Բոլշևիզմը հայկական ռեժիմ չէ և Հայաստանում չէ, որ պիտի տապալվի

1276

Հատված Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923թ. խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրից

Թերևս կարելի լինի համաձայնությա՞ն գալ բոլշևիկների հետ:

Տարօրինակ է թվում, բայց փաստ է որ այդ միտքը կամ այդ միամտությունը ունեցել ենք անցյալում ու փորձ ենք արել կուսակցորեն  դաշնակցել բոլշևիկների հետ: Տարօրինակ է թվում, որովհետև դա ասել է պարզապես չհասկանալ բոլշևիզմի էությունը: Բոլշևիզմը միահեշան է, ինքնակալ: Ով իր մեջ չէ (կամ Քաղաքականորեն բացարձակապես չեզոք չէ), իր դեմ է արդեն: Ապա մի մոռացեք, որ բոլշևիկների աչքում մենք մանր քաղքենիական կուսակցություն ենք (մի բան, որ, իմ կարծիքով ոչ արատ է ոչ էլ հեռու ճշմարտությունից, եթե հաշվի առնելու լինենք ոչ թե մեր ծրագիրն ու անհատ ղեկավարների աշխարհայեցողությունը, այլ կուսակցության իրական կազմն ու նրա հավաքական մտայնությունը) և եթե բոլշևիկների համար անհանդուրժելի են մարքսիստ-մենշևիկները ու սոցիալիստ-հեղափոխականները, բնական է, որ է՛լ ավելի անհանդուրժելի լինի Դաշնակցությունը:

Հանուն ինչի՞ ու ի՞նչ նպատակներով պիտի դաշնակցել բոլշևիկները:

Մենք սիրում ենք հավատացնել և՛ մեզ, և՛ ուրիշներին թե ասանց մեր գործակցության բոլշևիկները չպիտի կարողանան կառավարել Հայաստանը:  Ինչի՞ վրա ենք հիմնավորում այս սպառնալիքը և ինչու՞ բոլշևիկները պիտի հավատան, թե իրոք մենք այդքան պետք ենք իրենց: Ահա երկու տարի է, որ մենք աքսորված ենք Հայաստանից կամ խեղդված Հայաստանում: Ի՞նչ դժվարությունների են հանդիպել բոլշևիկները, ոչ գոյություն չէին ունենա կամ վերացված կլինեին եթե մենք իրենց հետ լինեինք: Ինձ հայտնի չեն այդ կարգի դժվարություններ: Տրամադիր եմ կարծելու թե չեմ ել եղել:

Կասկած չկա, որ իբրև սոսկ քաղաքացիներ, մեն քներկայացնում ենք որոշ արժեք: Բայց ո՞ր քաղաքական կուսակցությունը կամ ո՞ր կառավարությունը շեղվել է իր քաղաքական գծից ու դաշնակցել հակառակորդի հետ՝ մի քանի հարյուր քաղաքացիներ շահելու համար…

Համենայնդեպս, իրավացի թե անիրավ, խելքի շատությունից, թե խելքի պակասություից, փաստն այն է, որ բոլշևիկները չեն ուզում ճանաչել մեր կարևորությունը, չեն որոնում ու չեն ընդունում մեր գործակցությունը:

Փորձեր արել ենք արդեն ու մերժում ստացել: Նորից փորձել՝ ոչ միայն պարապ ու ապարդյուն, այլև անվայել բան կլիներ: Պարապ ու ապարդյուն, որովհետև եթե մեկ կամ երկու տարիա առաջ պետք չենք եղել բոլշևիկներին, այսօր է՛լ ավելի պետք չենք, որովհետև կա արժանապատվության մ ի սահման, որից չի կարող անցնել կուսակցությունը և մուրացիկի դեր ստանձնել:

Մնում է անօրինական, գաղտնի, դավադրական կամ, ավելի լայն չափերով, հեղափոխական աշխատանք:

Չէ՞ ոչ մենք հալածված էինք նաև ցարական ու սուլթանական կառավարություններից: Այժմ չե՞նք կարող անել Խորհրդային Հայաստանում նույնը, ինչ անում էինք տարիներ շարունակ Թուքահայաստանում:

Կարող ենք, իհարկե:

Կարող ենք մի բուն դնել պարսկական Ղարադաղում (ինչպես մի ժամանակ բուն էինք դրել Սալմաստում) ու այստեղից զենք ու մարդ անցկացնել Արաքսի մյուս ափը: Կարող ենք գաղտնի կապեր հաստատել ու զինված խմբեր պահել Սյունիքի կամ Դարալագյազի լեռներում, ինչպես պահում եինք Սասունի լեռներում կամ Շատախի ձորերում: Կարող ենք դժվարամատչելի վայրերում ապստամբության հանել մի քանի գյուղ, դուրս քշել կամ կոտորել այնտեղի կոմունիստների: Ապա կարող ենք աղմկալի ցույցեր անել Երևանում իսկ, օրինակ՝ գրավել մի քնի ժամով որևէ պետական հիմնարկություն, ինչպես մի ժամանակ գրավեցինք Օսմանյան բանկը: Կարող ենք պայթեցնել այս կամ այն շենքը: Կարող ենք կազմակերպել ու կատարել անհատական սպանություններ, կոտորել մի քանի բոլշևիկների, ինչպես կոտորել ենք սուլթանական ու ցարական պաշտոնյաներին: Կարող ենք ռումբ պայթեցնել Մյասնիկյանի կամ Լուկաշինի, կամ՝ չգիտոմ ում ոտքերի տակ ինչպես Երլգիղքյոշքում պայթեցրել ենք սուլթան Աբդուլ Համիդի ոտքերի տակ…

Այդ բոլորը կարող ենք անել, կարծում եմ՝ թե կարող ենք անել:

Հարց է ծագում միայն, թե ի՞նչ հույսերով կամ ի՞նչ նպատակով անենք:

Երբ ցույցեր էինք անում Թուրքիայում, կարծում էինք, թե այդպիսով մեր վար կը հրավիրենք մեծ պետությունների բարյացակամ ուշադրությունը ու կհարկադրենք միջամտելու մ եր օգտին: Այժմ մենք գիտենք այդ միջամտության իսկական արժեքը, ու ինձ թվում է, թո նոր փորձեր անելու կարիք չունենք այլևս: Եթե բարեխնամ Եվրոպան չուզեց կամ չկարողացավ օգնել մեզ Թուրքիայում, դժվար չէ հասկանալ, որ է՛լ ավելի չպիտի ուզենա կամ չպիտի կարողանա օգնել Ռուսաստանում:

Ահաբեկման համակարգը իբրև անհատներին զսպելու միջոց, թերևս ուներ որոշ նշանակություն, երբ գործ ունեինք քուրդ դերեբեյիների կամ ցարական չինովնիկների հետ: Բայց պիտի ընդունենք, որ բոլշևիկները մի քիչ տարբեր խմորի մարդիկ են : Եթե փոխադարձ ահաբեկման խնդիր դրվելու լինի, բոլշևիկները մեզանից հետ չեն մնա, դեռ մի երկու քայլ էլ առաջ կերթան: Այնտեղ, ուր մենք փորձ կանենք ահաբեկել անհատներ, նրանք կահաբեկեն ամբողջ զանգվածներ:

Կարո՞ղ ենք խռովություններին այնպիսի խավալ տալ, որ վերածվեն քաղաքացիական պատերազմի:

Շատ հավանական է: Բայց, վերջ ի վերջո, սա էլ անկարելի բան չէ: Եթե լրջորեն մտադրվենք, շատ աշխատենք ու միջոցների առաջ կանգ չառնենք, թերևս կարողանանք:

Բայց ինչի՞ համար:

Կարո՞ղ ենք հուսալ, թե զենքով բոլշևիկներին դուրս կքշենք Հայաստանից, երբ նրանք կանգուն Ռուսաստանում, և երբ մենք մեր թիկունքում ունենք բոլշևիկների դաշնակից միլլիական Թուրքիան:

Չեմ կարծում, թե այսօր կգտնվի մեր մեջ մեկը, որ այդքան միամիտ մտածողություն ունենա: Քաղաքացիական կռիվը, եթե ծագի էլ, պիտի վերջանա մեր պարտությամբ: Բոլշևիզմը հայկական ռեժիմ չէ և Հայաստանում չէ, որ պիտի տապալվի (եթե միայն տապալվելու է): Հայկական բոլշևիզմը շարունակությունն է ու մի փոքրի մասը ռուսական բոլշևիզմի: Քանի դեռ Մոսկվայում ծածանվում է կարմիր դրոշը, այն ծածանվելու է անխուսափելիորեն նաև Երևանում: 1918 թվականին մենք կարոող էինք, իրավունք ունեիքն այլ կերպ մտածելու: Այսօր այդ իրավունքը չունենք:

Բայց չէ՞ որ բոլշևիզմը ունի անհաշտ հակառակորդներ նաև Ռուսաստանում ու խորհրդային ուրիշ ծայրագավառներում, հենց մեր հարևանՎրաստանում ու Ադրբեջանում: Բնական չէ՞ր լինի, որ մենք դաշնակցեինք այդ դժգոհների հետ ու սրանց հետ միասին, ընդհանուր ուժերով, փորձենք խորտակել կոմունիստների դիկտատուրան:

Շատ բնական կլիներ: Բայց հենց ա՛յդ է, որ չպիտի անենք:

Հայ ժողովուրդը շատ է տուժել, շատ հոգնած է և ուժասպառ: Իրավունք չունենք նոր փորձանքների մեջ գցելու նրան, նոր պատահարների ենթարկել, նոր զոհաբերություններ պահանջել: Եղածը բավական է, կարծեմ: Հակաբոլշևիկյան Ռուսաստանը թող առանց մեզ վարի իր պայքարը խորհուրդների դեմ: Մենք չկանք: Հայ ժողովուրդը կատարյալ իրավունք ունի մեկ րոպե շունչ քաշելու և իր վերքերը բուժելու մասին մտածելու: Իսկ եթե մեկը չուզեց ճանաչել մեր այդ իրավունքը, չհավանեց բռնած դիրքը՝ թո՛ղ չհավանի:

Մի քայլ էլ առաջ գնամ, որպեսզի միտքս լրիվ պարզած լինեմ:

Ես ինձ հարց եմ տալիս՝ եթե, ինչ որ հրաշքով, ինձանից ու միայն ինձանից կախված լիներ բոլշևիկների գոյությունը Հայաստանում, եթե բավական լիներ իմ մի մատի շարժումը, որպեսզի բոլշևիկները մի ակնթարթում անհետանային մեր երկրից, կանեի՞ արդյոք այդ շարժումը: Ու պատասխանում եմ առանց տատանվելու՝ ո՛չ, չէի անի: Ոչ միայն չէի անի, այլև ձեռս կկտրեի, որպեսզի երազում անգամ՝ պատահաբար կամ սխալմամաբ, չունեմ այդ շատ վտանգավոր շարժումը:

Բոլշևիկները քաղաքական ներկա պայմաններում պետք են Հայաստանին և չկա մի ուրիշ ուժ, որ կարողանար փոխարինել նրանց. ահա՛ ճշմարտությունը:

Մեր պետական կյանքի առաջին օրերից իսկ մենք լավ հասկանում էինք, որ Հայաստանի պես փոքրիկ, աղքատ, ավերված ու աշխարհից կտրված պետություն, չի կարող իրոք անկախ ու ինքնակալ լինել, որ հարկավոր է մի նեցուկ, մի դրսի ուժ, որի վրա նա կարողանա հենվել, գոնե իր գոյության առաջին շրջանում, մինչև կազմակերպվելն ու ուժերը հավաքելը:

Այդպիսի մի նեցուկ մենք որոնեցինք հեռավոր Ամերիկայում, ապա՝ Եվրոպայում: Արդյունքը գիտեք: Եթե երկու-երեք տարի առաջ դեռ կարող էինք որոշ հույսեր ունենալ, այսօր այդ կարգի հույսեր չկան այլևս ու համառելը հանցավոր միամտություն կլիներ մեր կողմից:

Չգիտեմ՝ ինչ անակնկալների առաջ է դնելու մեզ հեռավոր ու անհայտ ապագան: Բայց ներկան ու այսօրվանից տեսանելի ապագան պարզ է միանգամայն: Մեզ համար երկու իրական ուժ կա այսօր, որ հաշվի պիտի առնվեն՝ Ռուսաստանն ու Թուրքիան: Իրերի բերմամբ՝ մեր երկիրը այսօր ռուսական ուղեծրի մեջ է ու, խոշոր չափերով, ապահովված Թուրքիայից: Եթե վերցվի ռուսական հեգեմոնիան, նրան անխուսափելիորեն պիտի փոխարինի թուրք-թաթարական հեգեմոնիան:

Ռուսաստանը կամ Թուրքիան, բոլշևիկները կամ միլլիականները՝ ուրիշ ընտրություն չունենք անելու:

Եվ երբ կանգնած ենք այդպիսի այլընտրանքի առաջ, տատանումներ, թվում է ինձ, տեղի չպիտի ունենան: Իհարկե, Ռուսաստանը և ո՛չ Թուրքիան, իհարկե բոլշևիկները և ո՛չ միլլիականները:

Եթե ընտրությունը այդքան սահմանափակ չլիներ, մենք շատ առարկություններ կունենայինք անելու Ռուսաստանի դեմ առհասարակ և բոլշևիկյան ռեժիմի դեմ հատկապես: բայց մեր երկրի դժբախտ աշխարհագրական դիրքը կապում է մեր ձեռքերն ու ոտքերը:

Հայաստանը բոլշևիկների կարիքն ունի, որովհետև Ռուսաստանի կարիքն ունի:

Չգիտեմ՝ ի՞նչ է լինելու վաղը (կարծում եմ թե շատ ել չպիտի տարբերվի այսօրվանից), բայց այսօր Ռուսաստանի տերը բոլշևիկներն են: այսօր Ռուսաստանի բարիացակամությունն ու պաշտպանությունն ունենալու համար Հայաստանը ինքը պիտի խորհրդային լինի: Ուրիշ ելք չկա, ես գոնե չեմ տեսնում:

Եվ այս մտքով է ահա, որ ասացի վերևում, թե մենք լոզունգներ չունենք հայաստանում հակաբոլշեվիկյան գաղտնի քարոզչություն անելու համար:

Նույն հարցը, մի քիչ տարբեր ձևով դնեմ անցյալի վերաբերյալ:

Բոլշևիկների Հայաստան գալը արդյոք դժբախտու՞թյուն էր մեր երկրի համար:

Հարցը կարող է թվալ շատ անսպասելի դաշնակցականի բերանում: Մենք վաղուց արդեն տվել ենք մեր պատասխանը և բոլշևիկների օգտին չի եղել այն: Բայց մեկ անգամ էլ մտածենք ու աշխատենք չտարվել կուսակցական նեղսրտությամբ:

Կրկնել չեմ ուզում, թե ո՛ր աստիճանի անհամապատասխան է խորհրդային ռեժիմը Հայաստանի իրական պահանջներին: Այդ խնդիրը իմ համար վեճի նյութ չէ:

Ապա գիտեմ ու շատ լավ հիշում եմ թե ինչեր արեցին բոլշևիկները Հայաստանում: Խոսքս այն երկուսուկես ամսվա մասին է (դեկտեմբեր 1920թ.-փետրվար 1921թ.), երբ ես եղել եմ Հայաստանում: Գիտեմ և հիշում եմ, թե որքան մարդիկ են տուժել և թե տուժողների առաջին շարքերում եղել ենք մենք՝ դաշնակցականներս: Հենց ե՛ս անհատապես և ձեզանից շատերը, ենթարկված ենք եղել ամենածանր հալածանքների, տուժել ենք չարաչար:

Նկատեմ անցողակի, որ պետք չէ մոռանանք այս խիստ կարևոր հանգամանքը ու զգույշ պիտի լինենք մեր եզրակացություններում: Իբրև տուժող կողմ, մենք բնականորեն տրամադրված ենք միայն վատը տեսնելու և այդ վատը չափազանցնելու…