Դեպի Անի

2839

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը այսօրվանից սկսում է մաս-մաս ներկայացնել Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979):

—–

Արտաշես Վրույրը իր մանկության և պատանեկության տարիներին (1901-1917թթ.) եղել է Անիում, որտեղ նրա հայրը՝ նշանավոր դերասան Արամ Վրույրը, Մառի գիտարշավի հետ տարիներ շարունակ մասնակցել է հնավանդ քաղաքի պեղումներին:

Հետագայում ինքը՝ Արտաշես Վրույրը, արդեն երիտասարդ, դառնում է էքսպեդիցիայի խանդավառ աշխատակիցներից մեկը և ակտիվ մասնակցում է Անիի և շրջապատի վանքերի ու հուշարձանների ուսումնասիրության և նկարահանման գործին:

Պատմական Անին իր հոյակապ հուշարձաններով, վանքերով ու եկեղեցիներով, բերդերով ու պարիսպներով խորը, անջնջելի տպավորություն է թողել մանուկ Արտաշեսի վրա: Եվ նա իր մանկա-պատանեկան վառ տպավորություններով ու հուշերով, չթուլացող հետաքրքրությամբ, այնպես է պատմում, որ ընթերցողի առաջ ուրվագծվում են հնադարյան քաղաքի կիսակործան շենքերը, բերդերը, պարիսպները, ընդհատակյա ուղիներն ու լաբիրինթոսները, շրջակա ձորերն ու բլուրները և Անիի ոտքերի տակ հավիտյան թավալվող Ախուրյանը:

Արտաշես Վրույրն իր հուշերում սիրով ու երախտագիտությամբ է նկարագրում գիտարշավի անձնազոհ ու նվիրական աշխատանքը Անիում, ուր Մառի գլխավորությամբ մասնակցում էին՝ Աշխարհբեկ Լոռու-Մելիք Քալանթարը, Հովսեփ Օրբելին, Թ. Թորամանյանը, Ն. Բունիաթյանը, Տարագրոսը, Ն. Տոկարսկին, Լևոն Քալանթարը, Արամ Վրույրը, Գ. Չուբինովը և ուրիշներ:

Հեղինակը թեև չի մտադրվել տալ գիտարշավի մասնակիցների բնութագիրը, բայց պեղումների, նկարահանումների, հավաքույթների և զանազան դեպքերի սեղմ և պատկերավոր նկարագրությունը հնարավորություն է տալիս ընթերցողին պատկերացնել գիտարշավի շատ մասնակիցներին:

Արտաշես Վրույրը ժլատ, բայց այնպիսի բնորոշ գծերով է բնութագրել հատկապես մի քանի շարքային աշխատողների, որոնք ընդմիշտ մնում են ընթերցողի հիշողության մեջ:

—-

Անիում եղել եմ համարյա ամեն ամառ՝ սկսած 1901 թվականից մինչև 1917-ը, մանկական հասակից մինչև պատանեկություն:

Երբ առիթ է լինում հիշել կամ խոսել Անի քաղաքի մասին, մեկիկ-մեկիկ արթնանում են հիշողությանս մեջ մանկական ու պատանեկան այն քաղցր օրերը, որոնք կապված են եղել ավերակների քաղաքի հետ, որը սնուցել է իմ մեջ ճաշակ, գեղեցիկի զգացողություն:

Անիի գիտարշավի աշխատակիցներն ու մշտաբնակները, որոնք այսպես թե այնպես կապված էին Անիի աշխատանքներին, համարվում էին անեցիներ: Ինձ ևս վիճակվեց կրել կրտսեր անեցու պատվավոր անունը: Եվ ահա կյանքի վերջին տարիներին կրտսեր անեցին գրում է իր վտիտ հուշերը ավերակների քաղաքի մասին, որը նվիրական է ամեն մի հայի համար:

Ապրեցի ավերակների քաղաքում, տեսա մեր անցյալի մեծ վարպետների ու հմուտ քարագործների կերտած հազարամյա կյանք ունեցող ծանրանիստ պարիսպներն իրենց խրոխտ բուրգերով ու հզոր դարպասներով, կիսակործան տաճարներն ու պալատները, իջևաններն ու կամուրջները և խորհրդավոր այրերը: Տեսա մեր նախնիների մամռապատ գերեզմանները, գոռ ճակատամարտերի դաշտերն ու խոր ձորերը: Անցա ստորերկրյա Անիի հավիտենական մթության մեջ խորասուզված նեղ ու լայն անցքերով, տեսա խորախորհուրդ վիշապակիր բուրգերը: Տեսա բոլորը, բոլորը, որոնք դարերի խորքից եկել, հասել են մեզ իրենց բազմալեզու և բազմագիր հիշատակներով, որոնք ինչե՜ր տեսան ու լսեցին, ինչե՜ր ապրեցին խաղաղ մթնոլորտի, փոթորիկների և բռնությունների ներքո:

Տեսա գիտուն մարդկանց, որոնք բազմահմուտ գիտնականի ղեկավարությամբ, արևի կիզիչ ճառագայթների տակ, պրպտում ու պեղում էին պատմական քաղաքի հողաթմբերն ու փլատակների շրջակայքը և դարավոր հողի շերտերի տակից դուրս հանում մեր նյութական մշակույթի մնացորդները. վերծանում հիշատակարանների արձանագրություններն ու պատմության էջերին հանձնում իրենց աշխատանքի արդյունքները: Տեսա մեծ ճարտարապետին իր խորթափանց ու զննող աչքերով. նա չափագրում, գծագրում էր իր հմուտ ձեռքերով և պրպտումների ու որոնումների աշխարհն ընկած իր սուր մտքով վերլուծումներ անում և եզրակացություններ հանում հայ ճարտարապետության հոյակապ հուշարձանների մասին: Տեսա ավերակների մեջ օրնիբուն քայլող խանդավառ արվեստագետին իր լուսանկարչական գործիքով և անխոնջ նկարչին՝ իր ներկերով ու վրձիններով: Տեսա արևակեզ դեմքերով բանվորների, որոնք բահերով ու բրիչներով զինված՝ զգուշորեն աշխատում էին պեղումների վայրերում:

Տարիների ընթացքում ապրեցի այս գեղեցիկ շրջափակում, որն իբրև մի մեծ դպրոց պատվաստեց իմ մեջ ազնիվ զգացումներ ու վսեմ գաղափարներ:

ԴԵՊԻ ԱՆԻ

Անի կարելի է գնալ հիմնականում երեք ճանապարհով, առաջին ուղղին՝ Լենինական (այսօր՝ Գյումրի- խմբ. ԱՆԻ)-Անի, Արգինայի վրայով մոտ 40-50 կիլոմետր. չնայած երկար, բայց ամենահարմար և միակ ճանապարհն է կառքերի համար:

Երկրորդ և ամենաբանուկ ուղին՝ Անի կայարան-Անի, Խարկով գյուղի վրայով, մոտ 7 կիլոմետր: Դա Անի այցելողների ամենաբանուկ ճանապարհն է: Անի կայարանից մինչև Խարկով գյուղը սայլի ճամփա կա, սակայն, այնուհետև պետք է իջնել Ախուրյանի խոր ձորը, նավակով անցնել գետի աջ ափը, և ահա այդտեղից ձորի միջով նեղ շավիղը ձգվում է մոտ երեք կիլոմետր մինչև Գլիձոր և ապա փոքրիկ զառիվերը անցնելով՝ Տիգրանի դռնով մտնում եք Անի, և ձեր առաջ՝ մի բարձունքի վրա, հանդիպում եք նրբագեղ փոքր տաճարի. դա Տիգրան Հոնենցի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է:

Երրորդ ուղին՝ Աղին կայարան-Անի, մոտ 14-15 կիլոմետր, Ղեղաճ (այսօր՝ Ջրափի- խմբ. ԱՆԻ) գյուղի վրայով:

Այդ ճամփան հարմար է սայլի համար, և մեր ընտանիքը, շատ քիչ բացառությամբ, միշտ այդ ճանապարհով էր գնում Անի: Մոտ կեսօրին հասնելով Աղին կայարանը, գիշերում էինք Աղին գյուղում, և առավոտ կանուխ սայլով ճամփա ընկնում դեպի Անի: Ղեղաճ գյուղի մոտ կտրելով Ախուրյան գետը՝ անցնում էինք աջ ափը: Ղեղաճի մոտ Ախուրյանի հունը բավականին լայն է, սայլը ազատ կարողանում է անցնել: Ապա մի փոքր հանգիստ տալով եզներին, շարունակում էինք ճանապարհը…

Անցնելով Արազ գյուղի միջով, մի փոքր հետո մեր առաջ ուրվագծվում էին Անի քաղաքի հյուսիսային տուֆակետ պարիսպներն իրենց բազմաթիվ բուրգերով: Ցնծում էր իմ հոգին. այնպես ջերմ և մեծ կարոտով նայում էր այդ հզոր ամրություններին, որոնք, քանի մոտենում էինք, այնքան խոշոր և պայծառ տեսք էին ընդունում: Չգիտեմ ինչու, ինձ թվում էր, որ երկար, շատ երկար տարիներ են անցել նախորդ բաժանման օրից և պապակ սրտով նորից տեսնում եմ հոգուս մեջ խմորված այդ նվիրական ավերակ քաղաքը, որի յուրաքանչյուր բեկորը, ասես լեզու առած, խոսում է ինձ հետ: Քաղաքը ճամփա էր տալիս մեր սայլին իր հզոր կենտրոնական դարպասից՝ Ավագ դռնից: Եվ սայլի անիվները աղմկելով, Ավագ մուտքի առաջին դարպասով մտնում էին երկշարք պարիսպների նեղ արանքը: Արձագանքում էին պարիսպներն ու բուրգերը խուլ ու խորհրդավոր ձայներով, ասես ողջունում էին մեր մուտքը Անի:

Շարունակելի