Կարսի միացումը Հայաստանին՝ 1919-ի գարուն․ ինչպես է եղել

3179
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր:
ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն կհրատարակի Հայաստանում: Այս հրապարակումներում վերնագրերը դնում է ԱՆԻ կենտրոնը։

նախորդ մասը կարդալ այստեղ

_______________________________

Իններորդ գլուխ

Հայաստանի սահմանների ընդարձակումը և 1919թ․ մայիս 28-ի ակտը

Հողային ընդարձակման տեսակետով Հայաստանի համար ամենից կարևորներն էին Կարսի, Ղանգեզուրի և Նախիջևանի միացումները։

Կարսի միացումը կատարվեց հետևյալ ձևով։

Երբ 1918թ․ դեկտեմբերին թուրքերը հեռացան Ալեքսանդրապոլից, իրենց գլխավոր կայանը թողեցին Կարսում, որտեղ Շյուքրի փաշայի դրդումով կազմվեց տեղական ինքնավարություն Շուրա անունով։ Բացի տեղի թուրքերից, Շուրայի մեջ մտան երկու ռուս մոլոկաններ ևս։

Այդ նույն ժամանակ Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Երևանում և մի շարք այլ տեղերում համախմբվում էին Կարսի շրջանից փախած հայերը՝ թվով մոտ 100 հազար հոգի։ Նրանք շարունակ դիմումներ էին ուղղում թե՛ Հայաստանի կառավարությանը, թե՛ եվրոպական ներկայացուցիչներին՝ խնդրելով հնարավորություն ստեղծել իրենց համար՝ վերադառնալու ծննդավայր՝ Կարս, Արդահան, Կաղզվան։

Վրացիների կողմից ևս նկատելի էին որոշ հավակնություններ Կարսի շրջանի վերաբերյալ։ Երևում էր, որ նրանք էլ պիտի պահանջներ դնեն։ Թյուրիմացության և բարդության առաջն առնելու համար գնացի Թիֆլիս՝ Անգլիայի գերագույն կոմիսար, զորավար Ուոքերի մոտ։ Վրացիների հետ ունեցած մեր վեճը մասնավորապես վերաբերում էր Կարսի շրջանի հյուսիսային մասերին՝ Արդահանի և Օլթիի գավառներին։ Վրացիները հավակնություն չունեին Կարս քաղաքի, Կարսի գավառի և Կաղզվանի գավառի նկատմամբ։

Խնդիրն ավելի պարզելու համար աբելորդ չեմ նկատում այստեղ հիշել, որ մինչև համաշխարհային պատերազմ, Կարսի նահանգում բնակվում էր 404 հազար հոգի, որոնցից հայերը կազմում էին 123․170 հոգի, վրացիները՝ 4․266, թուրքերը և թաթարները՝ 102․860, քրդերը՝ 54․931, մնացած տարրերը՝ ռուսներ, հույներ, բոշաներ, կարափափախներ և այլն՝ 118 հազար։ Այսպիսով, հայությունը կազմում էր ամբողջ բնակչության մեկ երրորդ մասը և համեմատական կերպով մեծամասնություն էր մյուս տարրերի հանդեպ առանձին-առանձին վերցրած։

Իմ Թիֆլիս մեկնելու արդյունքը եղավ այն, որ վրացիների հետ սահմանը գծվեց հետևյալ կերպ․ Արդահանի գավառի հյուսիսային մասը՝ Արդահան քաղաքից վերև, Փոսխով գետի մյուս կողմը անցնում էր Վրաստանին, իսկ ժամանակավորապես Կարսի շրջանի արևմտյան մասը՝ Մերդենեկից դեպի արևմուտք, պետք է մնար անգլիական հրամանատարության տակ իբրև մի շրջան, որ անմիջապես սահմանակից է Բաթումի նահանգին։ Այսպիսով, փաստորեն, Կարսի և Կաղզվանի գավառները Կարս բերդի հետ , ինչպես նաև Արդահան քաղաքը, հանձնվում էին Հայաստանին, որի մեջ էր մտնում երկաթուղային գիծը՝ Ալեքսանդրապոլ-Կարս-Սարիղամիշ-Կարաուրգան։ Օլթի գավառը, փաստորեն, մնում էր թուրքերին։

Սակայն Հայաստանին պատկանող մասերը տակավին հայերի ձեռքում չէին, թեև Թիֆլիսում այդ մասին որոշում տրվեց։ Պետք էր իրագործել որոշումը։ Եվ ահա այդ նպատակի համար նշանակվեց գնդապետ Թեմբերլեյը, որ անգլիական ներկայացուցիչն էր Երևանում։

Բացի այդ, Թիֆլիսից Ալեքսանդրապոլ եկավ նաև զորավար Բիչը։ Մարտ ամսվա սկզբին, գիշերվա ժամը 12-ին, ես հանդիպում ունեցա նրա հետ, որին ներկա էին զորավարներ Հովսեփյանը, Փիրումյանը և Դրոն։ Խորհրդակցությանը մասնակցեց նաև անգլիացի զորավար Դեյվին։ Որոշվեց, որ մեր զորամասերը Կարս պետք է շարժվեն երկու ուղղությամբ՝ երկաթուղային գծով և խճուղով։ Հայ զինվորների թիվը պիտի լիներ 1․200, իսկ անգլիական զինվորները՝ սկզբում 1․500 և ապա 3․000։ Զինվորական նահանգապետ նշանակվեց գնդապետ Թեմբերլեյը, իսկ քաղաքացիական նահանգապետ՝ Ստեփան Ղորղանյանը, որ ցարական իշխանության ժամանակ էլ եղել էր Կարսի շրջանի կառավարիչ։

Ավելորդ է ասել, թե մեր պետական կյանքում ինչպիսի խոշոր դեպք էր հայ զորքերի մուտքը Կարս։ Այդ առիթով մեծ խանդավառություն էր տիրում ժողովրդի մեջ։ Բնական էր, որ հայ զինվորների հետևից ծայր առավ նաև հայ գաղթականության վերադարձը դեպի Կարսի նահանգ։

Շուրան չցանկացավ կամովին հայ նահանգապետին հանձնել իշխանությունը։ Գնդապետ Թեմբերլեյը անգամ հրաման տվեց ձերբակալել Շյուքրի փաշային, ով, սակայն, կարողացավ փախչել։ Գնդապետ Թեմբերլեյը իր մոտ կանչեց Շուրայի ամբողջ կազմը, և իշխանությունը կամովին հանձնելու համար երեք րոպե ժամանակ տվեց նրանց, այլապես սպառնում էր զենքի օգնությամբ վերցնել։ Շուրան հայտնեց, որ բռնության առաջ տեղի է տալիս։ Նույն գիշեր անգլիական հատուկ զորամասը տեղացի 153 կասկածյալներ ձերբակալեց և ուղարկեց Մալթա կղզին։

Լուսանկարում՝ Կարսը մեր օրերում

Կարդալ նաև՝

Կարսի անկումը. 1920թ. հոկտեմբեր

https://www.aniarc.am/2015/06/07/kars-1920-october-30-garegin-hovsepian/