Վազգեն Սարգսյան. 100 տոկոս ձայն էլ հավաքած լինեին…

7081

Վազգեն Սարգսյանը 1996-ին Հայաստանի պաշտպանության նախարարն էր և լուրջ դերակատարություն ունեցավ նախագահական ընտրություններում: Նա էր, ով սեպտեմբերի 26-ի կեսգիշերին հեռուստստեսությամբ՝ կողքին ունենալով Սերժ Սարգսյանին ու Վանո Սիրադեղյանին, հայտարարեց և սպառնաց, որ եթե Վազգեն Մանուկյանը 100 տոկոս էլ ձայներ հավաքած լիներ, բանակը չի ընդունելու նրան:

Ներկայացնում ենք նրա՝ սեպտեմբերի 26-ի կեսգիշերային ելույթի սղագրությունը:

****

“Հայաստանի նախագահի նստավայրում հավաքվել են բոլոր ուժային նախարարությունների և հանրապետության ղեկավարները` իրենց կոլեգիայի անդամների հետ: Հավաքվել են, որպեսզի իրենց կարծիքն արտահայտեն, իրենց տեսակետը` կատարվող դեպքերի մասին:

Այն, ինչ այսօր կատարվեց Երեւան քաղաքում, կոնկրետ` քաղաքի կենտրոնում, դա մեր թշնամու ամենամեծ երազանքն էր, որը կարողացավ իրականացնել արկածախնդիրների ձեռքով: Եթե մենք իրադարձությունները թույլ տանք, որպեսզի ընթանան նույն հունով, ապա Հայաստանը առնվազն վեց տարի հետ կնետվի՝ 1991-92 թվականները: Երբ չկար իշխանություն, երբ կային տասնյակ կուսակցություններ և ռազմական ջոկատներ, երբ բզկտում էին իրար, և գերմարդկային ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հանրապետությունը դարձնել հանրապետություն, բանակը դարձնել բանակ, իշխանությունը դարձնել իշխանություն:

Եթե մենք թույլ տանք, որ իրադարձություններն ընթանան այն հունով, որը ծրագրել են արկածախնդիրների, դավաճանների մի ոհմակ, ապա կունենանք այն նույն վիճակը, ինչ եղավ մեկ-երկու տարի առաջ Ադրբեջանում, ինչը հանգեցրեց Ադրբեջանի 6-7 տարածքների կորստին: Ինչը կա այսօր Հայաստանում, և ինչից, մենք կարծում էինք, արդեն վերջնականապես խուսափել ենք: Ես համոզված եմ՝ խուսափել ենք դրանից: Ուղղակի ուզում եմ խնդրել մեր ժողովրդից մի վերջին անգամ, որպեսզի կուլ չգնա արկածախնդիրների ամբիցիաներին, չստիպի բանակին, որը կարողացավ թշնամու դեմ ջախջախիչ հաղթանակներ տանել, վերածվել կարգուկանոն պահպանող բանակի:

Եվ պիտի հասկանանք, որ վերջին, թերեւս հազար տարվա մեջ երբեք ազգային հաղթանակներ չենք ունեցել: Եվ այս չորս-հինգ տարիների ընթացքում ոչ ոք չկարողացավ ներսից ազդել հանրապետության միասնականության վրա, մեր բանակի միասնականության վրա, մարտական ոգու վրա, և մենք մեր ձեռքով ուզում ենք խախտել միասնականությունը: Վերջապես մենք պիտի մեկ անգամ գոնե ամբողջ պատմության ընթացքում ապացուցենք, որ միասնական ազգ ենք: Եվ գոնե մեկ անգամ մեր հաղթանակած ճանապարհից չպիտի ետ կանգնենք իշխանիկների իշխանատենչ ու դավաճանական կեցվածքի պատճառով:

Այստեղ հավաքված են մեր կոլեգիայի անդամները, որպեսզի ողջ հայ ժողովուրդը հասկանա, որ սա սոսկ պաշտպանության նախարարի խոսք չէ, ՆԳ նախարարի խոսք չէ, մենք արտահայտում ենք մեր բոլոր ընկերների կամքը, բանակի ողջ հրամանատարություը միանշանակ կողմնակից է արյունով նվաճված խաղաղությունը վտանգի չենթարկելու, ստահակներին չզոհաբերելու, և եթե մարդիկ, որոնք իրենց քաղաքական պարտությունը փորձում են վերածել ուժային միացությունների, կարծում են հաջողություն կունենան, միանշանակ սխալվում են: Այս դեպքերից հետո, եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու և չեն ընդունել:

Եվ եթե կան մարդիկ, որոնք ուզում են Հայաստանը դարձնել քաղաքացիական պատերազմի թատերաբեմ, որոնք ուզում են զրոյի հավասարեցնել մեր բոլոր ռազմական հաղթանակները, մեր պետության անվտանգությունը, վաղը նորից կփորձեն հայտնվել հրապարակում, ես կոչ եմ անում բոլոր մայրերին` ետ պահեք ձեր զավակներին, կոչ եմ անում բոլոր կանանց` ետ պահեք ձեր ամուսիններին: Սա ուղղակի դավաճանական ուղի է: Ես խնդրում եմ` թույլ մի տվեք, որպեսզի հաղթանակած բանակը, որը պատվով է կռվել արտաքին թշնամու դեմ, հանկարծ ու զենք բարձրացնի ներքին թշնամու դեմ: Նրանց, որոնք չունեն այդ բարոյականությունը, ուզում եմ հիշեցնել` չի ստացվի ոչինչ:

Խոսքս ուզում եմ ավարտել Ղարաբաղի կառավարության հայտարարությամբ` շեշտած լինելու համար, ինչ որ ասացի՝ վերաբերվում է ոչ միայն ուժային նախարարություններին, վերաբերում է նաեւ Ղարաբաղի կառավարությանը, Ղարաբաղի բանակին (կարդում է ). ԼՂՀ-ի կառավարության հայտարարությունը. «ԼՂՀ կառավարությունը վերջին օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հանրապետության անվտանգությանն ուղղված սպառնալիք և դավաճանություն ազգային շահերին: Ընտրությունների արդյունքների ուժային մեթոդներով փոփոխության փորձն անթույլատրելի է և պետք է խստորեն կանխվի: ԼՂՀ կառավարությունը պաշտպանում է օրենքով ընտրված իշխանություններին և զգուշացնում անկարգության կազմակերպիչներին իրավիճակի ապակայունացման համար, որի հետևանքների համար նրանք պետք է պատասխանատվություն կրեն»:

Չափազանց ամփոփ է եւ սրա տակ ես դնում եմ նաև իմ ստորագրությունը”: