Ահաբեկչությունների շարք, որ ցնցեց աշխարհը. 11 սեպտեմբեր, 2001

731

2001-ի սեպտեմբերի 11-ին ես Միացյալ Նահանգներում էի, Նյու Յորքում, Մանհեթենում, Երկվորյակներից մի քանի հարյուր մետր հեռու, երբ իրականացվեց համաշխարհային պատմության, թերևս, մեծագույն ահաբեկչությունը, որին զոհ գնացին շուրջ 3000 քաղաքացիներ: Նախօրեին հորդառատ անձրև էր տեղացել, իսկ սեպտեմբերի 11-ի առավոտը բացվեց պայծառ արևով: Այդ ժամանակ ես աշխատում էի ԱԶԳ օրաթերթում, շահել էի մրցույթ և պետք է ՄԱԿ-ի կենտրոնակայանում անցկացնեի երկու ամիս: Սեպտեմբերի 12-ի առավոտյան ԱԶԳ-ը տեղադրեց իմ առաջին հոդվածը, իսկ հետագա շաբաթներին և ամիսներին թերթի գրեթե բոլոր համարներում ես գրում էի այդ ահաբեկչության հետևանքների, արձագանքների մասին: Ահա առաջին հոդվածը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատմության մեծագույն ահաբեկչությունը կատարվեց երեկ այն երկրում, որն իրեն հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ: Երեկ ժամեր շարունակ ամբողջ աշխարհը ցնցված՝ կառչած մնաց հեռուստացույցերից ու ռադիոներից: Մեծ է մարդկային ողբերգությունը, մեծ է լինելու ահաբեկչությունների այս շղթայի ազդեցությունն աշխարհի քաղաքական, ռազմական, տնտեսական, հոգեբանական եւ ընդհանրապես միջազգային թե մարդկային փոխհարաբերությունների վրա: Վստահաբար, այսօրվանից սկսած, սկիզբ է դրվելու ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարի, եւ բազմաթիվ հարցեր, միջազգային, տարածաշրջանային թե տեղական բնույթի, կարիք են զգալու նոր մոտեցումների, բոլորովին նոր լուծումների:

Մինչ այդ ներկայացնենք խմբագրությունում ստացված միջազգային տեղեկատվություններից եւ Նյու Յորքում գտնվող մեր թղթակից Թաթուլ Հակոբյանից ստացված թղթակցություններից քաղված ամփոփ պատկերը ահավոր դեպքերի, որոնք երեկ սկսվեցին Նյու Յորքի ժամանակով ժամը 9-ին մոտ եւ շարունակվում էին մինչեւ մեր թերթը տպարան տանելը:

Վերոհիշյալ ժամին, «Ամերիկան էրլայնզ» օդանավային ընկերությանը պատկանող «Բոինգ 747» տիպի մի օդանավ, որն իրականացնում էր Բոստոնից Լոս Անջելես թիվ 11 թռիչքը եւ որի մեջ կային 81 ուղեւորներ, առանց հաշվելու անձնակազմը, ըստ ականատեսների, դանդաղ մոտենում է Նյու Յորքի համաշխարհային առեւտրի կենտրոնի երկվորյակ շենք-աշտարակներից մեկին եւ մխրճվում է մեջը: Տես ջ էջ 8

Հզոր պայթյունը ցնցում է ամբողջ Նյու Յորքը: Բարձրանում է թանձր ծուխ, որը շուտով ծածկում է ողջ Մանհաթենը: Պայթյունից շենքի բեկորները տարածվում են շրջապատի վրա: Նկատվում են մարդիկ, որոնք 110 հարկանի երկնաքերի տարբեր հարկերի պատուհաններից դուրս են գցում իրենց:

Ընդամենը 18 րոպե հետո նույն ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռ, որ 58 ուղեւորով Դալլասից թռչում էր դարձյալ Լոս Անջելես, գրեթե նույն կերպ խոյահարում է երկվորյակ երկնաքերի 2-րդ շենքը եւ պայթում ներսում: Փոշու ամպերը ծածկում են ողջ քաղաքը: 75 րոպե անց գագաթից սկսվում է փլվել առաջին երկնաքերը, իսկ կես ժամ հետո՝ երկրորդը: Շուտով զույգ շենքերը, որոնց ներսում աշխատում են շուրջ 40 հազար մարդ՝ չհաշված այցելուները, փլվում են գրեթե ամբողջովին: Աննկարագրելի խուճապ է ստեղծվում ոչ միայն Նյու Յորքում, այլեւ մոտակա քաղաքներում, անվտանգության ուժերը փակում են բոլոր կամուրջները, թունելները, ստորգետնյա տրանսպորտը: Ջնջվում են օդանավային բոլոր թռիչքները, իսկ արդեն օդում գտնվող ինքնաթիռներին հրահանգվում է շտապ վայրէջք կատարել ամենամոտիկ օդանավակայաններում: Հավանաբար նման շտապ վայրէջքի զոհ է դառնում «Յունայթըդ էրլայնզ» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ 747» տիպի օդանավը, որ պարտադիր վայրէջք է կատարում Պիթցբուրգի մոտ գտնվող փոքրիկ օդանավակայաններից մեկում եւ ջախջախվում:

Քիչ ավելի ուշ իրադարձությունները տեղափոխվում են Վաշինգտոն, որտեղ ինքնասպանական մեկ այլ ինքնաթիռ խոյահարում է Պենտագոնի հինգթեւանի շենքի հարավային թեւին եւ պայթում: Աշխարհի գրասենյակային այդ մեծագույն շենքում սովորաբար աշխատում են շուրջ 20 հազար քաղաքային եւ զինվորական աշխատակիցներ: Ավերածությունն ու խուճապը տարածվում է ամբողջ մայրաքաղաքում: Անվտանգության նկատառումներով փակվում ու աշխատակիցների էվակուացում է տեղի ունենում ոչ միայն շենքի մյուս թեւերում, այլեւ Սպիտակ տանը, Կապիտոլիումում գտնվող Կոնգրեսի, գանձային նախարարության եւ պետքարտուղարության շենքերում: Վերջինիս մոտ խուճապի պահին պայթում է ավտոմեքենաՙ սաստկացնելով իրարանցումը:

Այնուհետեւ դեպքերը զարգանում են առավել դրամատիկ: Ըստ տեղեկությունների, դեռեւս անծանոթ ահաբեկչական խմբերի կողմից առեւանգված ինքնաթիռների թիվը հասնում է 11-ի, որոնցից, ըստ դեռեւս չճշտված լուրերի, հակաօդային պաշտպանությունը խփում է երկուսին, մինչ մեկ ուրիշը հարվածում եւ պայթում է Քեմպ Դեյվիդի վրա:

Առայժմ դժվար է որեւէ գաղափար կազմել զոհերի ու վիրավորների թվի մասին: Սակայն դատելով ընտրված թիրախների բազմամարդությունից, հավանաբար սպանվածների թիվն անցնում է տասնյակ հազարները:

«Ազգը» ուշ երեկոյան փորձեց Նյու Յորքից, Նյու Ջերսիից եւ Բոստոնից տեղեկություններ ստանալ հնարավոր հայ զոհերի մասին, սակայն իզուր: Միակ բանը, որ առայժմ գիտենք այն է, որ Համաշխարհային առեւտրի կենտրոնում աշխատողների մեջ հայեր կան:

Ահավոր դեպքերին առաջին արձագանքողները եղան, բնականաբար, նախագահ Ջորջ Բուշը, պետքարտուղար Փաուելը: Առաջինը Սարասոտայից ուղղաթիռով վերադարձավ Վաշինգտոն եւ զգաստության, հանցագործներին պատժելու եւ փորձությանը դիմակայելու պատգամ տվեց իր ժողովրդին, իսկ երկորդը երկօրյա այցը Պերու ընդհատեց եւ վերադարձավ նույնպես Վաշինգտոն:

Ցավակցության եւ դատապարտումի ուղերձներ հղվեցին նախագահներ Ժակ Շիրակի, Վլադիմիր Պուտինի, վարչապետ Թոնի Բլերի եւ բազմաթիվ այլ երկրների առաջնորդների կողմից: Բրյուսելում անվտանգության նկատառումներով փակվեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, աշխարհի շատ երկրներում անվտանգության եւ նախազգուշության տարբեր միջոցներ ձեռք առնվեցին:

http://www.azg.am/wap/?nl=AM&id=2001091201&Base_PUB=0