Այգեհատ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Լոռու ձոր

5192

Այգեհատ գյուղը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 9 կմ հարավ-արեւմուտք, մարզկենտրոն Վանաձորից՝ 43 կմ հեռավորության վրա: Տեղադրված է Ալավերդի-Ստեփանավան ավտոմայրուղու վրա՝ Դեբեդ գետի հովտում, բարձրադիր սարավանդում` ծովի մակարդակից 1150մ բարձրության վրա:

Նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ և ունեցել Իգահատ, Իգոկաթ, Իկհատ անվանումները: Խորհրդային տարիներին կրել է Դանուշավան անունը, Այգեհատ է վերանվանվել 1991 թ-ին:

Այգեհատ գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական88 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 337 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 338 հոգի (ցարական մարդահամար), որից 334-ը՝ հայ, 1-ը՝ իսլամ, 3-ը՝ ուղղափառ,

1914 թվական – 809 հոգի

1916 թվական – 342 հոգի

1922 թվական – 500 հոգի

1926 թվական – 387 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 460 հոգի, բոլորը՝ հայ

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

17562196512_37c88c3bdf_b

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.

Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Այգեհատ (Դանուշավան), Արևածագ, Աքորի, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ:

Պատրաստեց՝ Թաթուլ Հակոբյանը