Ավերակների քաղաքը

1950

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979): Առանձին կտորների վերնագրերը դնում է ԱՆԻ-ին: 

Նախորդ մասը կարդալ այստեղ

—–

ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

Մեծ գիտնականի օրինակելի և սիրելի աշակերտներից էր Հովսեփ Օրբելին: Նա անխոնջ ու ժրաջան աշխատում էր Անի քաղաքում իր հարգելի ուսուցչի ղեկավարության ներքո, և դարբնում էր իր միտքն ու գիտելիքները ուսումնասիրությունների և հետազոտությունների այդ լայն ասպարեզում: Նրա մտքի ու հոգու մեջ դրոշմվում էին նվիրական քաղաքի պատմության մագաղաթյա էջերը և նյութական մշակույթի բազմալեզու մնացորդների գունագեղ պատկերները:

Ամբողջ էությամբ կլանված աշխատում էր ապագա մեծ գիտնականը Անիի մառյան հնադարանում: Հնադարանի շենքը արդեն մի հնություն է՝ կառուցված Աշոտ Ողորմածի կողմից: Նա ծանրանիստ հանգչում է Ախուրյան ձորի աջ շուրթին և իր բարձր ու լայն լուսամուտներով վերից նայում խոր ու ոլորապտույտ ձորի մեջ օձի պես գալարվող գետի պղտոր ջրերին:

Իրիկնամուտ է: Ամենուրեք սիրտ ճմլող լռություն, միայն անդնդախոր ձորի միջից լսվում է խուլ ձայնը գետի ընթացքի: Իսկ այնտեղ, հնադարանի սյունազարդ սրահի ծայրում, քրիստոնեական նշանը կրծքին, ձեռքերը պարզած հորիզոնական դիրքով, հագած արքայական երկար վերարկուն, որի փեշերը ծածկում են ոտքերը, վեհապանձ կեցվածքով կանգնած է Բագրատունյաց մեծ գահակալը. դա Գագիկ Ա-ի արձանն է, որը 1906 թվին գտնվեց Գագակաշեն սուրբ Գրիգոր հրաշակերտ եկեղեցու պեղումներից:

Այս պատմական ոլորտում, երբ մարդ տարվում է խոր մտքերով ու վառ երևակայություններով, և իրիկնամուտը, որ մշուշապատում է իր շրջապատը, առարկաները դառնում են ավելի խորհրդավոր: Պատահում են րոպեներ, երբ մարդու աչքերին խորախորհուրդ ու պայծառ պատկերներ են երևույթանում՝ կապված միջավայրի կյանքի, դեմքերի ու առարկաների հետ:

Եվ ահա, խորը մտքերի մեջ թափանցած՝ մտքեր, որ նրան տանում են դարերի խորքերը, մտքեր, ուր ծնվում ու եռում են բոց հույզերը… երիտասարդ գիտնականը բարձրացրեց իր գլուխը… Կիսախավարի մեջ մշուշով պարուրված հայոց աշխարհի իմաստուն վեհապետի՝ Գագիկի արձանը գամվեց նրա հայացքի մեջ… Որպես խորհրդավոր երեկոյի լռության մեջ ծնված կախարդական մի ցնորք, շունչ ու հոգի առավ 10-րդ դարի այդ հրաշակերտ արձանը… Գագիկը շարժվեց… Եվ վեհապետին վայել, վսեմ ու ծանր քայլերով նա ընթանում է առաջ… Փշաքաղվեց երիտասարդ Օրբելին…

Ո՞վ կարող է չափել այդ խորհրդավոր լռության մեջ ծնվող մտքերի ու հույզերի խորհախորհուրդ պատկերների անհունությունը… նրա մարմնի միջով անցնում էին մահասարսուռ շանթեր… Սիրտը բաբախում էր ուժգնորեն… Ու սառը քրտինքը պատել էր ճակատը… Այդ դաժան մղձավանջը, որպես իրական պատկեր, իր ճնշող ծանրությամբ կանգնեց նրա առջև…

…Աչքերը մթագնեցին… Եվ նա նվաղված ընկավ հատակին…

Ավերակների այդ կախարդական քաղաքում, ուր կուտակված են դարերի խորհուրդները, նման երևույթներ պատահել են և ուրիշների հետ:

Գիշեր է:

Լուսնի շողերը ողողել են քնի մեջ ընկղմված մայրաքաղաքի փողոցներն ու ավերակ շենքները, որոնք պատմության ձախորդ ճակատագրի ծանրության տակ կռացած՝ տարածված են կախարդական քաղաքի քարակույտերի մեջ:

Ոչ մի շրշյուն:

Լուռ է քաղաքը՝ ծանրաբեռնված մութ խորհուրդներով, միայն խոր ձորի միջից լսվում է խուլ մրմունջը Ախուրյան գետի, որն ասես մի վշտակիր ականատես ողբում է դժբախտ քաղաքի անցավոր փառքն ու հզորությունը…

Հինավուրց քաղաքի հարավ-արևմտյան կողմում, բարձրադիտակ բլրի վրա, այս ու այն կողմ կանգնած են միջնաբերդի փլատակները: Գիշերվա խորհրդավոր լռության մեջ, լուսնի արծաթափայլ շողերի տակ, երևում են նրանց աղոտ ուրվագծերը:

Ահա մի մատուռ կանգուն գմբեթով նստած է բլրի հարավային լանջին: Իսկ այստեղ, բլրի կենտրոնում, Միջնաբերդի պալատի մեջ դահլիճի ավերակներն են, որոնք իրենց տիրապետող դիրքով իշխում են քաղաքի վրա: Ահա և Կամսարականների օրերից մնացած 6-րդ դարու եկեղեցին:

Հեռվում, ավերակներից մեկի գլխին թառած, որպես մի գուժկան, կռնչում է բուն և մահագուժ ձայնով, ասես գալիք արհավիրքների սարսափն է ահազանգում մեռած քաղաքին:

Եվ գերեզմանական այս լռության մեջ, այդ խորհրդավոր գիշերվա պահին, դեպի Միջնաբերդ ձգվող «Մառի» փողոցով, ծանր մտքերի մեջ խորասուզված, համրաքայլ ընթանում է մի երիտասարդ: Նա ինքնամոռացության գիրկն ընկած, տարված պատմական անցյալի առեղծվածային դրվագների հետ կապված այլևայլ հարցերով, քայլում էր… Այդ մտքերի մեջ կենդանի պատկերների նման պտտվում էին դեպքերն ու դեմքերը հեռավոր անցյալի…

Եվ հանկարծ… կախարդական քաղաքի փլատակների, անդնդախոր ձորերի և մթին այրերի մեջ ապրում են դեռ գերբնական զորություններ… Նրա ականջին աղմկեցին դոփյունները ձիերի սմբակների, որոնք թնդացնում էին փողոցի սալերը անզուսպ հարվածներով… Ետ դարձրեց գլուխը երիտասարդը և շանթահար եղած արձանացավ տեղում… Ցնո՞րք… թե՞ իրականություն…

Սանձարձակ մրրիկի նման մի խումբ զինվորներ, երեխաները փրփրակալած ամեհի երիվարներին հեծած՝ սրարշավ անցան ապշանքի ու սարսափի մեջ քարացած երիտասարդի առջևից… Նրանք հագած էին զինվորական պատմական տարազ: Լուսնի շողերի տակ կայծկլտում էին մետաղաձույլ վահանները, նիզակների ծայրերը, սրերի երախակալները, ամրակուռ զրահներն ու սաղավարտները… Նրանց ընթացքից ծածանվում էին ծիրանիները հեծյալների…

Ցնցվեց երիտասարդը… Ծանր մտքերի ու վառ երևակայությունների ծնունդ էր դա…

Եվ մինչև որ կսթափվեր, այդ դյութական ցնորքը մի ակնթարթում անհետացավ ու ձուլվեց մռայլ խավարի մեջ…

Դա, պրոֆեսոր Մառի աշակերտ՝ հարգելի Լևոն Քալանթարն էր:

ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ

Անցան տարիներ…

Արդեն պատանի էի և անհասկանալին աստիճանաբար պարզվում և հասկանալի էր դառնում ինձ համար այնքանով, որքանով որ կարող էր ընկալել պատմական այդ շրջափակում մեծացած մի մանուկ:

1913-14 թվականներին ես արդեն բավականին ծանոթ էի Անիի պատմությանը՝ հաճախ կլանված ունկնդրում էի պրոֆեսոր Մառի, ճարտարապետ Թորամանյանի, Հ. Օրբելու և հորս բացատրությունները Անիի այս կամ այն հուշարձանի և հնադարանում զետեղված բազմաթիվ իրերի մասին, երբ նրանք բացատրում էին այցելուներին: Եվ այդ գիտելիքներով զինված՝ հաճախ առիթ եմ ունեցել Անիի այցելուներին առաջնորդելու դեպի հուշարձանները և բացատրական փոքրիկ տեղեկություններ տալ նրանց:

Թե պրոֆեսոր Մառը, թե Թ. Թորամանյանը, թե Հ. Օրբելին և հայրս հատուկ մարդկանց էին միայն առաջնորդում ու բացատրում, այնպես որ այցելուների մեծ մասի հոգսը ընկնում էր մնացյալ անեցիների վրա, որոնց թվում և ինձ:

Ավերակ քաղաքի քարակույտերի, փոսերի և թմբերի մեջ շրջագայելիս՝ օտարականը առանց առաջնորդի կդժվարանար:

Ինձ ծանոթ էին Անիի բոլոր շառավիղներն ու կածանները, որոնց վրայով դեռ փոքր հասակից շատ անցուդարձ էի արել: Եվ հաճույքով ուղեկցում էի բազում այցելուների և մեծ բավականություն էի ստանում, երբ մեծահասակ կանայք և տղամարդիկ ուշադիր ունկնդրում էին ինձ ու զանազան հարցեր տալիս:

Ես պատմում էի Անի քաղաքի հիմնադիր Մեծ իշխանի՝ Աշոտ Բագրատունու մասին: Բացատրում էի, թե ինչպես հնում Անին եղել է ամրոց Կամսարական իշխանների, թե ինչո՞ւ Գագիկ Ա. հայոց թագավորը կրում է գլխին փաթթոց (չալմա), ժամանակին որտեղից են բերել Անի խմելու ջուր, ցույց էի տալիս ջրատար կավե խողովակները, թե երբ են կառուցվել Աշոտյան և Սմբատյան պարիսպները, թե ինչպես Արշակունիների ժամանակ Բագրատունիները եղել են թագադիր ասպետներ, թե ինչպես արտագաղթի ժամանակ անեցիները, որոնց մի հոսանքը գնացել է Ղրիմ, հիշատակի համար իրենց հետ տարել են Անիի Մայր եղեկեցու դուռը, որը գտնվում է Ղրիմի Թեոդոսիա քաղաքի հայոց եկեղեցում, որը ես տեսել եմ 1905 թվին, սպարապետ Վահրամ Պահլավունու, Կատրանիդե թագուհու, Տրդատ ճարտարապետի, Բագրատունի թագավորների և նշանավոր այլ մարդկանց մասին: Պատմում էի ժողովրդական ավանդույթներ Հովվի եկեղեցու, Այծեմնիկի սխրագործության և շատ ու շատ բաների մասին, որոնք կապված են Ավերակների քաղաքի հետ:

Առաջնորդում ու ցույց էի տալիս Անիի նշանավոր կոթողները՝ Մայր տաճարն իր հոյակապ կեցվածքով, Գագկաշեն սուրբ Գրիգոր բոլորակ եկեղեցին, Առաքելոցը իր գավթի խաչաձևող կամարներով, Մանուչեն, Տիգրան Հոնենցի եկեղեցին իր բազմաթիվ գեղեցիկ որմնանկարներով և արտաքուստ բուսական ցանցի մեջ քանդակված զանազան կենդանիներով,  Ապուղամրենց, Փրկիչ, Կուսանց գողտրիկ եկեղեցին թառած Ախուրյանի ձորի լանջերին՝ հսկա քարաժայռերի վրա, Միջնաբերդի փլատակները, Կամսարականների 6-րդ դարու եկեղեցին, Կատրանիդե թագուհու դամբարանի փլատակները, Ախուրյանի վրա կամուրջի ավերակները…

Առանց զլանալու ես տանում էի հետաքրքրասեր այցելուներին Իգաձորի և Ծաղկաձորի պեմզայի ահռելի զանգվածների մեջ փորված գեղեցիկ այրերը, Տիգրան Հոնեցի տոհմային դամբարանները այրերի մեջ զետեղված, ուր մի փոքր գերեզմանից գտնվեց մի փոքրիկ աղջկա զգեստ, կուսության գոտին և ոսկեթել ասեղնագործ կրծքակալը: Ցույց էի տալիս քաղաքի հյուսիսային պարիսպները իրենց հսկա բուրգերով ու հզոր դարպասներով և պարիսպների առաջ կոփածո քարերով կառուցված մեծ խրամատը, որտեղ վտանգի դեպքում ջուր էին լցնում անեցիները: Ցանկացողներին առաջնորդում էի ստորերկրյա Անիի նեղ ու լայն անցքերով, որոնց մեջ իշխում էր հավիտենական թանձր խավարը, ուր անցքերը լաբիրինթոսի նման ճյուղավորվում են: Եվ այդ շրջագայությունների և բացատրությունների ժամանակ հոգիս լցվում էր հպարտության զգացումով՝ ցույց տալով մեր շինարար ու հանճարեղ նախնիների գեղեցիկ գործերը: