Թուրք-հայկական վերջին պատերազմը

3532

1920թ. ամռանը Հայաստանը ներքաշվել էր միանգամից երեք պատերազմների մեջ: Հանրապետության զորքերը նոր էին ճնշել ներքին թաթարական խռովությունները, երբ հունիսին սկսվեցին թուրք-հայկական սահմանային կարճատև կռիվները, որոնք շարունակվեցին սեպտեմբերին` վերածվելով Հայաստանի համար ողբերգական հետևանքներով պատերազմի ու պարտության: Երկրի արևելյան սահմաններում` Իջևանում և Ղարաբաղում, հայկական ուժերը դժվարությամբ հետ էին մղում բոլշևիկ-թաթարական հարձակումները: Իրավիճակն ավելի էր բարդանում նրանով, որ երկրի ներսում թաթարական խռովությունները հրահրվում էին նաև Բաքվից, իսկ բոլշևիկներն ու քեմալականները արևելքից ու արևմուտքից հարձակումները համակարգում էին: Եվ ամենալուրջ հարվածը, որ ստանում էր Հայաստանը, հայ բոլշևիկների շարունակական դավերն էին, առաջին հերթին` հայկական զորքը կազմալուծելու, պետականությունը խորտակելու փորձերը:

Մայիսից սկսած ամբողջ երկիրը` մեծ ու փոքրով, ոտքի վրա էր: Բոլշևիկների դեմ կռիվները սպառեց ժողովրդի ուժերը: Ռուսական զորամասերը անվերջ հարձակումներ էին գործում հյուսիսային սահմանների վրա և միշտ երկիրը պահում ջղագրգիռ վիճակի մեջ: Մայիսից Զանգիբասարի, Վեդիբասարի և Շարուրի մահմեդական բնակչության դեմ կատարված զինվորական գործողությունները ևս հոգնեցրին զորքը և բարոյալքեցին շատերին` թալանի պատճառով, գրում է Վրացյանը: Պատերազմն սկսվեց այն ժամանակ, երբ Հայաստանում հավաքվում էր բերքը, և գյուղացու համար չափազանց դժվար էր հնձված ցորենը թողնել արտում, անձրևի տակ, և ճակատ մեկնել` սովի ճանկը գցելով իր ընտանիքը: Այլ պատճառներից էին զինվորական թերությունները, անվարժների ու թույլերի բանակ մտնելը, սպայության որոշ մասի ապիկարությունը:

Բոլշևիկները տեղյակ էին, որ Մուստաֆա Քեմալը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա: Եթե բոլշևիկները չկամենային, թուրքերը չէին համարձակվի շարժվել Հայաստանի վրա, հավատում էին ժամանակի հայ գործիչները: Բոլշևիկները ոչ միայն չկամեցան, այլև բարյացակամ գտնվեցին, երբ սեպտեմբերի 13-ին թուրքերը սկսեցին պատերազմական գործողություններ Հայաստանի դեմ: Հայաստանի վրա շարժվող թուրքական բանակում կային բոլշևիկ գործիչներ, որոնք աշխատում էին բարոյալքել, քայքայել թիկունքը և կազմալուծել հայկական զորքերը: Նրանք հարձակվում էին Ղազախի ուղղությամբ և ստիպում հայերին մեծ ուժեր պահել այդ շրջանում:

Բոլշևիկյան խռովությունները մայիսին ճնշելուց հետո Տեր-Մինասյանն անցնում է թաթարական ապստամբ շրջանների լռեցման աշխատանքներին: Եթե մայիսյան խռովությունները հրահրում էր Խորհրդային Ռուսաստանը, ապա թաթարական ապստամբ շրջանները աշխուժանում էին Ադրբեջանի և Թուրքիայի հետ գաղտնի հարաբերությունների շնորհիվ: Ապստամբ շրջանների հպատակեցումը Տեր-Մինասյանն սկսում է Զանգիբասարից` ՙ20-21 թուրք գյուղերից բաղկացած մի շատ հարուստ վայր՚ մոտ 30 հազար թաթար բնակչությամբ` Երևանից յոթ-ութ կիլոմետր հեռավորության վրա, որը Հայաստանի անկախության հռչակման օրից իրեն հայտարարել էր ՙինքնավար ու ինքնիշխան՚: Զանգիբասարով Ղամարլուն (Արտաշատ) բաժանվում էր Վաղարշապատի և Սուրմալուի շրջաններից, այն խոչընդոտ էր նաև Սուրմալու-Վաղարշապատ, Երևան-Վաղարշապատճանապարհներին: Երբ Զանգիբասարի տեղական մահմեդական իշխանությունը նույնիսկ հարկ չհամարեց պատասխանել Հայաստանի կառավարության` իր իշխանությունը ճանաչելու վերջնագրին, Տեր-Մինասյանը հրամայեց զենքի ուժով գրավել այդ շրջանը և այդ գործողության կատարումը հանձնարարեց Վաղարշապատի զորախմբի հրամանատար գնդապետ Արսեն Շահմազյանին: Հունիսի 18-ին սկսվեցին և 21-ին ավարտվեցին են ռազմական գործողությունները:

Ապա Կարսի նահանգի ածխահանքերի գրավման գործողությունից հետո Տեր- Մինասյանը ծրագրեց Վեդիբասարի հպատակեցումը, որն սկսվեց հուլիսի 12-ին: Գործողության հրամանատարը զորավար Շելկովնիկովն էր: Մեծ Վեդին գրավելուց հետո հայկական ուժերը հաղթական կռիվներով մաքրեցին Շարուրի շրջանը, Գայլի Դրունքը, Շահթախթը, հասան մինչև Նախիջևան: Հուլիսի 21-ին ՙՌուբենը զրահապատի վրա գնում է մինչև Բաշ-Նորաշեն և Նախիջևան, ամբողջ տարածության վրա ոչ մի թուրք չի եղել, բոլորը փախել և Ջուղայի կամրջով անցել են Պարսկաստան՚:

Տեր-Մինասյանի հրահանգով թաթարներից մաքրվում է նաև ՙՍևանա լճի արևելյան եզերքը` Կարակոյունլուի ձորը՚, իսկ սեպտեմբերին` Կողբը Արաքսի աջ ափին:

Հայ-թուրքական պատերազմը սկսվել էր հունիսի կեսերին, երբ հայկական զորքերը հարձակման էին անցնել Սարիղամիշից դեպի Օլթիի ածխահանքերը: Հունիսի 21-ին Կարսի զորքերի ընդհանուր հրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանը նախարար Տեր-Մինասյանին և ՀՀ բանակի գլխավոր հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյանին հեռագրով հայտնում է, որ երեք ուղղությամբ ձեռնարկված հարձակումն ավարտվել է Կոսորի և Փենյակի գրավմամբ:

Պատերազմը սկսեցին թուրքերը, թեև հայերն էլ հարմար առիթ էին փնտրում` ավելի ընդարձակելու հանրապետության սահմանները: Փարիզի պատվիրակությունից ստացվող տեղեկությունները հուսադրող էին: Կառավարական գրասենյակներում և զինվորական նախարարությունում բացահայտ խոսակցության նյութ էր Էրզրումի և Վանի գրավման հարցը: Օլթիի զինվորական ձեռնարկն էլ, եթե մի կողմից հետևանք էր առանց վառելիքի մնացած Հայաստանն ածուխով ապահովումը, մյուս կողմից` կառավարական և զինվորական շրջաններում նկատվում էր նախաքայլ շարժում դեպի Էրզրում:

ՙՀունիսի 18-ին մեր զորքերը, պատասխանելով անպատկառ թշնամու հանդուգն առաջխաղացմանը, առաջ են շարժվել Օլթիի ուղղությամբ` գրավելով Փենյակի շրջանը, որտեղ գտնվում են հարուստ ածխահանքերը: Թշնամու խոշոր ուժերը ցույց են տվել համառ դիմադրություն: Օլթիի շրջանը գրավելով` մեր զորքերի առաջ բացված են Արևմտյան Հայաստանի ճանապարհները՚,- գրում էր ՙՅառաջը՚:

Օլթին գրաված զորքերի ընդհանուր հրամանատար գեներալ Հովսեփյանի` կառավարությանը ուղարկած զեկուցագրում ասվում էր, որ ՙթուրք-քրդական հրոսակախմբերը նպատակ են դրել հարձակվել հանրապետական զորքերի վրա և շարժվել դեպի Հայաստանի խորքերը՚:

Օլթիի դեպքերից հետո քեմալականները դիմեցին Հայաստանի կառավարությանը` պահանջելով հետ քաշել հայկական զորքերը: Գրագրություն տեղի ունեցավ Բեքիր Սամի բեյի (Կունդահ)»և Հայաստանի արտգործնախարարության միջև: ՙԱնկասկած, արտգործնախարարության կողմից վրիպում էր սա. նախարար Բեքիր Սամիի նամակին պետք է պատասխաներ նախարարը (ոչ թե քարտուղարը): Այս սխալը ահագին զայրույթ և գրգռություն է առաջ բերել Անկարայում՚,- գրում է Վրացյանը:

Հունիսի 23-ին Հայաստանին հղած գրությունում Բեքիր Սամի բեյը նշում էր. ՙՄեր ազգը փափագում է բարեկամական հարաբերություններ պահել հայ ազգի հետ, հայկական շահերը թուրքականների հետ անհամապատասխան չեն: Ձեր պատգամավորությունը Մոսկվայում ռուս խորհրդային կառավարության հետ բանակցություններ է վարում, մենք էլ խորհրդային իշխանության հետ քաղաքական հարաբերություններ ձեռնարկած լինելով, միասնաբար աշխատում ենք պատերազմին վերջ տալ, ուստի ձեր հարձակումը բացարձակապես զարմանալի և ցավալի է՚:

Քեմալականներին պատասխան գրությունը ստորագրում է արտգործնախարարության քարտուղար Տեր-Հակոբյանը. ՙՀայ զորքերի վերջին ռազմական գործողությունները Օլթիի շրջանում նպատակ ունեին ազատել հայկական հողամասը անիշխանական տարրերից և երբեք ուղղված չէին իսլամ խաղաղ բնակչության դեմ: Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական փոխհարաբերությունների վերահաստատումը ամբողջովին կախված է թուրք ղեկավարներից, որոնք պետք է մի անգամ ընդմիշտ ճանաչեն հայ ազգի իրավունքները ամբողջական Հայաստանի սահմանների վերաբերյալ և վերջ դնեն Հայաստանի սահմաններում գործակալների գործունեությանը: Երբ ձեր Ազգային Մեծ Ժողովը հաստատի հայկական վիլայեթներում Հայաստանի անկախության իրավունքը հիշյալ սահմաններում, այն ժամանակ հայ ազգը հիմք կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև կանոնավոր փոխհարաբերություններ հաստատել՚:

Հայ-թուրքական տարակարծությունների պատճառն այլ էր: Վրացյանի խոսքերով` թուրքերը խոսում էին ՙԲրեստ-Լիտովսկի ու Բաթումի դաշնագրերի լեզվով՚, որն անհասկանալի էր Հայաստանում: Ածխահանքերի գրավումը սոսկ պատրվակ էր: Թուրքերը միջոցներ էին փնտրում` ՙստիպելու հայերին, որ հրաժարվեն Եվրոպայի միջամտությունից և այն դաշնագրից, որի նախագիծը կազմվել էր Սան Ռեմոյում և շուտով պիտի ստորագրվեր Սևրում՚: Հակառակը, ՙհայերը հենց Եվրոպայի և այդ դաշնագրի հետ էին կապել իրենց հույսերը՚ և չէին հավատում, թե հնարավոր է ուղղակի համաձայնությունը Թուրքիայի հետ: Թուրքերը դա գիտեին և պատրաստվում էին ՙՍևրին հակադրել երկաթե բռունցք՚:

Կառավարության և ՀՅԴ-ի շարքերում կային գործիչներ, ովքեր հակված էին թուրքերի հետ բանակցել և նրանց հետ լեզու գտնել: Այդ գործիչներից էր Ռուբեն Տեր-Մինասյանը: Հետագայում Խատիսյանը ևս մասամբ հակվեց այն տեսակետին, որ ՙժամանակին թուրք գործիչների հետ խոսակցությունները կարող էին օգտակար լինել, այդպիսի խոսակցությունների համար բոլոր հնարավորությունները չօգտագործվեցին՚:

Քաջազնունին 1923թ. գրեց, որ ՙՍևրի դաշնագիրը շլացրել էր բոլորի աչքերը՚, մինչդեռ ՙմենք պետք է փորձեինք հաշտության լեզու գտնել թուրքերի հետ՚, դա ՙչենք արել՚, ինչը ՙմեծ հանցանք է՚: Վրացյանը ևս այդ կարծիքին էր, բայց արդեն 1924-ին. ՙԲեքիր Սամիի դիմումներից չօգտվելն ու բանակցությունների մեջ չմտնելը ծանր սխալ էր: Մենք ինքներս պետք է քայլեր անեինք բանակցելու, որովհետև մենք թույլ էինք և շատ պետք ունեինք հաշտության: Բայց միաժամանակ լավ հասկանանք. հաջողության հույս կա՞ր այդպիսի փորձերի համար և հոգեբանորեն կարո՞ղ էինք այդպիսի քայլեր անել՚:

Քեմալի հետ հաշտությունը, ըստ որոշ հայ և օտար հեղինակների, կարող էր հնարավոր դառնալ Սան Ռեմոյից հետո և Սևրից առաջ` հունիս-հուլիս ամիսներին, երբ թուրքերը պարտություն էին կրում հունական բանակից ու դաշնակիցներից: Նման խորհուրդ Խատիսյանին տվել են Հարբորտն ու Բրիստոլը:

Հայաստանին օգնություն կազմակերպելու առաքելությամբ Խատիսյանը հուլիսին Պոլսով մեկնում էր Եվրոպա: Պոլսում նա հանդիպում է Բրիստոլի հետ և հիշեցնում ԱՄՆ նախագահ Վիլսոնի խոստումը, որին ի պատասխան ամերիկացի ծովակալը նշում է. ՙՎիլսոնը ասում է այն, ինչը չի համապատասխանում ամերիկացիների շահերին ու տեսակետներին: Դուք չպետք է պատրանքներ ունենաք: Հայերն իրենք պետք է փնտրեն թուրքերի հետ մերձեցման ճանապարհները և իրենց պահանջները հասցնեն նվազագույնի, հակառակ դեպքում` նրանց սպասում է ծանր ապագա՚:

Բրիստոլի հետ երկրորդ հանդիպման ժամանակ` սեպտեմբերին, Խատիսյանը նրան խնդրում է միջնորդի դեր ստանձնել հայերի ու քեմալականների միջև: Բրիստոլը, սակայն, հիշեցնելով առաջին հանդիպումը, պատասխանում է. ՙՀիմա արդեն ուշ է՚:

Երրորդ հանդիպման ժամանակ` 1921թ. փետրվարի 21-ին, Բրիստոլը բացատրում էր, որ հայերը տուժեցին, իսկ Եվրոպան ու ԱՄՆ-ն ՙտեղից չշարժվեցին՚, և այժմ ՙթուրքերն արդեն ոչ ոքի չեն լսում և կարծում են, որ իրենք աշխարհի երեսին բոլորից ուժեղ են՚:

Ո±վ սկսեց թուրք-հայկական պատերազմը: Հայաստանի նախարարներից Արտաշես Բաբալյանը, ով գերի ընկավ Կարսում, գրել է. ՙՄենք սկսեցինք, որովհետև ձգտում էինք գրավել Օլթիի շրջանը և ձգվել դեպի Սև ծով` մեր փրկության հանգրվանը: Մենք, որովհետև ուզում էինք գրավել Բարդուսը, առանց որի անկարելի էր Բասեն մտնել: Մենք, որովհետև պատրաստվում էինք ուժեր կենտրոնացնել Կարսում, կամենալով Սևրի դաշնագիրը մեր ուժերով իրագործել: Պատերազմն սկսեցին թուրքերը, որովհետև նրանք էին նախահարձակը: Կարելի է ասել, որ երկու կողմերն էլ պատրաստվում էին պատերազմի: Կարելի է՞ր խուսափել պատերազմից, եթե մենք, ընդառաջ գնալով Բեքիր Սամի բեյի առաջարկին, կամենայինք բանակցել Անկարայի հետ և զիջումներ անելով, ապահովեինք մեր սահմանները գոնե մինչև գարուն: Այո, պատերազմ չէր լինի կամ այն կհետաձգվեր, եթե մենք որոշակի ցանկություն հայտնած լինեինք բանակցելու թուրքերի հետ՚:

Շիրակի նահանգապետ Կարո Սասունին սխալ է համարում Բաբալյանի պնդումը, թե հայկական կողմը սկսեց պատերազմը` գրավելով Օլթին, որպեսզի ՙկարողանայինք ծով դուրս գալ՚: ՙՀայաստանի ղեկավարները աշխարհից կտրված երազատեսներ չէին, որ հազար զինվորով Օլթիից Տրապիզոն արշավեին՚:

Հայերի համեմատաբար հեշտ հաղթանակը Օլթիում և Փարիզից հայկական պատվիրակության սպասելիքները Հայաստանին և նրա ղեկավարությանը թույլ էին տալիս արտգործնախարարության քարտուղարի մակարդակով պատասխանել քեմալականներին: Ընդամենը կես տարի անց քեմալականներն արդեն Ալեքսանդրապոլում իրենց պայմաններն էին թելադրելու հայերին, բայց 1920-ի ամռանը, շատերին թվում էր, թե պատմության անիվը պտտվում է հայկական երազանքների իրականացման ուղղությամբ:

Քեմալականների և բոլշևիկների միջև նամակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի վրա հարձակումը անխուսափելի էր: Ավելին, քեմալականները Հայաստան ներխուժումը հունիսից սեպտեմբեր հետաձգումը համաձայնեցրել են բոլշևիկների հետ:

1920թ. օգոստոսի 14-ին Մուստաֆա Քեմալը խորհրդարանի անդամներին բացատրում էր, թե ինչու է հայկական զորքերի ուղղությամբ հարձակման հրաման տրվել և ինչու է այն ժամանակավորապես հետաձգվել. ՙԱրևելյան ճակատի հրամանատարը (Կարաբեքիր) երեք առաջարկություն է արել, նախ` Կարս-Բաքու գնացքով ապահովել Էրզրումում գտնվող մեր պատվիրակության շտապ մեկնումը Մոսկվա, միջոցներ ձեռնարկել Հայաստանում մահմեդական բնակչության ջարդը դադարեցնելու ուղղությամբ, և երրորդ` քանի որ հայկական զորքերը հարմար առիթի դեպքում փորձելու են գրավել Էրզրումը, մեր զորքերը պետք է զբաղեցնեն Բրեստ-Լիտովսկի և Բաթումի պայմանագրերով մեզ անցած երեք սանջակների տարածքը, Սարիղամիշը և Սողանլուի լեռնաշղթան ու նրա մատույցները, որպեսզի հայկական բանակի դեմ ունենանք ռազմավարական նպաստավոր դիրքեր: Հունիսի 6-ին մենք (Կարաբեքիրին) կարգադրեցինք նախապատրաստվել ռազմական գործողությունների: Հունիսի 16-ին Մոսկվայից վերադարձավ մեր պատվիրակության անդամներից մեկը: Նա իր հետ բերել էր Չիչերինի նամակը: Խորհրդային կառավարությունը համարում էր, որ մեր հետագա առաջխաղացումը հայկական դիրքերի ուղղությամբ ցանկալի չէ: Պաշտոնական հաղորդագրությունից պարզ դարձավ, որ գնացքով` Կարսի ճանապարհով, մեզ մոտ է գալիս ռուսական կառավարության դեսպանությունը: Այդ հանգամանքը հաշվի առնելով` (Կարաբեքիրին) կարգադրեցինք դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի դրանք շարունակենք ռուսական դեսպանության հետ շփումներ հաստատելուց հետո: Դա հունիսի 20-նն էր: Ահա դա էր պատճառը, որ մենք դադարեցրինք Արևելյան բանակի հարձակողական գործողությունները՚:

Նույն հաստատումը տեղ է գտել նաև Մուստաֆա Քեմալի` 1920թ. ամռանը Չիչերինին ուղղված պատասխան նամակում. ՙՄենք վախենում ենք Թուրքիայի անվիճելի հողամասերի ազգաբնակչության կոտորածի ենթարկվելուց: Այդ դրությունը վերացնելու համար անհրաժեշտ էր շուտափույթ կերպով գրավել Կարսի, Բաթումի և Արդահանի մի քանի կետերը, բայց ձեր նամակի հետևանքով մենք հետաձգեցինք այդ գործողությունները՚:

Վարչապետ Օհանջանյանը խորհրդարանի օգոստոսի 2-ի նիստում զեկուցում է. ՙԹուրքական ճակատում` Օլթիի և Կարսի շրջանում, մենք գրավել ենք այնքան անհրաժեշտ ածխահարուստ մի շրջան: Մենք գրավել ենք Օլթիի քարածուխի հարուստ հանքերը Օլթի քաղաքով: Այս հանքերի շնորհիվ մենք ի վիճակի կլինենք վարել տնտեսապես անկախ կյանք: Մեր երկաթուղին սնվում է նավթով: Ադրբեջանը վերջին ամիսներին մեզ չի տվել ոչ մի կաթիլ նավթ՚:

Երբ հայկական զորքերը գրավեցին Օլթին, զորավար Հովսեփյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ սկսվեցին ազգամիջյան խժդժությունները հույների և քրդերի միջև: Արդահանի հույները ներխուժեցին Օլթիի շրջան, և սկսվեց թալանը: Հույների և մահմեդականների շարունակվող բախումների հետևանքով երկու համայնքն էլ դժգոհ մնացին Հայաստանի ղեկավարությունից: Հույները նահանգապետի կողմից իրենց դեմ հարուցած քրեական գործերը դիտում էին որպես ճնշում համայնքի վրա, իսկ դատի տրված մի խումբ ավազակների հաջողվեց գրգռել հունական 40-հազարանոց համայնքը և կազմակերպել արտագաղթ դեպի Հունաստան: Հեռացող հույների բնակարանները զբաղեցնում էին մահմեդականները, որոնք էլ մի քանի ամիս անց քեմալականների հարձակման ժամանակ ապստամբեցին հայկական կառավարության դեմ և թիկունքից խփեցին նահանջող հայկական բանակին:

Բացի այդ, Կարսի շրջանում հաստատված ռուս մոլոկան վերաբնակները թուրք-հայկական պատերազմի ընթացքում լրտեսում էին թուրքերի համար, իսկ երբ հայերը նահանջեցին, նրանք միացան հակառակորդին: Դեռ հայերը Կարսը չթողած` մոլոկանները թուրքերի հետ սպասում էին թալանելու հայերի կահ-կարասին:

Բայց թալանում էին նաև հայ սպաներն ու զինվորները: Թեև դա դժվար կարելի է համարել աշնանը հայկական բանակի պարտության գլխավոր պատճառը, սակայն նաև թալանն էր համընդհանուր բարոյալքում առաջ բերում զորքի ու բնակչության մեջ: Վահե Արծրունին 1920թ. ապրիլին Հայաստանի կառավարության որոշումով Կարսում կարգավորում էր ներգաղթի գործը: Նա ամերիկացի միսիոներների հետ քաղաքում մնաց մինչև 1921թ. հունվարի 15-ը: ՙՄիայն հույն կամավորներն էի՞ն կողոպուտի հոգեբանությամբ տարված: Մի՞թե հայկական կանոնավոր ու անկանոն շարքերն էլ շահագրգռվածություն ցույց չէին տալիս այդ ուղղությամբ: Հույների դեմ բերված գանգատն իրավացի էր, բայց ոչ հավասարապես արդար: Թալանի մարմաջը վարակել էր հայկական սպայությունը՚:

Արծրունին մանրամասնորեն ներկայացնում է օրվա հայ սպայությանը, որը ջախջախիչ մեծամասնությամբ հիմնականում անծանոթ էր ինչպես Հայաստանի միջավայրին, այնպես էլ մայրենի լեզվին և անուղղելի ռուսասեր էր: ՙԿար հայրենասիրության պակաս: Հայրենի հողի, մշակույթի, փառքի գաղափարը չկար նրանց մեջ: Հայ սպայության ջախջախիչ մեծամասնությունը Մեծ Ռուսաստանի հզորության գաղափարի կրողն էր և դժվարանում էր հաշտվել Արարատյան դաշտի սահմաններում ամփոփված պետության գոյության մտքի հետ: Հայաստանում զինվորականությունը կրթվել էր օտար դպրոցում, ու թեև ինչ-որ կերպ կապվեց Հայաստանի Հանրապետությանը, գործեց նրա համար, բայց ոչ տաք սրտով, առանց սրտաբուխ սիրո, առանց խոր ու անվերապահ հավատի՚:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից