Սառա Քորնինգ. նա փրկեց 5000 հայ որբերի – 100 Lives.

1649

Կենտրոնական Տորոնտոյից հյուսիս՝ գեղեցիկ անուններ կրող Փարքվուդզ եւ Փլեզընթ Վյու թաղամասերի միջեւ, Օնտարիո մայրուղու հարեւանությամբ ընկած են Սբ. Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին, Տորոնտոյի «Հայ կեդրոնը» եւ Սառա Քորնինգի անվան Ցեղասպանագիտության կրթական կենտրոնը։ Վերջինս նվիրված է ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների ոլորտի հետազոտություններին ու կրթությանը, կոչված է ի պատիվ կանադացի գթության քույր Սառա Քորնինգի, ով գերմարդկային ջանքերով 1922 թ. Զմյուռնիայի (ներկայիս Թուրքիայի Իզմիր քաղաքը) կործանումից փրկեց 5000 հայ որբերի։ Սա, լինելով Քորնինգի առաքելություններից կարեւորագույնը, այնուամենայնիվ, նրա միակ մարդասիրական նվաճումը չէր։

ԻՆՉՊԵՍ ՓՈՐԱԳՐՎԱԾ Է ՆՐԱ ՏԱՊԱՆԱՔԱՐԻՆ՝ ՍԱՌԱ ՔՈՐՆԻՆԳՆ «ԱՊՐԵՑ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ»։

Քորնինգը ծնվել է 1872թ. հարավ-արեւելյան Կանադայում, բուժքրոջ դասընթացներ է անցել ԱՄՆ-ում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին համալրել ԱՄՆ Կարմիր Խաչի շարքերը։ Հայոց ցեղասպանությանն ու դրա արձագանքներին ծանոթացել է կանադական մամուլից։ Ինչպես հետագայում նշել է Քորնինգի հեռավոր ազգականներից մեկը՝ «նրա կարեկցանքը թելադրված էր գործնական մոտեցմամբ»։

1921 թվականին Քորնինգը ժամանում է Թուրքիա՝ գլխավորելու Արարատ լեռան ստորոտում գտնվող որբանոցներից մեկը։ Հաջորդ տարի քեմալական բանակը գրավում է Զմյուռնիա նավահանգիստը՝ խուճապի մատնելով հույն բնակչությանն ու այնտեղ ապաստանած հայ գաղթականներին։ Քորնինգն անդամագրվում է Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցին (Near East Relief) եւ Կոստանդնուպոլսում բարձրանում դեպի պաշարված քաղաքն ուղեւորվող ամերիկյան ռազմանավերից մեկը։

Տեղ հասնելով՝ նա հիվանդներին ու վիրավորներին խնամելու նպատակով երկու համակիրների հետ միասին հիմնում է հիվանդանոց, որն օսմանյան զորքերը շատ արագ փակել են տալիս։ Երկրորդ հիվանդանոցն արժանանում է միեւնույն ճակատագրին՝ ավելի ծանր սպառնալիքով։ «Դրանից հետո քաղաքը կողոպուտի ենթարկվեց, իսկ հետո սկսեցին հրդեհել այն»,- տարիներ անց գրել է Քորնինգը։ Հազարավոր մարդիկ զոհ գնացին հրդեհին, իսկ բարեգործական միությունները, այդ թվում՝ Ամերիկյան օգնության կոմիտեն, կազմակերպում են մարդկանց տարհանումը ծովով։ Քորնինգը վազում է դեպի ամերիկյան որբանոցներից մեկը եւ գերմարդկային ջանքերով հավաքում երեխաներին՝ տանելով նավամատույց։ Մահվան, հրի ու խառնաշփոթի հորձանուտում փրկվում է 5000 երեխա։

Ամերիկյան ռազմանավերով Քորնինգն այս երեխաների հետ ուղեւորվում է Հունաստան, որտեղ հիմնում է որբանոց եւ նվիրվում նրանց կրթությանն ու դաստիարակությանը։ Մեզ հասել է մի լուսանկար, որտեղ Հունաստանի բլուրներից մեկի լանջին երեխաները խումբ են կազմել արտասանելու Առ Կորնթացիս Բ, 1:8, որում ասվում է. «Քանզի ոչ կամիմ տգէտ լինել ձեզ եղբարք՝ վասն նեղութեան մերոյ եղելոյ յԱսիա. զի առաւել քան զկար մեր ծանրացաք, մինչեւ անյոյս լինելոյ մեզ եւ ի կենաց» (Քանզի չեմ ցանկանում, որ դուք, եղբայրներ, անտեղյակ լինեք Ասիայում մեր կրած նեղություններից. տառապեցինք մեր կարողությունից առավել, մինչեւ կորցրինք ապրելու հույսն անգամ)։

1923 թ. Հունաստանի արքա Գեորգիոս Երկրորդը Սառա Քորնինգին հրավիրում է պալատ՝ պարգեւատրելու պետության բարձրագույն շքանշանով՝ Փրկչի արծաթե խաչով։ Հաջորդ տարի Սառան վերադառնում է Թուրքիա եւ մինչեւ թոշակի անցնելը տրվում երեխաներին կրթելու եւ դաստիարակելու գործին: Հանգստի անցնելով՝ վերադառնում է Կանադայի իր հայրական տունը, որտեղ էլ ապրում է մինչեւ  97 տարեկանը՝ մահանալով 1969թ.։

Սառա Քորնինգի ամենատարածված լուսանկարներից մեկը պատկերում է մաքրակենցաղ բուժքրոջ հագուստով եւ ձեւավոր գլխադիրով մի գեղեցիկ կնոջ՝ թեթեւ ժպիտը դեմքին։ Հանդարտ եւ կարեկցող հայացքի խորքում կարելի է նշմարել նրա երկաթյա կամքի փայլը։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից

https://100lives.com/hy/stories/detail/regular/7440/-