Անիի ավերակներում՝ Մառը, Թորամանյանը, Օրբելին…

1546

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979): Առանձին կտորների վերնագրերը դնում է ԱՆԻ-ին: 

Նախորդ մասը կարդալ այստեղ

—–

ԾԱՆՐ ԳԻՇԵՐՆԵՐ

Թափառող աներևույթ ոգին Անիի ավերակներում…

Գիշերը իջել, պառկել էր ավերակ քաղաքի վրա ու ծածկել այն մութ իմաստությամբ… Սակայն ինչե՜ր չեն կարող ծնել խորհրդավոր գիշերները մարդուս երևակայության մեջ… Ամեն մի խուլ շարժում, ամեն մի շշուկ վեր են ածվում ահասարսուռ տեսարանների այդ կախարդական, մեծ խորհուրդների մեջ թաղված փլատակներում…

Ծերունի Կյասսոն սոսկումով պատմում էր, թե ինչպես վերջերս գիշերները, ավերակ քաղաքում թափառում է մի աներևույթ Ոգի, թե ինչպես երկնքից լույս է իջած շրջող Ոգու վրա: Նա հավատացնում էր, որ տեսել է երկու անգամ, թե ինչպես փլված աշտարակից դեպի Առաքելոց շարժվում էր լույսը աներևույթ Ոգու հետ միասին… Պատմում էր նա խոհանոցում նստած, իր անբաժան ծխամորճը ձեռքին: Նրան շրջապատել էին վանահոր սպասավորները և սոսկումով լսում էին խորհրդավոր պատմությունը՝ աներևույթ Ոգու հետ կապված…

Մի ծանր գիշեր էր…

Ամեն մարդ քաշվել էր իր օթևանը: Ես դեռ նստած էի մեր դռան շեմքին, երբ լսեցի ծերունի ջրկիրի դողդոջուն ձայնը.

-Փիրը…Փիրը…

Եվ նա լուռ թևիցս քաշեց և մենք բարձրացանք գոմի տանիքը ու նայում էինք մութի մեջ Առաքելոցի ուղղությամբ:

Եվ իրավ, խավարի մեջ դանդաղ տատանվում էր խորհրդավոր լույսը ու շարժվում առաջ…

Ես շփոթվեցի… Սարսուռ անցավ մարմնովս… մղձավանջային այս ծանր տեսիլքը ճնշում էր ինձ, սառը քրտինքը պատել էր մարմինս… Վախից ընդհուպ մոտեցա ծերունուն և զգացի, թե ինչպես նա դողում էր:

Ահաբեկված ջրկիրի դողդոջուն շուրթերը մրմնջում էին մի ինչ-որ աղոթք, ինձ անհասկանալի բառերով…

Ավերակների քաղաքում շրջում է Անիի Ոգին…

Սարսափը տիրել էր թե վանահոր սպասավորներին և թե Իգաձորի բնակիչներին…

Մի քանի ծանր գիշերներից հետո առեղծվածը լուծվեց: «Անիի Ոգին» դա երիտասարդ գիտնական Օրբելին էր:

Նա վերծանում ու հավաքում էր Անի քաղաքի վիմական արձանագրությունները: Հերթը հասել էր Առաքելոց եկեղեցու գավթի ներսի արձանագրություններին և միակ հարմար միջոցը դյուրին և ճիշտ վերծանելու համար, դա գիշերը լամպարի լույսով աշխատելն էր: Գիշերը լամպարի լույսը թեք սահում է վիմագրված պատի վրա և արձանագրված տառերը կենդանի ցցվում են աչքիդ առջև:

Աշխատանքը ավարտված էր ամենայն խնամքով և պատրաստ հրատարակության: Նույնիսկ հատուկ տառատեսակներ էին ձևավորված ու ձուլված, որոնց վրա հարգելի գիտնականը անքուն գիշերներ էր լուսացրել:

Հարգելի Օրբելին անձամբ, ակադեմիայի տպարանում, խնամքով շարել էր այդ նոր տառատեսակով, Անիի արձանագրությունների բովանդակությունը իրենց բացատրական մասով:

Արդեն կապված էին տպագրական երեսները, որոնցից արտատպված էր մի օրինակ սրբագրության համար:

Բայց… Ավա՜ղ…

Դեռ նոր էր սկսել սրբագրության աշխատանքը, երբ բնության արհավիրքին զոհ գնաց Հովսեփ Օրբելու արյուն քրտինքով ձեռք բերած վաստակը:

Մի չարաբաստիկ գիշեր ջրհեղեղը սրբեց ու տարավ ակադեմիայի տպարանը, ոչնչացավ ամեն ինչ…

Ու մնաց վշտաբեկ գիտնականը, կսկիծը սրտում, Անիի քարե մատյանի չսրբագրված միակ օրինակը ձեռքին…

Դժբախտ քաղաքի անողոք ճակատագիրը անխնա հարվածելով, կորցնում, ոչնչացնում էր քրտնաջան վաստակը այն բոլոր անձնվեր մարդկանց, որոնք աշխատել էին Ավերակների քաղաքի պատմության ու մշակույթի ուսումնասիրությամբ:

Վերհիշված ցավալի աղետը բացառություն չէ կազմում:

Ճարտարապետ Թորոս Թորամանյանը մինչև իր կյանքի վերջին վայրկյանը ծանր վիշտ ապրեց…

1913 թվին նա գնաց Վիեննա և Վիեննայի համալսարանին կից արվեստի պատմության ինստիտուտին հանձնեց առ ի հրատարակություն հայկական պատմական ճարտարապետության վերաբերյալ  իր ուսումնասիրած չափագրություններն ու գծագրությունները, հուշարձանների վերակազմությունները: Դա մի մեծածավալ ու կարևոր աշխատանք էր, որ նա գլուխ էր բերել հազար զրկանքներով ու քրտնաջան, անդուլ աշխատանքով:

Եվ 1914 թվին, երբ պատրաստվում էր նոր նյութեր հավաքած կրկին այցելել Վիեննա՝ հրատարակության պայմանագիրը կնքելու, վրա հասավ առաջին համաշխարհային պատերազմը, ճանապարհները փակվեցին, բազմահմուտ ճարտարապետը չկարողացավ գնալ Վիեննա և մնաց իր բեղմնավոր աշխատանքը բախտի քմհաճույքին:

Սակայն մեծ հայը այդ ծանր հարվածից չընկճվեց: Նա արհամարհեց ամեն ինչ և շարունակեց իր սուրբ գործը դարձյալ մեծ զրկանքներով:

Եվ ահա, 1918 թվին հասավ երկրորդ հարվածը… Թուրք բարբարոս բանակը ներխուժեց արևելյան Հայաստան: Թորամանյանը արդեն ծանրաբեռնված ընտանիքով, հազիվ կարողացավ իր ընտանիքը և իր թանկագին վաստակի մի մասը տեղափոխել Ղարաքիլիսա (այժմ Կիրովական): Եվ երբ կատաղի, անհավասար մարտերը գնում էին Ղարաքիլիսայի մատույցներում, նա ստիպված եղավ թողնել ամեն ինչ և իր ընտանիքի անդամներով մազապուրծ փախչել ու շունչը առնել Թիֆլիսում:

Ամեն ինչ խաղաղվեց:

Այս անգամ նա ստացավ երրորդ դաժան հարվածը: Շատ ծանր է, երբ մարդ կորցնում է իր վաստակը, որը ձեռք է բերված բազում զրկանքներով ու քրտնաջան աշխատանքով մի մեծ գաղափարի համար:

Նեգատիվների մի ստվար ժողովածու պատմական հուշարձանների, որը ինքն էր լուսանկարել, մեծ մասը փշուր-փշուր եղած, գծագրերի ու ձեռագրերի մի մասը հափշտակված: Այդ կորած ձեռագրերի մեջ էր «Տեկորի Տաճարի» տակավին չհրատարակված երկրորդ հատորը: Նրա ջերմ հոգին իր ամբողջ էությամբ ձուլվել, խմորել էր մեր ստեղծագործ նախնիների ճարտարապետական հանճարեղ կառուցվածքներին, և շնչելու էր նա նրանց վեհ շնչով ու տոկում նրանց գեղեցիկ և ջլապինդ մարմինների տոկունությամբ…

Անխորտակելի էր խանդավառ ուխտավոր կամքը և անընկճելի նրա բուռն եռանդը: Նրան դարձյալ տեսնում ենք թուղթ ու մատիտը ձեռքին, չափագրական գործիքներով:

Բազմավաստակ Թորամանյանը դեռ հույս ուներ Վիեննա հանձնած իր աշխատությունների ժողովածուի վերադարձին: Սակայն…

1926 թվին նա ստացավ չորրորդ դաժան հարվածը…

Վիեննայի սովետական դեսպանի ջանքերով Հայաստան վերադարձվեց ճարտարապետի աշխատությունները: Այդ ժողովածուից բացակայում էին չորս հարյուր գծվածքներ…

Բայց ճարտարապետի անհողդողդ կամքն ու անսպառ եռանդը դարձյալ մղեց նրան իր նվիրական սուրբ գործին և կանգ առավ, երբ դադարեց բաբախելուց մեծ հայի սիրտը…

Արամ Վրույրը, հայ բեմի այդ անձնվեր չքավոր դերասանը, իր սուղ միջոցներով, առանց որևէ օժանդակության, տարիների ընթցքում լուսանկարել և հավաքել էր մի ստվար ժողովածու Անիի և նրա շրջապատի հուշարձանների: Նրան այդ գործին մղել էր ջերմ ու անկաշառ սերը հանդեպ մեր պատմական մեծ մշակույթի:

1908 թվի թուրքական սահմանադրությունից հետո, 1909 թվին Արամ Վրույրը հայ թատերական խմբի հետ մեկնում է Կ. Պոլիս և իր հետ տանում լուսանկարչական նեգատիվների իր ամբողջ վաստակը: Գործերն այնպես են դասավորվում, որ նա իր նեգատիվների ժողովածուն թողնելով Պոլսում, կարճ ժամանակից կրկին վերադառնալու պայմանով, գալիս է Թիֆլիս: Սակայն Ա. Վրույրին չի հաջողվում վերադառնալ Պոլիս:

1914 թվականին Պետերբուրգի կայսերական ակադեմիան Արամ Վրույրին ապահովում է ճանապարհածախսով, որպեսզի նա Պոլսից բերի իր նեգատիվների ժողովածուն և հանձնի ակադեմիայնին: Նա պատրաստվեց մեկնելու, բայց 1914 թվի պատերազմը այս անգամ ևս խափանեց նրա մեկնումը և Անիի նեգատիվների արժեքավոր ու հարուստ այդ ժողովածուն կորավ անվերադարձ:

Նմանապես 1918 թվականին Անիի գիտարշավներից տարիների ընթացքում կուտակված բոլոր նյութերը, որտեղ իրենց մասն են ունեցել շատ-շատերը, իսպառ կորան…

«…Բոլոր ձեռագիր և տպագիր նյութերը, օրագրերը, լուսանկար նեգատիվները, գծագրերը կորան գնացքում Արմավիրի և Բաքվի միջև, մի ամբողջ վագոն՝ ուղեգրված Թիֆլիս պատմահնագիտական ինստիտուտում վերամշակվելու համար,- գրում է Ն. Մառը»:

Այսպես էր դժբախտ քաղաքի դաժան ճակատագիրը:

ԵՐԿՈՒ ԱՆԱԽՈՐԺ ՈՒ ՑԱՎԱԼԻ ՄԻՋԱԴԵՊ

Անիի գեղեցիկ շենքերից թափված քանդակազարդ բեկորները՝ քարեր, սյուներ, խոյակներ, արձանագրված քարեր, կարնիզներ և այլն, որ կարելի էր տեսնել ամեն քայլափոխում, անխնամ վիճակում, մեծ մտահոգություն էին պատճառում պրոֆ. Մառին: Այդ թափթփված բեկորները այնքան շատ էին, որ հնադարանը անկարող էր իր մեջ պատսպարել դրանց մի չնչին մասը:

Մայրաքաղաքի ամենախոշոր կանգուն շենքը Մայր տաճարն էր և ահա որոշեցին այն վերածել քարեդարանի, որտեղ կարող էր ամփոփել մի քանի հարյուր բեկոր:

Մի օր Հովսեփ Օրբելին Մառի անունից դիմեց հայր Միքայելին և պահանջեց Մայր տաճարի բանալին: Այդ անսպասելի հայտարարությունը մի ծանր հարված էր հայ Միքայելին: Նա գունատվեց, հուզմունքից սկսեցին շուրթերը դողդողալ:

-Պահանջեցեք տիոջից,- վրդովմունքը հազիվ զսպելով ասաց հայր Միքայելը և ապա շարունակեց,- Մայր տաճարի բանալին պատկանում է հայ ժողովրդին: Ու հենվելով իր գավազանին՝ համրաքայլ հեռացավ դեպի իր խուցը: Հայր Միքայելը այդ օրը դուրս չեկավ իր բնակարանից… Երբեք այդ աստիճանի վշտացած չէի տեսել նրան. բանալին տալ՝ նշանակում է շենքը հանձնել:

Այստեղից էլ սկսվեց մի մեծ անախորժություն… Բորբոքվեցին ազգային կրքերը և Թիֆլիսի հայ պարբերական մամուլում լույս տեսան հարձակողական ու պախարակիչ հոդվածներ մեծարգո գիտնականի հասցեին:

Պրոֆ. Մառը ստիպված եղավ Թիֆլիսի նույն օրաթերթում պատասխան հոդվածով հրապարակ գալ:

Ի վերջո ստացվեց այն, որ Մայր տաճարի բանալին մնաց հայ Միքայելի ձեռքին, իսկ ստվար քանակությամբ ճարտարապետական արժեքավոր բեկորներ, որոնց մի մասը պատկանում էին հենց իրեն՝ Մայր տաճարին, մնացին բաց երկնքի տակ առանց պատսպարանի:

Սակայն խնամող ձեռքը չդադարեց մտահոգվելուց. հետագայում Մառը կառուցեց մի նոր շենք, որը կոչվեց Քարեդարան և որտեղ զետեղվեցին մեծ թվով ճարտարապետական բեկորներ, արձանագրություններ և քանդակազարդ քարեր:

Քարեդարանի մուտքի աջ և ձախ կողմերը (արտաքուստ) կանգնեցրին երկու խոշոր արձանագրություն, որոնք իրենց տեղերից խախտված, քարերը թափված վիճակումն էին. ա) վրաց Եփուպան կաթողիկոսի արձանագրությունը վրացերեն և մի արձանագրություն էլ արաբատառ (Յարլիկ):

1912 թվականին վերանորոգման ենթարկվեց Փրկիչ եկեղեցին: Այդ եկեղեցու մեջ էլ հավաքեցին և ամփոփեցին արժեքավոր շատ բեկորներ, եկեղեցու մուտքը ամրացրին փայտե դռնով և փականքով: Այս բոլոր միջոցառումները համարվեց նախաքայլ: