Գագիկ Սարգսյան-Քյազիմ Կարաբեքիր նամակագրություն. 1921թ., Կարս

2221

Նախաբան- Այս նամակագրությունը տեղի է ունեցել 1921թ. սեպտեմբերին՝ Կարսում Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի միջև: Նամակագրությունը վերաբերում է Էրզրումում պահվող ռազմագերի հայ սպաների և զինվորների ճակատագրին: Նամակագրությունը նախորդել է Կարսի հայտնի խորհրդաժողովին, որով գծվեցին ժամանակակից Թուրքիայի և Հայաստանի պետական սահմանները: Նամակները վերցրել ենք “Խորհրդային Հայաստան” թերթից (թիվ 175, 18 սեպտեմբեր, 1921թ.):

Տաճկաստանի ազգային մեծ ժողովի արևելյան ֆրոնտի հրամանատարին

Նկատի ունենալով Էրզրումում գտնւող հայկական նախկին կառավարութեան բանակի ռազմագերի սպաների և զինւորների ծանր կացութեան մասին տարածւող անվերջ լուրերը, և ելնելով այն տեսակէտից, որ Խորհրդային Հայաստանի և Տաճկաստանի մէջ հաստատւել են միանգամայն բարեկամական և բարի դրացիական յարաբերութիւններ, որոնք բաւականաչափ երաշխիք են հանդիսանում հոգեպէս իրար հետ կապւած երկու ցեղակից ժողովուրդների եղբայրական համակեցութեան անկեղծ ցանկութիւնների,- ես կկամենայի ստուգել այդ լուրերի ճշտութիւնը և իրենց ընտանիքներից անջատւած թշւառ անդամներին բարևել իրենց ընտանիքների կողմից: Իմ այդ իղձը, որ բղխել է մարդասիրական զգացմունքից և ռազմագերիների կացութեան պարագաների միանգամայն օբեկտիւ պայմաններից անշուշտ, մեծ աջակցութեան կարժանանա Ձեր կողմից, և ես, կամ թէ իմ աշխատակիցը կստանանք ձեր սիրալի համաձայնութիւնը Էրզրում մեկնելու համար վերոյիշեալ նպատակով: Լիայոյս մնալով Ձեր համաձայնութեան ու աջակցութեան վրա Ղարսից Էրզրում մեկնելու ժամանակ ուղեկից ստանալու հարցում, խնդրում եմ ընդունէք իմ յարգանքների հաւաստիքը:

Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ՝ Գ. Սարգսեան

5 սեպտ., 1921թ., Ղարս

 

Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ ընկ. Սարգսեանին

Ստացա Ձեր թիւ 25 յայտագիրը սեպտեմբեր 5, 1921թ.: Հիմք չկա անհանգստանալու Էրզրումի սպաների և զինվորների վատ կացութեան լուրերով, որովհետև մենք նրանց հնարաւոր օգնութիւն ցոյց տալում խնայող չենք: Նրանք իրենց վիճակից գոհ են: Յանուն երկու ժողովուրդների մէջ ստեղծւած ցեղակցութեան և բարիդրացիականութեան, ես խնդրում եմ ձեզ հաւատալ ինձ, որ նրանք ապահոված և անվտանգ են: Նրանց թոյլատրւած է նամակագրութիւններ ունենալ իրենց ընտանիքների հետ, որոնք գտնւում են Հայաստանում: Կասկած չի կարող լինել, որ Ձերդ բարձրապատւութեանը կամ Ձեր ընկերոջը ցոյց կտրւի ամենայն մի աջակցութիւն Էրզրում մեկնելու գործում: Բայց որոշ ժամանակից յետո միայն հնարաւոր կլինի հանգիստ ու անվտանգ կերպով անցնել Էրզրում: Եթէ դուք ցանկութիւն ունեք հայ գերիներից տեղեկութիւններ տալ նրանց ընտանիքներին, ապա խնդրում եմ Ձեզ, որ այդ բանից մի քանի րոպէ առաջ յայտել ինձ երկու սպաների ազգանուն, որոնք անյապաղ կերպով կուղարկւեն Ղարս Ձերդ բարձրապատւութեան մօտ:

Հաստատելով մեր բարեկամական անկեղծութիւնը՝ Արևելեան ֆրօնտի հրամանատար՝ ՔԵԱԶԻՄ ՂԱՐԱԲԷՔԻՐ

Տակաստանի ազգային մեծ ժողովի արևելեան ֆրոնտի հրամանատարին

Մեզ մեծ հաճոյք պատճառեց կարդալով Ձեր սոյն թւի սեպտեմբերի 7-ի պատասխանի մէջ Խորհրդային Հայաստանի հպատակ նախկին սպաների ու զինւորների ապահով ու անվտանգ դրութեան մասին, որոնք որպէս ռազմագերիներ պահւում են Էրզրումում…

Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ՝ Գ. Սարգսեան

Լուսանկարում՝ Կարսի 1919-ի հավանական քաղաքապետարանի շենքը