Ռուսաստանի ստրկատիրական գերիշխանությունից դուրս Հայաստան. ԱՄԿ

1939

Ծանոթ. – 1966 թ ապրիլի 24-ին հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ): ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը (մահացել է 1989-ին), Ստեփան Զատիկյանը (գնդակահարվել է Մոսկվայում 1979-ին) եւ Շահեն Հարությունյանը (քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հայրը): ԽՍՀՄ տարածքում Հայաստանը դարձավ միակ հանրապետությունը, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն: Ներկայացնում ենք մի հատված խորհրդահայ այլախոհ, 8 տարի անազատություն կրած Վարդան Հարությունյանի ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ արժեքավոր հատորից, որը ամբողջությամբ հասանելի է նաև ԱՆԻ կենտրոնի կայքում:

download

1966 թվականի հոկտեմբերին Հայկազ Խաչատրյանը եւ նրա համախոհներ Ստեփան Զատիկյանն ու Շահեն Հարությունյանը հիմնադրում են Ազգային միացյալ կուսակցությունը: Այս կուսակցությունն էապես տարբերվում էր իրենից առաջ եղած բոլոր կազմակերպություններից: Մինչ այդ գործող կազմակերպություններն ու անհատները հիմնականում հանդես էին գալիս հայրենասիրության դիրքերից, առաջ քաշում Ղարաբաղի, Նախիջեւանի, Ցեղասպանության խնդիրները, արծարծում Հայկական հարցը եւ չէին պատկերացնում կամ իրենց առջեւ խնդիր չէին դնում տեսնել Հայաստանը ԽՍՀՄ կազմից դուրս՝ որպես անկախ պետություն:

Իհարկե, բացառություններ կային: Դեռեւս 1964-ին «Յոթի գործ»-ով դատավարության ժամանակ է արձանագրվել, որ դատապարտյալներից ոմանք՝ Խաչիկ Սաֆարյանը, Գրիգոր Եղյանը, իրենց գրավոր տեքստերում, իսկ Մերուժան Հովհանիսյանը՝ բանավոր ելույթներում, խոսել են անկախ Հայաստանի հեռանկարի մասին: Իր այս ցանկության մասին Մերուժան Հովհաննիսյանը հայտարարել էր նաեւ դատարանի դահլիճում: Սակայն, սրանք եղել են ընդամենը ցանկություններ, չեն կրել համակարգված բնույթ, եւ որ ամենակարեւորն է՝ չեն եղել ծրագրային: Մինչեւ ԱՄԿ-ն՝ չի եղել որեւէ կազմակերպություն, խումբ, խմբակ կամ անհատ այլախոհ, որն իր առաջնային նպատակը համարեր անկախ Հայաստանի համար պայքարը:

ԱՄԿ-ն անկախ Հայաստանի ստեղծման համար պայքարող կուսակցություն էր: Յուրաքանչյուր ԱՄԿ-ական՝ կուսակցության շարքերն ընդունվելիս պետք է իմանար, որ դա է լինելու իր կյանքի գլխավոր նպատակը: ԱՄԿ ծրագրից հետեւում է, որ այս կառույցն իրեն պատկերացնում է ոչ միայն որպես դասական կուսակցություն, այլ նաեւ՝ որպես հայ ժողովրդի անունից հանդես եկող միավոր, որպես միջպետական ու միջազգային շփումների կողմ: Ըստ ԱՄԿ ծրագրի՝ այս կազմակերպության կարեւորագույն հատկանիշներն են.

  1. Ազգայնական չէ: Նրա էությանը խորթ են «միլիտարիզմը, թթու ազգայնականությունը, գերիշխանության ձգտումը (դիկտատուրա), ռասայական խտրականությունը»:
  2. Հարգում է հարեւան ազգերին ու ճանաչում նրանց իրավունքը. «Վիճելի բոլոր հարցերը ԱՄԿ-ն պարտավոր է լուծել խաղաղ, փոխադարձ զիջումների եւ հարգանքի միջոցով, առանց թույլ տալու մեկ ուրիշի միջամտությունը, հարգելով դրացի ազգերի սուվերենությունը եւ արժանապատվությունը» :
  3. Հարգում է միջազգային իրավունքը եւ հենվում այդ իրավունքին:
  4. Խաղաղարար եւ խաղաղասեր է:

Ուշադիր ընթերցողը կնկատի, որ ծրագրի յուրաքանչյուր դրույթ ունի ճշգրիտ ձեւակերպում եւ այլակարծությունների ու տարընթերցումների տեղիք չի տալիս: ԱՄԿ-ի էությունն ընդգծող ծրագրի 6-րդ կետը՝ շեշտելու համար ամբողջությամբ գրված է մեծատառով. «ԱՄԿ-ի ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ Է ԱԶԱՏԱԳՐԵԼ ԱԶԳԸ ՕՏԱՐԻ ԼԾԻՑ, ԴՈՒՐՍ ԳԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՏՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԵԶՈՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

ԱՄԿ-ն նոր երեւոյթ դարձավ ոչ միայն հայկական իրականության մեջ, այլեւ ողջ ԽՍՀՄ-ում, եւ այդ հսկա կայսրության տարածքում միակ ընդհատակյա կուսակցությունն էր, որ չնայած ճնշումներին, հալածանքներին, կալանավորումներին՝ իր հիմնադրման պահից մինչեւ ԽՍՀՄ փլուզումն անխափան ու անընդհատ գործեց: Փաստորեն, ստեղծվել էր ընդհատակյա կենսունակ այնպիսի կառույց, որի դեմ անզոր գտնվեց խորհրդային անվտանգության համակարգը: Հետեւողականորեն կալանավորում եւ երկարատեւ պատժաչափերի էին դատապարտում ԱՄԿ-ականներին, սիբիրյան կամ ուրալյան կալանավայրեր էին տեղափոխում, բայց դրան զուգահեռ՝ Հայաստանում նորանոր մարդիկ էին անդամագրվում ու շարունակում ԱՄԿ-ի անունից գործել:

1968-ից հետո՝ քաղաքական նկատառումներով դատապարտվածների գերակշիռ մասը կամ ԱՄԿ-ական է եղել, կամ առնչություններ է ունեցել ԱՄԿ-ի հետ: ԱՄԿ-ականների եւ ոչ ԱՄԿ-ական հայ այլախոհների տարբերություններից մեկն էլ այն էր, որ ԱՄԿ-ականները դատավարությունների ընթացքում, չնչին բացառություններով, իրենց մեղավոր չէին ճանաչում ու չէին զղջում իրենց ծավալած գործողությունների համար: Հակառակը՝ նրանք հայտարարում էին, որ ԱՄԿ անդամ են, մնում են հավատարիմ ԱՄԿ սկզբունքներին եւ իրենց մեղավոր չեն ճանաչում: Իսկ մինչ ԱՄԿ-ականները՝ դատապարտված գործիչներից շատերը հեշտությամբ հանդես էին գալիս զղջման հայտարարություններով: Եթե համեմատենք այս գրքում ներկայացված քաղբանտարկյալների դատավճիռները, չենք կարող չնկատել այդ իրողությունը: Իհարկե, դատավարությունների ժամանակ դրսեւորած այս արժանապատիվ կեցվածքն ԱՄԿ-ականների մենաշնորհը չէր: Եղել են նաեւ ոչ ԱՄԿ-ականներ, որոնք նման կեցվածք են դրսեւորել, օրինակ՝ Զավեն Հարությունյանը 1967 թ. դատավարության ժամանակ: Նույն կեցվածքն են որդեգրել նաեւ 1970-ականների կեսերին եւ 1980-ականների առաջին կեսին դատապարտված իրավապաշտպաններն ու անհատ այլախոհները, բայց ԱՄԿ-ականներն այս տեսակետից շահեկանորեն տարբերվում են մյուսներից:

1988-ին ԱՄԿ-ն ինքնալուծարվեց, որի հենքի վրա Պարույր Հայրիկյանն ստեղծեց Ազգային ինքնորոշում միավորումը: Այնուհետեւ նախկին ԱՄԿ-ականների կողմից ստեղծվեցին Հայաստանի հանրապետական կուսակցությունը (Աշոտ Նավասարդյան) եւ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը (Ազատ Արշակյան):

Ազգային միացյալ կուսակցության ծրագիրը

ԱՄԿ-ն քաղաքական, դեմոկրատական, հասարակական կազմակերպություն է, որի անդամը պետք է լինի ամբողջ հայության գիտակից տարրը: Հայ ժողովրդի միասնականությունը, ազգային հոգեբանության եւ բնորոշ կողմերի անխախտ պահպանումը, փոխադարձ սիրո առկայությունը ներկայումս հանդիսանում է ամբողջ աշխարհի հայ տարրի հիմնական բնույթը, որի շնորհիվ այդ տառապած, հայրենիքից քշված ժողովուրդը կկարողանա հասնել իր բարի նպատակների, իղձերի իրականացմանը՝ կկարողանա վերականգնել կորցրած պետականությունը, կվերադարձնի հափշտակված, սրբապղծված Հայրենի Հողը: Եւ ամենից կարեւորն է, Հայ ապրելու իր սեփական տան մեջ, իր սուրբ հողի վրա, նորից կստեղծի այն աշխարհահռչակ դրախտը, որ հիշատակվում է Սուրբ Գրքում, քանզի նա ունի այն բոլոր առավելությունները, որով օժտված է մարդը լայն իմաստով:

1) ԱՄԿ-ն իր հասարակական, քաղաքական, գաղափարական գործունեության ընթացքում զավթողական ոչ մի նպատակ չպետք է ունենա, կուսակցության ազգային-ազատագրական գաղափարներին խորթ են միլիտարիզմը, թթու ազգայնականությունը, գերիշխանության ձգտումը (դիկտատուրա), ռասայական խտրականությունը եւ միջազգային օրենքների կոպիտ խախտումը:

2) Դրացի բոլոր ազգերի հետ ԱՄԿ-ն պետք է ձգտի բարի եւ անկեղծ եղբայրական հարաբերությունների մեջ լինել: Վիճելի բոլոր հարցերը ԱՄԿ-ն պարտավոր է լուծել խաղաղ, փոխադարձ զիջումների եւ հարգանքի միջոցով, առանց թույլ տալու մեկ ուրիշի միջամտությունը, հարգելով դրացի ազգերի սուվերենությունը եւ արժանապատվությունը:

3) Բոլոր այն ազգերը, որոնք կցանկանան ազնիվ, եղբայրական փոխհարաբերությունների մեջ մտնել Հայ ժողովրդի հետ, օգնության ձեռք կմեկնեն կամ օգնության կարիք կզգան առանց շահամոլության, ԱՄԿ-ի սրբազան պարտքն է սրտաբաց դիմավորելու եւ ողջունելու նման մարդասիրական քայլը:

4) Այն ազգը, որ վստահ լինելով իր ազգային բազմաքանակության եւ զենքի հզորության վրա, կձգտի զարտուղի ստոր ճանապարհներով, թաքնված բարեկամի դիմակի տակ, իր գերիշխանությունը տարածել, երկիրը կողոպտել եւ ստրկացնել, ԱՄԿ-ն պարտավոր է նախ դիվանագիտական միջոցներով, իմաստուն, խոհեմ, օգտագործելով մտքի ուժը, հիմնվելով միջազգային օրենքների վրա, անվեհեր խիզախությամբ եւ հաստատակամությամբ հեռացնել վտանգն իր հայրենիքից, աշխատելով վերջ դնել օրհասական պատերազմի վտանգին:

Եթե դիվանագիտական միջոցները չօգնեն խաղաղության գործին, բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը, եւ թշնամին ավազակային ոտնձգություն կանի, հաշվի չառնելով ուրիշ ազգերի արժանապատվությունը, ԱՄԿ-ն ոտքի պետք է հանի ամբողջ ժողովրդին թշնամու դեմ: Միասնական ուժի, խիզախորեն պայքարի նվիրվածության, Հարենիքի ջերմ սիրո, նրա ազատության եւ խաղաղության համար մարտնչող ուժի դեմ բոլոր իմպերիալիստներն ազնոր կլինեն:

5) Քանի դեռ  գոյություն չունի Ազատ եւ Անկախ Հայաստան, նշանակում է՝ բացակայում է ամենակարեւոր բանը լիարժեք ազգ կամ պետություն կոչվելու համար: Հայրենասեր մարտնչող ուժի վրա ծանրանում է այդ առաջնային ու դժվարին խնդիրը:

6) ԱՄԿ-ի ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ Է ԱԶԱՏԱԳՐԵԼ ԱԶԳԸ ՕՏԱՐ ԼԾԻՑ, ԴՈՒՐՍ ԳԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՏՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԵԶՈՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:

7) Պայքարել Միացյալ Հայկական Պետություն ստեղծելու համար, իսկ հետագայում նաեւ Կիլիկիայի Հայկական հանրապետության ստեղծման համար:

8) Հայաստանում կլինի մեկ հասարակարգ՝ ծնունդ կյանքի օրենքների, ապրելակերպի, ազնիվ աշխատանքի եւ ջերմ հայրենասիրության: Այդ հասարակարգում չեն լինի հզորն ու տերը: Հայ ազգի մեջ եղած բոլոր հասարակական կողմերը, որոնք արգասիքն են ճնշման եւ բռնությունների, արագ կերպով արմատախիլ կլինեն, եթե ժողովուրդը տերն ու տնօրենը կլինի իր Հայրենիքի եւ ունեցվածքի:

9) ԱՄԿ-ն անողոք պայքար պետք է ծավալի հայ ժողովրդին կողոպտելու դեմ, նրա ողջ հարստությունը Ռուսաստան տեղափոխելու դեմ: Հայ ժողովրդի ստեղծած բարիքները, երկրի ընդերքում գտնվող հարստությունը, երկրի ամբողջ տնտեսությունը մեկ տնօրեն պետք է ունենա՝ Հայ ժողովուրդը:

10) Անողոք պայքար սկսել մոսկովյան գերիշխանության դեմ, կամայականությունների եւ բռնությունների դեմ, որից հեծում եւ տնքում է ամբողջ ազգը: Ազատագրել ազգը նման անմարդկային, միջազգային օրենքներով անթույլատրելի վիճակից:

11) Պահանջել Ռուսաստանից՝ խաղաղ ճանապարհով վերադարձնել Հայաստանին այն հողային տարածությունները, որ անօրինական կարգով տրվել են Ադրբեջանին եւ Վրաստանին: Միեւնույն ժամանակ ամեն կերպ պետք է խուսափել ռուսական ստոր քաղաքականությունից, որը նա գործադրում է իր ամբողջ գոյության ընթացքում, բոլոր ազգերի նկատմամբ՝ հեռու թե մոտիկ, այսինքն՝ չներգրավվել նրա հրահրած կեղտոտ ազգամիջյան խառնակչություններին եւ չվստահել ոչ մի բանում:

Եթե Ռուսաստանը կփորձի արդարացի պահանջների դեմ ուժ գործադրել, այն ժամանակ ԱՄԿ-ի պարտքն է գործադրել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք հարկավոր կլինեն սանձելու բռնությունը, նման դեպքերում ԱՄԿ-ն կլինի անողոք:

12) ԱՄԿ-ն պետք է պահանջի ներկա կառավարությունից, որպեսզի վերականգնվի ազգային բանակը եւ սպառազինվի ժամանակակից առաջնակարգ զենքով, որի համար Հայաստանը մեծ հնարավորություններ ունի: Ամբողջ հայ զինվորականությունը, սկսած շարքային զինվորից մինչեւ մարշալն ու ծովակալը, պետք է վերադառնան իրենց հայրենիքը՝ Հայաստան: Պետք է վերադարձնել նաեւ բոլոր գիտնականներին, գյուտարարներին ու մասնագետներին, որոնք իրենց տաղանդով պարտական են միմիայն Հայ ժողովրդին, բայց իրենց գիտելիքները տալիս են Ռուսաստանին, իսկ հայրենիքի եւ ազգի համար ոչինչ  չեն ներկայացնում:

13) ԱՄԿ-ի նպատակն է ներկայիս Հայկական հանրապետությունը, որը կեղծ պետություն է իր խաբեբայական սիստեմով, դարձնել իսկական Արժեք պետություն, որը ոչ միայն չպետք է ենթարկվի օտարի հրամաններին եւ դուրս գա նրա ստրկատիրական գերիշխանությունից, այլեւ այդ Անկախ Հայաստանը պետք է ունենա զորք, զենք եւ դրամ (ոսկու պաշար):

14) Եթե Ռուսաստանը կցանկանա անշահախնդիր, բարեկամական հարաբերությունների մեջ մտնել Հայկական Հանրապետության հետ, Հայաստանը երբեք չի հրաժարվի անկեղծ բարեկամությունից:

15) ԱՄԿ-ի սրբազան պարտքն է իր բողոքի ձայնը բարձրացնել Հայկական դատին արդարացի լուծում տալու համար եւ եռանդուն պայքար ծավալել Արեւմտյան Հայաստանի ստեղծման համար, որպեսզի աշխարհի բոլոր կողմերից երեք միլիոնից ավելի թափառական հայեր վերադառնան իրենց հազարամյակների օրրանը, որը շատ կարեւոր դեր կխաղա խաղաղության համար Միջին Արեւելքում եւ ամբողջ աշխարհում:

ԱՄԿ-ի այս ազնիվ ձգտումներն իրականացնելու համար, կուսակցության յուրաքանչյուր անդամից պահանջվում է․

ա. ջերմ սեր դեպի հայրենիքն ու ազգը

բ. անձնազոհություն

գ. համառություն, տոկունություն, եւ խիզախություն

դ. վստահություն իր ճշմարտացիության, գիտելիքների եւ հաղթանակի վրա

ե. հավատ դեպի ընկերը եւ կուսակցությունը

Լինել խորաթափանց եւ աչալուրջ: Ինչպես Սուրբ Գրքում ամփոփված ասվում է՝ Հույս, Հավատ եւ Սեր:

ԱՄԿ-ի ծրագիրն ընդհանուր համաձայնությունից եւ հաստատումից հետո ենթակա չէ քննարկման եւ փոփոխությունների այնքան ժամանակ, մինչեւ իրադրությունների արմատական փոփոխություններ տեղի չունենան: Ծրագիրը միշտ էլ ենթակա է նույն գաղափարական նպատակներին ծառայող խնդիրների ավելացմանը:

ԱՄԿի կանոնադրությունը

Այս կազմակերպությունը վերաբերում է միայն հայ ազգին: Շատ հազվագյուտ բացառությամբ՝ կարող են անդամ լինել օտար ազգի միայն այն քաղաքական գործիչները կամ արվեստագետները, հայագետները, որոնք կանգնած են ճնշված ազգերի պաշտպանության դիրքերում:

Աշխարհի ամեն մի մասում ապրող հայ ազգի ամեն մի զավակ իրավունք ունի մտնելու «Ազգային միացյալ կուսակցություն»  հասարակական-քաղաքական կազմակերպության շարքերը, առանց սեռի, կրթական մակարդակի խտրականության:

  1. ԱՄԿ-ի անդամ կարող են լինել 18 տարեկանից ոչ պակաս անձինք, որոնք կընդունեն ԱՄԿ-ի ծրագիրը, կանոնադրությունը եւ Ազգային Սրբազան Երդումը:
  2. ԱՄԿ-ի անդամը պարտավոր է սրբությամբ կատարել կուսակցության ծրագիրը, նրա իրագործումը կյանքում՝ ի նպաստ Ազգի եւ Հայրենիքի պահանջների:
  3. ԱՄԿ-ի անդամը պարտադիր կերպով պետք է զբաղվի ինքնազարգացմամբ եւ աչալուրջ կերպով հետեւի միջազգային իրադարձություններին:

ա. պետք է ուսումնասիրի փիլիսոփայություն, պատմություն, հատկապես Հայոց պատմություն 19-20-րդ դարերի, կրոն (բոլոր դավանանքների), մոտ անցյալի եւ ժամանակակից միջազգային քաղաքականություն, հատկապես այն ազգերի, որոնք անմիջական առնչություն ունեն Հայ ազգի, նրա ճակատագրի հետ:

բ. պետք է լինել բարի եւ ազնիվ, միեւնույն ժամանակ անողոք չարի նկատմամբ:

  1. ԱՄԿ-ի բարձրագույն ղեկավար մարմինը հանդիսանում է Գլխավոր խորհուրդը, որի որոշումները խստորեն պարտադիր են կուսակցության յուրաքանչյուր անդամի համար:
  2. ԱՄԿ-ի բոլոր անդամները պարտադիր կերպով տալիս են իրենց նյութական օգնությունը՝ անդամավճարը, սահմանված չափով:
  3. ԱՄԿ-ի յուրաքանչյուր անդամ անմիջականորեն ենթարկվում է իր խմբի ղեկավարին, որն ընտրովի է: Խմբի ղեկավարները հաշվի են առնում խմբի անդամների կարծիքը եւ խորհուրդները, բայց վճռական ձայնը պատկանում է խմբի ղեկավարին:
  4. Խմբի ղեկավարները անմիջականորեն ենթարկվում են Գլխավոր խորհրդին:
  5. ԱՄԿ-ի յուրաքանչյուր անդամից խստորեն պահանջվում է սրբությամբ պահպանել կուսակցության գաղտնիքները: Դավաճանության դեպքում կդիտվի որպես ազգի ու Հայրենիքի դավաճան:
  6. ԱՄԿ-ի բոլոր անդամները, որոնք ընդունում են կուսակցության կանոնադրությունը եւ Ազգային Սրբազան Երդումը, պարտադիր կերպով ենթարկվում են ԱՄԿ-ի քաղաքական եւ գաղափարական գործունեությանը:

ԱՄԿ գործով առաջին դատավարությունը

Ազգային միացյալ կուսակցության գործով առաջին դատավարությունն ընթացել է 1969 թ. հունվարին: Ամբաստանյալները երեքն էին՝ Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը եւ Շահեն Հարությունյանը: Նրանք մեղադրվում էին ՀԽՍՀ քր. օր-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա և պրոպագանդա) եւ 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը): Բացի այս հոդվածներից, Հայկազ Խաչատրյանը մեղադրվում էր նաեւ 232 հոդվածով (ապօրինի կերպով զենք, զինամթերք կամ պայթուցիկ նյութեր կրելը, պահելը, պատրաստելը, ձեռք բերելը կամ վաճառելը), ինչի համար դատապարտվում է 2 տարի ազատազրկման: Խոսքը ռազմաճակատից բերած ատրճանակի մասին էր, որն առգրավել էին նրա բնակարանի խուզարկության ժամանակ: Իսկ Շահեն Հարությունյանը մեղադրվում էր նաև 211 հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ հափշտակելը կամ փչացնելը), ինչի համար դատապարտվում է 1 տարի ազատազրկման: Ե՛ւ Հայկազ Խաչատրյանը, ե՛ւ Շահեն Հարությունյանն այս վերջին երկու հոդվածներով նախատեսված պատժի կրումից ազատվում են հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի կապակցությամբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1967 թվականի հոկտեմբերի 31-ի ներում շնորհելու մասին հրամանագրի համաձայն:

Լուսանկարում՝ ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրյանը