Սարիղամիշի, Օլթիի, Իգդիրի կռիվները պետք է կռիվներ լինեն Էրզրումի, Վանի, Բիթլիսի համար

842

1920 թ․ սեպտեմբերի 29-ին քեմալականները գրավեցին Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի առաջին օրերին՝ Ալեքսանդրապոլը, իսկ դեկտեմբերի 2-ին՝ ռուս-թուրքական հարվածների տակ, ՀՅԴ-ն իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցեց Բաքվում ձևավորված և նոյեմբերի 29-ին Իջևան մտած Հայհեղկոմին։

Ներկայացնում ենք ՀՅԴ Յառաջ օրաթերթի 1920թ․ հոկտեմբերի 10-ի խմբագրականը։

ԱՆԻ

—–

ԴԷՊԻ ՎՃՌԱԿԱՆ ՀԱՐՒԱԾ. ԴԷՊԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿ

Մեր բոլոր գաւառներից ու ռազմաճակատներից եկած տեղեկութիւնները միաբերան հաստատում են, որ թէ մեր ժողովրդի և թէ զօրքի տրամադրութիւնը աննախընթացօրէն բարձր է և որ բոլորն էլ համակւած են անսասան հաւատով դէպի մեր յաղթունակը:

Ոգևորութիւնը այնքան մեծ է ամբողջ հայութեան մէջ թէ մեր երկրի ներսում և թէ արտասահմանում, որ ամեն կողմից պատրաստակամութիւն են յայտնում բանակի մէջ մտնել ոչ միայն զօրակոչի ենթարկւած բազմաթիւ երիտասարդներ, այլ նոյն իսկ քառասուն-յիսուն տարեկան տղամարդիկ:

Թերևս երբէք հայրենիքին անձնազոհութեամբ ծառայելու կամքը չի արտայայտւել մեր մէջ այնքան վճռական, անյորդորդ և գիտակցական կերպով, որքան ներկայ տագնապի օրերին: Թերևս երբէք հայ ժողովրդի մէջ հրապարակ չի եկել համերաշխ գործելու այնքան հաստատուն և ծաւալուն պատրաստակամութիւն, որքան այժմ:

Վերջին ճակատագրական տարիների քաղաքական ծանր հիասթափութիւններն, դեգերումներն ու դառն փորձերը ի զուր չանցան: Հայ ժաղավուրդը դաժան պայքարների գնով քայլ առ քայլ սովորեց գնահատել իր սեփական ոյժերը, համոզվելով միաժամանակ, միշտ աւելի ու աւելի որոշ և հրամայական կերպով, որ իր միակ փրկութիւնը իր սեփական բանակն է, իր քաղաքական կուռ կազմակերպութիւնը:

Ոչ օտար ու խաբուսիկ, այլ հայկական հաստատուն օրիեանտացիայի անհրաժեշտութեան գիտակցութիւնը, որ արդէն արմատներ է գցում բովանդակ հայ ժողովրդի և մանաւանդ հայ աշխատաւորութեան հոգու մէջ, քաղաքական մի այնպիսի մեծ նւաճում է, որի բարեբեր, արդիւնաւոր հետևանքները մենք չենք կարող չզգալ ամեն վայրկեան, ամեն տեղ:

Դնելով իր յոյսը միմիայն իր սեփական ոյժի վրա և օտարներից էական օգնութիւն չսպասելով, հայ ժողովուրդը ներքին և արտաքին վտանգների դէմ մղած իր օրհասական պայքարների մէջ կռում-կոփում է իր գոյութեան հաստատուն հիմքերը, դարբնում է իր երկաթե կամքը, մարզում է իր անյաղթելի զօրութիւնը:

Եւ մենք տեսնում ենք, ինչպէս օրը օրին, մեր աչքերի առաջ մեր անձև, անկապ, անկազմակերպ, անկարգապահ և անշարժ հայ ժողովրդական զանգւածները յարաճունօրէն ամփոփւում են իրենք իրենց մէջ, սեղմում, խտացնում են իրենց շարքերն իրենց հարազատ պետութեան շուրջը, ստեղծելով մի ընդհանուր ցանկութեամբ, մի ընդհանուր զգացումով ներշնչւած քաղաքական անխորտակելի կազմակերպութիւն, առանց որի մեր պետական շէնքը միշտ պիտի մնայ երերուն ու անվստահելի:

Մայիսեան օրերից սկսած՝ թէ մեր ներքին, թէ արտաքին թշնամիները բազմաթիւ առիթներ ունեցան համոզւելու, թէ Հայաստանը մի արհեստական, իդէալիստական, ռօմանտիկական կառուցւածք չէ, որ կարելի է քանդել, փշրել մի քանի թեթև հարւածներով իսկ:

Բայց մեր ոխերիմ թշնամիները, որոնք չեն կամենում հեշտութեամբ հաշտւել Հայաստանի քաղաքական գոյութեան հետ, հարկաւ չպիտի կամենային նաև հեշտութեամբ հրաժարւել հայկական պետութիւնը տապալելու խելայեղ ձգտումից, հայ ժողովուրդը ոչնչացնելու ոճրագործ ցանկութիւնից:

Նրանք շարունակում են նորանոր դաւեր նիւթել մեր գոյութեան դէմ, նրանք պատրաստւում են նորանոր հարւածներ հասցնել մեր անկախութեան:

Մէկ բան պէտք է պարզ լինի մեզ բոլորիս համար- որքան ժամանակ որ մեր թշնամիները ոյժ զգան իրենց մէջ և ի վիճակի լինեն մեզ վնասելու ու սպառնալու, մենք հանգիստ ապահովութիւն չպիտի ունենանք:

Այդ պատճառով փոքրիկ հակահարւածները չեն մեր կողմից, որ պիտի ազատեն մեր երկիրն ու մեր ժողովուրդը յանդուգն թշնամու յարձակումներից: Պէտք է մի մեծ, վճռական հակահարւած, որից յետոյ մեր ջաղջախւած թշնամին այլևս ի վիճակի չլինի մեզ անհանգստացնելու:

Աւելի լաւ է և նպատակայարմար ժողովրդական կորովի մի անսահման լարում և մեր ոյժերի մի աննախընթաց հաւաքում՝ մի անգամ ընդմիշտ վերջ տալու համար մեզ սպառնացող վտանգին, քան անվերջ պատերազմական վիճակ և անապահովութիւն մեր սահմանների վրա:

Մեր ժողովուրդը ոտքի է կանգնել այժմ՝ որպէս մի հոգի, մի մարմին:

Եւ պետք է օգտագործել նպաստաւոր հոգեբանական մօմենտը:

Պէտք է պատրաստւել ամբողջ թափով ոչ միայն մեր թշնամուն մեր երեկւայ սահմաններից դուրս քշելու համար, այլ և մի այնպիսի վերջնական հարւած հասցնելու նրան, որ այլևս ոչ նի դիմադրութիւն նա ի վիճակի չլինի մեզ ցոյց տալ նաև Տաճկահայաստանում:

Կռիւները Սարիղամիշի, Օլթիի և Իգդիրի ուղղութեամբ պէտք է կռիւներ լինին Էրզրումի, Վանի և Բիթլիսի համար:

Համաձայն այդ գերագոյն նպատակի, պիտի լինի նաև մեր հասցնելիք հարւածի թափն ու մեծութիւնը:

Մեր հարւածը պետք է լինի վճռական ու վերջնական թուրքերի համար:

Եւ եթէ ամեն մի հայ ներշնչւի այս նպատակով և պատրաստ լինի մեռնելու այս նպատակի համար, մենք ոչ մի կասկած չունինք, որ մենք ոչ միայն պիտի յաղթենք, այլ և մի անգամ ընդմիշտ պիտի ապահովենք հայ ժողովրդի գոյութիւնն ու Միացեալ Հայաստանի անկախութիւնը:

Ուրեմն դէպի վճռական հարւած, դէպի վերջնական յաղթանակ:

Յառաջ, ՀՅԴ, թիւ 221, Կիրակի, 10 Հոկտեմբեր, 1920թ․