Դաշնակցության «դիկտատուրան» որևէ նմանություն չունեցավ բոլշևիկյան դիկտատուրայի հետ

486

Հատված երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից:

—-

Թողնենք առայժմ մի կողմ դիկտատուրայի խնդիրը և տեսնենք թե ինչ հանգամանքների բերմամբ Բյուրոյի անդամները կամ Բյուրոն ամբողջովին ստանձնեց կառավարական գործառույթներ, մի բան, որի դեմ IX  Ընդհանուր ժողովը, հենց նույն Բյուրոյի անդամների առաջարկով, որոշում էր հանել:

1919 թ. վերջերից սկսած մեր պետական կյանքը լուրջ փորձությունների ենթարկվեց: Երկրի մահմեդական ազգաբնակչությունը, որ ոչ մի կերպով չէր ուզում հաշտվել այն մտքի հետ, թե երեկվա ռայան՝ հայը, պիտի անկախ պետական կյանքով ապրի, լուրջ շարժումների նշաններ էր ցույց տալիս մեր պետությունը կործանելու ակներև մտադրությամբ: Մինչև այդ բացահայտ ապստամբական վիճակի մեջ էին գտնվում միայն Բոյուք Վեդին և Շարուր-Նախիջևանը, իսկ մյուս շրջանների մահմեդականությունը միայն «կրավորական դիմադրություն», այսինքն՝ Հայաստանի իշխանությունը փաստորեն չճանաչելու և նրա ներկայացուցիչներին իրենց մեջ չընդունելու ճանապարհով էին միայն արտահայտում իրենց բացասական վերաբերմունքը դեպի մեր պետությունը: Սակյան 1919թ. վերջերից սկսած Բոյուք Վեդիի և Շարուր-Նախիջևանի օրինակներով խրախուսված և թուրք-բոլշևիկյան պրոպագանդով թևավորված՝ Զանգիբասարը, Կարակոյունլուն, Զոդը և Աղբաբան ևս բացահայտ ապստամբության ուղին բռնելու ձգտումներ էին երևան բերում:

1920թ. սկզբներին սրանց վրա ավելացան բոլշևիկյան նոր ոտնձգությունները Ղազախի շրջանում և ադրբեջանյան շարժումները Ղարաբաղի և Զանգեզուրի շրջաններում:

Ի լրումն այս ամենի 1920թ. սկզբներին հայտնի դարձավ մի իրողություն, որ վճռական նշանակություն ունեցավ Բյուրոյի վարքագծի վրա այս խնդրում: Այդ ժամանակները մենք…-ից ստացանք պատճենը այն համաձայնագրի, որ կնքվել էր Սամսոնում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների և Միլլի կուսակցության Կ. Կոմիտեի միջև և որի զորությամբ Թուրքիայի վրա, իմիջիայլոց, պարտավորություն էր դրվում «արշավելու նորակազմ հայկական հանրապետության դեմ»:

Այս համաձայնագիրը, որ լռության մեջ պայթած ռումբի տպավորություն թողեց Հայաստանի ղեկավար քաղաքական շրջանակի վրա, հարկադրեց Բյուրոյին իր երեք անդամներին ուղարկել Թիֆլիս, որպիսի նրանք բոլշևիկների Անդրկովկասյան կոմիտեից տեղեկանան վերոհիշյալ համաձայնության քաղաքական աստառին և եթե հնարավոր է, նրան հակազդեն հայ-բոլշևիկների միջոցով: Մեր ընկերները իրենց ունեցած տեսակցություններից ու բանակցություններից ոչ միայն այն համոզումը բերին, որ թուրք-բոլշևիկյան համաձայնությունը մեր պետության դեմ անհերքելի իրողություն է, այլև, որ հայ բոլշևիկները, մի քանի հոգու բացառությամբ, միանգամայն համամիտ են…

Այս բոլոր իրադարձություններն այնպիսի մի քաղաքական տագնապ ստեղծեցին երկրի և պետության համար, որ Դաշնակցության Բյուրոն պառլամենտական ֆրակցիայի միջոցով կառավարությանը թելադրություններ անողի դերի մեջ մնալ չեր կարող. հարկավոր էին վճռական և արագ գործողություններ, անհրաժեշտ էր ինքնավստահություն ներշնչել կառավարությանը և մեծացնել նրա նախաձեռնության ոգին: Այս նկատուներով՝ Բյուրոն որոշեց իր անդամներից  չորս հոգի մտցնել կառավարության մեջ, մանավանդ, որ այդ ժամանակվա վարչապետ Խատիսյանը ևս դա ամենազդու միջոցն էր նկատում կենտրոնական կառավարությանը ուժեղացնելու համար: Բյուրոն գիտեր, որ այս որոշումը հակասում է Ընդհանուր ժողովի բանաձևին: Սակայն նա գիտեր նաև, որ Ընդհանուր ժողովն իր բանաձևը հանելիս չէր կարող նախատեսել մեր պետության համար ստեղծված ճգնաժամը և այդ պատճառով՝ չընկրկեց պատասխանատվության առաջ: Եթե առօրյա կյանքում «հարկ լուծանէ զօրէնս», ապա այնպիսի պարագաներում, ուր մի պետության լինել չլինելու հարցն է վճռվում, օրինական նկատումները չեն, որ պիտի բախտորոշ դեր խաղան: Այսպես էր դատում այդ ժամանակ ՀՅԴ Բյուրոն և ապագա Ընդհանուր ժողովին է վերապահված իր խոսքն ասել այդ դատողության և դրանից բխած քայլերի մասին:

Կենտրոնական իշխանությունն ուժեղացնելու այս մտածողությունը իր գագաթնակետին հասավ բոլշևիկյան մայիսյան շարժումների օրերին: Այս շարժումների մեջ կարևորն այն չէր, որ մի խումբ բոլշևիկ պատանիներ իրենց ձեռքը ձգելով մեր զրահապատ գնացքներից մեկը, աղմկում էին քաղաքական հրապարակը, այլ որ մեր այն ժամանակվա զորքն իր ամբողջության մեջ վստահելի նեցուկ չէր հանրապետական իշխանության համար: Զորքի ազգայնացումը դեռ նոր էր սկսվել, զինվորների մեջ դեռ չէր ամրապնդվել անկախության գաղափարը, իսկ հրամանատարությունը մեծ մասամբ գտնվում էր կամ օտարների և կամ մեր պետականությամբ չհետաքրքրվող, հայ ժողովրդի իղձերին ու ձգտումներին անհաղորդ մնացած տարրերի ձեռքը: Ադրբեջանի խորհրդայացնումը և բոլշևիկների երևալը մեր երկրի սահմաններին մեծապես ազդել էր մեր զորքի տրամադրության վրա և թեթև կայծերն էլ կարող էին նրա մեջ լուրջ բռնկումներ առաջ բերել: Սրա վրա պիտի ավելացնել, որ պետական պաշտոնեության և ծառացողների մեջ (մասնավորապես, հաղորդակցության ճյուղերում) խիստ զգալի տոկոս էին կազմում ռուսները, որոնք, սակավ բացառությամբ, բոլշևիկյան տրամադրություններ ունեին, որովհետև հաղթական բոլշևիզմի մեջ նրանք Կովկաս վերադարձող Ռուսաստանն էին տեսնում: Սա էր մայիսյան շարժումների մեջ մեզ համար մտահոգիչը և ոչ թե մի քանի տասնյակ հայ-բոլշևիկների հանած հարայ-հրոցը:

Այս հանգամանքներում, երբ զորքը, բացառությամբ սակավաթիվ զորամասերի և հրամանատարների, անվստահելի էր, իսկ պաշտոնության մի զգալի մաս առնվազն կասկածելի պետական ապահովության գործում, ո՞րն էր այն կազմակերպված ուժը, որ կարող էր կուրծք տալ բոլոր վտանգներին՝ մեր պետական նավն անխուսափելի խորտակումից փրկելու համար: Այդ ուժը միայն և միմիայն Հ. Յ. Դաշնակցությունն էր, այն Դաշնակցությունը, որ հայ ժողովրդի բոլոր աղետների ժամանակ միշտ ամենավտանգավոր դիրքերն է բռնել և միշտ առաջին հերթին արնաքամ եղել…

Պետք էր առաջ քաշել այդ ուժը, պետք էր նրան հնարավորություն տալ ազատ և անկաշկանդ գործելու՝ այսպես էին զգում և մտածում այդ ժամանակ մեր պետական անկախության գաղափարով ապրող բոլոր հայ մարդիկ և այս գիտակցությամբ էր ահա, որ Բյուրոն, իբրև Դաշնակցության կամքն արտահայտող գերագույն մարմին in corpore ստանձնեց կառավարական իշխանությունը:

Թե ի՛նչ խանդավառություն առաջ բերեց Բյուրոյի այս քայլը երկրում և ի՛նչ արդյունքներ տվեց, այդ մասին կխոսեմ ստորև: Այժմ ուզում եմ պարզել մի հարց. արդյոք Բյուրոյի կառավարություն դառնալը կուսակցական դիկտատուրա՞ էր, ինչպես այդ ներկայացնում է Քաջազնունին:

Այս հարցին կարելի է պատասխանել և այո, և՝ ոչ: Այո այն իմաստով, ինչ իմաստով 1871 թվին Փարիզի ժողովուրդը դիկտատուրական լիազորություններ տվեց կոմունարներին՝ ընկերային-ժողովրդապետական կարգերը հակահեղափոխական բուրժուազիայի դեմ պաշտպանելու համար: Սական ոչ, ամենևին ոչ այն իմաստով, ինչ իմաստով բոլշևիկները հայտարարեցին իրենց կուսակցական դիկտատուրան Ռուսաստանում և Հայաստանում:

Առաջին դեպքում դիկտատուրան ժողովրդապետական իրավունքների ոտնահարումն չէ: Ժողվուրդն ինքն է, որ այդտեղ հանուն իր շահերի պաշտպանության կամ իր իղձերի իրագործման իր իրավունքները մի որոշ ժամանակով կամովին տալիս է մի կուսակցության և ինքը սիրահոժար գնում նրա հետևից: Այսպիսի դիկտատուրա եղել է անցյալում, կարող է լինել և ապագայում, նույնիսկ ռամկապետական կամ ընկերվարական կարգերի ժամանակ:

Երկրորդ դեպքում դիկտատուրան ժողովրդական կամքի արտահայտություն չէ, այլ այդ կամքի ոտնահարումը: Այդտեղ դիկտատորը ժողովրդական իրավունքների հափշտակիչի դեր է կատարում: Նա ոչ միայն խլում է իշխանությունը ժողովրդի ձեռքից, այլ և ինքն է սահմանում այն նպատակները, որոնց համար պիտի գործադրի այդ իշխանությունը:

Դաշնակցության «դիկտատուրան» ոչ մի առնչություն չունի այս երկրորդ կարգի դիկտատուրայի հետ: Նա տարբերվում է դրանից և ըստ էության, և ըստ ձևի, և ըստ իշխանության գործադրության եղանակների:

Ըստ էության, որովհետև հայ ժողովուրդը թե պառլամենտի, և թե համայնական մարմինների ընտրության միջոցին իր վստահության քվեն ամեն տեղ Դաշնակցությանն էր տալիս և միայն Դաշնակցությանը:

Ըստ ձևի, որովհետև Դաշնակցության ղեկավար մարմնին երկրի բովանդակ իշխանությունը հանձնողը երկրի իրավատեր մարմինը, պառլամենտն էր: Եթե մայիսյան օրերին Քաջազնունին Հայաստանում լիներ, նա կտեսներ, որ պառլամենտը՝ հանձին իր ջախջախիչ մեծամասնության, բացահայտ խանդավառությամբ հանձնեց* իշխանությունը Օհանջանյանի «Բյուրո կառավարությանը» և ոչ թե կուսակցական դիսցիպլինից ճնշված, ինչպես պնդում է նա անարդար կերպով:

Վերջապես, իշխանության գործադրության եղանակով ևս Դաշնակցության «դիկտատուրան» որևէ նմանություն չունեցավ և չէր կարող ունենալ երկրորդ տեսակի կամ բոլշևիկյան դիկտատուրայի հետ: Ստանձնելով երկրի բովանդակ իշխանությունը, Դաշնակցությունը երբեք չհետապնդեց այնպիսի նպատակների, որոնց համամիտչէր կարող լինել հայ ժողովուրդը, կամ նրա ներկայացուցչական մարմինը և իրեն առաջադրված նպատակների իրագործման ճանապարհին չդիմեց այնպիսի նողկալի միջոցների, որոնք բոլշևիկյան դիկտատուրայի հատկանիշներն են: Կարող է պատահել և, անշուշտ, պատահել է, որ այս խառնակ շրջանում, երբ դեպքերը գահավիժորեն հաջորդում էին իրար, անհատ գործիչներ կամ առանձին մարմիններ անթույլատրելի գործեր են կատարել: Սական այդ գործերը երբեք սիստեմ չեն դարձել մեզ մոտ և չեն կարող բնորոշիչ դեր կատարել Դաշնակցության «դիկտատուրայի» համար: Մինչդեռ բոլշևիկիների արարքները՝ քաղաքացիական ազատությունների ոչնչացում, մարդկային կյանքի չտեսնված ստորագնահատում, մարդկային արժանապատվության անօրինակ ոտնահարում, ժողովրդական ամբողջ զանգվածներ անբան հոտերի վերածում և այլն, ևայլն՝ պետական սիստեմ են դարձել այն բոլոր երկրներում, ուր նրանց հաջողվել է զավթել իշխանությունը ժողովրդի ձեռքից…

Այս տարբերությունները չէր կարող անգիտանալ Քաջազնունին: Նա, անշուշտ, լավ գիտի, որ այլ բան է Դաշնակցության «դիկտատուրան», որ նա մի ժամանակ իբրև «շնական» բռնապետություն էր որակում: Սական ինչո՞ւ նա, այս բանն իմանալով հանդերձ, առանց որևէ մեկնությունների, դիկտատուրային ձգտումներ է վերագրում Դաշնակցությանը և մտքերի շփոթ առաջացնում հասարակության մեջ: Արդյոք նրա համա՞ր միայն, որ Քաջազնունին իր հիմնական միտումի տեսակետից անհրաժեշտ է նկատում ներշնչել ամենքին, որ եթե Դաշնակցությունը լավ գործերի մեջ բոլշևիկներից առաջ չի գնացել, վատ գործերի մեջ էլ նրանցից հետ չի մնացել…

 

Այս պատմական ակնարկից ընթերցողն ինքը կարող է տեսնել, որ Դաշնակցության և Հայաստանի կառավարական իշխանության փոխհարաբերությունը մի անխուսափելի արդյունք էր այն քաղաքական կացության, որի մեջ գտնվում էր մեր Հանրապետությունը իր հիմնադրության առաջին օրերից մինչև վերջը: Դաշնակցությունը, որ հսկայական զոհեր է տվել հայ ժողովրդի ազատագրության համար, չէր կարող պատահականության քմահաճույքին ձգտել մի երկիր, որ հայ ժողովրդի քաղաքական հույսերի ելակետ է: Դաշնակցությունը պիտի միջամտեր և իրավամբ միջամտել է կառավարական գործերին այն բոլոր դեպքերում, երբ զգացել է, որ առանց իր միջամտության Հայաստանի կենտրոնական կառավարությունն ու նրա տեղական օրգանները սեփական միջոցներով չեն կարող կամ չեն կամենում երկրի իրական պահանջներին գոհացում տալ:

Եթե կառավարական իշխանությունը քաղաքական կուսակցության ազդեցության ու թելադրանքներին ենթարկելը հանցանք է, ապա այդ հանցանքն ընդհանուր է աշխարհիս երեսին գտնված բոլոր պատասխանատու քաղաքական կուսակցությունների համար: Եվ մեծ թյուրմացության մեջ է Քաջազնունին, եթե կարծում է, թե Անգլիայի վարչապետը իր դահլիճում նախարարներ է նշանակում, կամ իր կառավարական պլատֆորմը կազմում, կամ ընթացիկ կարևոր քաղաքական գործերը կարգադրում առանց իր կուսակցության կենտրոնական կոմիտեի միջամտության և հավանության:

Եթե մեր մեջ պատասխանատու կուսակցության դերը կատարող Դաշնակցության միջամտությունները կառավարական գործերին ավելի ինտենսիվ բնույթ են կրել և հաճախ պետական կյանքի մանրամասնությունների մեջ ևս արտահայտվել՝ դա ևս շատ հասկանալի է, որովհետև սակավօրյա հայ պետությունը շատ հեռու էր Անգլիա լինելուց և մեր տնտեսական, քաղաքական և մշակութային պայմաններում ստեղծված կառավարությունը շատ պակասավոր կողմեր ուներ և պիտի ունենար:

Վերջապես, եթե հեղափոխական փոխանցման կամ պետական լուրջ ցնցումների ժամանակ մեր կուսակցությունը, հանձին իր ղեկավար մարմնի, իր ձեռքն է առել կառավարական իշխանությունը, այդ ևս պետական փորձի տեսակետից եպերելի մի բան չպետք է հանդիսանար Քաջազնունու աչքում: Չէ՞ որ նրա գոված վրաց կառավարության անդամներն էլ Վրաստանում պատասխանատու դեր կատարող սոցիալ-դեմոկրատ կուսակցության Կ. Կոմիտեի անդամներն էին: Նույն բանը տեղի ունեցավ և՛ Գերմանիայում, և՛ Ավստրիայում հանրապետական կյանքի առաջին շրջանում, նույն բանը տեղի ունի այսօր և Ռուսաստանում: Ինչու՞, երբ միևնույն երևույթը այնքա՜ն հասկանալի կերպով կրկնվում է Հայաստանում, Քաջազնունին այլ պատճառներ չէ կարողանում այստեղ տեսնել, քան այն, որ դաշնակցականները չէին կարողանում տարբերել պետությանը կուսակցությունից, որ նրանք թունավորված էին իշխանության թույնով և այլն, և այլն…

Գալով այն հարցին, թե արդյոք դրական թե բացասական արդյունք է ունեցել Դաշնակցության միջամտությունը կառավարական գործերին՝ ես պիտի ասեմ առանց վարանելու. դրական՝ պետության համար և բացասական՝ կուսակցության համար:

Առաջին դրական արդյունքը պետության համար եղավ այն, որ շնորհիվ Դաշնակցության եռանդուն միջամտության և անդուլ կազմակերպական աշխատանքների, մեր Հանրապետության իշխանությունը հաստատվեց Զանգեզուում և հաստատվեց այնպես ամուր, որ այլևս անհնարին եղավ այդ թանկարժեք գավառը պոկել Հայաստանից: Այն քաղաքականությունը, որ որդեգրեց կառավարությունն այս խնդրում Քաջազնունու հեռանալուց հետո, ամբողջովին Դաշնակցության թելադրանքն էր և առաջ տարվեց մեր կազմակերպական ուժերի գերազանց օժանդակությամբ:

Այնուհետև՝ միայն Դաշնակցության միջամտության շնորհիվ էր, որ հաջողվեց վերը հիշատակված ձախորդ պայմաններում ընկճել բոլշևիկյան ապստամբությունը 1920թ. մայիսին: Ինքն իրեն մնալով՝ կառավարությունն անխուսափելի պարտության պիտի մատնվեր այդ գործում՝ նկատի ունենալով զորքի և պաշտոնեության այն վիճակը, որի մասին խոսք եղավ վերևում: Իսկ այս պարտությունը սովահարության պիտի մատներ մեր երկիրը, որովհետև այդ ժամանակ մեր երկիրը ապրում էր գրեթե բացառապես ամերիկյան հացով, իսկ ամերիկյան կազմակերպությունները դեռևս ոչ մի տեղ հարաբերություն մշակած չլինելով բոլշևիկների հետ, սպառնում էին միանգամից կտրել իրենց օգնությունը Հայաստանից՝ վերջինիս խորհրդայնացման դեպքում: Նույնիսկ այս կարճատև խառնակությունները պատճառ դարձան հարյուրավոր մարդկանց սովամահության, որովհետև ամերիկացիները նրանց պատճառով մի ամսի չափ դադարեցրին հացի ներմուծումը Հայաստան:

Վերջապես, ևս սա ամենագլխավորն է, միայն և միմիայն Դաշնակցության միջամտությունների շնորհիվ մաքրվեց մեր երկիրը հակապետական տարրերից: Կարակոյունլուն, Աղբաբան, Զոդը և այլն, որ երբեմն ձևականորեն ճանաչում էին Հայաստանի իշխանությանը, բայց, փաստորեն, միշտ արհամարհում նրա բոլոր կարգադրությունները, Զանգիբասարը և Մերդենեկի շրջանը, ուր մեր կառավարության պաշտոնյաները ոտք չէին կարողանում դնել, Բոյուկ Վեդին և Շարուրը, որ բացահայտորեն ապստամբելով՝ զենքի ուժով դուրս էին շպրտել մեր զորքերն ու իշխանությունը իրենց շրջաններից, նրանք բոլորն էլ զսպվեցին և ստիպված եղան կամ ենթարկել Հայաստանի իշխանությանը և կամ հեռանալ նրա սահմաններից: Այս քաղաքականությունը բերեց այն արդյունքը, որ մենք ունեցանք ոչ միայն պատմական կամ աշխարհագրական, այլև իրական Հայաստան. մի Հայաստան, ուր ազգաբնակչության ջախջախիչ մեծամասնությունը հայ է, և որ մենք ունեցած չէինք երկա՜ր դարերից ի վեր:

Ես կարող էի ուրիշ արդյունքներ ևս մատնանշել, որոնք առաջացել են Դաշնակցության գործուն և վճռական քաղաքականության հետևանքով: Կարող էի վեր հանել թուրքահայ գաղթականության տեղավորումը, վերաշինական բազմաթիվ և բազմապիսի գործեր, պետական կյանքի ազգայնացում, պաշտոնեության զտում և այլն, և այլն: Բայց վերոհիշյալ կետերը ևս բավական են ցույց տալու, թե ինչքան բարեբեր է եղել Դաշնակցության միջամտությունը երկրի գործերին:

Այս ասելով ես չեմ անգիտանում, որ մեր միջամտությունները կարող էին և որոշ շտապողականություն ու նյարդայնություն մտցնել պետական գործերի մեջ և համապատասխան բացասական հետևանքներ առաջ բերել: Սական սրանց համագումարն իսկ չի կարող հակակշռել վերոհիշյալ դրական արդյունքներից որևէ մեկին:

Բայց այս խնդրում Դաշնակցությունը չարաչար տուժել է կուսակցական և կազմակերպական [առումներով]: Հանուն պետության գոյության կամ պաշտպանության, նա հաճախ ստիպված է եղել կոմպրոմիսներ (զիջում) անել իր սկզբունքներից, որով դժգոհություններ է առաջացրել իր շարքում: Բացի սրանից, կլանվելով կառավարական գործերով՝ նա թուլացրել, իսկ երբեմն նաև՝ անտես է առել իր կազմակերպական կարիքներն ու աշխատանքները, որով թուլացրել է իրեն: Սա մի դրություն է, որին անխուսափելիորեն ենթարկվում են բոլոր այն քաղաքական կուսակցությունները, որոնք լծվում են կառավարական աշխատանքների: Այդ դրության մեջ ընկան վրաց սոցիալ-դեմոկրատները, ռուս բոլշևիկները, գերմանական սոցիալ-դեմոկրատները և այլն: Հետագայում, այս բոլոր կուսակցությունները անդրադարձան և այսօր էլ անդրադառնում են այս խնդրին՝ իրենց կազմակերպությունը ուժեղացնելու նորանոր միջոցներ առաջ քաշելով: Դաշնակցությունը ևս, անկասկած, նույն ուղին կբռներ, եթե թուրքական արշավանքները ամեն բան տակնուվրա չանեին Հայաստանում:

Այս կետի մասին իմ դիտողությունները հանգում են հետևյալ եզրակացության. Դաշնակցությունը, միջամտելով կառավարական գործերին, ոչ թե պետությունը դարձրեց միջոց իր կուսակցական շահերն առաջ տանելու համար, այլ կուսակցությունը միջոց՝ պետությունը վերահաս վտանգներից փրկելու և ուժեղացնելու համար: Այդ պետությունը ստեղծելու և պաշտպանելու հրամայականին նա ստորադրեց իր բովանդակ կուսակցական շահերը՝ հաճախ կանգ չառնելով և սկզբունքային զոհաբերությունների առաջ:

Կարող է պատահել, որ սա վատ բան նկատվի շատերի կողմից: Կարող է պատահել նաև, և, անշուշտ, պատահել է, որ դաշնակցականները պետություն ստեղծելու և պահպանելու մեծ գործի ճանապարհին թերացումներ և պակասություններ ունեցած լինեն: Բայց այս բոլոր «վատ բաներն» ու պակասությունները չեն կարող ջնջել պատմական այն իրողությունը, որ եթե հայ ժողովուրդն այսօր մի կտոր հող ունի, որ նա իրավամբ իրը կարող է համարել, այդ մենք պարտական ենք Դաշնակցության պետական քաղաքականությանը կամ այն «միջամտությունների» քաղաքականությանը, որի դեմ ծառանում են Քաջազնունու պետական ըմբռնողությունները…

* Մինչև մայիսյան շարժումները, պառլամենտի դաշնակցական ֆրակցիայում կար մի ուժեղ փոքրամասնություն, որ հակառակ Բյուրոյի որոշման, վճռականորեն դեմ էր արտահայտվում Բյուրոյի անդամների՝ կառավարական կազմի մեջ մտնելուն: Սակյան մայիսյան օրերին Բյուրոյի հայտարարությանը, թե ինքը պատրաստ է ստանձնելու բովանդակ իշխանությանը, ֆրակցիայի կողմից ընդունեց, եթե չեմ սխալվում՝ միաձայնությամբ: