Խաչը ձեռքին` հիշելով Լևոն Հայրապետյանին. In Memoriam

2935

Լևոն Հայրապետյանի հետ անուղղակի շփվելու երկու առիթ եմ ունեցել։

2001թ․ մայիսի 19-21-ը՝ ղարաբաղյան կարգավորման Քի Վեսթի թվացյալ ճեղքումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելեցին Արցախ՝ ուղղակի հատելով շփման գիծը Աղդամի հատվածում։

Համանախագահները՝ Նիկոլայ Գրիբկովը, Քերի Քավանոն և Ֆիլիպ դը Սյուրմեյնը, երեք օր անցկացրին Արցախում։ Այդ ընթացքում ես լուսաբանում էի նրանց այցը՝ կպչելով նրանց «պոչից» Աղդամում՝ շփման գծից մինչև հայ-թուրքական սահման՝ Ախուրյան երկաթգծի կայարան։

Աղդամից համանախագահները ուղևորվեցին Մարտակերտ, ապա՝ Գանձասար։  Ստեփանակերտի ճանապահին միջնորդները կանգառ տվեցին Վանքում։ Երեկոյան կողմ էր, Հայրապետյանը անտառում ընթրիք տվեց՝ խորոված։

Ես ընկերացել էի համանախագահների հետ, և ինձ էլ առաջարկվեց նստել ընդհանուր սեղանի շուրջ։ Հայրապետյանը կենաց բարձրացրեց ու կատակով հարցրեց․ «Երեք երկրներից առաջինը որի՞ անունը նշեմ»։

Քավանոն հումորով նկատեց․ «Հայերենում Ամերիկայի անունը սկսվում է այբուբենի առաջին տառով»։

Բոլորը ծիծաղեցին, այդ թվում՝ ռուս միջնորդ Գրիբկովը։

Հետո Հայրապետյանը խմեց համանախագահող երկրների, Հայաստանի, Արցախի ու էլի կենացներ։

Երկրորդ անգամ Հայրապետյանին ես տեսել եմ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հրապարակում` 2008թ․ հոկտեմբերին, երբ մի քանի հարյուր նորապսակների գլխավերևում խաչ էր պահել։

Այդ օրը Գանձասարում և Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու բակում ընդհանուր առմամբ տեղի ունեցավ 700 զույգերի պսակադրման արարողություն։

Այս աննախադեպ միջոցառման գլխավոր հովանավորը և կնքահայրը Լևոն Հայրապետյանն էր։

Նա էր հայ աղջիկների ու տղաների գլխավերևում խաչ պահել Գանձասարում և Շուշիում։

Լևոն Հայրապետյանը, որին ես մոտիկից չեմ ճանաչել, իմ հիշողության մեջ կմնա խաչը ձեռքին։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ