«Հայաստանի աննպաստ դրությունը թելադրում է հաշտ ու բարեկամաբար ապրել վրացիների հետ»

2488

Սա հատված է Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից և պատասխան է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունուն, ով ավելի վաղ հրապարակել էր Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՎՍ հատորը, որ իրականության մեջ 1923թ. ապրիլին Հ. Յ. Դաշնակցության արտասահմանյան մարմինների խորհրդաժողովին ներկայացրած զեկուցագիր է: 

«Մեր կուսակցությունը, ասում է Քաջազնունին, հատկապես պետք է գիտենա ու հիշի, որ մեր ամենատագնապալի օրերին նա ապրել ու գործել է վրաց սոցիալ-դեմոկրատների հեգեմոնայի տակ, քարշ է եկել նրանց փեշը բռնած»: Ճի՛շտ է, և ինքը՝ Քաջազնունին մեկն է եղել այն գործիչներից, որոնք անհրաժեշտ են համարել, ասենք իր խոսքերով՝ «քարշ գալ վրաց սոցիալ-դեմոկրատների փեշը բռնած»:

Բայց ինչո՞ւ էր այդ այդպես: Քաջազնունին տալիս է դրա բացատրությունը, և մենք կատարելապես համաձայն ենք նրա հետ: Վրացիները ամեն տեսակետից մեզանից ավելի նպաստավոր վիճակի մեջ էին և այսօր էլ են, և բնական է, որ նրանց ազդեցությունը ավելի մեծ էր:

Անբնական չէր և այն, որ մենք նրանց «փեշից էինք քարշ գալիս», որովհետև հայ ժողովուրդը պետք ուներ այդ «փեշին»:

Ընկած դեպի մեզ թշնամաբար տրամադրված մահմեդական ծովի մեջ, լքված ռուսներից՝ մենք մնացել էինք մինակ և հասկանալի է, որ պիտի որոնեինք բարեկամները, մեր և նրանց բարեկամությունը օգտակար էր հայ ժողովրդի համար և, այո՛, հաճախ, նույնիսկ նվաստացուցիչ ձևերով մենք մենք «քարշ էինք գալիս նրան փեշից»:

Այդ միայն կարող է պատիվ բերել Դաշնակցության խոհականության, քաղաքական տակտին և բնավ երբեք նվաստացուցիչ չէ նրա համար:

Բայց հարցնենք Քաջազնունուն. այդ տեսակետից նույնը չէ՞ և այսօր:

Արդյոք հայ ժողովրդի  բարեկեցությունը մեծ չափով կախված չէ՞ Թիֆլիսից ու Վրաստանից: Եվ արդյոք հայ բոլշևիկները «քարշ չե՞ն գալիս վրացի բոլշևիկների փեշից»:

Կացությունը ոչ միայն տարբեր չէ, այլ նույնիսկ ավելի վատթար. վրաց հեգեմոնիան, այս անգամ կոմունիզմի անվան տակ, շարունակվում է, և վրացի բոլշևիկները «շատ վարպետորեն (ավելացնեմ նաև՝ ցինիկաբար) օգտվում» են իրենց նպաստավոր դիրքից:

Եվ եթե մեր պայմաններում, ընդհանուր քաոսի ու փոթորիկի մեջ , այդ հեգեմոնիան հասկանալի էր ու տանելի, այժմ նա շատ ավելի պակաս է հասկանալի ու տանելի: Այդ փաստը և՛ առաջ, և այժմ ցույց է տալիս մի բան, որ Հայաստանի աշխարհագրական աննպաստ դրությունը թելադրում է հայ ժողովրդին հասկացողության ընդհանուր լեզու գտնել և հաշտ ու բարեկամաբար ապրել վրացիների հետ և ոչ թե է՛լ ավելի գրգռել ու վատացնել փոխհարաբերությունները: