Անկախ Հայաստան ստեղծելու առաջարկը գալիս էր թուրքերից. Ռուբեն Տեր-Մինասյան

2063

Ռուբեն Տեր-Մինասյանը (1882 – 1951) եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ ռազմական նախարարը՝ ՀՅԴ նշանավոր գործիչ։

_______________

Մինչև 1917 թվականը  ոչ մի հայ կուսակցություն բնավ չի ձգտել Երևանյան նահանգը բաժանել Ռուսաստանից և նրանից կազմել Հայաստանը: Հայ կուսակցությունները և առհասարակ հայ ժողովուրդը ձգտել են ունենալ անկախ Հայաստան, բայց ոչ թե Ռուսաստանում, այլ ռուսական սահմանից այն կողմը՝ Տաճկաց [Թուրքական, Արևմտյան-խմբ. ԱՆԻ-ի] Հայաստանում:

Մինչև 1917 թվականը Դաշնակցությունն էր ամենածայրահեղ ազգային պահանջներ դնողը, բայց նրա պահանջների սահմանը չէր անցնում Անդրկովկասյան ֆեդերացիայից [Ռուսաստանի սահմաններում]: ՀՅԴ-ն Հայաստան անունը զլանում էր տալ Երևանյան և այլ գավառներին՝ վերապահելով դա Տաճկաց Հայաստանին:

Արարատյան Հայաստան ստեղծելու միտքը առաջին անգամ տաճիկներն են թելադրել՝ Բ. Շաքիրի, Օմար Նաճիի և Հիլմի բեյերի միջոցով, որոնք, իբրև բանակցող, Իթթիհատի կողմից եկել էին Էրզրում 1914-ին: Նրանք առաջարկում էին Դաշնակցությանը ստեղծել Հայաստան՝ կենտրոն ունենալով Էջմիածինը՝ միացնելով Տաճկահայաստանի որոշ մասեր: Գործնականում, թուրքերի կողմից առաջարկվում էր միացյալ Հայաստան, պայմանով, որ մենք պահանջատեր դառնայինք և՛ Ռուսաստանից, և Անդրկովկասում առաջապահը դառնայինք Կովկասյան ապստամբության՝ պատերազմի պարագայում:

Առանց հետին թվով մտնելու այդ պաշտոնական բանակցությունների մեջ, այստեղ կարևոր է շեշտել այն, որ անկախ և միացյալ Հայաստանի առաջարկը գալիս էր թուրքերից: Դաշնակցությունը այս կամ այն պատճառով մնում էր իր համեստ պահանջների վրա՝ Անդրկովկասում ֆեդերացիա ռուսական սահմաններում, Տաճկաստանում՝ ատեմի մերքեզիաթ:

Ռուբէն, Հայ Յեղափոխականի մը Յիշատակները, Է. հատոր, Բ. հրատարակութիւն, Պէյրութ-1979, Հայաստանի Հանրապետութիւնը, էջ 126-127: