Հայոց ցեղասպանությունը ինչպես մտավ 1990-ի Անկախության հռչակագիր

1090

Ապրիլ 24-ը Խորհրդային Հայաստանում ոգեկոչվում էր 1965 թվականից: Լրատվամիջոցները այդ իրադարձությանը, ի տարբերություն Սփյուռքի, լայն տեղ չէին տալիս: Այսպես, 1988թ. ապրիլի 24-ի համարում պաշտոնական ՙՍովետական Հայաստան՚ թերթում Եղեռնի մասին մեկ տող անգամ չկա: Թերթի ապրիլի 26-ի համարում` առաջին էջում, առանց նկարի,  կարճ լուր է դրված` ՙԱյցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՚, որում ասվում է, որ ՙապրիլի 24-ին հազարավոր երևանցիներ, մերձակա գյուղերի բնակիչներ, մայրաքաղաքի հյուրեր այցելեցին Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին 1915թ. զոհերի հիշատակին՚: Այցելողների մեջ էին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյանը, Հայկ. ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Հայաստանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Յուրի Կոչետկովը: ՙՆրանք ծաղիկներ դրեցին հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության նահատակների հիշատակը՚:

Մեկ տարի անց` 1989թ., Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, հետևաբար նաև մամուլը, ավելի մեծ տեղ տվեցին Ապրիլ 24-ին: Պատճառներից մեկն էլ այն էր, որ 1988թ. նոյեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության դատապարտման օրենք էր ընդունվել Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը: ՙԽորհրդային Հայաստան՚ թերթը ապրիլ 24-ի համարում, առաջին էջում, գրել է. ՙ74 տարի մենք այդ գիտեինք, 24 տարի է` բարձրաձայն պատմում ենք մեզ ու աշխարհին: Առաջին տարին է, որ պետականորեն դատապարտում ենք մարդկության նկատմամբ իրականացված այդ ոճիրը՚:

Հայաստանի կոմունիստական ղեկավարությունից բացի` կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյան, Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյան, Նախարարների խորհրդի նախագահ Վլադիմիր Մարգարյանց, Ծիծեռնակաբերդ բարձրացողների մեջ էին նաև Ամենայն Հայոց Վազգեն Ա և Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսները, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Իվան Սիլաևը: ՙԽորհրդային Հայաստանը՚ ապրիլ 25-ի համարում հիշեցրեց նաև. ՙԳերագույն խորհուրդը ընդունել է Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության, դատապարտման մասին Հայկ. ԽՍՀ օրենքը, որով ապրիլի 24-ը հայտարարվում է հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր: [Սա] 1915-ի ցեղասպանությունը միջազգային մակարդակով ճանաչելու և պաշտոնապես դատապարտելու օրենսդրական ակտ է՚:

Հայաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոն 1990թ. հունվարի 8-ին քննության առավ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության 75-ամյակի նախապատրաստության և անցկացման միջոցառումների հարցը: Բյուրոն նշում էր, որ ՙողջ հայ ժողովուրդը, աշխարհի շատ երկրների առաջադեմ հասարակությունը պահանջում են, որ համաշխարհային հանրությունը ճանաչի հայերի ցեղասպանությունը, որպեսզի վերականգնվի պատմական արդարությունը՚: ՙՀայերի ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանը լրիվ զրկվեց իր տեղացի բնակչությունից, արևմտահայ ողջ մնացած մասը սփռվեց աշխարհով մեկ՚, ասվում էր Բյուրոյի հայտարարության մեջ: Բացի այդ` ՙընդունվել է Հայկ. ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի այն առաջարկը, որ 1990թ. ապրիլի երկրորդ կեսին Երևանում գիտական նստաշրջան անցկացվի Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության խնդրի վերաբերյալ` խորհրդային և արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ՚:

Փաստորեն, առաջին անգամ հայ կոմունիստների նախաձեռնությամբ է սկիզբ դրվել Հայոց ցեղասպանության կլոր տարելիցները միջազգային խորհրդաժողովներով նշելու ավանդույթը: Ավելին, կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանն է հրապարակավ առաջինը կարևորել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ունենալու անհրաժեշտությունը:

ՙԵրևանում, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի համակարգում անհրաժեշտ է ստեղծել հայոց եղեռնի ուսումնասիրության միջազգային գիտական հետազոտությունների ինստիտուտ՚,- 1990թ. ապրիլի 17-20-ը Երևանում անցկացված ՙՀայերի ցեղասպանությունը. պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն՚ միջազգային խորհրդաժողովը իր ելույթում ասել է Մովսիսյանը: Մարզահամերգային համալիրում կազմակերպվեց նաև սգո երեկո, որի ընթացքում ելույթ ունեցան Մովսիսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն:

ՙԽորհրդային Հայաստան՚ թերթի 1990թ. ապրիլի 24-ի համարի բոլոր չորս էջերը նվիրված են Հայոց ցեղասպանությանը: Առաջին էջում դրվել է նաև ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հայտարարությունը` 1915-23 թթ. ՙսարսափելի կոտորածների՚ մասին: ԱՄՆ նախագահներից առաջինը Բուշ ավագն էր, ով Ապրիլ 24-ի առիթով դիմեց ամերիկահայությանը:

Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Մովսիսյանը խորհրդարանի մի ելույթում հայտարարեց, որ 1920-ական թթ. ՙմեր ժողովրդի թիկունքում կնքած և նրա ազգային շահերը ոտնահարող միջազգային բոլոր պայմանագրերն ու պետական ու կուսակցական որոշումները անհապաղ պիտի վերանայվեն և չեղյալ հայտարարվեն, խորհրդարանը պետականորեն պետք է հանդես գա պահանջատիրության իրավունքով և պաշտպանի Հայ դատը, հասնի 1915թ. ցեղասպանության միջազգային ճանաչմանը՚:

1990թ. օգոստոսին Հայաստանի խորհրդարանը ոչ միայն ընտրեց նախագահ` ի դեմս Տեր-Պետրոսյանի, այլ նաև` Անկախության հռչակագիր: Դրանց նախագծերում  կային մի շարք կետեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայոց ցեղասպանությանը և Հայկական հարցին:

Անկախության հռչակագրի շուրջ մեկ տասնյակ նախագծերից խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը պատգամավորների քննարկությանը ներկայացրեց երեքը: Տարբերակներից մեկում ասվում էր, որ ՙ1920թ. դեկտեմբերի 2-ի պայմանագիրը պարտադրված է եղել Հայաստանին՚, որն ստորագրելուց անմիջապես հետո Ռուսաստանը և Թուրքիան  ՙօկուպացրել են Հայաստանը՚, իսկ ՙ1921թ. մարտի 16-ին, անտեսելով անկախ Հայաստանի գոյությունը և խախտելով միջազգային իրավական նորմերը, առանց Հայաստանի ներկայացուցիչների ստորագրվել է ռուս-թուրքական դաշնագիր, որով Հայաստանի տարածքների մեծ մասը տրվել է Թուրքիային և Ադրբեջանին՚:

Նախագծերից մեկով առաջարկվում էր ՙապօրինի ճանաչել՚ Հայաստանի Հանրապետությունը ՙմասնատող պայմանագրերը՚ և ՙվերստին ընդունել Սևրի դաշնագիրը՚: Երրորդ տարբերակում Հայկական հարցին և ցեղասպանությանը անդրադարձ չկար ընդհանրապես: ՙԽորհրդային Հայաստան՚ թերթը օգոստոսի համարներից մեկում տպագրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած հռչակագրի նախագիծը, որտեղ ոչ մի տող չկար 1915-ի մասին:

Խորհրդարանի հատուկ հանձնաժողովը երեք տարբերակներից հետո ներկայացրեց Հռչակագրի նախագծի նոր տարբերակ` կազմված 11 կետերից, որտեղ ևս բառ անգամ չկար 1915-ի մասին: Հանձնաժողովի անդամ Մեխակ Գաբրիելյանը առաջարկեց 10-րդ կետից հետո ավելացնել. ՙ1920թ. դեկտեմբերի 2-ից մինչև 1923թ. Խորհրդային Հայաստանի կնքած և առանց Խորհրդային Հայաստանի մասնակցության իր վերաբերյալ կնքած բոլոր պայմանագրերը և կուսակցական մարմինների ընդունած որոշումները համարել չեղյալ և ապօրինի՚: Հանձնաժողովի չորս այլ անդամներ` Իգոր Մուրադյանը, Աշոտ Նավասարդյանը, Հայկ Բաբուխանյանը և Ռաֆիկ Համբարձումյանը, առաջարկեցին հետևյալը. ՙՀայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության միջազգային դատապարտման և պատժման աշխարհի ողջ հայության պահանջին՚:

Խորհրդարանի պատգամավոր Ռա‎‎ֆայել Իշխանյանը գրում է. ՙԱմենից երկարատև բանավեճը ծավալվեց 1915թ. մեր մեծագույն ողբերգությունը Հռչակագրի մեջ հիշատակելու հարցի շուրջ: Նախագահ Տեր-Պետրոսյանը շատ հանգամանալից ու համոզիչ բացատրեց, որ ցեղասպանության հարցը Հայաստանի անկախության Հռչակագրում դնելը քաղաքական և դիվանագիտական տեսակետից ճիշտ չէ, որ դրան կարելի է մեկ այլ փաստաթղթում անդրադառնալ: Նույնը շատ հիմնավոր բացատրեցին նաև 6-7 պատգամավորներ: Սակայն հայկական պարզունակ զգացմունքային տարերքն այս անգամ էլ հաղթեց բանականությանը: Եղան վերամբարձ ճառեր Սփյուռքի անունից, թե ինչպես կարելի է մեր նահատակներին մոռանալ, թե Հռչակագրում 1915 թիվը չհիշատակելը դավաճանություն է: Ընդամենը 25 պատգամավոր քվեարկեց Հայաստանի անկախության Հռչակագրում 1915 թիվը հիշատակելու դեմ՚:

1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրում, որի տակ դրված է այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ասվում էր. ՙՀայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին՚:

Ահա հենց այս կետն էին նաև թուրքերը մատնանաշում ու, դա դարձնելով մատի փաթաթան, հրաժարվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

Հետագայում ամերիկյան ՙՆյու Յորք Թայմս՚ հեղինակավոր օրաթերթը գրեց. ՙԽիստ եռանդուն և ըմբոստ խորհրդարանում նախագահը (Տեր-Պետրոսյանը) Թուրքիայի հարցում դեմ գնաց հայկական ավանդական քաղաքականությանը: Նա պնդում էր, որ Հռչակագրից հանվի այդ ողբերգության կրքոտ դատապարտումը, նկատի առնելով, որ իսկապես ազատ Հայաստանը կարիք պիտի ունենա իր հարևանների հետ ավելի սերտ հարաբերությունների նոր շրջան սկսելու: Թեև նրան չհաջողվեց Հռչակագրից հանել այդ կետը, սակայն ժողովրդի աչքում չտուժեց՚:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Լուսանկարում՝ Իգոր Մուրադյանը