Հայ բոլշևիկները մեր ժառանգներն են, որ շարունակում են մեր գործը

676

Հատված Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923թ. խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրից:

Հասկանաք. հայ բոլշևիկները մեր ժառանգներն են, որ շարունակելու են, ու արդեն շարունակում են, մեր գործը: Նրանք անում են և անելու են դա՝ գիտակցեն, թե չգիտակցեն ցանկանան թե չցանկանան: Ինչպես և մենք, նրանք էլ ժամանակավոր մի գործիք են Մեծ վարպետին՝ պատմության ձեռքին: Մենք մերը արինք, լրացրինք մի որոշ շրջան, շարունակությունը նրանց է պատկանում:

Երախտապարտ պիտի լինենք բոլշևիկներին՝ խորտակելով մեզ նրանք, եթե չասեմ փրկեցին, գեթ ավելի ապահով վիճակի մեջ դրին մեր կայնքի գործը: Նրանք եկան մեզ փոխարինելու ճիշտ այն օրհասական ժամին երբ մենք ինքներս այլևս չեինք կարող տանել մեր գործի ծանրությունը:

Գործը մեռած չէ:

Ճիշտ է, որ Հայաստանը անկախ պետություն չէ այսօր, այլ մի ինքնավար նահանգ ռուսական դաշնության մեջ: Բայց թերևս սա լավագույն է այսօրվա համար:

Փորձը ցույց տվեց, որ այժմ ևեթ անկախ պետություն կազմելը, մանավանդ քաղաքական այս աննպաստ պայմաններում, հայ ժողովրդի ուժերից վեր բան է: Պետք է մի միջին դրություն, քաղաքական մի նախակրթարան՝ դաստիրակվելու, պետական կյանքին վարժվելու համար, ապա՝ մեծ ցնցումներից, կտորածներից ու ավերումներից հետո պետք է հանգստություն՝ ուժեր հավագելու ու կազմակերպվելու համար: Իրերի բերումով այդ շրջանը Հայաստանը պիտի անցնի բոլշևիկյան դրոշի տակ: Թո՛ղ այդպես լինի:

Արդ, օգնել բոլշևիկներին Դաշնակցությունը չի կարող, մնում է, որ չխանգարի: Այդ կլինի նրա օգնությունը: Իսկ չխանգարելու համար ունի մեկ միջոց միայն՝ հեռանալ ասպարեզից:

Հաճախ լսում եմ, թե մեր դատը ապահովելու համար չի կարելի հենվել միայն  մի կողնորոշման վրա: Զգուշությունը պահանջում է՝ մեկի կողքին ու զուգընթաց, իբրև պահետի ուժ գոյություն ունենա նաև մեկ ուրիշը: Հայ բոլշևիկները տանում են ռուսական գիծը: Թո՛ղ տանեն, այնտեղ մենք բան չունենք անելու: Բայց պետք է նախատեսել և ուրիշ հնարավորություններ: Օրինակ, Ռուս բոլշևիկները այսօր կազմում են թուրքերի հետ մի ընդհանուր ճակատ: Բայց վաղը այդ արհեստական միավորումը կարող է քանդվել, ու մենք կարող ենք հարկադրված լինել մի ընդհանուր լեզու որոնելու՝ թուրքերի ու  նրանց հետևում կանգնած եվրոպացիների հետ խոսելու համար հարկավոր է, ուրեմն կապեր պահել վաղվա թուրքերի հետ: Եվ եթե դաշնակցությունը ուրիշ բան չունի անելու, հենց այս մեկ գործի համար պետք է պահի իր գոյությունն ու այժմյան հակաբոլշևիկյան դիրքը:

Խոսքս չերկարացնելու համար չեմ ուզում առարկել ոչ այդ հնարավորության և ոչ էլ երկրորդ կողմնորոշման կարևորության դեմ: Ասում եմ միայն ու պնդում, և սա է էկանը, որ Դաշնակցությունը չէ, որ պիտի կատարի այդ դերը: Թուրքերի հետ խոսլու համար Դաշնակցությունը ամենից ավելի անընդունելի բանախոսն է, ավելի անընդունելի, քան բոլշևիկների հետ խոսելու համար:

Եթե մի օր հարկ եղավ անուշի կապել թուրքերի հետ, հանդես պիտի գան ուրիշ մարդիկ, ուրիշ հասկացողություններով, ուրիշ հոգեբանությամբ, ու մանավանդ՝ ուրիշ անցյալով (կամ՝ առանց անցյալի). այստեղ ևս Դաշնակցությունը կարող է խանգարել միայն, բայց ոչ օգնել:

Նույն առարկությունը արվում է և մի ուրիշ ձևով:

Չ՞է որ, ասում են, բոլշևիկյան ռեժիմն ու տիրապետությունը հավիտենական չեն: Բոլշևիզմը կարող է տապալվել, ավելի կամ պակաս հեռու ապագայում, ավելի կամ պակաս անակնկալ կերպով: Պետք է ունենալ մի պահեստի ուժ, մի կազմակերպություն, որ անմիջապես փոխարինի բոլշևիկներին, իր ձեռքն առնի ղեկը, չթողնի երկիրը անիշխանական վիճակի մեջ…

Դաշնակցությունը պիտի պահի իր կազմը թեկուզ միայն այդ օրվա համար:

Դարձյալ չեմ ուզում վիճել՝ այդպիսի դրություն կարող է ստեղծվել:

Բայց ասում եմ ու պնդում. Դաշնակցությունը չէ, որ պիտի կազմի նոր իշխանությունը:

Երբ ներկա քաղաքական պայմանները փոխվեն հիմնովին կամ խոշոր չափերով, հավանական է, որ Խորհրդային իշխանությունը, իբրև անհարազատ ու անհամապատասխան հայկական իրականությանը, հարկադրված լինի տալ իր տեղը ուրիշ ուժերի, ուրիշ քաղաքական ու հասարակական խմբակցությունների: Նա ևս կատարած ու ավարտած կլինի իր դերը: Բայց դաշնակցությունը չէ, որ պիտի փոխարինի բոլշևիկներին:

Նոր դրությունը նոր պահանջներ է առաջադրում:

Քաղաքական (ու մանավանդ հեղափոխական) կուսակցությունները չեն կարող կերպարանափոխվել անվերջ, ամեն օրվա պահանջի համեմատ: Նրանք ծագում են որոշ շրջաններում՝ որոշ գործ որոշ միջոցներ կատարելու համար: Եվ դրությունը փոխվում է հիմնովին, պետք է փոխվեն և քաղաքական խմբումները: Կուսակցությունը չի կարող ազատվել իր անցյալից որքան էլ կամենա: Անցյալը միշտ անդրադառնալու է ներկայի վրա, կաշկանդելու է այն: Կան հիշողություններ, սովորություններ, կապեր, համակրություններ ու հակակրություններ որոնք, նույնիսկ ակամայից ու անգիտակցորեն ի հայտ են գալու ու մի տեսակ անախռոնիզմ մտցնելու առօրյա աշխատանքներում:

Նոր գինին չի կարելի լցնել հին տիկերի մեջ: Գիտեք, որ տիկերն էլ կպատռվեն, գինին էլ կթափվի:

Անցյալում Հ. Յ. Դաշնակցությունը պետք էր Հայաստանին ու հայ ժողովրդին: Ապագայում նա պետք չի լինելու այլևս: Ուրիշ Դաշնակցություն պիտի փոխարինի նրան, թերևս հայ պետական Դաշնակցություն:

Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս, ոչ ներկայում, ոչ ապագայում: Նա վերջ պիտի դնի իր գոյությանը: Պիտ անի այդ՝ իր սեփական անցյալը իր անունն ու պատիվը փրկելու համար:

Նայե՛նք մեր շուրջը: Մի՞թե մեն ապրում ենք այսօր, մի՞թե ունենք կուսակցական կյանք ու աշխատանք: Մի՞թե չենք տեսնում որ քայքայման գործընթացի մեջ ենք արդեն և որ քայքաման պատճառնները արտաքին ու պատահական չէ, այլ ներքին են, օրգանական…

Երիտասարդությումը, նոր սերուդը մեզ հետ չէ այլևս, ինչպես էր 20-25 տարի առաջ: Թարմ, ոգևորությոմբ ու հավատով լի ուժեր չեն գալիս շատացնելու մեր շարքերը, փոխարինելու հոգնածներին, ինքնավստահությունն ու հավատը կորցրածներին: Հակառակը, փախչում են մեզանից, լքում են կուսակցությունը կամ որ շա՛տ ավելի վատ է, մնում են միայն անվանապես, իներթ, անտարբեր աշխույժից ու ոգևորությունից զուրկ, աշխատանքի անընդունակ, մահվան ցուրտը սրտերի մեջ ու հեգնական ժպիտը շուրթերի վրա:

Մենք չենք ուզում տեսնել իրականությունը և սովորություն ենք դարձրել մի շաբլոն բացատրություն տալու երևույթին: Ասում ենք՝ վատերն են, շահախնդիրները, վարձկաններն ու վախկոտները, որ լքում են մեզ, իսկ լավերը անկեղծները անշահախնդիրները գաղափարականներն ու գիտակիցները, հոգով ու մտքով առողջները, մնում են մեզ հետ ինչպես և եղել են միշտ…մի՞թե բացատրություն է սա, մի՞թէ այս որակումը նույնը չէ, ինչև բոլշևիկների հիմար խոսքը, թե՝ բուրժուազիայի վարցկաններն են, ավազակները, թալանչինեչը ու ամեն կարգի բախտախնդիրները, որ կազմում են այսօր Դաշնակցությունը:

Սա բացատրություն չէ, միամիտ երեխաների կամ անզուսպ խուժանավարների խոսք է սա:

Մեր կուսակցությունը քայքայվում է, որովհետև կորցրել է իր raison d’être-ը: Ահա դառը ճշմարտությունը: Քաջություն պիտի ունենանք խոստովանելու այդ ճշմարտությունը և հարկավոր եզրակացություն անելու:

Իսկ միակ կարելի եզրակացությունն այն է, որ պետք է վերջ դնենք մեր կյանքին:

Գիտեմ, որ ներկա խորհրդաժողովը իրավասու չէ այդպիսի մի վճիռ հանելու, բայց նա իրավասու է հարցին ընթացք տալու և լուծման միջոցներ հոգալու:

Այս նպատակով առաջարկում եմ խորհրդաժողովին …

Ընկերական բարևներով՝

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆԻ

Բուխարեստ, մարտ 1923

Շարունակելի