Վրացիները Հայաստանում ուսումնասիրելու են վրացական մշակութային ժառանգությունը

1718

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության հարցերի նախարար Միխայիլ Գիորգաձեն կայցելի Հայաստան․ սեպտեմբերի 20-22-ը կայանալիք այցը տեղի կունենա հարևան երկրների տարածքներում վրացական մշակութային ժառանգության հուշարձանների ուսումնասիրության, գնահատման և վերանորոգման նախագծերի աշխատանքների շրջանակում։

Ըստ վրաստանյան «Գրուզիա օնլայն» կայքի՝ նախարարին ուղեկցում է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության տնօրենը։ Նշվում է, որ աշխատանքայն այցի շրջանակում Միխայիլ Գիորգաձեն  կուսումնասիրի «Հայաստանի տարածքում առկա՝ վրացական մշակութային ժառանգության օբյեկտները, մասնավորապես, Ախթալան և Օձունը»։

Նախատեսված է Գիորգաձեի հանդիպումը հայաստանցի պաշտոնակից Արմեն Ամիրյանի հետ։ Հաղորդվում է նաև, որ քանի որ վերոհիշյալ այցը համընկնում է ՀՀ Անկախության օրվա հետ, վրաստանյան պատվիրակության անդամները կայցելեն տարբեր մշակութային-կրթական միջոցառումներ։

Հայ-վրացական վիճելի համարվող եկեղեցիների հարցը վերջերս ՍիվիլՆեթի տաղավարում քննարկել են Թաթուլ Հակոբյանն ու Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու տեղեկատվական հարթակի հիմնադիր և ղեկավար Արսեն Խառատյանը։

Վիճելի եկեղեցիներ, վիճելի Սահմանադրություն․ զրույց Արսեն Խառատյանի հետ

Թեմայի շուրջ ավելին՝ Թաթուլ Հակոբյանի սյունակում.

Վիճելի եկեղեցիներ. Խուճապ, Հնեվանք, Քոբայր, Ախթալա, Կիրանց

Լուսանկարում՝ Հնեվանքը Լոռու մարզում