Հայաստանը պարպվում է, Սփյուռքը՝ մաշվում. Արամ Ա

2812

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այսօր ելույթ է ունեցել Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին։ Նա կոչ է անում Հայաստանին չվերաբերվել որպես զբոսավայրի կամ բիզնես շուկայի, այլ միավորվել ու միասին հզորացնել Հայաստանը։ Արամ Ա-ի պնդմամբ՝ Սփյուռքը «պատահական ներդրումներից զատ կոչված է լայնածավալ ու երկարաժամկետ ծրագրերով մասնակցել Հայաստանի տնտեսության աճին»։ Ելույթը կրճատումներով՝ ստորև։

«Լինենք իրապաշտ ու անկեղծ՝ Հայաստանը պարպվում է, Սփյուռքը՝ մաշվում։ Վտանգավոր այս իրականությունում պատահական նախաձեռնությունները չեն կարող լուծել մեր ճգնաժամերը և դարմանել մեր վերքերը։

Անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումներից ու զբոսաշրջային այցելություններից և դարձնել ազգային քաղաքականության հիմքերից մեկը։

Շրջափակման ենթարկված Հայաստանը պատերազմի կայուն վտանգի առաջ է։ Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է, և սա առաջին հերթին պահանջում է հայրենի ժողովրդի ամուր կապվածությունը իր հողին՝ Հայաստանին։

Հայերնիքը հող ու ժողովուրդ է՝ պետություն ու տնտեսություն լինելուց առաջ։

Հավատարմությունը հայրենիքի նկատմամբ վեր է ամեն տեսակ նկատառումներից, տնտեսական ներդրումներից կամ հարցերից։

Անհրաժեշտ է և անհետաձգելի արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի թվային աճը ապահովելու կոնկրետ միջոցների ծրագրված իրականացում։

Եթե ժողովրդի կենսամակարդակը չդառնա գոհացուցիչ, արտագաղթը նույն թափով կշարունակվի և աղքատությունը կդառնա ամեն տեսակ բարոյական և սոցիալական չարիքների աղբյուր։

Հայաստանն ու Սփյուռքը սոսկ գործընկերներ չեն բառի սովորական իմաստով։ Սփյուռքն ու Հայաստանը նույն ազգի զավակներն են։

Հայաստանը զբոսավայր չէ, Հայաստանը բիզնեսի շուկա չէ, Հայաստանը անցագիր չէ։ Վայ մեզ, երբ միայն այսպես մոտենանք Հայաստանին։ Այն աշխարհում իրեն հայ համարող հայի տունն է՝ անցյալի, ներկայի ու ապագայի տունը։ Մեր հավաքական տան նկատմամբ ասելիք ու անելիք պիտի ունենանք։ Պիտի հզորացնենք ու ծաղկեցնենք Հայաստանը մեր բոլոր հնարավորություններով։ Սա յուրաքանչյուր հայի սրբազան ուխտը պետք է դառնա։

Մի կողմից բարեգործությամբ, մյուս կողմից՝ «եկե՛ք, բիզնես արե՛ք» ասելով, որքան էլ գնահատելի լինեն նման նախաձեռնությունները, չենք կարող հզոր Հայաստան կերտել։

Սփյուռքը պատահական ներդրումներից զատ կոչված է լայնածավալ ու երկարաժամկետ ծրագրերով մասնակցել Հայաստանի տնտեսության աճին։

Արցախը, բնականաբաև նաև Հայաստանը, գտնվում են ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում։ Անորոշ այս դրության երկարաձգումը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Թերևս դա են ուզում թե մեր բարեկամները, թե ոչ բարեկամները՝ ելնելով տարածաշրջանի իրենց աշխարհաքաղաքական շահերից։ Մեր դարավոր պատմությունը վկայում է, որ ազգի ու հայրենիքի փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է։

Յուրաքանչյուր հայ հայոց բանակի մի զինվոր է, որը նյութապես աջակցում է բանակի ուժեղացմանը և անհրաժեշտ պահի իր արյունն է թափում հանուն հայրենիքի պաշտպանության։

Այսօրը ծրագրել նշանակում է վաղը երաշխավորել։ Այլապես միայն կարգախոսներ հնչեցնելով՝ կմնանք փակ օղակների մեջ։ Եկեք չվստահենք աշխարհաքաղաքական շահերով պայմանավորոված ուրիշների բարեկամությանը։ Վստահենք մեր սեփական ուժին ու միասնականությանը, մեր հավատքին ու վճռականությանը։ Շիրազի խոսքերով՝ «Բավ է հայեր ցրված մնանք մատների պես, բռունցքվել է մեր հաղթանակը»։ Սա՛ է դարերից եկող ու դեպի դարեր գնացող պատգամը հայոց պատմության»։