Շուշիի «Սոսե» մանկապարտեզը շուտով նոր շենք կտեղափոխվի

2168

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետևի մասի հողե ճանապարհը տանում է դեպի քաղաքի հին թաղամասերից մեկը։ Հնաոճ տներից մեկն էլ, որը ժամանակին ամերիկահայ բարերարներ  Էդվարդ և Վերժինե Մսրլյաններն էին ձեռք բերել, 2004 թ. մանկապարտեզ դարձրին։ 13 տարի շարունակ Արցախի ՀՕՄ-ի գրասենյակի հովանու ներքո գործող Շուշիի «Սոսե» մանկապարտեզը ֆինանսավորում է Մսրլյաների ընտանիքը Սան Ֆրանցիսկոյից։

«Նրանք սիրում են ասել՝ «տունը պարապ չմնա»։ Մանկապարտեզ բացելը՝ տունը պարապ չթողնելու լավագույն տարբերակն էր»,- համոզված է մանկապարտեզի տնօրեն Աննա Մինասյանը։

Սկզբում մանկապարտեզն անվճար էր բոլորի համար։ Վերջին տարիներին սակայն, այն դարձել է մասնակի վճարովի,  բայց ոչ բոլորի համար։ Տնօրենի խոսքով՝ վճարը սահմանվում է ամեն երեխայի համար անհատական՝ հաշվի առնելով տվյալ երեխայի  սոցիալական պայմանները։

Երկհարկանի սեփական տունը ժամանակի ընթացքում հարմարեցվել է մանկապարտեզի պահանջներին։ Փոքրիկ բակը վերածվել խաղահրապարակի։ Ելնելով շենքային սուղ պայմաններից երբեմն ստիպված են եղել սահմանափակել ընդունելությունը։

«Սկսել ենք աշխատել  64 երեխաներով։ Այս տարիների ընթացքում նրանց թիվը տատանվել է 50-65 արանքում։ Սակայն երբեմն  միտումնավոր սահմանափակել ենք երեխաների թիվը, խաղասենյակը չէր բավարարում երեխաներին»,- պատմում է Մինասյանը։

Անցած տարի ամռանը Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է մանկապարտեզ, ծանոթացել պայմաններին։

Մինչ այդ տնօրինությունը բազմիցս դիմել էր տեղական ինքնակառավարման մարմիներին՝ շենքային պայմանները բարելավելու խնդրանքով։

«Վարչապետը խոստացավ աջակցել այդ հարցում և որոշ ժամանակ անց, արդեն բազմաբնակարան նորակառույց շենքից մեկի առաջին հարկը սկսեցին վերակառուցել՝ հարմարեցնելով մանկապարտեզի համար»,- ասում է մանկապարտեզի տնօրենը։

Շինարարական աշխատանքներն արդեն վերջնական փուլում են։ Շինարարները խոստանում են այն ավարտին հասցնել հնարավորինս կարճ ժամկետներում։

Տնօրենը հուսով է, որ մինչև ցրտերն ընկնելն արդեն նոր շենք կտեղափոխվեն։

Մանկապարտեզի նոր շենքը նախատեսված է մոտ 150 երեխայի համար։

«Նոր շենքի պայմանները, իհարկե, համապատասխանում են ժամանակակից պահանջներին։ Երկու խմբի փոխարեն արդեն 3 խումբ կարող ենք ընդունել։ Այս տարի 54 երեխաներից 27-ին դպրոց ենք ճանապարհել։ Սեպտեմբերի մեկին արդեն սպասում ենք 46 նոր սաների։ Նոր ուսումնական տարում մոտ 70 երեխա ենք ունենալու»,- ասում է Մինասյանը։

Քնար Բաբայան

Շուշի, ԱՆԻ-ի համար