Կիլիկիայի գլխավոր խորհրդանշանները. թագադիր առյուծ և խաչ

8081

1020 թվականին Գագիկ Ա թագավորի մահով սկսվեց Բագրատունիների արագ անկումը և կործանումը: Թագավորի մահից հետո նրա երկու որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև գահակալական կռիվներ և վեճեր սկսվեցին, որոնք կաթողիկոսի և իշխանների միջնորդությամբ 1021-ին հարթվեցին երկրի մասնատմամբ. Անին շրջակայքով անցավ Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության մնացած մասը՝ Դրուց աշխարհը, Աշոտին:

Անիի Բագրատունի թագավոր Հովհաննես Սմբատը, վախենալով բյուզանդական ներխուժումից, իր թագավորությունը հանձնեց Վասիլ Բ կայսրին: Մինչ այդ՝ 1022-ին, Վասպուրականի ծեր թագավոր Սենեքերիմը, ով անզավակ էր, իր թագավորությունը կտակել էր Վասիլ Բ-ին:

1045 թվականին Բագրատունյաց Հայաստանի հասավ իր վախճանին, իսկ մայրաքաղաք Անին գրավեցին բյուզանդացիները:

10-րդ դարի կեսից Կիլիկիան եղել է բյուզանդական իշխանության ներքո: Վերանվաճելով այն արաբներից, բյուզանդացիները դուրս քշեցին մուսուլմաններին և բնակեցրին քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի Փոքր Հայքից: Երբ բյուզանդացիներն ու թուրքերը գրավեցին Հայաստանը, ավելի շատ հայեր եկան, այդ թվում՝ ռազմական հրամանատարներ: Կիլիկիայում հաստատված հայ իշխանները կարողացան հասնել ինքնավարության որոշակի աստիճանի Բյուզանդիայից:

Այդ առաջնորդ տոհմերի երկուսը՝ Ռուբինյանները և Հեթումյանները, դարձան գերակա ուժեր և 11-րդ դարի վերջերին մրցեցին միմյանց հետ իշխանության համար: Ռուբինյանները, որոնք իրենց համարեցին Բագրատունիների ազգականներ, նախ մարտահրավեր նետեցին բյուզանդական իշխանությանը և սկսեցին իշխել Կիլիկյան դարպասներից արևելք գտնվող լեռնային շրջանում՝ կենտրոն ունենալով Վահկայի բերդը, գրում է Ջորջ Բուռնությանը:

Հեթումյանները մնացին Բյուզանդիայի հավատարիմ վասալներ և որպես իշխանության հիմք պահեցին Լամբրոն և Պապեռոն բերդերը:

Ռուբինյանների ծագումնաբանական կապը Բագրատունիների հետ հաստատում են ոչ միայն գրավոր աղբյուրները, այլև երկուսի պետական և տոհմական զինանշանների ընդհանրությունը, գրում է Ռաֆայել Մաթևոսյանը:

Վկայենք Ռուբինյանների հերալդիկ նշանների հետևյալ օրինակները.

1. Թագադիր առյուծ, թաթով բռնած է խաչ: Այդ պատկերը ունի տարբերակ՝ խաչը դրված է առյուծի մեջքին, այդպես է Լևոնի դրամում:

Երկրորդ տարբերակը ընդօրինակում է Անիում Բագրատունիների պետական զինանշանը, սակայն Կիլիկյան օրինակում հորինվածքի կառույցը պազրզեցված է, հանված է շրջանակը:

20150402123711731
Գեղանկարիչ և դիզայներ Կարեն Աղամյանի էսքիզը

2. Մի խումբ դրամների երկրորդ երեսին պատկերված են զույգ առյուծներ, նրանց միջև դրված է երկարավուն խաչ, որից կախված է գունդ: Գրված է շրջանաձև մակագրություն՝ “Կարողութեամբ Աստուծոյ”: Առյուծների վերևում խաչ է: Այս հորինվածքը ընդօրինակում է Բագրատունիների տոհմական նշանի պատկերը, սակայն ասյտեղ կենաց ծառին փոխարինել է խաչը, որն արտահայտում է նույն գաղափարը:

3. Լևոն Բ թագավորի դրամների թվում հանդիպում է մի հազվադեպ տարբերակ. թագավորը նստած է գահին, գահը իրենից ներկայացնում է աթոռ, որի երկու կողմերից կանգնած են առյուծներ:

4. Լևոն Բ-ի գահակալության շրջանում տարածում է գտնում թագավորի անձի նոր մեկնաբանում. թագավորը զբաղեցնում է կենաց ծառը տեղը: Լևոնկլայի՝ Լևոնի բերդի բարձրաքանդակներում թագավորը նստած է գահին, որի երկու կողմերից առյուծներ են: Նույն սկզբունքով է պատկերված Լևոն թագավորը իր ոսկե կնիքի վրա. թագավորի ձեռքում իշխանության նշաններն են՝ տիրության գունդը՝ խնձորը, և գավազանը: Թագի վրա դրված է խաչ: Քանդակում առյուծի պոչը ունի ոճավորված վերջավորություն:

Աղբյուրներ՝ Ռաֆայել Մաթևոսյան, ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐ, Երևան, ՀՀ ԳԱԱ, 2002, Ջորջ Ա. Բուռնության, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, Երևան, 2012, Ինտերնետի բաց աղբյուրներ