Մովսես Գորգիսյանը՝ եռագույնով Ազատության հրապարակում. մայիս 28, 1988

1212

1988թ. մայիսին «Ղարաբաղ» կոմիտեի ամենաերիտասարդ անդամ և Երևանի ապագա քաղաքապետ Համբարձում Գալստյանը սփյուռքահայ պատմաբան Ժիրայր Լիպարիտյանին հավաստիացնում էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերջնակետում երկիրը հասնելու է անկախության:

Լիպարիտյանն իր «Պետականության մարտահրավերը» հատորում գրում է. «Նա կոմիտեի առաջին անդամն էր, որին ես համեմատաբար մոտիկից ճանաչեցի 1988թ. մայիսին Երևան կատարած իմ ուղևորության ընթացքում: Կոմերիտական կազմակերպության մեջ ակտիվ երիտասարդ ազգագրագետ Գալստյանը փորձում էր համոզել ինձ՝ սփյուռքյան պատմաբանիս ու դեռևս ՀՅԴ անդամիս, որ անկախությունն այն հանգրավանն է, դեպի ուր շարժվում է Հայաստանը, և դա լավ բան է, ճիշտ այն, ինչի մասին ՀՅԴ անդամը պետք է կամ ենթադրվում է, որ պետք է մտածած լինի: Սակայն այդ ՀՅԴ-ականը թերահավատ էր»:

Անկախության գաղափարը Հայաստանում առաջինը տարածողը, սակայն, «Ղարաբաղ» կոմիտեն չէր և ոչ էլ նրա անդամներից որևէ մեկը: «Ղարաբաղ» կոմիտեն էր, անշուշտ, որ ղեկավարում էր Համազգային շարժումը, սակայն մինչև 1988-ի օգոստոս (երբ Ազատության հրապարակի հանրահավաքներից մեկի ընթացքում հրապարակվեց Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) ծրագիրը, որի հիմնական հեղինակը Վազգեն Մանուկյանն էր) կոմիտեի համար, գոնե հրապարակավ, չկար ԽՍՀՄ-ից Հայաստանի անջատման հարց, ցանկություն կամ պահանջ: Արցախը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորումն էր շարունակում մնալ օրակարգի գլխավոր պահանջը:

«Ղարաբաղ» կոմիտեի հինգհոգանոց գաղտնի խմբի (այս խումբը, ի տարբերություն կոմիտեի մյուս 11 անդամների, որոնք գործում էին հրապարակավ, հասարակությունից գաղտնի էր պահվում, որպեսզի եթե 11-ը ձերբակալվեն, նրա՛նք ղեկավարեն Շարժումը. այդպես էլ եղավ) անդամներից Ավետիք Իշխանյանը մի հարցազրույցում ասել է, որ «կոմիտեն իր մեծամասնությամբ դեմ էր» 1988թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախության օրը նշելուն. «Երբ Մովսես Գորգիսյանն իր համախոհներով կազմակերպեց անկախության նշումն Ազատության հրապարակում, և բարձրացվեց եռագույն դրոշը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից երևի միայն ես էի այնտեղ ներկա»:

Այդ հանրահավաքի սիրողական տեսագրությունը պահպանվել է: 1988-ի մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, առաջին անգամ Խորհրդային Հայաստանում նշվեց Օպերայի հրապարակի բազմամարդ հանրահավաքով: Տեսագրության մեջ երևում է՝ մարդկանց ձեռքներին ձերբակալված և Հայաստանի ՊԱԿ-ի մեկուսարանում պահվող Պարույր Հայրիկյանի նկարն է: Մարդիկ պարզել են նաև եռագույն դրոշակ, պարզել են Անդրանիկի, Նժդեհի, ֆիդայիների նկարները: Նկատելի է, որ հանրահավաքը կազմակերպել է Ազգային ինքնորոշում միավորումը՝ Մովսես Գորգիսյանը, Մեխակ Գաբրիելյանը:

Մովսես Գորգիսյանը բարձրախոսով կոչ է անում՝ ժողովո՛ւրդ, չվախենա՛ք բարձրացնել հանրապետության եռագույն դրոշը: Նա ասում է, որ եռագույնը ոչ թե Դաշնակցության, այլ Հանրապետության դրոշն է. «Հայ ազգը այսօր Սովետական Միության կազմի մեջ տոնում է մեր պետականության օրը, դա մեզանից խլել անհնար է: Ուղերձ ենք պատրաստել. դիմում ենք Հայաստանի և ՍՍՀՄ կառավարությանը և խնդրում ենք մի բան` 1918 թվականի մայիսի 28-ը հռչակվել հայկական հանրապետության օր»:

Գորգիսյանը նաև քննադատում է իշխանություններին, որոնք հերյուրանքեր են տարածում ձերբակալված Հայրիկյանի հասցեին. «Մեր հարգարժան Դեմիրճյանը հայտարարեց, որ նրան գնդակահարելն էլ քիչ է: Ինչի՞ համար, ո՞ր մեղքի համար»: (Այս հանրահավաքից ուղիղ մեկ շաբաթ առաջ Կարեն Դեմիրճյանին առաջին քարտուղարի պաշտոնում փոխարինել էր Սուրեն Հարությունյանը- Թ. Հ.):

Ապա ելույթ է ունենում պատմաբան, լեզվաբան Ռաֆայել Իշխանյանը. «Ոմանք ասում են՝ դաշնակցական Հայաստան: Դա կոպիտ սխալ է: Այդպիսի բան չկա: Երբ լեյբորիստները հաղթում են Մեծ Բրիտանիայում, ոչ ոք չի ասում լեյբորիստական Մեծ Բրիտանիա»: Իշխանյանի ելույթը 1918-ի Հայաստանի պատմության մասին դասախոսություն է հիշեցնում: Նա պատմում է, որ 1918-ին հայերն առանց կռվի նահանջեցին Էրզրումից, Կարսից, Ալեքսանդրապոլից և հասան մինչև Ղարաքիլիսա, որտեղ մեր զորքերը պարտվեցին. «Եվ ահա հակառակորդը եկավ-հասավ Երևանին: Հայկական զորքերի գերագույն հրամանատարությունը Նազարբեկովի ղեկավարությամբ որոշել էր Երևանը հանձնել հակառակորդին և պաշտպանությունը կազմակերպել Սևանա լճի մոտ: Այդ որոշմանը համաձայնություն էր տվել Թիֆլիսի Ազգային խորհուրդը: Այդ ժամանակ Երևանում կար մի մարդ, որն ասաց՝ ո՛չ, եթե մենք հանձնենք Երևանը, ապա մենք հանձնում ենք Հայաստանը: Եթե հանձնում ենք Երևանը, դա նշանակում է վերջակետ հայ ժողովրդին: Այդ մարդը Արամ Մանուկյանն էր: Ես ցավոք նրա նկարը այստեղ չեմ տեսնում»:

«Հայաստանը անկախության ճանապարհին»՝ հետևե՛ք հրապարակումների իմ այս շարքին:

Թաթուլ Հակոբյան

Այս հրապարակումը նախապես տեղադրվել է ՍիվիլՆեթի կայքում՝ http://civilnet.am/2015/09/16/voices-tatul-hakobyan-movses-gorgisyan/#.VflJTdKqqko

Շարքի նախորդ հրապարակումը՝ «Ձեռնաշղթաներով Պարույր Հայրիկյանը», կարդալ՝ http://www.aniarc.am/2015/09/11/paruyr-hayrikyan-1987-1988-adis-abeba/