնպես էլ ԱՆԻ կենտրոնի գրքերով:

Նոյեմբերի 14-ի երեկոյան Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնը և նրա տնօրեն Անդրանիկ Տաքէսեանը՝ ԱՆԻ կենտրոնի հետ գործակցաբար, կազմակերպել էին դասախոսական երեկո, որի ընթացքում ներկայացվեցին Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» և Ռուբէն Տէր Մինասեանի «Հայաստանի Հանրապետութիւնը» հատորների վերահրատարակությունները:

Երեկոյի ընթացքում կարճ ելույթներ ունեցան Անդրանիկ Տաքէսեանը, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր և «Պատասխանատուները» վերահրատարակված հատորի առաջաբանի հեղինակ Եղիկ Ճէրէճեանը, տողերիս հեղինակը: Ներկա էին Հայկազյան համալսարանի նախագահ, Հայաստանի Սփյուռքի նախարարության հասարակական խորհրդի անդամ վերապատվելի դոկտոր, Փոլ Հայտոսթեանը, Լիբանանի խորհրդարանի նախկին և ներկա հայազգի պատգամավորներ, հայ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, խմբագիրներ, մտավորականներ, գրասերներ:

Հատուկ շնորհակալություն հայտնեցի Հայկազյանի ղեկավարությանը, մասնավորապես Փոլ Հայտոսթեանին ու Անդրանիկ Տաքէսեանին, ովքեր սիրահոժար կերպով ամբիոն են տրամադրում ԱՆԻ կենտրոնին ու նրա հրատարակություններին: Հատուկ շնորհակալություն հայտնեցի նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը և դիվանապետ Խաչիկ Տէտէեանին. Անթիլիասի մայրավանքը իմ համար դարձել է Լիբանան այցելությունների համար հյուրատուն:

Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» և Ռուբէն Տէր Մինասեանի «Հայաստանի Հանրապետութիւնը» հատորները ներկայացնելուց հետո պատասխանեցի ներկաների հարցումներին, որոնք վերաբերում էին մեր քաղաքական պատմության ամենակնճռոտ հարցերին:

Բեյրութում գտնվելու առիթն օգտագործելով՝ հանդիպեցի իմ հին ու նոր ընկերներին, բնականաբար եղա «Ազդակ»-ում, որին թղթակցել եմ ավելի քան տասը տարի շարունակ՝ 2005-ից 2016 թվականներին: Այցելեցի «Շիրակ» և Համազգայինի գրատներ, «Անտուան» և «Վըրջին» գրախանութներ, իմ բարեկամներից Գրիգոր Տաքէսեանին, Սարգիս Պուտաքեանին: Ինձ համար միշտ էլ հետաքրքիր է զրուցել սփյուռքահայ պատմաբան, արխիվագետ Երուանդ Փամպուքեանի հետ, ով «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» հատորների հեղինակն է: Այս անգամ էլ առիթ եղավ ընթրիքի սեղանի շուրջ զրուցել նրա և հայոց պատմությունը բաց քննարկելու պատրաստ ընկերների ու բարեկամների հետ:

Անթիլիասում գտնվելու ընթացքում մտերմիկ զրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ, Վեհափառին նվիրեցի Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» և Ռուբէն Տէր Մինասեանի «Հայաստանի Հանրապետութիւնը» հատորները: Հաճելի էր Վեհափառի ստորագրությամբ ստանալ իր իսկ հեղինակած վերջին գիրքը՝ «Հայ եկեղեցին» (The Armenian Church), որը հասցրեցի կարդալ հենց Լիբանանում գտնվելու օրերին և որի մասին կարճ գրախոսական պատրաստեցի Երևան վերադառնալուն պես։

Նոյեմբերի 19-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո Անթիլիասի մայրավանքում բացված Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսում, որը կշարունակվի երեք շաբաթ՝ մինչև դեկտեմբերի 10-ը, ԱՆԻ կենտրոնը առանձին սեղանով ներկայացրեց իր հին ու նոր հրատարակությունները:

Բեյրութում գտնվելու վերջին օրը Համազգայինի «Գասպար Իփէկեան» թատերախմբի վարչության ատենապետ Մարտիկ Տէմիրճեանի հրավերով ներկա եղա նորվեգացի նշանավոր դրամատուրգ Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին» թեմադրությանը:

Սա մի ստեղծագործություն է, որը երբեք չի հնանում: Երբ դու այցելում ես այս ներկայացում, քեզ թվում է, որ այն հենց քո մասին է: Ավելին, հենց խաղի ժամանակ քո աչքի առաջ են գալիս իրական մարդիկ քո իսկ շրջապատից, որոնց նույնացնում ես Իբսենի կերպարների հետ: Հավանաբար այդ պատճառով էր նաև, որ դահլիճը մարդաշատ էր:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Անդրանիկ Տաքէսեան