Մայիսի 28-ին ոչ ոքի բերանին չէր գալիս «անկախություն» բառը. Վրացյան

527

Հատված Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ գրքի:

Մի քիչ տարօրինակ են և բացատրության կարոտ Քաջազնունու հուզված արտահատությունները Կարսի հանձման «դավադրական հրամանի» առթիվ: Հուզվելու և վրդովվելու իրավունք ունեն նրանք, որոնք դեմ էին Բրեստ-Լիտովսկի պայմանները ընդունելուն և կողմնակից՝ պատերազմը շարունակելուն մինչև վերջին փամփուշտը: Քաջազնունին դրանց մեջ չէր: Նա գտնում էր, որ ամեն ինչ կորցնելուց լավ է հաշտություն կնքելը, թեկուզ, Բրեստ-Լիտովսկի պայմաններով: Եվ դեռ Տրապիզոնում, Չխենկելիի հետ միասին, համաձայնվել էր Կարսը թուրքերին հանձնելու: Բացի այդ, Տրապիզոնից վերադառնալուց հետո, Թիֆլիսում և Ալեքսանդրապոլում նա մեծ ջանք էր թափում համոզելու, որ Կարսը հանձնենք թուրքերին, որովհետև առանց դրան կարելի չէ հաշտություն կնքել: Եվ, վերջ ի վերջո, Չխենկելի- Քաջազնունու թեզն էր, որ հաղթանակեց. գործից քաշվեց Գեգեչկորի-Կարճիկյան կառավարությունը, որ հակառակ էր Կարս-Բաթումը զիջելուն, և կազմվեց Չխենկելի-Քաջազնունի կառավարությունը, որ պատրաստ էր Կարսն ու Բաթումը կորցնելով՝ հաշտվելու թուրքերի հետ: Սրանից հետո ինչպե՞ս կարելի է «դավադրական» անունը տալ Կարսը հանձնելու՝ Չխենկելիի տված հրամանին: Այդ հրամանը, տրված էր հապճեպ, կամայական ձևով, բայց, ըստ էության, նա ոչ մի նոր ու գաղտնի բան չէր պարունակում: Եվ եթե հոգեբանական հասկանալի պատճառներով այն ժամանակ ներելի էր աղմուկ հանել, այսօր հո կարելի է մի քիչ ավելի պաղարյուն կերպով արտահայտվել:

Քաջազնունին գրում է. «Մայիս 26-ին …Վրաց Ազգային խորհուրդը՝ մեծ հանդիսավորությամբ՝ հայտարարեց Վրաստանի անկախությունը: Հետևյալ օրը նույնն արեց և Ադրբեջանը… Մայիս 28-ին ուշ գիշերով (հայոց) Ազգային կենտրոնական խորհուրդը վճռեց հայտարարել Հայաստանի անկախ Հանրապետություն և իրան՝ գերագույն իշխանություն Հանրապետության»:

Այդ ճիշտ չէ: Նախ, Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարեց ոչ թե «հետևյալ օրը»՝ մայիսի 27-ին, այլ  մայիսի 28-ին: Երկրորդ, Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանի անկախությունը չէ, որ հայտարարել է: Հակառակը, անկախության հարցը նյութ եղավ երկար և հուզումնալից վիճաբանության, բայց Ազգային խորհուրդը սիրտ չարեց հարևանների օրինակին հետևելու. ոչ ոքի բերանին չէր գալիս «անկախություն» բառը: Ձայների մեծամասնությամբ մերժելով անկախության հայտարարության առաջարկը, որ գալիս էր Դաշնակցության հատվածից, Ազգային խորհուրդը մայիսի 30-ին իրեն հայտարարեց «հայկական գավառների գերագույն իշխանություն» և հրատարակության տվեց հետևյալ «Հայտարարությունը».

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել Հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար: 1918թ. մայիս 30, Թիֆլիս: Հայոց Ազգային խորհուրդ»:

Սրանից երևում է , որ Ազգային խորհուրդը միայն արձանագրում էր իր կամքից անկախ ստեղծված փաստական դրությունը և ժամանակավորապես կառավարական պաշտոն էր ստանձնում: Անկախության ոչ մի նշան չկա այս հայտագրի մեջ:

Հայաստանի Հանրապետության առաջին շրջանի մասին խոսելիս՝ Քաջազնունին երկար կանգ է առնում Դաշնակցության դիկտատորական ձգտումների վրա և դրանով է բացատրում մի շարք անհաջողություններ, ինչպես նաև՝ «անկեղծ կոալիսիոն» ստեղծելու անկարելիությունը: Որ Դաշնակցության մեջ այդպիսի ձգտում կար, իհարկե, փաստ է: Մեր երիտասարդությունը և պետական գործիչները առհասարակ, դաստիարակված են ռուսական հեղափոխության գաղափարներով, իսկ ոմանք էլ՝ ազդված «Երիտասարդ թուրքերի» գործելակերպից: Այս երկու հոսանքներին էլ հատուկ է դիկտատորական ոգին, «կոմիտաջիությունը»: «Հեղափոխական» կամ «կուսակցական» դիկտատուրայի հմայքին մեծ ուժ էր տալիս և Ռուսաստանի անմիջական օրինակը: Ասել, թե Հայաստանը գործնականում զուտ ռամկավար հանրապետություն էր, կլիներ սխալ: Բայց նույնքան սխալ են և Քաջազնունու տված մեկնությունները: Ռամկավարության ու կոալիսիոնի մասին գրելիս Քաջազնունին մոռանում է հայկական իրականությունը, ուր առաջին պայմանը ուժեղ իշխանության հաստատման անհրաժեշտությունն էր: Կարո՞ղ էր Քաջազնունին իր առաջարկած դեղատոմսով ունենալ ուժեղ իշխանություն, երբ Դաշնակցությունից զատ փաստորեն ուրիշ կուսակցություն գոյություն չուներ Հայաստանում: Քաջազնունին անտես է առնում այն պարագան, որ ամենառամկավար երկրներում անգամ, ինչպիսին են Անգլիան, Ամերիկան, արտախորհրդարանական միջամտությունները հաճախակի երևույթներ են: Ռամկավար Ամերիկայում կուսակցություններն են վարում ու հսկում պետական քաղաքականության վրա: Սպիտակ տունը, նախարարությունները, պետական բարձր պաշտոնեությունը ամբողջապես կուսակցական են, և երբ մի կուսակցություն իշխանությունն իր ձեռքն է առնում, ամենից առաջ ամեն տեղ դնում իր պաշտոնները:

Ռամկավարության դասական հայրենիք Անգլիայում ևս, պետական գործերը իրապես կենտրոնացած են կուսակցությունների ձեռքին, և դեռ նոր էր, որ տեղի ունեցավ Քարլթըն ակումբի հայտնի coup d’etat-ն, պետական հարվածը, երբ աջ պահպանողականների «արտախորհրդարանական դավադրության» հետևանքով տապալվեց Լլոյդ Ջորջի դահլիճը և կառավարության պետ նշանակվեց Բոլդուինը: Ինչե՜ր կգրեին ու կխոսեին հայ գործիչներն ու հրապարակախոսները, եթե Քարլթըն ակումբի դեպքը պատահեր Հայաստանում:

Այսպիսի դեպքեր հաճախ են պատահում ռամկավար երկրներում, և կուսակցությունների հսկողությունն ու միջամտությունը պետական գործերի մեջ սովորական է այնտեղ: Եվ իզուր է կարծում Քաջազնունին, որ ռամկավարությունն ու կուսակցականությունը անհարիր, միմյանց ժխտող երևույթներ են: Առողջ կուսակցականությունը բխում է հենց ռամկավարության էությունից: Հարցը ոչ թե իշխանության կուսակցական կազմի կամ կուսակցական միջամտության մեջ է, այլ պետական քաղաքականության ձևի, որ գրեթե ամբողջապես  կախված է ժողովրդի հասունության աստիճանից:  Հայաստանը Անգլիա չէ, այդ պատճառով այն երևույթները, որոնք Անգլիայում անցնում են աննշմար կամ առանց վնասի, Հայաստանում տալիս են հիվանդագին հետևանքներ: Համաձայնելով հանդերձ Քաջազնունու հետ մեր իրականության մեջ գոյություն ունեցող «կոմիտաջիական» բարքերի վնասակարության նկատմամբ, չէ կարելի ընդունել նրա եզրակացությունները. հայկական իշխանությունների թուլության գլխավոր պատճառը այդ «կոմիտաջիությունը» չէր, ոչ էլ դեղ ու դարմանը՝ մաքուր ռամկավարությունը: Ամեն ժամանակաշրջան և ամեն միջավայր իր պահանջներն ունի:

Քաջազնունին համոզված է, թե «կուսակցության միջամտությունը թույլ չէր տալիս, որ կառավարությունը իր գիտեցածը անի, իր գիծը տանի»: Համարյա մի ամբողջ տարի Քաջազնունին եղավ վարչապետ, և կուսակցությունը տվել էր նրան կատարյալ ազատություն գործելու՝ միաժամանակ իր ամբողջ ուժերը դնելով նրա տրամադրության տակ: Եվ, սակայն, երբեք Հայաստանը չի ունեցել այնքան անգույն ու կամազուրկ կառաարություն, որքան  այդ շրջանում: Ո՞վ էր արգելում Քաջազնունուն «իր գիտեցածը անելու»: Իր հոգու վրա մեղք կառնի նա, եթե ասի , թե Դաշնակցությունը ճնշում էր գործ դնում իր կամքի վրա և թույլ չէր տալիս ազատ գործելու:

Ո՛չ , Քաջազնունու կառավարության թուլությունը Դաշնակցությունից չէր կախված, այլ այն ընդհանուր, առարկայական պայմաններից, որոնց մեջ ապրում էր Հայաստանը: Եվ եթե, այնուամենայնիվ, կառավարությանը հաջողվում էր դրական գործ կատարել, դրա մեջ չափով պարտական ենք Դաշնակցությանը: Բացի ընդհանուր պայմաններից, կառավարության թուլությունը պայմանավորվում էր և Ժողովրդական կուսակցության հետ կապված կոալիցիայով: Քաջազնունին վրդովվում է, որ Դաշնակցությունը պետք [եղած] չափ չի աշխատել կոալիցիայի համար, բայց ու՞մ  հետ էր այդ կոալիցիան: Կարո՞ղ է Քաջազնունին հանգիստ կերպով, ձեռքը խղճին դրած ասել, թե չնչին բացառությամբ, պետական գիտակցություն ունեցող ու բարեխիղճ մարդիկ էին ժողովրդականների՝ Հայաստան եկած նախարարներն ( ու գործիչները), կարո՞ղ է նա նորմալ համարել նրանց ստեղծած դրությունը, երբ Երևան գալիս էին լոկ իբրև հյուրեր և աշխատում էին Հայաստանը կառավարել Թիֆլիսից: Ու՞ր էին գտնվում Քաջազնունու կոալիցիոն նախարարները, ի՞նչ էին անում, ի՞նչ ծրագրեր բեր[եց]ին Հայաստանի համար և ի՞նչ եղավ նրանց դրական դերը: Առել-ընկել ենք՝ կոալիցիա-կոալիցիա, պետք է հասկանանք նույնպես, որ ամեն կոալիցիա բարիք չէ:

Ի՞նչ հոգեբանություն և ախորժակ ունեին դեպի Հայաստանը և մյուս տարրերը, որոնց հետ պետք է կոալիցիա կնքեինք: Քաջազնունին գիտի այն վրդովեցուցիչ ծրագիրը, որ բերել էին Երևան Վ[ահան] Թեքեյանը և Ն. Տեր- Ստեփանյանը, որոնք առաջարկում էին Հայաստանը կապալով տալ Պողոս փաշա Նուբարին և նրան շրջապատող ազգայիններին: Հայաստանի պետականության գիտակցությունը չէր, որ խոսում էր այդ մարդկանց մեջ, այլ իշխանության տենչը կամ, լավագույն դեպքում՝ քաղաքական տհասությունը: Կարո՞ղ էր Քաջազնունին հաստատել այնպիսի մի կոալիցիա, որով Հայաստանի կառավարությունը փաստորեն տեղափոխովեր Փարիզ: Եվ ինչո՞ւ նա, կոալիցիայի մասին խոսելիս, այնքա՜ն անողոք է դեպի Դաշնակցությունը և այնպես ներողամիտ դեպի այն տարրերը, որոնք, հակառակ իրենց համեստ ազդեցության, տենչում էին Հայաստանի ճակատագրի կարգադրությունն իրենց ձեռքը առնել, առանց, սակայն, հայ իրականության հետ օրգանապես կապվել ուզելու:

Քա՛վ լիցի. կոալիցիայի, այսինքն՝ Հայսատանի անկախության տեսակետի վրա կանգնած հոսանքների համագործակցության դեմ չէ, որ ծառանում եմ ես: Հակառակը, ինձ թվում է , որ համագործակցության ու կոալիցիոն իշխանության չստեղծվելուց ամենից շատ տուժեց հենց մեր կուսակցությունը: Հայաստանին վիճակված ծանր պայմաններում կոալիցիան անհրաժեշտ էր նախ և առաջ մեզ՝ դաշնակցականներիս համար, թեկուզ հենց աշխատանքի ծանրությունն ու պատասխանատվությունը բաժանելու համար: Բայց ես հարց եմ տալիս Քաջազնունուն. որո՞նք էին այն պայմանները, որ կարող էին հնարավոր դարձնել կոալիցիա և մենք չընդունեցինք:

Քաջազնունին իր մի հոդվածաշարում՝ «Ճակատամարտ»-ում, ցույց է տվել այն հիմնական սկզբունքները, որոնք պետք է լինեին և ապագայում էլ պետք է լինի Դաշնակցության քաղաքականության առարկան: Առաջին հերթին նա դնում է հողերի համայնացման անհրաժեշտությունը և ապա թվում է մի շարք ռամկավարական կետեր: Բայց հենց դրա դեմ էին ըմբոստանում և՛ ժողովրդականները, և՛ Պողոս փաշայի մարդիկ ամեն անգամ, երբ կոալիցիայի խոսք էր լինում: Հողերի համայնացումը, օրինակ, մի սկզբունք էր, որի շուրջ կարելի չէր կոալիցիա առաջ բերել. նմանապես և 8 ժամվա աշխատանքի օրը, և մի շարք ընկերային կարևոր բարենորոգումններ: Քաջազնունին ի՞նչ էր հրամայում անել՝ տեղի՞ տալ, հրաժարվե՞լ այդ սկզբունքներից: Չեմ կարծում, որ նա այդպիսի բան մտածի: Ապա, ուրեմն, ի՞նչպես ստեղծել կոալիցիա այնպիսի մարդկանց հետ, որոնք նույնիսկ Հայաստան գալը համարում էին անհանդուրժելի պայման և ուզում էին երկիրը կառավարել արտասահմանից՝ իրանց փոքրավորների միջոցով:

Թո՛ղ չմոռանա Քաջազնունին և այն, որ «անկեղծ կոալիցիայի» անհրաժեշտ պայմաններից մեկն էլ Թիֆլիսի ու Փարիզի հայ բուրժուազիայի համար այն էր, որ կառավարությունը կազմվեր պարիտետի սկզբունքով, այսինքն՝ համերաշխող կուսակցությունները ունենային հավասար չափով նախարարներ: Հասկանալի է , որ այս ձևով ստեղծված կառավարությունը, ինչպես ցույց տվեց Քաջազնունու կոալիցիոն դահլիճի փորձը, երերուն էր լինում, հեղինակությունից զուրկ և թոյլ:

Կոալիցիայի և, առհասարակ, իշխանության պրոբլեմը Ռուսաստանում Քաջազնունին սխալ ձևով է դնում և սխալ էլ լուծում է՝ նա մատը չի դնում վերքի վրա: Պատճառնները բոլորովին ուրիշ տեղ պետք է փնտրել, մինչդեռ նա փնտրում է Դաշնակցության մեջ: «Ճակատամարտ»-ի մեջ նա այդ հարցը ավելի ուղիղ է դրել: