Սիրանույշը՝ Անիի Առաքելոց եկեղեցու գավթի առջև

1963

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979):

Նախորդ մասը կարդալ այստեղ

—-

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

Անիի սակավաթիվ բնակիչները խաղաղ ու համերաշխ կյանք էին վարում: Ամեն ոք լծված էր իր առօրյա աշխատանքին, սկսած մեծ գիտնականից մինչև Իգաձորի այրերի բնակիչները: Միայն փոքրահասակների մեջ մենք՝ Վոլոդյա, Վահրիճ, Արա և Արտաշես, թափառում էինք Անիի ավերակներում, ձորերում ու այրերում՝ զբաղմունք ընտրելով զանազան մանկական խաղեր: Երբեմն խաղում էինք հնարված մի խաղ, որ իբրև թե «պեղում» ենք կատարում: Վոլոդյան «պեղման» ղեկավարն էր լինում, իսկ մենք երեքս՝ բանվորները: Վոլոդյան իր հորից թույլտվություն էր խնդրում և նա նշում էր, թե Անիի որ վայրում կարող ենք զբաղվել «պեղումով»: Մենք սկսում էինք թափված քարերից մաքրել այդ վայրը և երբ գտնում էինք քանդակազարդ որևէ բեկոր կամ կարնիզի կտոր, անմիջապես ցույց էինք տալիս «փոքրիկ գիտնականին», որն իր հերթին որևէ «եզրակացություն կամ դիտողություն» անելուց հետո՝ կարգադրում էր զգուշությամբ տեղավորել մի ապահով տեղ, թղթի կտորի վրա նշելով այդ քարը: Երբեմն վրդովվում էր և նկատողություն անում անզգույշ «բանվորին»:

Հաճախ կազմակերպում էինք շրջագայություններ՝ Ծաղկոցաձոր, Հոնենցի տոհմային դամբարան-այրերը, Միջնաբերդ, Գլիձոր, Ախուրյանի ձորը, Հովվի եկեղեցին, նույնիսկ ստորերկրյա Անին (գեդան-գյալմազ), Աղվեսի ձորը, որը Անի-Խոշավանք տանող ճանապարհի վրա էր և որտեղ կանգնած էր մի փոքրիկ խաչքար:

Միշտ չէ, որ Վոլոդյան մեզ ընկերանում էր, սակայն մենք երեքս միշտ անբաժան էինք:

Կային վայրեր, որտեղ լինում էինք երբեմն և ոմանց տեղանունները մենք էինք հնարել: Օրինակի համար. Ծաղկոցաձորում գտնվում է մի փոքրիկ քարայր, որտեղից դանդաղ դուրս էր հոսում հանքային ջուր: Քարայրի պատերից կաթիլ-կաթիլ հոսող ջուրը լցրել էր քարայրի ամբողջ հատակը, արևի շողերը բազմերանգ ցոլքերով խաղում էին հայելու փայլ ստացած ջրի հարթ մակերեսի վրա: Նմանապես քարայրի հատակից փոքրիկ պղպջակներով ցայտում էր հանքային ջուրը և լցվում հավաքված ջրի մեջ: Այդ բնական քարայրի առաստաղը բավական ցածր է: Նա կազմված է լերկ քարից և բնավ նման չէ Անիի ձորում պեմզայի զանգվածների մեջ փորված հարյուրավոր արհեստական այրերին: Այդ քարայրը իմ անունով անվանեցինք՝ «Արտաշեսի մաղարա»:

«Արտաշեսի մաղարայից» դեպի Ախուրյան, Ծաղկոցաձորը գնալով սեղմվում է և վերածվում մի փոքր կիրճի ու ապա Աղջկաբերդի մոտ լայնանում է և ընդհատվում Ախուրյանի ձորում: Այդ փոքրիկ կիրճի ապառաժոտ ստորոտում Անի վտակի ջրերը հանդիպում են խոշոր ժայռերի բեկորների, որոնք կտրում են վտակի նորմալ ընթացքը, ջուրը լճանում է և լողանալու համար հարմարություն ստեղծում: Հաճախ գնում էինք այնտեղ լողանալու: Արան իր համար ընտրել էր մի լերկ ժայռի խոշոր բեկոր, որը ահռելի ապառաժներից պոկվելով՝ գահավիժել ու նստել էր վտակի եզրին, գագաթին ունենալով տափարակ տարածություն և այնտեղից դեպի վտակն իջնելու հարմարություն: Արան ոչ ոքի չէր զիջում այդ տեղը: Այդ ժայռի բեկորը անվանեցինք «Արայի քար»:

Ծաղկոցաձորում, Անի վտակի աջ ափին, մի սառնորակ աղբյուր կա, նրա անունը դրինք «Հայր սուրբի աղբյուր», որը վերանորոգել ու կարգի էր գցել Հայր Միքայելը:

Ապուղամրենց եկեղեցու մոտակայքում, որտեղ Ծաղկոցաձորի ձախ լանջը համարյա ուղղահայաց է և այդ լանջով բարձրանալը անհնար է, ձորի ստորոտից մոտ 50-60 մետր բարձրության վրա իր լայն բերանով դեպի արևմուտք է նայում պեմզայի զանգվածի մեջ փորված մի քարայր՝ անմատչելի ու խորհրդավոր: Սակայն որտեղի՞ց էր այդ խորհրդավոր այրի մուտքը՝ մեզ անհայտ էր:

Ծաղկոցաձորի ստորոտում, այդ այրից ոչ հեռու, սկսվեց մեր հետախուզությունը և այրից մի հարյուր մետր հեռու մեր աչքի առջև երևաց մի լայն բացվածք, որը գնալով դեպի վեր խորանում էր և քանի առաջ էինք շարժվում, այնքան հետզհետե կորչում էինք խավարի մեջ: Չնայած այդ խավար և խորհրդավոր անցքը սարսափեցնում էր մեզ, բայց իրար սիրտ տալով, որոշեցինք շարունակել մեր ճանապարհը: Օդի թեթև հոսանքը, որ անցնում էր թունելի միջով, մեզ հուսադրում էր, որ ճանապարհը պետք է մեզ դուրս բերի լույս աշխարհ: Խավար ճամփան, պտույտ գործելով՝ գնում էր միշտ վեր, և մենք անընդհատ առաջ էինք շարժվում: Անցքը սկսեց աստիճանաբար լուսավորվել, և կարճ ժամանակից հետո մենք մեզ գտանք մի լայն այրի մեջ, որի բերանը նայում էր դեպի Ծաղկոցաձոր: Դա մեր տեսած անմատչելի այրն էր, որն անվանեցինք «Վահրիճի տուն»:

ՍԻՐԱՆՈՒՅՇԸ

1904 թվականին Անիին այցի եկավ հայ բեմի ոգին՝ տիկին Սիրանույշը:

Նա եկավ զվարթ և վերադարձավ դառնացած: Թե ինչո՞ւ էր դառնացած, չգիտեի, ես այն ժամանակ յոթ տարեկան էի միայն:

Իմ մանկական հոգու վրա նա թողոց մի անջնջելի հետք. ես լսեցի նրա սրտաճմլիկ ձայնը, որը հորդում էր նրա զգայուն սրտի խորքից. նա խոսում էր մորս հետ և տեսա մի զույգ արտասուքի դառը կաթիլ՝ քամված նրա բոցաշունչ աչքերից:

Տարիներ հետո, երբ ես հաճախ նայում էի Սիրանույշի նկարին, մտախոհ ու թախծոտ նստած, որպես սգակիր մի մայր, Անիի Առաքելոց եկեղեցու գավթի առջև (լուսանակարված 1904 թ.), իմ առջև, ինչպես մի տապանագիր, միշտ արձանանում էին մեծ գիտնականի հետևյալ տողերը:

«Արձանագրության վիճակը ցույց է տալիս ոչ միայն այն, թե ինչպես շենքի փլուզման հետևանքով փշրված ու այլանդակված են արձանագրությունները՝ …մշակութային կյանքի թանկարժեք փաստերը, նմանապես և այն, թե ինչպես կործանիչ ուժերի շնորհիվ փշրված ու այլանդակված է Հին Հայաստանի պատմական իրականությունը»:

…Նա հրաժեշտ տվեց սգավոր քաղաքին տխուր ու վշտակիր…