Ռուսաստանը Հայաստանի համար բացահայտ թշնամական պետություն է. վարչապետ Օհանջանյան, 15 հուլիս, 1920թ

11534

Ներկայացնում ենք հատվածներ Հայաստանի Հանրապետության Բյուրո-կառավարության վարչապետ Համո Օհանջանյանի զեկուցման տեքստից՝ արված ՀՅԴ Երևանի ներկայացուցչական խորհրդի 1920 թվականի հուլիսի 15-ի նիստում:

—-

Ամենահիմնական խնդիրը Հայաստանի համար հացի մատակարարման հարցն է: Ամերիկայի օգնությունը պիտի դադարեր օգոստոսի 1-ին: Այժմ ուրախ եմ հաղորդելու, որ գնդապետ Հասկելի բացատրությամբ, իրենք կարող են ալյուր հասցնել ևս 15 օր, այսինքն՝ մինչև օգոստոսի 15-ը: Այնուհետև Ամերիկայի օգնությունը երևան պիտի գա առավելապես ֆինանսական և քաղաքական խնդիրներում:

Մոտավոր հաշվով Հայաստանի սահմաններում ցանված է 1 միլիոն փութ հացահատիկ, բերք ստացվում է 8-10 միլիոն փութ, իսկ երկրի ամբողջ տարվա կարիքը բավարարելու համար անհրաժեշտ է ունենալ 13-15 միլիոն փութ, ուրեմն, սեփական բերքը մեզ լիովին բավարարել չի կարող, մենք դեռ պիտի մտածենք 3-5 միլիոն փութ հացահատիկ դրսից ներմուծելու մասին:

Չի կարելի մխիթարական համարել երկրի ֆինանսական կացությունը: Հայկական չեկերի արժեքը ընկած է, որովհետև Հայաստանը արտահանելու նյութեր շատ չունի:

Արդյունաբերությունը, որ պիտի զարգանար առավելապես մասնավոր դրամատերերի նախաձեռնությամբ, համարյա  թե գոյություն չունի: Նախքան բոլշևիկյան խռովությունները, կառավարությունը զանազան մարդկանցից առաջարկներ էր ստանում Հայաստանում այս կամ այն արդյունաբերական ձեռնարկ սկսելու, բայց մայիսյան խռովություններին զուգընթաց, նաև նրանից հետո, առաջարկները դադարեցին:

Ավելի կազմակերպված, ավելի կայուն դրության մեջ է մեր ռազմական-զորական վիճակը: Զանգիբասարի շրջանը գրավելուց և ապստամբներին ցրելուց հետո մեր զորքերը շարժվեցին դեպի Բոյուք Վեդի: Ռազմական գործողությունները փայլուն հետևանքներ տվին, երկու օրվա կռիվներից հետո ընկավ ապստամբության այդ կենտրոնը, իսկ մի-երկու օր անց գրավվեց նաև Գայլի Դրունքի ուժեղ դիրքերը:

Բոլշևիկ արկածախնդիրների հաճախակի հարձակումների հետևանքով անհանգիստ դրություն է ստեղծված Ղազախի գավառում: Դրությունը վատ է Ղարաբաղում և Զանգեզուրում, բայց ոչ երբեք՝ անհուսալի:

Հայաստանի պատվիրակության բանակցությունները Խորհրդային Ռուսաստանի հետ շատ դանդաղ են ընթանում: Կենտրոնական իշխանությունը, ինչպես երևում է, Հայաստանի վերաբերմամբ վճռականություն չունի և հեշտությամբ փոխում է իր կարծիքն ու որոշումները խորհրդային Ադրբեջանի մանկահասակ խորհրդային գործիչների կողմից ստացվող լուրերի, հեռագրերի և զեկուցումների ազդեցության տակ:

Խորհրդային կառավարությունը թեպետ իր կողմից Հայաստանի ներկայացուցիչ է նշանակել ոմն Լեգրանի, տալով նրան երկու հայ խորհրդականներ [Աշոտ Հովհաննիսյան և Սահակ Տեր-Գաբրիելյան: Հետագայում նրանք պետք է դառնային Խորհրդային Հայաստանի առաջնորդներից, Տեր-Գաբրիելյանը՝ վարչապետ: 1920-ի հուլիսի կեսերին Հովհաննիսյանը և Տեր-Գաբրիելյանը գտնվում էին Բաքվում և Լեգրանի հետ պատրաստվում էին ժամանել Հայաստան – ԱՆԻ], բայց այդ փաստը մեզ համար զուրկ է որևէ արժեքից, որովհետև նրանց քաղաքականությունը Հայաստանի վերաբերմամբ երբեք որոշակի և հստակորեն երևան չի եկել: Հակառակը, մեր երկրի վերաբերմամբ խորհրդային կառավարության քաղաքականությունը եղել է միշտ երկդիմի, տարրտամ, շատ անգամ՝ քողարկված, իսկ հաճախ՝ բացահայտ թշնամական:

Ինչո՞վ բացատրել բանակցությունների այդ վարանոտ ընթացքը, ինչո՞վ բացատրել Ադրբեջանի կոմունիստ կոչվածների բազմակի հարձակումները Հայաստանի անվիճելի հողամասերի վրա այն ժամանակ, երբ կոմունիստական կենտրոնը բանակցություն է վարում Հայաստանի պատվիրակության հետ [նկատի ունի Լևոն Շանթի պատվիրակությունը – ԱՆԻ]՝ ընդունելով նրանց որպես ներկայացուցիչներ անկախ պետության:

Հայաստանը երբեք չի կարող չնշմարել Քեմալի ու Լենինի մերձեցումը, չի կարող անտարբերությամբ դիտել թուրք ազգայնականների և ռուս բոլշևիկների փորձերը միասնական աշխատանք սկսելու և չի կարող զսպել իր արդար հուզմունքը հանդեպ այդ փաստի, որովհետև նա համոզված է, որ քեմալիստների և կոմունիստների միջև համաձայնություն կարող է կնքվել միայն իր գոյության գնով:

Եթե Խորհրդային Ռուսաստանը անկեղծորեն կանգնած չէ Հայաստանի անկախության տեսակետի վրա, եթե նա որոշել է հայ ժողովրդի դիակների վրայով ձեռք մեկնել Թուրքիային և Հայաստանի ոչնչացման գնով հասնել իր հետապնդած նպատակներին և եթե, իբրև հետևանք, քեմալիստների և կոմունիստների համաձայնության, բոլշևիկ խռովարարարները պիտի շարունակեն իրենց հարձակումները Հայաստանի սահմանների վրա, ապա ուրեմն Ռուսաստանը մեզ համար բացահայտ մի թշնամական պետություն է:

Յառաջ, ՀՅԴ, թիվ 154, ուրբաթ, 23 հուլիս, 1920 թվական