Ինչու էի խոսում ադրբեջանցիների հետ և ինչու չեմ խոսում 2020-ի աղետից հետո

3712

Մանկությունս անցել է մի գյուղում, որից քիչ այն կողմ Ադրբեջանի շրջանի Քեմեռլի բնակավայրն է: Տնից դպրոց ճանապարհին՝ առավոտյան կամ կեսօրին, մարտից մինչև նոյեմբեր, միշտ հանդիպում էի ադրբեջանցիների, որոնք իրենց էշերին բանջարեղան ու մրգեր բարձած գալիս ու մեր գյուղով հասնում էին Նոյեմբերյանի շուկա, այնտեղ հայերի վրա վաճառում իրենց քրտինքով աճեցրած բարիքը, վերադարձին կանգնում մեր գյուղի խանութի մոտ, էշերը կապում այգու ցանկապատին, խանութից խուրջիններով շաքար առնում և շարունակում ճանապարհը դեպի տուն: Իմ ծնողների, մեր գյուղացիների նման պարզ, աշխատավոր մարդիկ էին:

Գնալ-գալ էլ կար: Ընտանիքներով ընկերություն էին անում, որ մեր կողմերում դոստ էին ասում: Միմյանց հարսանիքներին ներկա լինում: Կռիվներ ու բախումներ էլ են եղել խորհրդային տարիներին:

Ծառայության եմ մեկնել խորհրդային բանակ՝ Բաքու, ևս մի շփում ադրբեջանցիների հետ: Ծառայության մեկուկես տարիներին (վերջին 6 ամիսը տեղափոխեցին Ստավրոպոլ, Ռուսաստան, քանի որ չափազանց վտանգավոր էր ծառայել այնտեղ, անգամ խորհրդային զորքերի մեջ) եղել եմ Ադրբեջանի բազմաթիվ վայրերում՝ Կիրովաբադ, Մինգեչուր, Իմիշլի, Քյուրդամիր…

Հետո սկսվեց պատերազմը, որ Արցախից բացի, արյունալի ընթացք ստացավ նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով և հատկապես Տավուշի Ոսկեպար-Բերդավան սահմանի երկայնքով: Իմ հարազատներից երկուսը ևս զոհվել են այդ պատերազմում, այդ պատերազմում զոհվել են իմ համադասարանցիներ Մարտիկն ու Վահանը, մեկը՝ 21, մյուսը՝ 22 տարեկան:

1998 թվականին՝ պատերազմից 4 տարի անց, առաջին անգամ հանդիպեցի ադրբեջանցի 3 լրագրողների Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացվող ծրագրի շրջանակներում: Առաջին իսկ հանդիպումից հասկացա, որ ադրբեջանցիների համար բարդ էր շփվել հայերի հետ, քանի որ նրանք ունեին պարտված կողմի սինդրոմ: Այն ժամանակ դժվար էր հասկանալ նրանց, այսօր՝ մեր աղետից ու նվաստացումից հետո, հասկանալի է ամեն ինչ:

Այդ և դրան հաջորդած տասնյակ հանդիպումների ընթացքում ինձ համար սահմանել եմ անձնական վարքակոնոն՝ չանել որևէ բան, չասել որևէ բան, որ կարող էր վիրավորական լինել ադրբեջանցի լրագրողների, փորձագետների, ՀԿ-ների ներկայացուցիչների համար: Անշուշտ, եղել են բուռն վեճեր, մեղադրանքներ, բայց միշտ պահպանել եմ վարքականոնը:

2001-ին հայ լրագրողների խմբի հետ այցելել եմ Բաքու, այնտեղից՝ Ստամբուլ և Անկարա:

Մեկ տարի՝ 2002-2003-ին, սովորել եմ Վրաստանի լրագրության ամերիկյան դպրոցում: Իմ կուրսում միակ հայն էի, ինձ հետ սովորում էին 5 ադրբեջանցիներ, մյուս 20-ը՝ վրացիներ: Պահում էինք պարզ, մարդկային շփումներ:

Ադրբեջանցի լրագրողների, փորձագետների, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպել եմ աշխարհի բազմաթիվ քաղաքներում՝ Լոնդոն, Բրյուսել, Թբիլիսի, Բաքու, Երևան, Փարիզ, Վիեննա…

Երբեք չեմ թիրախավորել մարդուն ադրբեջանցի լինելու համար: Որևէ ազգի չեմ թիրախավորել:

2014 թվականին ֆիլմ նկարեցի մեր դպրոցի շրջանավարտներից Շահեն Մուստաֆաևի մասին, ով այսօր Ադրբեջանի փոխվարչապետն է: Դրանով փորձում էին մի կաթիլ բարություն ավելացնել հայ-ադրբեջանական ատելության ծովի մեջ: Առաջին անգամ հայտնվեցի համատարած ատելության ու սպառնալիքների թիրախում:

Ինձ դուր չէին գալիս հայկական լրատվամիջոցներում հայտնվող նշանավոր մուլտերը, ադրբեջանցիներին ծաղրող ու ծանակող հրապարակումները: Չէր կարելի ու չի կարելի ծաղրել մի ամբողջ ժողովրդի, անգամ եթե դու հաղթել ես պատերազմում: Չի կարելի ծաղրել ամբողջ ժողովրդին՝ լինի հայ, վրացի, ադրբեջանցի կամ այլ ժողովուրդ: Մի անգամ Սերժ Սարգսյանը, դեռ պաշտպանության նախարար, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ անթույլատրելի է ադրբեջանցիներին դնել հիմարի տեղ:

2013-2016 թվականներին ես այն խմբում էի, որը ադրբեջանցի լրագրողների, ռեժիսորների հետ նկարահանեց ղարաբաղյան պատերազմի մասին պատմող, երեք մասերից բաղկացած փաստագրական ֆիլմ:

Ադրբեջանցիների հետ իմ վերջին շփումը եղել է 2020թ ամռանը, այն էլ՝ առցանց: Տավուշյան արկածախնդրությունից հետո, երբ աշխարհի տարբեր քաղաքներում տեղի էին ունենում հայ-ադրբեջանական տհաճ դեպքեր, նամակով կապվեցի ադրբեջանցին լրագրող Շահին Ռզաևի հետ և առաջարկեցի համատեղ տեքստ հրապարակել: Շահինը համաձայնվեց: Տեքստը ես գրեցի, ուղարկեցի նրան, կարդաց, տառ անգամ չփոխեց, և մենք միասին այն հրապարակեցինք:

2020-ի աղետից հետո ինձ բազմաթիվ կազմակերպություններ դիմել են, առաջարկելով հանդիպել ադրբեջանցիների հետ: Բոլորին մերժել եմ, ասելով, որ չեմ ուզում հանդիպել հանդիպելու համար: Մի քանի օր առաջ նման մի առաջակ ստացա, համաձայնվեցի առաջին անգամ 2020-ից հետո, բայց մի քանի օր անց չեղյալ համարեցի այն բանից հետո, երբ Ադրբեջանը Ռուսաստանի թույլտվությամբ Արցախից առևանգեց մեկ տասնյակ հայ ղեկավարների:

Գնամ հասնեմ Եվրոպա՝ ի՞նչ խոսեմ, երբ Ադրբեջանը փակում է խոսելու բոլոր ճանապարհները:

Որպես հայ մարդ, ես ամաչում եմ հանդիպել ադրբեջանցիների հետ, թեև վստահ եմ, որ նրանք ինձ հետ կվարվեն այնպես, ինչպես ես եմ վարվել մեր նախկին՝ մինչև 2020-ի հանդիպումներում, երբ մենք հաղթած էինք, նրանք՝ պարտված:

Անթույլատրելի սխալները, որ մենք ժամանակին թույլ ենք տվել ադրբեջանցիների նկատմամբ, հայելային կերպով անում են ադրբեջանցիները մեր նկատմամբ: Այդ արշավը գլխավորում է Իլհամ Ալիևը՝ վրեժ լուծելով հայ ղեկավարներից ու ծաղրելով նրանց ու մեզ բոլորիս: Ես չէ, որ պիտի խորհուրդ տամ Ալիևին՝ վերջ տալու նույն անթույլատրելի կեցվածքը, որ ժամանակին թույլ են տվել հայ ղեկավարները: Դա պետք է անեն ադրբեջանցի լրագրողները, հասարակական գործիչները:

Այնուամենայնիվ, պետք է խոսել ադրբեջանցու հետ: Դա շատ ծանր, տանջալի, նվաստացուցիչ խոսակցություն է լինելու, բայց այլընտրանք չկա: Չխոսելու, չբանակցելու այլընտրանքը նոր պատերազմն է: Հասկանալի է նաև, որ Ալիևը խոսելու որևէ տեղ չի թողնում: Ադրբեջանը և նրա նախագահը Հայաստանին և հայ ժողովրդին մղում են անկյուն, որը այլ տարբերակ չի թողնում, քան վրեժխնդրությունն է: Հայերենում դա կոչվում է մաքսիմալիզմ ու ոչմիթիզականություն:

Մաքսիմալիզմ ու ոչմիթիզականություն, որ Հայաստանի գլխին եկած աղետների հիմնական պատճառն էր ինչպես 1920-ին, այնպես էլ՝ 2020-ին ու այսօր:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն, 11 հոկտեմբեր, 2023թ