Կարեն Դեմիրճյան. In Memoriam

10847

1999թ. գարնանը Երևանի պետհամալսարանում ներկաներից մեկի հարցին, թե որքանո՞վ է պաշտպանված պաշտպանության նախարարը, Վազգեն Սարգսյանը պատասխանել էր. “Եթե պաշտպանության նախարարն էլ իր պաշտպանության մասին պիտի մտածի, էլ ո՞ւմ է պետք այդպիսի նախարարը: Ոչ մի բանից չեմ վախենում, ինձ ոչ մի բան չի սպառնում: Ես ներքին թշնամիներ չունեմ, ինձ համար կա միայն արտաքին թշնամի”:

1999թ. հոկտեմբերի 27-ին ժամը 17.15-ի սահմաններում, բաց գորշավուն երկար անձրևանոցով խորհրդարանի դահլիճ է ներխուժում Նաիրի Հունանյանը և մյուս ահաբեկիչների հետ Կալաշնիկով ավտոմատներից կրակ բացում վարչապետ Սարգսյանի և առաջին շարքում նստածների ուղղությամբ: Աննախադեպ սպանդից հետո ահաբեկիչները խորհրդարանի հատակին պառկեցնում են ողջ և  արնաշաղախ նախարարներին ու պատգամավորներին: Ապա Հունանյանը բարձրանում է Ազգային ժողովի ամբիոն` ստորագույն հայհոյանքներ թափում սպանվածների հասցեին, շարունակում կրակահերթերը:

Հոկտեմբերի 29-ից 31-ը համազգային սգո օրեր էին, երկրում և դրսում` դիվանագիտական ներկայացուցչություններում, խոնարհվել էին պետական դրոշները: Վայրկյանների ընթացքում Հայաստանի ներքաղաքական դաշտն ամայացավ: Նաիրի և Կարեն Հունանյան եղբայրները գլխատեցին կառավարության և Ազգային ժողովի ղեկավարությանը:

Նախագահ Քոչարյանը, ով հոկտեմբերի 27-ին և հաջորդող մի քանի ամիսներին պետք է տաներ նախագահության տասնամյա շրջանի ամենադժվար օրերը, հայտարարում է. “Հայաստանի Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած իրադարձությունները մեզ ստիպում են համախմբվել` հաղթահարելու ողջ ժողովրդի համար այս ծանր փորձությունը: Ես խորապես ցավակցում եմ զոհվածների` իմ զինակիցների, գործընկերների, ընկերների ընտանիքներին և մերձավորներին”: Ավելի ուշ` դեկտեմբերի 21-ին, նախագահ Քոչարյանը տալիս է ողբերգության իր գնահատականը. “Ըստ էության, կատարվել է ահաբեկչության ճանապարհով հեղաշրջման փորձ”:

Աննախադեպ ոճիրի հաջորդ օրը մեկուկես տարվա լռությունը խախտում է Հայաստանի առաջին նախագահը: Տեր-Պետրոսյանի գրավոր հայտարարությունում ասվում էր. “Կիսելով տեղի ունեցած ողբերգության առթիվ մեր ժողովրդի ապրած խոր ցավն ու արդարացի վրդովմունքը` ես կուզեի բայցևայնպես շեշտել ներկա իրավիճակի վերահսկելիության կարևորությունը”: “Չեմ կասկածում, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ` հանրապետությունում լիակատար կարգուկանոն և  հասարակական անդորր ապահովելու ուղղությամբ: Չեմ կասկածում նաև, որ հասարակության բոլոր շերտերը, մտավորականությունը, քաղաքական գործիչներն ու լրագրողները գիտակցում են, որ այսօր պահը չէ հապշտապ մեկնաբանությունների ու ավելորդ գնահատականների: Դրությունը հասարակական բոլոր ուժերից և կառավարման բոլոր մարմիններից պահանջում է մեկ մարդու նման համախմբվել հանրապետության նախագահի շուրջ և կատարյալ համերաշխությամբ ու արժանապատվությամբ դիմագրավել մեր պետությանը նետված մարտահրավերը”:

Արդեն 2007թ. հոկտեմբերին Ազատության հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին առաջին նախագահը բացատրում էր, թե ինչո՞ւ է ոճրագործության հաջորդ օրը հրապարակավ իր աջակցությունը հայտնել գործող նախագահին. “Քոչարյանը զանգահարեց ինձ և շնորհակալություն հայտնեց: Դա իշխանափոխությունից հետո իմ և Քոչարյանի առաջին ու վերջին խոսակցությունն էր: Իմ մտահոգությունն այդ պահին ոչ թե նախագահի դիրքի ամրապնդումն էր, այլ քաոսից խուսափելու և  Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ նկրտումները կանխելու անհրաժեշտությունը”:

Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայ ժողովրդի շուրջ երեքհազարամյա պատմության մեջ հոկտեմբերի 27-ը հիշեցնող երեք նախադեպ հիշատակեց: “705թ. Նախճավան քաղաքի եւ մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում արաբները ողջակիզեցին հայ նախարարների ողջ ավագանուն: 1915թ. ապրիլի 24-ին երիտթուրքերը գլխատեցին արեւմտահայ քաղաքական և մտավորական ընտրանուն: 1930-ական թթ. Ստալինը ոչնչացրեց Հայաստանի ղեկավարության և մտավորականության ամենակարկառուն դեմքերին: Հոկտեմբերի 27-ի սպանդը վերոհիշյալ եղեռնագործություններից արմատապես տարբերվում է նրանով, որ իրականացվել է ոչ թե օտարների, այլ հայերի իսկ ձեռքով”:

Ովքե՞ր էին օժանդակել ոճիրի իրականացմանը: Խոսվում էր ինչպես արտաքին, այնպես էլ` ներքին ուժերի հնարավոր ներգրավվածությունից, շրջանառվում էին բազմաթիվ վարկածներ: Դատավարությունը չկարողացավ պարզել, թե ովքեր են կանգնած ահաբեկիչների թիկունքում:

Վարկածներից մեկը կապվում էր ղարաբաղյան կարգավորման, մասնավորապես տարածքների փոխանակման “Մեղրիի տարբերակի” հետ: Ընդ որում, մամուլում և դիվանագիտական շրջանակներում տեսակետ կար, թե այդ տարբերակին դեմ էին ոճրագործությանը զոհ գնացած Սարգսյանն ու Դեմիրճյանը: Նրանց հարազատները ևս այդ կարծիքին են:

Մեղրիի տարբերակը

1999-ին կրկին շրջանառության մեջ դրվեց տարածքների փոխանակման տարբերակով ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորությունը: Ռոբերտ Քոչարյանը պարզաբանում է. “Կա փակուղի, և փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը բոլոր հնարավոր տարբերակների քննարկումն է: Եվ այդ կոնտեքստում, այո, կար գաղափար տարածքների փոխանակման վերաբերյալ: Գաղափարը բավական տարբերվում է նրանից, որը տպագրվեց մեր մամուլում, բայց, այնուամենայնիվ, այդ տարբերակն իմ կողմից չի ընդունվել, և ներկա թեժ քննարկումներն ուղղակի անիմաստ են: Պետք է ասեմ, տարբերակն ուներ իր տրամաբանությունը. ենթադրվումէր, որ այն կբերի տարածաշրջանի երկարատեւ խաղաղության”:

Ավելի ուշ` 2008թ. փետրվարին, ի պատասխան Տեր-Պետրոսյանի քննադատության, Քոչարյանն ասել է. “Մեղրին հանձնելու տարբերակը Պոլ Գոբլի առաջարկն է, որը շրջանառության մեջ է դրվում պարբերաբար: ՙՏարածքների փոխանակման սկզբունքներ՚ կոչվող տարբերակն ընդամենը մեկ անգամ քննարկվել է համանախագահող երկրներից մեկի ներկայացուցչի հետ: Եթե պատասխանը դրական լիներ, ապա այն հետագայում կմշակվեր ու կդառնար Մինսկի խմբի առաջարկ: Այդ տարբերակը մերժել է և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը: Մեր իշխանավարման ընթացքում տարածքների փոխանակման սկզբունքները մերժել ենք` պատճառաբանելով, որ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը: Այն թուղթը, որ թափահարում է Տեր-Պետրոսյանը, ես երբևէ չեմ տեսել”:

2008թ. փետրվարին Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր քաղաքացիների համար մեջբերումներ էր անում “տասը տարի թաքցված” փաստաթղթից` այն որակելով “մեծագույն դավադրություն Հայաստանի հանդեպ”: Տեր-Պետրոսյանը Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման փաստաթղթից ընթերցեց երկու հոդված: “Նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը 1988թ. սահմաններով փոխանցվում է Ադրբեջանին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և ներկայումս Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Ղուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի տարածք”: Ապա Տեր-Պետրոսյանը շարունակեց. “Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդու շնորհիվ: Դա Կարեն Դեմիրճյանն էր և Վազգեն Սարգսյանը, որոնք խափանեցին այդ ծրագիրը, և դրա գինը նրանց կյանքն էր”:

2008թ. փետրվարի 12-ին Օսկանյանը Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու Տեր-Պետրոսյանի հայտարարություններն ընդամենը որակեց Գոբլի ծրագիր, որը շրջանառության մեջ է դրվել 90-ական թթ. սկզբներին և 2000թ. կտրականապես ու վերջնականապես մերժվել: Օսկանյանն ընդգծեց, որ Մինսկի խումբը նման առաջարկ երբևէ չի ներկայացրել: Նա պնդեց նաև, որ դեռ 1994թ. Հայաստանի ղեկավարությունը նեղ շրջանակում քննարկել է Գոբլի ծրագիրը, և Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ եթե Նախիջևանի հյուսիսային` Հայաստանի անմիջական հարակից մասը, մինչև Իրանի սահմանը, տրվեր Հայաստանին, ապա դա ընդունելի տարբերակ կլիներ:

Ավելի վաղ` տարածքների փոխանակման ճանապարհով ղարաբաղյան հարցի լուծումն առաջ էր քաշել Նոբելյան դափնեկիր Անդրեյ Սախարովը դեռ 1988թ.: Բաքվում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ 2002թ. Ալիևն ասում էր. “Երբ Սախարովը եկավ այստեղ, խոսակցություն գնաց Մեղրին Ադրբեջանին փոխանցելու, իսկ Լաչինից Հայաստանի համար միջանցք բացելու մասին, որպեսզի այդ հարցը լուծվի: Ադրբեջանը դրա հետ չհամաձայնեց: Այդ մասին ինձ Թուրքիայում ասել են հանգուցյալ Օզալը, հետագայում Դեմիրելը: Չեմ կարող ասել, որ ի վերջո հայերը կհամաձայնեին, բայց ամեն դեպքում նման տրամադրություններ կային: Սակայն ադրբեջանական կողմը լիովին դեմ եղավ”:

Թուրքիայում հայտնի քաղաքական մեկնաբան, նախագահ Օզալի խորհրդական Ջենգիզ Չանդարը հիշում է. “1991թ. Օզալն ինձ ուղարկեց Բաքու մի առաջարկությամբ, որով փորձում էր Ղարաբաղի հարցում ճշտել Մութալիբովի ճկունությունը: Այդ առաջարկության էությունը տարածքների փոխանակումն էր: Պատերազմը նոր էր սկսվել: Ըստ այդ առաջարկության` Ադրբեջանը Հայաստանին զիջում է Լաչինը և Ղարաբաղի մի մասը, իսկ Ղարաբաղի մյուս մասը Շուշիով, ինչպես նաև Մեղրին տրվում է Ադրբեջանին: Մութալիբովն ասաց, որ չի կարող ընդունել այդ առաջարկությունը: Ես մտածեցի, թե նա հաշվի է առնում Իրանի գործոնը: Մութալիբովի բացատրությունն այլ էր: Նա ասաց, որ Զանգեզուրը եղել է ադրբեջանական հող, և Ստալինն է տվել հայերին: Ինչո՞ւ մենք պետք է ադրբեջանական Լաչինը փոխանակենք ադրբեջանական Զանգեզուրի հետ”:

Տարածքների փոխանակման կամ դրանից ածանցյալ առաջարկները թեև անընդունելի են եղել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի համար, սակայն դրանք քննարկվել են բանակցությունների տարբեր փուլերում: Ադրբեջանը ձգտում էր ցամաքային անմիջական կապ հաստատել Նախիջևանի հետ, սակայն դրա դիմաց, ակնհայտորեն, պատրաստ չէր զիջումների գնալ ԼՂ և Լաչինի հարցերում: Մյուս կողմից, Երևանը ձգտում էր տեսնել ԼՂ-ը և Լաչինի միջանցքը Հայաստանի կազմում, սակայն անվտանգության և այլ պատճառներով պատրաստ չէր զրկվել Իրանի հետ ընդհանուր սահմանից:

Ստամբուլ

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջևսկսված բանակցությունները շարունակվեցին այլ քաղաքներում: 1999թ. հուլիսի 16-ին Ժնևում Քոչարյան-Ալիեւ հանդիպումն ուշադրության էր արժանի նրանով, որ տեղի ունեցավ երկու նախագահների նախաձեռնությամբ: Օգոստոսի 22-ին Ժնևում տեղի ունեցավ Քոչարյանի և Ալիևի նոր հանդիպում: Սեպտեմբերի11-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բանակցեցին Յալթայում, իսկ հոկտեմբերի 11-ին` Հայաստան-Նախիջևան սահմանագլխին:

Սադարակյան հանդիպման հաջորդ օրը ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորը Քոչարյանին և Ալիևին հղած ուղերձում քաջալերում և հույս էր հայտնում, որ եթե նախագահներն իրենց աշխատանքի այս փուլը կարողանան ավարտել մինչև նոյեմբեր կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը, ապա “Ստամբուլում ԵԱՀԿ ողջ ընկերակցությունն իր աջակցությունը կհայտնի ձեռք բերած առաջընթացին”:

Քոչարյանի խոսքերով` “Խոսքն ընդամենն այն մասին է, թե արդյոք հնարավոր կլինի՞ Ստամբուլում հայտարարել, որ մենք ինչ-որ գործընթաց ենք սկսում կամ ինչ-որ արդյունքների հասել ենք: Ես կողմնակից չեմ, որ մենք այդ գործընթացը պայմանավորենք Ստամբուլի գագաթաժողովով: Եվ հատկապես աշխարհագրական տեսակետից տեղը հայերի համար այնքան էլ հարմար չէ: Այդ առումով ես կնախընտրեի, որ դա լիներ մի քիչ նույնիսկ ավելի շուտ կամ ավելի ուշ, բայց ոչ Ստամբուլում”:

1999թ. հոկտեմբերի 19-ին Բաքվում Դեմիրելն ասել էր, թե “մոտ օրերս կիրականանա հայ-ադրբեջանական հաշտությունը”, միայն թե “առանց Ռուսաստանի բարերար դերի այն հնարավոր չէ ապահովել”: “Կովկասում հնարավոր չէ հաշտության մասին խոսել` առանց նկատի առնելու Ռուսաստանը: Եթե լուծում իրականացնելու ձեռնարկի առիթով նկատի չառնվի Ռուսաստանը, ապա ձեռնարկը կձախողվի, որովհետև Ռուսաստանը տակավին պահում է իր մեծ պետություն լինելու ներուժը”:

Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և Մինսկի խմբի ամերիկացի եռանախագահ Քերի Քավանոն Երևանում հանդիպում են Քոչարյանի, Վ. Սարգսյանի, Օսկանյանի և Ս. Սարգսյանի հետ: Հաջորդ օրը Սեստանովիչը և Քավանոն Բաքվում ղարաբաղյան բանակցությունները շարունակում են Ալիեւի, Զուլֆուգարովի, Աբիևի հետ: Այս հանդիպումից երեք օր անց հրաժարական են տալիս արտգործնախարար Զուլֆուգարովը և Ալիևի աշխատակազմի կարևոր դեմքերից Էլդար Նամազովը: Ավելի վաղ հրաժարական էր տվել Գուլուզադեն: Հետագայում Զուլֆուգարովը և Նամազովը հաստատել են, որ Ստամբուլի գագաթաժողովի նախօրեին կողմերը լրջորեն քննարկել են տարածքների փոխանակման տարբերակը: Երկուսն էլ պնդել են, որ հրաժարական են տվել` իրենց անհամաձայնությունն արտահայտելով տարածքների փոխանակման առաջարկին:

“Ստամբուլի գագաթաժողովի նախօրեին համաձայնություն էր ձեռք բերվել, որը, իմ կարծիքով, չէր համապատասխանում Ադրբեջանի շահերին: Այդ պատճառով, որոշեցի իմ մի քանի գործընկերների հետ հրաժարական տալ: Այդ համաձայնագիրը հավասարազոր էր ԼՂ-ին անկախություն տալուն, անշուշտ` ոչ դե-յուրե, այլ դե-ֆակտո”,- ասել է Նամազովը:

Ալիևն իր հրապարակային ելույթներում ընդունել է, որ 1999թ. ընթացքում քննարկվել են տարբերակներ, որոնք հակասել են Ադրբեջանի շահերին, մյուս կողմից պնդել, թե Հայաստանն է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից. “Մենք մի քանի անգամ հանդիպեցինք (Քոչարյանի հետ), երկու անգամ մեկնեցի Ժնև, հանդիպեցինք (Հայաստան-Նախիջևան ) սահմանին: Կարող եմ ասել` դիրքորոշումները հնարավոր եղավ շատ մոտեցնել 1999թ. հոկտեմբերին: Բայց Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչությունից հետո Հայաստանը հրաժարվեց փոքր առաջընթացից, որին հասել էինք”:

Դժվար է միանշանակ պնդել, թե գագաթաժողովի նախօրեին ո՞ր կողմն է նախնական համաձայնությունից հրաժարվել: Հստակ չէ, թե որքանո՞վ են մոտ եղել համաձայնությանը: Հակասական են նաև տեղեկությունները, թե ի՞նչ կապ կարող էր լինել Հայաստանի խորհրդարանի ոճրագործության եւ կարգավորման միջեւ:

Հոկտեմբերի 26-ին Ալիևն ընդունեց պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթին, Սեստանովիչին, Քավանոյին: Հոկտեմբերի 27-ի առավոտյան Քոչարյանը հեռախոսով զրուցում է Ելցինի հետ: Նույն օրը Երևանում Բաքվից ժամանած ամերիկյան պատվիրակությանն ընդունում է Հայաստանի նախագահը: Բանակցությունները, որին մասնակցում էին նաև վարչապետ Վազգեն Սարգսյանն ու արտգործնախարար Վարդան Օսկանյանը, շարունակվում է ավելի քան հինգ ժամ: Այդ հանդիպումից անմիջապես հետո վարչապետ Վ. Սարգսյանը շտապում է Ազգային ժողով, իսկ Օսկանյանը ամերիկյան պատվիրակությանը ուղեկցում է օդանավակայան: Կարճ ժամանակ անց, երբ Երևանից Մոսկվայով ամերիկյան պատվիրակությունն ուղևորվում էր Անկարա` թուրքական իշխանությունների հետ շարունակելու ղարաբաղյան քննարկումները, Հայաստանի ազգային ժողովում լսվում են կրակոցներ:

Ահա այս համընկնումն է պատճառ դարձել պնդելու, որ ահաբեկչությունը կապված էր ղարաբաղյան կարգավորման հետ: Ավելին` շրջանառվում էին տեսակետներ, թե կարգավորման տարբերակին, որը ենթադրում էր տարածքային փոխանակումներ, առաջին հերթին դեմ էին Վ. Սարգսյանն ու Դեմիրճյանը: “Դեպքից մի քանի օր առաջ Կարենը երկու անգամ այդ մասին կիսվել է իմ և որդուս հետ: Նա ինձ և Ստեփանին ասաց, որ որոշված է Մեղրիով ճանապարհ թողնել: Նա ասաց, որ բոլորը համաձայն են, նույնիսկ ուրախացած են, որովհետև խոստացել են մեծ փողեր, մտածում էին այդ գումարներով Հայաստանը կարգի բերել: Շատ շուտ Վազգենն անցավ Կարենի կողմը, համոզվեց, որ չի կարելի տալ Մեղրին: Նա ասում էր, որ իրեն համոզել չեն կարող, որովհետև Մեղրին տալը Հայաստանի վերջն է”,- ասում է Ռիմա Դեմիրճյանը:

Վաղարշակ Հարությունյանը ևս հաստատել է, որ տարածքների փոխանակման տարբերակը քննարկվել է բավական լրջորեն. “Ես` որպես պաշտպանության նախարար, այդ փաստաթղթի քննարկումներին մասնակցել եմ: Առաջին անգամ Մեղրիի տարբերակի մասին ինձ ասել է Վ.  Սարգսյանը: Դրանից հետո Սադարակում Քոչարյան-Ալիեւ և Աբիևի ու իմ հանդիպման ժամանակ այդ մասին խոսել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Այնուհետեւ Քոչարյանն է այդ տարբերակն ինձ ներկայացրել և ասել, որ լավ լուծում է: Դրանից հետո ես հանդիպել եմ Մինսկի խմբի համանախագահներին, այս հարցի շուրջ համանախագահների հետ հանդիպում է ունեցել նաև Արամ Սարգսյանը”:

Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Փիթեր Ռոզենբլաթը, ով 1999թ. ընթացքում մի քանի անգամ այցելել է տարածաշրջան, պնդել է. “Հոկտեմբերի 27-ի սոսկալի սպանդի նախօրեին վարչապետ Սարգսյանը նախագահի հետ ամբողջովին համաձայն է եղել: Ես այդպես եմ տեղեկացված: Սարգսյանին հանդիպել եմ սպանությունից մի քանի օր առաջ և տպավորություն ստացա, որ նա լիովին չի արտահայտվում բանակցությունների մասին, սակայն նրանք, ովքեր Սարգսյանի հետ են եղել կյանքի վերջին մի քանի օրերին, ինձ ասում են, թե լիովին համաձայն է եղել Քոչարյանի հետ”:

Ստամբուլի գագաթաժողովին նախորդող և հաջորդող ամիսներին հայկական, ադրբեջանական և  միջազգային մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որ բանակցություններում քննարկվել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հնարավորությունը. Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ` Հայաստանին, Մեղրիով Հայաստանին տրվում է սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ, այսինքն` առանց հատելու Ադրբեջանի սահմանագիծը:

Հատված ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքից