Մուստաֆա Քեմալի պատգամավորները Մոսկվայում․ 1920-ի հունիս

584

Մուստաֆա Քեմալի պատգամավորները Մոսկվայում

Ստույգ աղբյուրից տեղեկանում ենք, որ Մուստաֆա Քեմալի պատգամավորները գտնվում են Մոսկվայում։

Դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ

Մոսկվա, 9 հունիսի, բոլշևիկյան հաղորդագրություն

Խորհրդային կառավարությունը նամակ է ստացել Թուրքիայի գերագույն ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Քեմալ փաշայից, որով վերջինս ցանկություն է հայտնում հարաբերության մեջ մտնել խորհրդային կառավարության հետ՝ ընդհանուր ուժերով կռվելու օտար իմպերիալիզմի դեմ։

Արտաքին գործոց ժողովրդական կոմիսար Չիչերինը այս նամակին խորհրդային կառավարության անունից գոհունակությամբ պատասխանում է, որ ազգային ժողովի ծրագիրը միանգամայն համապատասխանում է խորհրդային իշխանության սկզբունքներին և խորհրդային կառավարությունը, նպատակ ունենալով բարեկամական հարաբերություններ ստեղծել Թուրքիայի և Ռուսաստանի միջև, պատրաստ է անմիջապես դիվանագիտական հարաբերություններ սկսել և հյուպատոսական ներկայացուցիչներ ուղարկել։

Խորհրդային կառավարությունը իր բարեկամական ձեռքն է մեկնում աշխարհի ժողովուրդներին՝ միշտ մնալով հավատարիմ իր սկզբունքին վերապահել յուրաքանչյուր ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Նա բուռն հետաքրքրությամբ հետևում է թուրք ժողովրդի հերոսական պայքարին իր անկախության համար և բանվորագյուղացիական հանրապետության ժողովրդի անունից նրան հաջողություն է մաղթում այդ կռվում։

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 121, ուրբաթ, 11 հունիս, 1920թ