Գյուլը և տիկինը հատուկ ջերմություն են հաղորդում Սերժ Սարգսյանի ընդունելությանը

2424

2009-ի հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայացավ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպումը, որին ներկա էին նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Սերժ Սարգսյանը: Հատված Թաթուլ Հակոբյանի ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից:

Բուրսա. կրկին պարտություն

Սերժ Սարգսյանը Աբդուլլահ Գյուլի Երևան այցից հետո բազմիցս հայտարարեց, որ ինքը կմեկնի Թուրքիա` պատասխան հանդիպումը դիտելու, եթե թուրք-հայկական սահմանը բաց լինի կամ լինի դրա նախօրեն: Հայաստանի նախագահը հոկտեմբերի 14-ի երեկոյան Թուրքիա մեկնեց, երբ սահմանը շարունակում էր փակ մնալ: Բուրսայի օդանավակայանում նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորեց Դավութօղլուն:

Օդանավակայանից Սարգսյանը ուղևորվեց հյուրանոց, զրուցեց և քաջալերեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին: Այնուհետև Հայաստանի նախագահն ուղևորվեց Բուրսայի ՙԱլմիրա՚ հյուրանոց, որտեղ նրան դիմավորեց Գյուլը: Տեղի ունեցավ երկու երկրների ղեկավարների առանձնազրույց: Նախագահ Սարգսյանը շեշտեց, որ Հայաստանը  հաստատակամ է` առաջ շարժվելու առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Բանակցություններից հետո Հայաստանի նախագահի պատվին Թուրքիայի նախագահի անունից տրվեց ճաշ, որից հետո Սարգսյանն ու Գյուլը  ներկա գտնվեցին Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին:

Նալբանդյանը կարևորեց արձանագրությունների վավերացումը, ինչը ՙկբացի այն փակ դուռը, որը երկար տարիներ մեր երկու երկրներին, ժողովուրդներին բաժանել էր իրարից՚: ՙԱյսօր նախագահ Գյուլը ասում էր. ՙԵթե նախագահ Սարգսյանը ինձ չհրավիրեր մեկ տարի առաջ ֆուտբոլի խաղին, արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այս առաջընթացը կունենար՚: Այսօրվա խաղը լավ առիթ էր երկու նախագահներին` հանդիպելու և հետադարձ հայացքով նայելու, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ կատարվեց երկու երկրների միջև` հարաբերությունների կարգավորման իմաստով, և նաև` ինչ պետք է անել չորս օր առաջ ստորագրված արձանագրություններից հետո, որպեսզի դրանք շուտափույթ կյանքի կոչվեն՚: Հայաստանի արտգործնախարարը ասաց նաև, որ Գյուլը ընթրիք է մատուցել ի պատիվ Սարգսյանի: ՙԱյս կապակցությամբ Անկարայից հատուկ բերվել էր ուտեստեղեն, որը պատրաստել էր Թուրքիայի նախագահի կինը: Այս ժեստով նախագահ Գյուլը ցանկանում էր հատուկ ջերմություն հաղորդել Հայաստանի նախագահի ընդունելությանը՚:

Հանդիպումից առաջ թուրք և ադրբեջանցի ֆուտբոլային ‎ֆանատները քարկոծել էին հայ լրագրողների ավտոբուսներից մեկը: Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպումը մարզական տեսակետից հետաքրքրություն չէր ներկայացնում, քանի որ երկու թիմերն էլ կորցրել էին եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունը:

Խաղն սկսելուց առաջ մարզադաշտում մի քանի տասնյակ սպիտակ աղավնիներ բաց թողեցին:

Երեսուն հազարանոց մարզադաշտը մոտ երեք ժամ անդադար սուլում էր, իսկ Հայաստանի քայլերգը հնճելու ժամանակ թուրք ֆուտբոլասերները իրենց սուլոցներով խլացրին ՙՄեր Հայրենիքը՚:

Թուրքերը ավելի լավ էին խաղում: Հայաստանի հավաքականը, ինչպես Երևանում, պարտվեց նույն` 0-2 հաշվով:

Հանդիպման ավարտին, ինչպես Երեւանում, երկու երկրների նախագահները` միջազգային հանրության աննախադեպ ծափահարությունների ներքո, սեղմում էին միմյանց ձեռքը և լայն ժպտում հարյուրավոր տեսախցիկների ու ֆոտոխցիկների առաջ:

Սարգսյանի Թուրքիա այցից հետո Անկարան հետողական կերպով հիշեցնում էր, որ արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ ղարաբաղյան խնդրում չկա առաջընթաց:

2009թ. հոկտեմբերի 20-ին Նալբանդյանը նամակ ուղարկեց իր ամերիկացի գործընկեր Քլինթոնին, որում` հիշեցնելով Ցյուրիխում վերջին պահին ՙթուրքական կողմի ստեղծած դժվարությունը՚, ընդգծում էր, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել հարաբերությունների բարելավման հաջորդ փուլերը` ՙդրական իրադրությունը պահպանելու և կանխելու այն զարգացումները, որոնք կարող են խափանել գործընթացը՚: Ավելի քան մեկ տարվա ՙծանր աշխատանքից՚ հետո, շարունակում էր Նալբանդյանը, կողմերը հասան հարաբերությունների կարգավորման ՙշատ կարևոր, բայց միևնույն ժամանակ դեռ շատ փխրուն փուլի՚ և ԱՄՆ պետքարտուղարի աջակցությունը ՙշատ կարևոր է երկու ժողովուրդների հաշտեցման պատմական հնարավորությունը չկորցնելու համար՚:

Հոկտեմբերի 21-ին արտգործնախարար Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանում մանրամասնեց, թե ինչպես է Անկարան ընկալում և մեկնաբանում արձանագրությունների բովանդակությունը: Նա խորհրդարանի պատգամավորներին բացատրեց, որ Հայաստանը և Թուրքիան ընդունելու են միմյանց սահմանները և այն պնդումը, թե ՙՀայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից՚, փաստաթղթի կետերից մեկով պարզաբանվում է, չնայած ՙոչ մի երկիր չի կարող համարձակվել նման բանի՚:

ՙԱրձանագրությունների մեջ մի երկրորդ կետ կա, որը նույնպես նվիրված է սահմանների ճանաչմանը, այսինքն` իրավաբանորեն մի անգամ ևս վավերացվում է, որ Հայաստանը ոչ մի հողային պահանջ չունի Թուրքիայից: Այդ կետը նկատի է ունենում մի միջազգային պայմանագիր: Երբ նայում ենք Թուրքիայի և Հայաստանի միջև քաղաքական ու դիվանագիտական պատմությանը, կտեսնենք երկու պայմանագիր, որ նվիրված են սահմաններին: Առաջինը 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի, իսկ երկրորդը` հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրն է: Այս արձանագրությունով մենք մեկ անգամ ևս վավերացնում ենք մեր սահմանների ճանաչումը և Նախիջևանի հարցում մեր ստանձնած միջնորդի դերը՚,- բացատրել է Դավութօղլուն: ՙԿկարողանա՞նք այս արձանագրություններով փոխել այսպես կոչված ցեղասպանության գաղափարախոսությունը: Նախատեսված է պատմաբանների հանձնաժողովի ստեղծում, որն աշխատելու է երկու կառավարությունների հսկողության ներքո, ուսումնասիրելու է բոլոր արխիվները` օբյեկտիվորեն և գիտականորեն: Դա նշանակում է, որ այլևս Հայաստանն էլ ընդունում է, որ հնարավոր չէ միակողմանի ընկալմամբ գտնել հարցերի լուծումները՚,- շարունակել է Թուրքիայի արտգործնախարարը: Դավութօղլուի խոսքերով` ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը սրբություն է մեզ համար, ինչպես մեր տարածքային ամբողջականությունը՚:

Ավելի ուշ Դավութօղլուն հայտարարեց, որ հայկական կողմի հետ բանակցությունները հետապնդում էին մի քանի նպատակ. բացելով սահմանը և հաստատելով դիվանագիտական հարաբերություններ` ստեղծել ուղղակի և անուղղակի հարաբերություններ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև` թուրքերի և սփյուռքի հայերի միջև: Դավութօղլուի խոսքերով` շատերը կարծում են, որ արձանագրությունները պարզապես սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում են նշանակում: Մինչդեռ արձանագրությունների մեջ կան հաշտեցման և պատմական հարցերը լուծելու մասին նախատեսումներ: Ուրիշ խոսքով, ՙմենք (հայկական կողմի հետ) մի ամբողջ շարք հարցեր ենք քննարկել և համաձայնության եկել՚:

Դեկտեմբերին Մ. Նահանգներ այցի ընթացքում վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ եթե ղարաբաղյան խնդրում դրական զարգացումներ չլինեն, ապա թուրքական խորհրդարանը դժվար թե վավերացնի արձանագրությունները: Հետևեց Հայաստանի ղեկավարության արձագանքը: Նախագահ Սարգսյանը ձախողման դատապարտված որակեց Անկարայի` հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ փոխշաղկապելու փորձերը. ՙՀայաստանը պատրաստ է վավերացնել արձանագրությունները և նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Եթե Թուրքիան ձգձգի վավերացումը, ապա Հայաստանն անպայման կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից՚:

Լուսանկարում՝ Պոլսի հայկական ԺԱՄԱՆԱԿ օրաթերթի խմբագիր Արա Քոչունյանը Աբդուլլահ Գյուլի, Սերժ Սարգսյանի և Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի հետ

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: