Հայաստանի գլխին եկած աղետների գլխավոր պատճառը մաքսիմալիզմն էր. Սիմոն Վրացյան

411

Հատված Սիմոն Վրացյանի գրությունից, որ իրականում զեկուցում է՝ ներկայացված ՀՅԴ Ամերիկայի շրջանի 29-րդ Պատգամավորական ժողովին: Այս գրությունը տեղ է գտել ՀՅԴ Բոստոնի ՀԱՅՐԵՆԻՔ ամսագրի առաջին համարում՝ Ա տարի, թիւ 1, Նոյեմբեր, 1922 թ., էջ 43-54: Գրության առաջին մասը հասանելի այս հասցեով՝ http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Hayreniq%20Boston/1922(1).pdf

ԱՆԻ-ին ներկայացնում է Սիմոն Վրացյանի գրության մի փոքր հատվածը՝ ամբողջականը թողնելով մոտ ապագային առանձին վերահրատարակության ակնկալիքով:

—-

Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովի մասին [տեղի է ունեցել 1919-ի աշնանը, Երևանում-ԱՆԻ] դուք տեղեկություն ունեք հրատարակված որոշումներից և ձեր պատգամավորների զեկուցումներից:

Ես դրա վրա երկար կանգ չեմ առնի: Բայց ավելորդ չեմ համարում այստեղ շոշափել մի քանի խնդիրներ, որոնք ծանրակշիռ նշանակություն ունեցան մեր ապագա գործունեության համար:

Այդ խնդիրներն են.

  1. Ընդհանուր ժողովի մտայնությունը կոալիցիայի մասին,
  2. Արգելքը Բյուրոյի անդամներին կառավարության մեջ մտնելու,
  3. Մեծ Հայաստանի պահանջը՝ ծովից ծով,
  4. Զինվորական նախարարի պաշտոնը անպատճառ Դաշնակցականի հանձնելու պահանջը,
  5. Ղարաբաղի մասին եղած որոշումը և այլն:

Այն էլ պետք է ասել, որ թե ներքին և թե մանավանդ արտաքին քաղաքական հարցերում, Ընդհանուր ժողովը ցույց տվեց ծայրահեղ մաքսիմալիստական ձգտումներ, որոնք չէին համապատասխանում ոչ մեր երկրի առարկայական պայմաններին, ոչ էլ մեր ժողովրդի կարողությանը:

Այս մաքսիմալիզմը, որի առանձնապես անզիջող ներկայացուցիչներ էին գաղութներից եկած ընկերները, գլխավոր պատճառը եղավ Հայաստանի գլխին եկած հետագա աղետների:

Ընդհանուր ժողովը չափից ավելի գերագնահատեց հայ ժողովրդին և ՀՅԴ-ի ուժերը, անտեղյակ կամ արհամարհող գտնվեց դեպի Հայաստանի շուրջը գտնվող ուժերը և չկարողացավ բավականաչափ գնահատել ո՛չ միջազգային կացությունը, ո՛չ էլ հայ հասարակական ուժերի փոխհարաբերությունները…

… Թե մեր հարևանների և թե, մասնավորապես, Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու պահանջի խնդրում ճակատագրական նշանակություն ունեցավ Ընդհանուր ժողովի որոշումը ծովից-ծով Հայաստանի և Ղարաբաղի մասին:

Այսօր, կարծես, այլևս բոլորի կողմից ընդունված փաստ է, որ ծովից ծով Հայաստանի պահանջը առնվազն տղայամտություն էր: Նա ո՛չ միայն հնարավոր չէր միջազգային քաղաքական պատճառներով, այլև հայ ազգի ենթակայական պայմաններով: Անգամ, եթե կարելի էլ լիներ այդ սահմաններով Հայաստան ստանալ, մենք ի վիճակի չէինք լինի այն կազմակերպել և կառավարել: Այդպիսի պետության մեջ հայերը պիտի լինեին փոքրամասնություն և կուլ գնային մահմեդական մեծամասնությանը:

Իններորդ ընդհանուր ժողովում այս նախազգուշացումները նկատի չառնվեցին: Այնտեղ իշխողը, եթե կարելի է այսպես ասել, հայկական իմպերիալիզմն էր՝ դարձյալ գաղութներից եկող ընկերների ճնշման տակ:

Նրանք ծանոթ չէին ո՛չ հայ ժողովրդի իրական ուժերին, ո՛չ էլ պետություն ստեղծելու դժվարություններին, և սավառնելով քաղաքական ռոմանտիզմի բնագավառներում՝ փաստաբանում էին Կիլիկյան Հայաստանը կցելու անհրաժեշտությունը:

Այս տրամադրությունը հանդիսացավ հաղթող և մեծապես դժվարացրեց հայ դիվանագիտության գործունեությունը:

Նույնը և Ղարաբաղի խնդրում:

Ընդհանուր ժողովը խիստ կտրուկ հրահանգ տվեց ապահովելու Ղարաբաղի միացումը Հայաստանին: Մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու կարիքն այնքան կարևոր էր Հայաստանի համար, որ ավելի իմաստուն կլիներ, որ այս հարցում որոշ չափով լինեինք վերապահ, մանավանդ, որ չէր կարելի չհամաձայնվել այն մտքին, որ Ղարաբաղը Ադրբեջանի համար ավելի ևս կենսական տնտեսական նշանակություն ունի, քան Հայաստանի, և դժվար թե Ադրբեջանը այս հարցում տեղի տար՝ առանց արտաքին սաստիկ ճնշման:

Ղարաբաղը եղավ կռվախնձոր Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Բյուրոն, համաձայն Ընդհանուր ժողովի որոշման, Ղարաբաղ ուղարկեց գործիչներ՝ կազմակերպական աշխատանքներ կատարելու համար: Ադրբեջանցիք իրենց հերթին ուղղարկեցին զինվորական ուժեր:

1921 թ. [պետք է լինի 1920-ԱՆԻ] գարնանը առաջ եկավ Ղարաբաղի ապստամբությունը, որին հաջորդեց փաստական պատերազմը ադրբեջանյան զորքերի հետ, որովհետև Զանգեզուրում գտնվող Հայաստանի զորամասը, ընկեր Դրոյի հրամանատարությամբ, վերահասու լինելով հայ-ադրբեջանյան ընդհարումներին՝ մտավ Ղարաբաղ և մասնակցեց կռիվներին: Ադրբեջանի կառավարությունը Ղարաբաղի դեմ ուղղեց համարյա իր ամբողջ բանակը, որից օգտվեցին բոլշևիկները և ապրիլ 28-ին մտան Բաքու: