Հայերը, թաթարները և բոլշևիկները՝ Ղարաբաղ-Զանգեզուրում. 1920թ

1347

Ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի Յառաջ օրաթերթի 1920 թվականի սեպտեմբերի 7-ի համարի խմբագրականը՝ հատվածաբար, ինչպես նաև՝ նույն տարվա օգոստոսի 10-ին Թիֆլիսում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրը, որով բոլշևիկյան «զորքերի կողմից գրավվում են վիճելի մարզերը՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը»: Թեև այդ համաձայնագիրը, ինչպես գրված է՝ «Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը», փաստացի Հայաստանը կորցրել էր Արցախի վերահսկողությունը:

—–

Խմբագրական. Սարսափի աշխարհից

Զանգեզուր-Ղարաբաղը քանդվում է:

Հայ ժողովուրդը ապրում է սարսափի օրեր…

Երեք տարրեր՝ հայ տականքներ, թաթարներ և բոլշևիկներ, ձեռք-ձեռքի տված, առաջ են տանում մեր հարազատ երկրամասերի քայքայման գործը:

Հայերը մատնում են, առաջնորդում են դրսեցիներին, իրենց հին հաշիվներն են մաքրում, կուսակցական թույնն են թափում դաշնակցական գործիչների վրա, խոշոր կաշառքներ վերցնելով՝ ավերում են մեր հայրենիքը և բոլոր մտավորական ուժերին, հասարակական գործիչներին սպառնում, իբրև հակահեղափոխականների, հրացանազարկ տալ:

Թաթարները, օգտվելով իրենց համար ստեղծված նպաստավոր պայմաններից, անցյալի համար վրեժ են լուծում, կատարում են սպանություններ, կազմակերպում են թալաններ և ավազակային խմբերի միջոցով ավերում են մեր գյուղերը:

Ռուսները՝ բոլշևիկներ, մեր երկրի մեջ չթողեցին հարստություն, բռնագրավեցին հացահատիկը, ընտանի կենդանիները, զենքերը և Բաքվի վրայով փոխադրում են դեպի Ռուսաստան… Դրանից ավելի սարսափելին նրանք կատարում են՝ հրացանազարկ անելով հասարակական գործիչներին, զինաթափ անելով հայկական գյուղեր, վախ ու սարսափ տարածելով բոլորի մեջ…

Եվ այս երեքը միացած՝ առաջ են տանում Ղարաբաղ-Զանգեզուրի կործանումը…

Ում է պատկանում Զանգեզուր-Ղարաբաղը:

Ոչ ոքի:

Դա մի չեզոք շրջան է ըստ օգոստոսի 10-ի համաձայնության, ժամանակավորապես պիտի գրավվի ռուսների կողմից և միայն ռուսների՝ մինչև այդ հարցի վերջնական լուծումը…

Միթե այդ Ռուսաստանի հողամասերից է, որ չկարողանանք հանձնախումբ ուղարկել:

Ոչ և հազար անգամ ոչ:

Ապա ինչո՞ւ մենք այդքան անտարբեր ենք և ինչո՞ւ միայն չոր փաստերն արձանագրելով ենք անցնում, առանց գործնական որևէ քայլի:

Մի՞թե այդպես էինք վարվում, երբ Մուսավաթն էր ուզում տարածել իր թևերը և կամ նրանք էին կատարում ապօրինություններ ու սպանություններ…

Իսկ այսօր միայն ուժգնորեն բողոքում ենք: Գործնական միջոցների չենք դիմում՝ Ղարաբաղ-Զանգեզուրի իսկական վիճակը պարզելու համար…

Մեր պետության թիկունքը՝ Ղարաբաղ-Զանգեզուրը քայքայվում է…

Յառաջ, ՀՅԴ, թիւ 192, երեքշաբթի, 7 Սեպտեմբերի, 1920թ.

—–

Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ կառավարության միջև

10 օգոստոս, 1920թ.

1920թ. օգոստոսի 10-ին ՌԽՖՍՀ-ն` հանձին լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի` մի կողմից, և Հայաստանի ներկայացուցիչներ Արշակ Ջամալյանի ու Արտաշես Բաբալյանի` մյուս կողմից, ելնելով Հայաստանի անկախության և լրիվ ինքնուրույնության ճանաչումից, ստորագրեցին սույն համաձայնագիրը.

  1. 1920 թ. օգոստոսի 10-ի ցերեկվա ժամը 12-ից ՌԽՖՍՀ և Հայաստանի զորքերի միջև ռազմական գործողությունները համարվում են դադարեցված:
  2. Հայաստանի զորքերը գրավում են հետեւյալ գիծը. Շահթախթի-Խոք-Ազնաբյուրտ-Սուլթանբեկ և այնուհետև Կուկիից դեպի հյուսիս ու Բազարչայից (Բազարքենդ) դեպի արևմուտք ընկած գիծը, իսկ Ղազախի նահանգում` ս.թ. հուլիսի 30-ին նրանց գրաված գիծը:

ՌԽՖՍՀ զորքերի կողմից գրավվում են վիճելի մարզերը՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, բացառությամբ այն շերտի, որը սույն համաձայնագրով որոշված է Հայաստանի զորքերի տեղակայման համար:

  1. Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը: ՌԽՖՍՀ-ն այս ժամանակավոր գրավումով մտադիր էր բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա տարածքային վեճերը խաղաղ լուծելու համար այն հիմքերով, որոնք սահմանվելու են ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև ամենամոտ ապագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրով:
  2. Ռազմական գործողությունների դադարեցման հետ միասին կողմերը դադարեցնում են ռազմական ուժերի կենտրոնացումը ինչպես վիճելի, այնպես էլ սահմանային տարածքներում:
  3. Առաջիկայում` մինչև ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև պայմանագրի ստորագրումը, Շահթախթի-Ջուլֆա հատվածի երկաթգծի շահագործումը հանձնվում է Հայաստանի երկաթուղու վարչությանը, սակայն այն հաշվով, որ այն չի կարող օգտագործվել ռազմական նպատակներով:
  4. ՌԽՖՍՀ-ն երաշխավորում է Հայաստանի կառավարության այն բոլոր զորամասերի ազատ մուտքը (զենքով և հանդերձանքով) Հայաստան, որոնք հայտնվել են խորհրդային զորքերի գրաված գծից այն կողմ:

Սույն համաձայնագիրը ստորագրվում է երկու օրինակից, որոնցից մեկը հանձնվում է Հայաստանի ներկայացուցիչներին, մյուսը` ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչին:

Հայաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ` Բ. Վ. Լեգրան,

     Հայաստանի պատվիրակներ` Ա. Բաբալյան, Ա. Ջամալյան:

Լուսանկարում՝ ավերված Շուշին, 1920թ