Ղարաբաղի վերջին դէպքերը (մաս Ե)․ Արսէն Միքայէլեան

7922

ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել ՀՅԴ գործիչներից Արսեն Միքայելյանի «Ղարաբաղի վերջին դէպքերը» հոդվածաշարը, որը լույս է տեսել ՀՅԴ Բոստոնի ՀԱՅՐԵՆԻՔ ամսագրի 1923 թվականի համարներում։ Ծնունդով Արցախից Արսեն Միքայելյանի այս հոդվածաշարը հավելյալ լույս է սփռում Արցախի 1919-1920 թթ․ դեպքերին, այդ թվում՝ Շուշիի հայերի 1920թ մարտյան կոտորածին։ 1920թ մայիսի 24-ին Արսեն Միքայելյանի, Դրոյի, Նժդեհի և գնդապետ Դմիտրի Միրիմանյանի խորհրդակցությունը Արցախի Ավետարանոց, այն ժամանակ՝ Չանախչի գյուղում, որոշում է Ղարաբաղում իշխանությունը հանձնել տեղի հայ բոլշևիկներին Սարգիս Համբարձումյանի գլխավորությամբ։  

Ներկայացնում ենք Ե մասը

———————————-

Քաղաքի ներկայացուցիչները սակայն պէտք է գիտնան որ գաւառի պատգամաւորները եւ ինտելիգենտ ուժերը չեն կարող մասնակցել համագումարին, եթէ վերջինս քաղաքի մէջ տեղի ունենայ, Սուլթանովի ոստիկաններու հսկողութեան տակ, երբ անկարելի է ազատ կերպով արտայայտուիլ եւ նպատակայարմար որոշումներ տալ: Փափաքելի է որ քաղաքի ներկայացուցիչները գաւառ գան, ուր եւ հնարաւոր կ’ըլլայ մանրամասնօրէն խօսակցիլ եւ ընդհանուր գետին գտնել՝ գործունէութեան համար:

Այդ տեսակցութեան արդիւնքը լինում է այն, որ անոնք խոստացան այդ ուղղութեամբ աշխատանք կատարել եւ համոզել քաղաքի իրենց ընկերները:

Քաղաքի այդ մեղկ եւ թոյլ տրամադրութեանց դիմաց կար գաւառի տրամադրութիւնը:

բ) Գաւառի ինտելիգենցիա.- Գաւառի գործիչները, որոնք Սուլթանովի անմիջական սպառնալիքներէն ազատ էին եւ նախօրոք հալածուած, տրամադրուած էին աւելի ակտիւ: Անոնց բոլորի տրամադրութիւնն ալ այն էր, որ Ադրբէջանին հաւատալ չի կարելի, որ նա զիկզակ ճանապարհներով, կամենում է տիրանալ այս հայաշատ շրջանին, եւ որ անհրաժեշտ է Ղարաբաղի հարցին շտապ կերպով վերջ տալ, միացնել Հայաստանի Հանրապետութեան եւ երկիրն ազատել այս անորոշ եւ անկանոն վիճակէն:

Անոնց մէկ մասը տրամադիր էր որ Հայաստանի կառավարութիւնն աւելի վճռական ըլլայ, ուրիշներ կողմնակից էին ընդհանուր ապստամբական շարժում առաջ բերել՝ գրաւելով կարեւոր դիրքեր եւ այդ բոլորը պատճառաբանում էին այն դժուարութեամբ, որ կարող է առաջ գալ գարնան ժամանակ, երբ Զանգեզուրի եւ Ղարաբաղի միջեւ գտնուած Հիքքեարի գետը կարող է յորդել եւ հայ զինուորներու օժանդակութիւնը դժուարացնել: Մինչեւ գարնան Ղարաբաղի հարցը պիտի փակել, այս էր գաւառի ինտելիգենցիայի մէկ մասի համոզումը:

գ) Գաւառի ժողովուրդ.- Գիւղացիութեան տրամադրութիւնն աւելի ռազմական էր եւ վրէժխնդրական: Զանազան շրջաններէ լուրեր էին գալիս, որ իրենք հազիւ կարողանում են զսպել աւելի ակտիւ տարրերին, որոնք կամենում են փոխվրէժ լուծել Խանքենտու դէպքերի համար: Այդ տարրերու մտադրութիւնն էր յարձակուել թաթարական Մալիբեկլու եւ Աւդալ-Գիւլաքլու գիւղերու վրայ: Մթնոլորտը ելեքտրականացած էր եւ մենք հազիւ էինք կարողանում այդ շարժման առաջքն առնել՝ պատճառաբանելով համագհումարի մօտալուտ ըլլալը:

Չնայած Ադրբէջանի բացարձակ պատրաստութիւններուն, Խանքենտու կոտորածին, Սուլթանովի սպառնալիքներուն եւ վերջնագրին, Ղար. Ինքն. Կեդր. Մարմինը որոշում է ընթացք չտալ ժողովրդեան հասունցած տրամադրութիւններուն, հետեւիլ սպասման քաղաքականութեան, անցքերն իրենց մանրամասնութիւններովը տեղեկագրել Զանգեզուր, զինուորական կազմակերպութիւններն աւելի ընդարձակել եւ սպասել եւ սպասել աւելի պատեհ առիթի:

Մեր այդ զգոյշ քաղաքականութեան արդիւնքն է լինում, որ որոշւում է ակտիւ կերպով մասնակցիլ համագումարին, անոր վայրը նշանակելով Շօշ գիւղը, որ քաղաքին շատ մօտ էր ընկած, առաջարկել որ քաղաքի պաշտօնական մարմիններն ու անհատները գան գաւառ՝ իրենց հաշիւներով եւ զեկուցումներով եւ ամէն կերպ ջանալ բոլոր տարրերը միացնել ընդհանուր գործունէութեան շուրջ:

Ղարաբաղի 8-րդ համագումարը.- Քաղաքի կուսակցութեանց ներկայացուցիչները, դժբախտաբար, չեն կարողանում համաձայնութեան եզր մը գտնել համագումարի տեղի մասին եւ միայն ընդհանուր համամտութիւն կայանում է այն ժամանակ, երբ Սուլթանովը սպառնում է եւ հրահանգում, որ ներկայացուցիչները պէտք է հաւաքուին Շուշի եւ որ ինքը խոստանում է պատգամաւորների անձեռնմխելիութիւն եւ խօսքի կատարեալ ազատութիւն:

Այդ վերջնական որոշումէն վերջ գաւառի ներկայացուցիչները յայտնում են, որ իրենք քաղաք երթալ չեն կարող եւ որ Ղարաբաղի բոլոր շրջանների ներկայացուցիչները, պէտք է հաւաքուեն Շօղ գիւղը: Գիւլստանի, Ջվանշիրի եւ Խաչէնի ներկայացուցիչները, խմբերով եւ զինուած, գիշեր ատեն եւ գաղտնի, անցնում են այդ շրջանները Վարանդայէն բաժնող Շուշի-Եւլախ խճուղիով, որ Ադրբէջանի հսկողութեան տակ էր, իրենց հետ բերելով ընտրող ժողովուրդի կամքը:

Վարանդայի բոլոր գիւղերի, ինչպէս նաեւ Դիզակի քանի մը գիւղերու ներկայացուցիչները հաւաքւում են Շօղ գիւղը: Բացառութիւն են կազմում Շուշի քաղաքը, որ վախէն չի կարողանում գաւառ անցնել, եւ Դիզակի որոշ շրջանները, որ շնորհիւ այդ շրջանի լիազօր Ա. Շ.-ի երկդիմութեան եւ բոլշեւիկներու հետ սիրաբանութեան, քաղաքի իր հայրենակիցներին է տալիս իր ձայնը:

Այսպիսով, շնորհիւ քաղաքի մեղկ ինտելիգենցիայի եւ Ա. Շ.-ի երկդիմի քաղաքականութեան, Ղարաբաղի հայութիւնը բաժանւում է երկու մասի եւ այդ պառակտումն ու անվստահութիւնը թողնում է ճնշիչ տպաւորութիւն բոլորի վրայ:

Երկու օր շարունակ տեղի են ունենում բանակցութիւններ գաւառի եւ քաղաքի միջեւ եւ գրաւոր առաջարկ-պատասխաններ: «Քաղաքը» կամենում է համոզել «գաւառին», որ գայ քաղաք, որ հոն ապահով է եւ ազատ կերպով կրնան իրենց կարծիքները յայտնել: Գաւառը չի վստահում քաղաք երթալ եւ Սուլթանովի սպառնալիքի տակ գործել ու պահանջում է, որ քաղաքի փոքրամասնութիւնը ենթարկուի գաւառի մեծամասնութեան կամքին: Այդ բանակցութիւնները ո՛չ մի արդիւնք չեն տալիս եւ համաձայնութիւն տեղի չի ունենում:

Քաղաքի ներկայացուցիչների թիւը հասնում էր 50-ի, որոնցմէ 7-8 հոգի թիւրիմացաբար Շուշի գացած էին, առաջուց տեղեկութիւն չունենալով համագումարի մասին: Նրանք երկու օր յետոյ, զանազան պատրուակներով եւ միջոցներով, գալիս են Շօշ գիւղը: Մնացածներէն 5-6 հոգի Ազգ. Խորհուրդի անդամներ են լինում եւ 10-12 հոգի ալ միշտ ձեռնպահ են մնում եւ կամ հակառակ բանաձեւեր քուէարկում, որով ժողովի վճռող ձայներու թիւը 2-3ը չի անցնում:

Գաւառի համագումարը, վերջին եւ լրիւ նիստին, 96 պատգամաւոր է ունենում, եւ բանաձեւերն անցնում են միաձայնութեամբ:

Քաղաքի ներկայացուցիչները, 23 ձայնով, վճռում են Ղարաբաղը համարել Ադրբէջանի անբաժան մասը: Եւ այդ որոշման վրայ յենուելով, Ադրբէջանի մամուլը վայնասուն է բարձրացնում եւ պահանջում է, համաձայն «ժողովրդի արտայայտած կամքին» , Ղարաբաղը պէտք է միացուի Ադրբէջանին:

Ղարաբաղի 8-րդ համագումարը, սակայն, տրամագծօրէն հակառակ բանաձեւ է հանում, որ եւ ուղարկւում է Անդրկովկասի դաշնակից պետութիւններին եւ միւս հանրապետութիւնների ներկայացուցիչներին:

Ահա այդ բանաձեւը.-

«1919 թ. օգոստոսի 15ին, Ղարաբաղի հայ ժողովուրդի ամբողջ ներկայացուցչութիւնը 7-րդ համագումարում, մանրամասն քննելով Ղարաբաղի քաղաքական վիճակը, այն իրաւական հողի վրայ էր կանգնած, որ վիճելի երկրամասերի այս կամ այն պետութեան հետ վերջնականապէս կցուելու խնդիրը կախուած է վեհաժողովի որոշումից եւ հետեւապէս ի զուր արիւնահեղութեան տեղիք չտալու եւ հարեւան ժողովրդի հետ խաղաղ կենակցելու համար՝ անհրաժեշտ է կեանքի այնպիսի ճանապարհ գծել, որ երկու ժողովուրդներն էլ համերաշխ եւ հանգիստ ապրեն:

Այդ հիման վրայ Ղարաբաղի հայութեան 7-րդ համագումարը, Ադրբէջանի կառավարութեան ներկայացուցիչների հետ որոշ հասկացողութեան գալով, մշակեց 26 կէտից բաղկացած ժամանակաւոր համաձայնութեան մի կանոնագիր: Հայ ժողովրդի ներկայացուցչութիւնն այն յոյսն ունէր, թէ այդ համաձայնութեամբ երկու ժողովուրդներն էլ հաշտ ու համերաշխ կը կենակցեն առանց աչառութեան եւ երկու ժողովրդին ալ համահաւասար վերաբերմունք ցոյց կուտայ եւ կարգ ու կանոնը կը պահպանէ:

8-րդ համագումարի Շօշու հաւաքուած պատգամաւորները դժբախտաբար ստիպուած են մատնանիշ անել այն տխուր եւ միանգամայն ցաւոտ հանգամանքը, որ համաձայնութիւնը կայացնելուց մինչեւ այսօր Ադրբէջանի կառավարութիւնը ոչ մի կարգ ու կանոն չկարողացաւ պահպանել Ղարաբաղում, այլ ընդհակառակը պատճառ եղաւ անիշխանութեան:

Անցեալներում ոչ մի ժամանակ հայ ժողովուրդը թէ՛ մարդկային զոհերով, թէ՛ տնտեսապէս այնքան վնասնէր չի կրել, որքան համաձայնութիւնը կայացնելուց յետոյ, շնորհիւ Ադրբէջանի կառավարութեան աչառութեան եւ թուլութեան:

Ակնյայտնի մարդասպաններ ու գողեր օրը ցերեկով սպանում, թալանում են խաղաղ ժողովուրդը եւ դրա դէմ ոչ մի միջոց ձեռք չէր առնում, մեղաւորները չէին պատժւում: Կանոնաւոր ասկեարները թալանում են խաղաղ ժողովուրդի տները, կոտորում տղամարդկանց, կանանց ու երեխաներին եւ ոչ ոք դրանցից չի պատժւում: Աւերուած գիւղերի հայ բնակիչները մինչեւ այսօր էլ թափառում են այս ու այն գիւղերում, եւ Ադրբէջանի կառավարութիւնը, հակառակ իր խոստման, դրանց չի բնակեցրել իրենց վայրերում: Ժամանակաւոր համաձայնութեան ամենագլխաւոր կէտերը միանգամայն խախտուած են Ադրբէջանի կառավարութեան կողմից:

Առաջին կէտը պարզ ասում է. «Ներկայ ժամանակաւոր համաձայնութիւնը ընդունւում է կողմերից մինչեւ այդ հարցի որոշումը խաղաղութեան վեհաժողովի կողմից, որի որոշումը պարտադիր է երկու կողմերի համար էլ»: Մինչդեռ Ղարաբաղի ժամանակաւոր գեներալ նահանգապետն իր սոյն տարւայ փետրուար 19-ի դրութեամբ, թիւ 1927, յանուն Շուշու Ազգային Խորհուրդի, յայտնում է հետեւեալը.-

«Յետոյ, օրակարգի իբրեւ առաջին կէտ, կը խնդրեմ քննութեան դնել Ղարաբաղի հարցի քաղաքական մասը՝ միանալու Ղարաբաղը Ադրբէջանի հետ, իբրեւ նրա տնտեսական անբաժանելի մասը»:

Բացի դրանից Ղարաբաղի ժամանակաւոր գեներալ նահանգապէտ Սուլթանովը, սոյն թուի փետրուար 14-ի՝ Ազգային Խորհուրդի, իր խորհուրդի հայ անդամների եւ հայ ինտելիգենցիայի ներկայացուցիչների պաշտօնական խորհրդակցութեան մէջ պարզ կերպով արտայայտուել է այն մտքով, որ խորհրդաժողով գոյութիւն չունի: Ահա այդ խօսքերը բառացիօրէն.-

«Ինչպէս կը նայի Ազգայի Խորհուրդը Ղարաբաղի ապագայի վրայ: Խաղաղութեան վեհաժողովն արդէն գոյութիւն չունի. Ֆրանսիան եւ Իտալիան չեն կարող իրենց ապուրը եփել, ուր մնաց մեր կերակուրը, եւ մենք ինքներս պէտք է դուրս գանք այս աննորմալ դրութիւնից»:

Այս խօսքերից պարզ հասկանալի է, որ Սուլթանովը մինչեւ իսկ ոչ մի արժէք չի տալիս վեհաժողովի որոշումներին, որին մենք երկու կողմերս էլ, ժամանակաւոր էինք ենթարկուել, հետեւապէս նա խախտում է մեր պայմանների հէնց առաջին կէտը:

Համաձայնութեան 7-րդ կէտը ասում է. «Միջազգային բնույթ կրող բոլոր սկզբունքային հարցերը չեն կարող կիրառուիլ՝ առանց Խորհուրդի նախնական քննութեան»: Մինչդեռ փետրուարի 18-ի դրութեամբ ժամանակաւոր գեներալ նահանգապէտ Սուլթանովը Շուշու Ազգային Խորհուրդին իր վերոյիշեալ պաշտօնական թղթով առաջարկում է ի քննութիւն ամենագլխաւոր սկզբունքային հարցը՝ Ղարաբաղի վիճակը ընդմիշտ կապելու Ադրբէջանի հետ:

Նախ՝ Շուշու ազգային Խորհուրդին չէ վերապահուած ոչ մի քաղաքական հարց քննելու իրաւունքը եւ երկրորդ՝ համաձայն 7-րդ կէտի, այդպիսի սկզբունքային խնդիր նախ պէտք է քննութեան առնուի նահանգապէտին կից խորհրդում եւ ապա առաջարկուի համագումարին, հետեւապէս եւ ամբողջապէս խախտուած է համաձայնութեան կէտը:

Համաձայնութեան 15րդ կէտը հետեւեալն է.- «Զինուորական մասերը բնակւում են Խանքենդում եւ Շուշում՝ խաղաղ ժամանակուայ կազմով», բայց ամբողջ ամսուայ ընթացքում այդ կէտը չէ պահպանուած: Զանգեզուրի դէմ երկու անգամ արշաւելու դէպքում թէ՛ Խանքենդ եւ թէ՛ Շուշի են մտել մի քանի գնդեր, որոնք եկել են Գանձակից, Բագուից եւ Զաքաթալայից: Եւ այդ գնդերը ահագին յուզում են առաջ բերել Ղարաբաղի ժողովուրդի մէջ:

16-րդ կէտը ասում է.- «Զօրական բոլոր տեղափոխութիւնները Լեռնային Ղարաբաղի շրջանում՝ Շուշու, Ջվանշիրի եւ Ջիբրայիլի գաւառներում, որոնք հայերով բնակուած են, կրնան տեղի ունենալ Խորհուրդի անդամների երկու-երրորդի համաձայնութեամբ»: Համաձայնութեան այս կէտը հիմնովին խախտուած է՝ սկսած 1919 թ. հոկտեմբեր ամսից մինչեւ այժմ: Ադրբէջանը մօտ 12 հազար զինուոր է անցկացրել Ասկերանից, Խանքենդուց եւ Շուշուց, հոկտեմբեր ամսին, դէպի Զանգեզուր, մինչդեռ այսպիսի մի կարեւոր խնդիր պէտք է քննութեան առնուէր Խորհրդում եւ որոշուէր ձայների երկու-երրորդի մեծամասնութեամբ:

Բացի դրանից Ադրբեջանի կառավարութիւնը պաշտօնապէս յայտնել է Ազգային Խորհրդին եւ Ջվանշիրի հայ ժողովուրդին, որ Աւան-Իւզբաշեանի կալուածքում զօրք պիտի կենտրոնացնէ. մի հանգամանք, որ միանգամայն խախտում է ամբողջ ժամանակաւոր համաձայնութիւնը:

Ղարաբաղի հայութեան 8-րդ համագումարը, քննութեան առնելով Ղարաբաղի ներկայ քաղաքական վիճակը եւ մանրամասն ծանօթանալով բոլոր վերոյիշեալ փաստերին, հետեւեալ եզրակացութեան եկաւ.-

Լեռնային Ղարաբաղի հայութեան 8-րդ համագումարը՝ բաղկացած 96 պատգամաւորներից՝ Գիւլստանի, Ջվանշիրի, Խաչէնի, Վարանդայի եւ Դիզակի շրջաններից,- որը տեղի ունեցաւ Շօշ գիւղում, 1920 թ. փետր. 28-ից մինչեւ մարտ 4-ը, մանրամասն եւ բազմակողմանի քննութեան առնելով լեռնային Ղարաբաղի ներկայ քաղաքական դրութիւնը, գտնում է, որ 7-րդ համագումարից յետոյ (22 օգոստոս, 1919 թ.) Ադրբէջանի կառավարութիւնը պարբերաբար խախտել է ժամանակաւոր համաձայնութեան ամենագլխաւոր կէտերը: 8-րդ համագումարը, համաձայն պատգամաորների իրենց ընտրած ժողովուրդի տուած մանդատի, հետեւեալ որոշումները կայացրեց.-

1.- Ադրբէջանի կառավարութիւնը պարբերաբար խախտել է Ղարաբաղի ժամանակաւոր համաձայնութեան ամենագլխաւոր կէտերը.

2.- 1920 թ. փետրուար 22-ին Խանքենդում, Ասկերանում եւ Շուշի-Եւլախ խճուղու վրայ կառավարութեան զորքերի եւ ագենտների ձեռքով, ակնյայտնի նպատակով կոտորուել են մի քանի հարիւր հայեր, թալանուել են  Խանքենդու հայերի բնակարանները եւ տարուել նրանց ունեցուածքը.

3.- 8-րդ համագումարը, հաւատարիմ մնալով 7-րդ համագումարի որոշումներին եւ երկուստեք ստորագրուած ժամանակաւոր համաձայնութեան, մինչեւ վեհաժողովի վերջնական որոշումը, Ղարաբաղի եւ առհասարակ Անդրկովկասեան հանրապետութիւնների սահմանների վերաբերյալ, պահանջում է Ադրբէջանի կառավարութիւնից, ժամանակաւոր համաձայնութեան կէտերի ամբողջական կիրառումը կեանքի մէջ.

4.- Վճռականապէս բողոքում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առաջ՝ Խանքենդում, Ասկերանում եւ Շուշի-Եւլախ խճուղու վրայ տեղի ունեցած անլուր կոտորածների առթիւ եւ կոչ է անում քաղաքակիրթ աշխարհի խղճին՝ վերջ տալու Ադրբէջանի նման քաղաքականութեան.

5.- Յայտնում է, որ նման դէպքերի կրկնութիւնը կը ստիպէ Լեռնային Ղարաբաղի հայութեան իրենց կեանքի եւ պատուի պաշտպանութեան համար համապատասխան միջոցների դիմել.

6.- Միաժամանակ 8-րդ համագումարը կոչ է ուղղում Ադրբէջանի թիւրք գիւղացիութեան իր բողոքի ձայնը միացնելու Լեռնային Ղարաբաղի հայութեան բողոքին, ինչպէս նաեւ դիմում է անում մամուլին.

7.- Եւ վերջապէս որոշում է այս բանաձեւի պատճէնը ուղարկել դաշնակից պետութիւնների Անդրկովկասի ներկայացուցիչ Հասկէլին. դաշնակից պետութիւնների դիւանագիտական եւ զինուորական ներկայացուցիչներին, ինչպէս նաեւ Ղարաբաղի ժամանակաւոր գեներալ նահանգապետին:

Նախագահ՝ Ղարաբաղի հայութեան 8-րդ համագումարի՝

1920թ. 6 Մարտի                                 Դ. ԱՌԱՔԵԼԵԱՆ

Համագումարէն վերջ

Սուլթանովի վերջնագիրը, որ կապուած էր զօրական պատրաստութիւնների հետ եւ համագումարի այս կերպ վերջանալը, որով Ղարաբաղի հայ ժողովուրդի կամքը երկուսի է բաժանում, խոր եւ սպառնական տպաւորութիւն է գործում բոլորի վրայ:

Ակնյայտնի էր, որ Ադրբէջանը կամենում է միանգամայն վերջ տալ Ղարաբաղի հարցին եւ, բնականօրէն, մենք չէինք կարող անտարբեր մնալ ու հանգիստ նստել:

Ղարաբաղի մէջ գտնուող հասարակական-քաղաքական գործիչները չէին միայն, որ կը զգային մօտալուտ վտանգը, այլ եւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբէջանի հայ ժողովուրդը եւ անոնց ղեկավարները:

Արժէ հոս յիշատակել երեք կարեւոր դրութիւններ, որոնք պարզ ապացոյցներ են դրսի հայութեան տրամադրութեանց:

ա) Գանձակեցիներու բողոքը.-  Մարտ 4-5-ին, Բագու, Ադրբէջանի կառավարութեան նախագահ Նասիբ-բէկ Ուսուբբէկովին հետեւեալ գրութիւնն է ուղարկւում.

«Գանձակ քաղաքի եւ իր գաւառի հայերի ծանր դրութիւնը վերջերս կատաստրոֆիկ է դառեր: Քաղաքի եւ գաւառի անզէն, անպաշտպան եւ անկասկած լոյեալ հայ ազգաբնակչութեան դէմ օրը ցերեկով կատարուող բռնութիւնների բազմաթիւ փաստերը սիսթեմատիք բնոյթ են ստացել եւ ժողովրդական զանգուածների մէջ այնպիսի խուճապ առաջացրել, որ ազգաբնակութիւնը թողնում է իր յամառ  աշխատանքով ստեղծած հարստութիւնները եւ ձգտում, որքան կարելի է շուտ, դուրս գալ այդ դժոխքից, որպէսզի, գուցէ եւ ժամանակաւորապէս, փրկէ իր ֆիզիքական գոյութիւնը: Անվերջ ու զազրելի ոճրագործութիւնների մթնոլորտում ահաբեկուած ազգաբնակութեան մինչեւ այժմ Գանձակում չտեսնուած ամենասոսկալի խուճապի եւ մասսայական գաղթի փաստը այնքան ակնյայտ է ու աղաղակող, որ հազիւ թէ որեւէ մէկը պիտի հերքէ, որ քաղաքի ու գաւառի հայութիւնը գլխովին գտնւում է կատարեալ տնտեսական աղքատացման եւ դանդաղ մահացութեան նախօրեակին, շնորհիւ անխուսափելի սովի, հիւանդութիւնների եւ այլ զրկանքների:

Այդ շրջանը, որ ապրել է ռէակցիայի, պատերազմի եւ անիշխանութեան բոլոր սարսափները եւ այնու ամենայնիւ մնացել անվնաս՝ շնորհիւ տեղական հայ եւ թիւրք դեմոկրատիաների ղեկավարների իմաստուն եւ համաձայնական քաղաքականութեան, այժմ, շնորհիւ անկախ Ադրբէջանի սահմաններում գործող ինչ որ մութ ուժերի որոգայթների, իր ամբողջ հայ ազգաբնակչութեամբ գտնւում է լիակատար աղքատացման ու բնաջնջման մահացու սպառնալիքի տակ, մինչդեռ այդ շրջանի հայութիւնը Ադրբէջանի հանրապետութեան առաջին իսկ օրից իր լիակատար ու անվերապահ լոյեալութիւնն է ցոյց տուել… Խորապէս բողոքում ենք եւ կարծում, որ յանուն երկու հարեւան դեմոկրատների բարձր ու պերմանետ շահերի, կառավարութիւնը պէտք է անյապաղ ամենախիստ միջոցներ ձեռք առնի պաշտպանելու Գանձակի եւ իր գաւառի հայերի պատիւը, կեանքն ու գոյքը» :

Գանձ. Հայր. Միութ. Նախագահ՝

ԱՐՇԱԿ ՄԻԱՆՍԱՏԵԱՆ

(Պատճէնն ուղարկւում է Հասկէլին, Ուորտրոպին, Վրաստանի հանրապետութեան նախագահին, Հայաստանի վարչապետին, Ադրբէջանի պարլամենտին, Հ. Յ. Դաշնակցութեան եւ Ժողովրդական կուսակցութիւններու ֆրակցիաներուն եւ Հայ Ազգային Խորհուրդին):

բ) Ղարաբաղցիների բողոքը.- Այդ նոյն ատեանները Երեւանի Ղարաբաղցիների Հայրենական Միութիւնը հետեւեալ գրութիւնն է ուղղում Հայաստանի պարլամենտի նախագահին եւ վարչապետ Խատիսեանին.-

«Ճշգրտօրէն ստուգուած հեռագիրների համաձայն, Ադրբէջանի կառավարութիւնը յանձնարարել է ընդհանուր նահանգապէտ Սուլթանովին եւ տաճկական գեներալ Խալիլ փաշային՝ նոր արշաւանքի ձեռնարկել Զանգեզուրի դէմ, ինչպէս եւ զինաթափել Ղարաբաղը: Վերջիններս այդ նպատակով կազմակերպել են թաթարական եւ քրտական ամենախոշոր հրոսակախմբեր: Պատրաստւում է հայերի հսկայական կոտորած, որի սկզբնաւորութիւնն են Խանքենդու եւ Աղդամի ջարդերը… Յառաջիկայ կոտորածի լուրը բուռն վրդովմունք ու յուզում առաջարկեց հայերի եւ յատկապէս այն Ղարաբաղցիների միջեւ, որոնց ընտանիքները հայրենիքում են գտնում…

Անտանտայի գերագոյն կոմիսարների աչքի առաջ պատրաստւում է Հայաստանի վերջին անվնաս մնացած շրջանի ոչնչացումը… Խնդրում ենք… վճռական քայլեր առնել… թիւրքական էմիսարների եւ Ադրբէջանի շովինիստական շրջանների արիւնալի ագրեսսիւ նպատակների առաջն առնելու համար»…

Նախագահ Երեւանի Ղարաբաղցիների Հայրենակցական Միութեան՝

Գ. ԲԱԼԱՅԵԱՆ

գ) «Աշխատաւոր»  թերթի մարտի 5-ի խմբագրականը.- «Թող պարզ լինի… գարունքին Ադրբէջանը քոչւորներին սարը բարձրացնելու պատրուակին տակ՝ սկսելու է ընդհանուր արշաւանք ամբողջ Զանգեզուրի դէմ եւ բոլոր կողմերից… Կարմիր Սուլթանովը Ղարաբաղում կազմում է քրտական-թաթարական զօրամասեր, որպէսզի հէնց տեղում վտանգ ստեղծէ հայերի համար: Միւս կողմից՝ դրամի եւ սպառնալիքի օգնութեամբ փորձում է համագումարի միջոցով փոխել Ղայբալիքէնդի ջարդից յետոյ կայացած «համաձայնութեան» պայմանները, զօրք մտցնելով այդ երկիրը:

Ադրբէջանի տարբեր վայրերում տեղի ունեցած հայկական մասնակի կոտորածները նպատակ ունէին ոչ միայն թուլացնել հայ տարրը այդ պետութեան սահմաններում առհասարակ, այլ եւ ահաբեկել Ղարաբաղը, կոնկրետ կերպով ցոյց տալով այն հեռանկարը, որ նրան սպասում է: Մարգարէ չ’պէտք ՝է լինել գուշակելու համար, որ Ղարաբաղը կանգնած է արիւնալի նախճիրների նախօրեակին, որովհետեւ կասկածից դուրս է, որ տեղացի հայութիւնը երբեք կամովին չի համաձայնի իր վիզը թեքել թրքական եաթաղանի հանդէպ…

Ինչպես անցեալում, այնպէս եւ այժմ, Ղարաբաղի փրկութիւնը նրա կազմակերպուած կամքն է ու կատարեալ վճռականութիւնը՝ ամէն գնով ապահովել իր ազատութիւնը, միանգամայն հաւատացած լինելով, որ իր հետ է այդ գործում ամբողջ հայութիւնը»…

Ղարաբաղից դուրս գտնուած հայութեան տրամադրութեան արտայայտութիւններն են ասոնք, որոնք համապատասխանում են իրականութեան եւ ապացոյց են, որ Ադրբէջանը զինական պատրաստութիւններ է տեսնում, արիւնի մէջ խեղդելու Ղարաբաղի հայութեան ազատութեան ձգտումը:

Հակառակ այդ վրդովումներուն, Ադրբէջանը մասնակի խստութիւններով եւ սպանութիւններով, համագումարէն վերջ, կանխապատրաստական աշխատանքներ էր կատարում՝ իր լայն եւ մտածուած ծրագիրը իրականացնելու համար:

ԱԴՐԲԷՋԱՆԵԱՆ ՔԱՅԼԵՐ

Մարտ 1.- Սուլթանովը, յատուկ հրամանով, արգիլում է Շուշի քաղաքի հայերի հեռանալը դէպի գաւառ: Գնացողներէն շատերը յետ են դարձւում եւ գոյքերն ալ գրաւում: Ադրբէջանի կառավարութեան հրահանգով ցուցակագրւում են բոլոր հայ սպաները, որպէսզի անոնք չկրնան գաւառ անցնիլ եւ գործօն դեր ստանձնել՝ ինքնապաշտպանական գործի մէջ:

Մարտ 3.- Շուշու բանտից փախչում են 7 բանտարկեալներ, որոնցմէ 3-ը հայ եւ 4-ը՝ թիւրք, բոլորն ալ նշանաւոր աւազակներ: Ասոնք անցնում են հայկական շրջանը, Վարանդա: Սուլթանովը երեք օրուայ պայմանաժամ է տալիս քաղաքի շրջակայքի հայ գիւղացիութեան՝ վերադարձնելու նրանց, սպառնալով, հակառակ դէպքում, ռմբակոծել Չանախչի եւ այլ հայկական գիւղեր:

Ինքնապաշտպանական Մարմնի եւ գաւառի ոստիկանութեան ջանքերով այդ փաղչողներէն մէկ մասը ձերբակալւում է  եւ յանձնւում Սուլթանովին՝ անակնկալ ընդհարումներու պատրուակ չստեղծելու համար:

Մարտ 4.- Խ. Սուլթանովը Ադրբէջանեան բանակի սպաներին տեղաւորում է հայկական թաղի կարեւոր դիրք ունեցող տներու մէջ, ամէն մէկի տրամադրութեան տակ դնելով 2-3 հասարակ զինուոր, իբրեւ ծառայողներ, չ’մոռանալով ուժեղացնել նաեւ հայկական թաղի թիւրք ոստիկաններու կազմը:

Մարտ. 6 – Շուշի է հասնում Ադրբէջանի բանակի ղեկավարներէն իշխան Մահմէտը:

Մարտ 7.- Դէպի Խանածախ երկարող ճանապարհի վրայ սպանւում են 4 Ջամալուեցի եւ 1 Ալըքլուիցի հայեր եւ Ջվանշիրի շարջանէն հայ ուսուցիչ մը:

Մարտ 8. – Շուշի քաղաքէն, հաւանօրէն զգալով Ադրբէջանի կողմէն գալիք մօտալուտ վտանգը, գաղտագողի կերպով հեռանում է սոց.-յեղափոխականներու պարագլուխ եւ Ղարաբաղը Ադրբէջանին միացնելու կողմնակից Արսօ Յովհաննիսեանը՝ իր ընտանիքով,- մի բան, որ բաւական խուճապ է առաջացնում ժողովրդի մէջ:

Մարտ 9.- Շուշի քաղաքէն գաւառ է անցնում նշանաւոր Դաշնակցական Յով. Ստեփանեանն իր ընտանիքով, որը նոյնպէս բացասական ազդեցութիւն է թողնում հասարակութեան վրայ:

Մարտ 10.- Եւլախ-Շուշի խճուղու վրայ նորէն սպանւում են 10 Ղարաբաղցի հայեր:

Մարտ 11.- Դէպի Շօշ գիւղ տանող ճամբուն վրայ, Հարամ Ջուր անուանուած տեղը, օրը ցերեկով, սպանւում են մէկ Շօշիցի եւ Մէկ Թաղլարցի հայեր:

Մարտ 13.- Քաղաքից դէպի Քարին Տակ գիւղը քտնուող ճամբուն վրայ Խալիփալուցի թաթարները սպաննում են մէկ Քարին-Տակցի հայ եւ վիրաւորում են մէկ ուրիշ հայ:

Մարտ 12.- Սուլթանովի հրամանով Շուշի քաղաք են մտնում 150 հոգի Հաճի-Սամլւեցի եւ Սուլթանովի հաւատարիմ զինուած թաթար գիւղացիներ, որոնց մուտքը ահ ու սարսափ է տարածում հայ բնակչութեան մէջ:

Մարտ 13.- Սուլթանովը յատուկ հրահանգ է ուղարկում Ղարաբաղի հայկական  շրջանի հայ ոստիկանապետներուն, որ իրենց ոստիկաններով կազմ ու պատրաստ վիճակի մէջ, մարտ 23-ին քաղաք գան՝ նահանգապետի բայրամը շնորհաւորելու: Այս հրահանգը նկատւում է, իբրեւ որոգայթ, գաւառի հայ զինուած ոստիկանութիւնը, թուով 250 հոգի, զինաթափելու եւ ձերբակալելու:

Այդ ժամանակաշրջանին է վերաբերւում նաեւ Սուլթանովի մէկ ձեռագիր հրահանգը, ուղղուած Մուսուլմանլարի կայազօրի պետին, որին հրաման է տրւում «հողի երեսից մաքրել Խծաբերդ, Տումի եւ Հին Թաղլար գիւղերը (ասոնք հայաշատ եւ ռազմունակ գիւղեր են, որոնց միջոցով Ղարաբաղի հայութիւնը կապ էր պահպանում Զանգեզուրի հետ):

ԱԴՐԲԷՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆԱԿԻ ՔԱՅԼԵՐ

Մարտ 13.- Զանգեզուրի Ազգային Խորհուրդը հեռագրում է Հայաստանի Խորհրդարանին.-

«Այս րոպէիս ստացուած տեղեկութիւնների գլխաւորութեամբ, Օրտուբաթի եւ Նախիջեւանի թաթարները՝ Ադրբէջանեան սպաների ղեկավարութեամբ, ընդհանուր յարձակում են գործում Գողթանի հայ գիւղերի վրայ՝ ոչնչացնելու եւ նուաճելու նպատակով: Հայ գիւղացիութիւնը մահուան կռիւ է վարում նենգաւոր եւ անպատիժ թշնամու դէմ՝ յանուն հերոսական, ազնիւ եւ աշխատասէր գիւղացիութեան» …

Մարտ 19.- Թաթարները, 5000 հոգով, տաճկական սպաների առաջնորդութեամբ, յարձակում գործեցին Բեօյիւք-Վէտիի եւ Բոշբուրուն սարի վրայ: Յարձակման անսպասելիութեան պատճառով թաթարներին յաջողուեց սկզբում ճնշել մեր զօրամսերին: Յարձակման այդ գրոհի ժամանակ սպանւում են 2 հայ սպայ եւ մի քանի զինուորներ:

Մարտ 20.- Թաթարները յարձակում գործեցին Նախիջեւանի խճուղու վրայ գտնւած Շիտաղլուի երկաթուղային կայանի վրայ:

Մարտ 20.- Սարդարապատի մօտերը, թաթարների կողմից, տեղի ունեցաւ յարձակում գնացքի վրայ, որով ճամբորդում էր ճանապարհների հաղորդակցութեան նախարարի օգնական Տէր-Միքայէլեանը, որը վիրաւորւում է ոտքից:

Այսպիսով պարզ երեւում է, որ այն ժամանակ, երբ մենք խաղաղ կերպով առաջ էինք տանում ինքնապաշտպանական մեր աշխատանքները, Ադրբէջանի կառավարութիւնը նախապատրաստական զինուրական ցոյցեր էր կատարում Ղարաբաղի մէջ, Օրտուբաթի կողմէն՝ Զանգեզուրի ուղղութեամբ եւ Հայաստանի Հանրապետութեան ներսը՝ թաթարական ապստամբութեամբ: Այդ բոլորը նշաններ էին, որ որոշ պատրաստութիւն է տեսնւում մօտ ատեանները իրենց փափաքած ծրագիրն իրագործելու՝ Ղարաբաղը գրաւելով եւ Զանգեզուրն ընկճելով:

Մենք հարկաւ հանգիստ ու անտարբեր մնալ չէինք կարող:

Մեր պատրաստութիւնները.- Այդ բոլոր դէպքերը եւ Ադրբէջանի զինուորական պատրաստութիւնները չէին կարող չստիպել մեզ, որ համապատասխան քայլերու չդիմենք: Ղարաբաղի Ինք. Կեդր. Մարմինը քանի մը նիստերու մէջ, փետր. 22-ի կոտորածէն եւ Համագումարէն յետոյ, որոշւում է հետեւեալ անհրաժեշտ քայլերը առնել.-

Ա) Գիշերային պահակներ.- Մասնակի սպանութիւններու, թաթարական աւազակային խմբերի գործունէութեան առաջն առնելու եւ Ադրբէջանեան յանկարծակի յարձակումները կանխելու նպատակով՝ հրահանգ տրուեցաւ Ղարաբաղի Ինքնապաշտպանական եւ Զինուորական մարմիններուն գիշերային պահակներ նշանակելու, գիւղերի եւ կարեւոր ճակատների ապահովութեան համար.

Բ) Ռազմական փորձեր.- Շրջանի զինուորական կորիզներն աւելի ընդլայնելով, կարիք զգացուեցաւ քանի մը կարեւոր կեդրոններու մէջ կատարել զինուրական համախմբումներ: Հարիւրաւոր զինւորներու հրահանգ տրուեցաւ, երեք օրուայ պաշարով, հաւաքուել որոշեալ վայրերը, եւ այդ այն նպատակով որ կարողանանք իմանալ, թէ ինչպիսի՞ արագութեամբ են իրագործւում հրահանգնէրը՝ տրուած Զինուորական Մարմիններու կողմէն, որպէսզի վտանգի վայրկեանին կարող ըլլանք վստահիլ մեր ոյժերուն: Այդ փորձերն անցան բաւական յաջող կերպով:

Գ) Թնդանօթ.- 1918 թուի տաճկական արշաւանքի ժամանակ, Մսմնայ գիւղի ձորում, Վարանդայի գիւղացիները ջարդել էին տաճկական մի զօրագունդ եւ խլել երկու թնդանօթներ, բաւականաչափ թուով ռումբերով: Դաշնակիցներու յաղթանակէն յետոյ թնդանօթի որոշ մասեր եւ ռումբեր ցրուած էին զանազան գիւղեր: Անհրաժեշտ էր այդ բոլոր մասերը համախմբել, յատուկ վարպետ կանչել քաղաքէն, ժողվել ռումբերը եւ պատրաստ վիճակի մէջ դնել՝ վտանգի վայրկեանին գործածելու համար: Թնդանօթի շինութեան եւ գործածութեան հոգեբանական նշանակութիւն էինք տալիս՝ ոգեւորելու ժողովրդական զանգուածները: Այդ աշխատանքն ալ արագութեամբ գլուխ հանուեցաւ եւ թնդանօթը Տումիէն տեղափոխուեցաւ Սարուշէն, ուր վարպետ մը օրն ի բուն աշխատում էր անոր վրայ:

Դ) Թերթ.- Քաղաքի մեր ներկայացուցիչներու ջանքերու շնորհիւ գաւառ տեղափոխուեցաւ տպարան մը եւ հիմք դրուեցաւ «Ղարաբաղի Լրաբեր» ի, որ դէպքերէն վերջը դարձաւ «Ազատ Ղարաբաղ»  օրաթերթ, շատ փոքրիկ ծաւալով, ժողովրդին տեղեակ պահելու կացութեան եւ պայքարելու շրջուող եւ ելեքտրականացնող պրովոկասիոն լուրերի ազդեցութեան դէմ:

Ե) Ուժերու դասաւորում.- Զինուորական ներկայացուցիչներու յատուկ խորհրդակցութեան մէջ, որին մասնակցում էր եւ քաղաքի Ինքնապաշտպանութեան Մարմնի մէջ գործող զինուորական գլխապէտ Յ. Ս.-ը, որոշւում է, կռուի պարագային, ուժերը հետեւեալ կերպով դասաւորել.-

Ասկերան.– Դալի-Ղազարը, Խաչէնի եւ Քեաթուկի շրջանի 250 զինուորներով, պիտի գրաւէր եւ պաշտպանէր պատմական այդ կիրճը:

Խանքենտի.- Գնդապետ Զ. Մ. 450 զինուորներով, պիտի գրաւէր Խանքենտին, ուր կեդրոնացած էր թաթարական զօրագունդը մը եւ բաւական թուով ռազմամթերք: Միաժամանակ 100 հոգի պիտի գրաւէին Ղայբալիքենտ գիւղի բարձրունքները՝ արգիլելու Նարի Սամուլի կողմէն թիւրքերու յարձակումը:

Աղթարայի եւ Թառթառի շրջանում, 350 զինուորով, գլխապէտ Յ. Տէր Մարտիրոսեանը, պիտի հսկէր այդ շրջանի Ադրբէջանական զինուորներու շարժումներու վրայ:

Չանախչու գումարտակ.- 500 հոգի, գլխապէտ Ն. Ա.-ի ղեկավարութեամբ, պիտի կտրէր դէպի Զանգեզուր տանող խճուղին եւ պաշտպանէր քաղաքի թիկունքը:

Խծաբերդի շրջան.- 450 զինուորներ, գլխապէտ Յ. Ս.-ի հրամանատարութեամբ, պարտականութիւն ունէին կապ պահպանելու Զանգեզուրի հետ եւ նպաստելու, գրաւելով որոշ դիրքեր, հայկական զօրքերու յառաջխաղացման:

Շուշի քաղաք.- Քաղաքի Ինքն. Մարմնի հաղորդած տեղեկութիւններու հիման վրայ, հոն կային 120 հոգի կազմակերպուած եւ զինուած երիտասարդներ, եւ 40 հոգի հայ ոստիկաններ: Անհրաժեշտ էր, սակայն, դրսէն օգնութիւն հասցնել՝ քաղաքի ազգաբնակութիւնն աւելի ապահովելու համար:

Այդ նպատակով, դեռ առաջուց եղած խորհրդակցութիւններու հիման վրայ, Վարանդայի երկու ոստիկանապետերը – 45-ական զինուած ոստիկաններով եւ 160 հոգի ալ զինուած գիւղացիներ, վտանգի եւ կամ որեւէ շարժման ատեն, պիտի գաղտագողի ներս մտնէինք քաղաք՝ Ն. Ա.-ի հսկողութեամբ: Այդ ամբողջ զինուած ոյժերը-թուով մօտ 400 հոգի, պիտի գտնուէին քաղաքի Ինքն. Մարմնի եւ ոստիկանապէտ Տ. Տ. Ս.-ի հրամանի տակ:

Այդ ակտիւ ոյժերէն զատ, որոնց թիւը հասնում էր մօտ 2500 հոգի, կային նաեւ կրաւորական ինքնապաշտպանական դիրքեր գրաւոր ոյժեր. Գիւլստան, Ղզղուլայի եւ այլ շրջաններ – մօտ 500 զինուորներով:

Այդ պատրաստութիւններու ատեն տեսնուեցաւ, որ Ղարաբաղի Ինքն. Մարմինը, 21/2 ամսուայ ընթացքին, կրցել էր Ղարաբաղի կռուող զինուորական ոյժը հասցնել 3000 հոգու, որ ինքնին բաւական պատկառելի թիւ էր, որը սակայն դեռ բաւական չէր միայնակ որոշ քայլերի դիմելու: Անհրաժեշտ էր ապահովել օգնութիւն դրսէն: Եւ մեր յոյսը Զանգեզուրի վրայ էր, ուր գոյութիւն ունէր հայկական կարեւոր զօրամաս:

Զանգեզուրը եւ մենք.- Զանգեզուրի հետ մենք մշտական յարաբերութեան մէջ էինք: Պարբերաբար տեղեկութիւններ էինք հաղորդում – յատուկ սուրհանդակներու, զինուորական ոյժերու, Ադրբէջանի պատրաստութիւններու եւ զօրքերու տեղեկութեանց մասին:

Մեր կարեւոր նամակները հետեւեալ գլխաւոր դէպքերու հետ կապուած էին.-

Տանավարզի խորհրդակցութիւն.- Մենք յայտնեցինք Կեդր. Մարմնի կազմութեան, Ինքն. եւ Զինւ. Մարմիններու կանանագրութեան, Ադրբէջանեան լրտեսական ցանցի, ռազմամթերք ձեռք բերելու մեր միջոցներու եւ այն նախապատրաստական քայլերու մասին, շեշտելով, որ առանց Զանգեզուրի օգնութեան անկարելի է դրական եւ ակտիւ ինքնապաշտպանութիւն Ղարաբաղի մէջ:

Մարգուշեւանի դէպքեր.- Յայտնեցինք Ադրբէջանի քայլերի եւ նպատակների մասին. պարզեցինք անոր սպառնալիքները՝ Իւզբաշովկան գրաւելու, մեր ոյժերու անկազմակերպ եւ թոյլ վիճակն ու շեշտեցինք, որ որեւէ լուրջ կռուի ատեն Ղարաբղն անկարող է երեք օրէն աւելի դիմադրել: Ուստի եւ խնդրեցինք պատրաստ ըլլայ՝ մեզ օժանդակելու համար:

Փետրուարեան դէպքեր եւ համագումար.

-Մանրամասնօրէն տեղեկացուցինք մեր կատարած աշխատանքներու, Սուլթանովի վերջնագրի, ըրած սպառնալիքներու, զօրքերու կենդրոնացման եւ այլ դէպքերու մասին ու նորէն խնդրեցինք, որ վտանգի ատեն մեզ մոռացութեան չտան եւ ամենաարագ կերպով օգնութիւն հասցնեն Ղարաբաղին:

Մեր այս բոլոր նամակներին Զանգեզուրէն պատասխանում էին, յայտնելով իրենց պատրաստակամութիւնը՝ օգնելու. տալիս էին որոշ խորհուրդներ՝ կարեւոր դիրքեր գրաւելու համար, տալիս էին որոշ հրահանգնէր՝ Ղարաբաղի մէջ գտնուած զինուորական ներկայացուցիչներուն եւ միաժամանակ նպաստում էին զէնքերու եւ ռազմամթերքի փոխադրութեան:

Համագումարէն յետոյ.- Ընդարձակ նամակով պարզեցինք կացութիւնը, յայտնելով, որ դրութիւնը բաւական լուրջ է, որ Սուլթանովը որոշ պատրաստութիւններ է տեսնում, որ մեր քով գտնուած դրամը սպառուել է պաշտօնեաներին վճարելու պատճառով եւ խնդրում էինք որ մեզ յայտնեն, թէ ի՞նչ պիտի ըլլայ մեր յետագայ դիրքն ու ընելիքը:

Զանգէզուրէն մեզ պատասխանեցին, որ իրենք ամէն պատրաստութիւն տեսած են՝ Ղարաբաղին օգնութեան հասնելու, որ որոշ ուղղութեամբ իրենք ալ ոյժեր են կենդրոնացնում: Հրահանգում էին մեր ոյժերն ալ կեդրոնացնել եւ յատկապէս ուշադրութիւն դարձնել Ասկերանի վրայ:

Այսպիսով երկու կողմերն ալ, առանց վայրկեան կորցնելու, նախապատրաստական տենդոտ աշխատանքներ էին կատարում: Եւ այդ բոլոր պատրաստութիւններու արդիւնքը եղաւ այն, որ 1920 թուի մարտ 23-ին սկսուեցին կռիւներ՝ Ղարաբաղի բոլոր ճակատների վրայ:

ՀԱՅՐԵՆԻՔ, Ա. Տարի, թիւ 11, Սեպտեմբեր, էջ 110-119, 1923թ