Հայաստանի ընդարձակումը 1919-ին. 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքով երկիր

4682

1918թ. հոկտեմբերի սկզբին Երևանում Խալիլ փաշան Հայաստանի կառավարությանը տեղեկացրեց, որ հրաման է ստացել օսմանյան զորքերից դատարկել Լոռի-Փամբակի շրջանը: Հեռացող թուրքերի  տեղում հաստատվեց Դիլիջան-Լոռիի հայկական զորամասի պետ Դրոն: Ամսվա վերջում` հոկտեմբերի 30-ին, Մուդրոսի զինադադարով Օսմանյան կայսրությունը Բրիտանիայի ճնշման տակ պարտավորվեց իր զորքերը դուրս բերել նաև ամբողջ Անդրկովկասից: Մինչև 1919թ. հունիս աստիճանաբար Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ մտան, որոշ դեպքերում առանց դիմադրության, Լոռի-Փամբակից բացի, Ալեքսանդրապոլի գավառը, Էջմիածնի գավառի մնացած մասը, Սուրմալուն, Շարուրը, Նախիջևանը, Կարսի նահանգը:

Օսմանյան թուրքերի պարտությունից և Անդրկովկասից հեռանալուց հետո նրանց թողած շրջաններում հաստատված բրիտանական ուժերը, մյուս կողմից, ամեն կերպ փորձում էին Ղարաբաղը և Զանգեզուրը ենթարկեցնել Ադրբեջանին: Սկզբնական շրջանում նույն քաղաքականությունն էր տարվում նաև Կարսի հարցում: Կարսի մարզը այդ օրերին փաստացի ղեկավարվում էր թուրքերի տեղական իշխանության` Շուրայի միջոցով, որը, հակադրվելով հայերին, փորձում էր շրջանում ապահովել թուրքական տիրապետությունը, իսկ եթե դա անհնար լիներ, ապա ստեղծել Հարավարևմտյան Անդրկովկաս անունով անկախ պետություն, որը կներառեր Կարսի, Բաթումի և Ախալցխայի շրջանները: Բրիտանացիները չէին ուզում գրգռել մահմեդականներին և տարբեր պատրվակներով չէին ուզում և չէին օգնում, որ հայերը վերահսկողության տակ առնեն Կարսի շրջանը:

1919թ. հունվարի 8-ին Արևմտյան Անդրկովկասում դաշնակից (Անտանտի) պետությունների ուժերի  հրամանատար, գեներալ Ջորջ Ֆորիսթըր-Ուոքերի և Հայաստանի արտգործնախարար Սիրական Տիգրանյանի միջև կնքվեց  պայմանագիր, որով, մինչև հայ-թուրքական հաշտության վերջնական պայմանագրի ստորագրումը, Կարսում պետք է նշանակվեր բրիտանացի զինվորական նահանգապետ, քաղաքացիական իշխանությունը նախատեսվում էր ձևավորել հիմնականում հայերից, ավելի հստակ` Ալեքսանդրապոլից մինչև Կարս ամբողջովին հայկական իշխանություն, Կարս քաղաքում` խառը, սահմանում` թուրք-բրիտանական` զինվորական նահանգապետի հսկողության տակ:

Գեներալ Ֆորիսթըր-Ուոքերը Հայաստանի կառավարությանը տեղեկացրեց, որ Կարսի նահանգի մի մասը` Ալեքսանդրապոլից Կարս քաղաքն ընկած հատվածը, մինչև 1919թ. հունվարի 15-ը դատարկվելու է թուրքական զորքերից: ՙԿարս քաղաքի և շրջանի մնացած հատվածի դատարկման համար կտրվի մի քանի օր ժամանակ, որի ընթացքում թուրքերը պետք է ամբողջությամբ հեռանան Կարսի նահանգից և բռնեն 1914թ. սահմանը: Կարսում նստելու է բրիտանական գեներալ` զինվորական նահանգապետի իրավունքներով: Քաղաքացիական մասը կառավարելու համար Հայաստանի կառավարությունը նշանակելու է նահանգապետ, գավառային կոմիսարներ և այլ պաշտոնյաներ: Երկաթուղին և հեռագրական կապը մինչև Կարս կազմավորվելու էին Հայաստանի կողմից նշանակված ծառայողներով: Կարսի կայարանը և երկաթուղային գիծը և հեռագիրը մինչև Կարաուրգան կառավարելու է հայ-թուրքական խառը հանձնաժողովը, մինչև որ թուրքերը բոլորովին կքաշվեն նախկին սահմանը, որից հետո այդ ամենը կանցնի հայերի ձեռքը: Կարս քաղաքում լինելու է հայկական կառավարություն: Գավառում խորհուրդներ, հանձնաժողովներ ձևավորելիս ընտրությունները պիտի կատարել բոլոր ազգերի ներկայացուցիչներից` համեմատական ընտրությամբ: Հայերի թիվն ընտրությունների ժամանակ պիտի ընդունել ոչ թե ներկայումս վերադարձողներինը, այլ այն թիվը, որ եղել է նրանց փախուստի ժամանակ: Թուրքերը Կարսից տանելու են այն ամենը, ինչ թուրքական է: Բացի այդ, իրենց զորքի կարիքների համար տանելու են 430 հազար կգ ցորեն և որոշ քանակությամբ շաքար՚:

Ֆորիսթըր-Ուոքըրի և Տիգրանյանի միջև կնքված համաձայնության հիմքով բրիտանացի զինվորական նահանգապետն ու հայկական քաղաքացիական իշխանությունը մեկնեցին Կարս: Սակայն թուրքերն այնպիսի թշնամանքով ու սպառնալիքներով դիմավորեցին հայերին, որ բրիտանացիները խորհուրդ տվեցին հայ պաշտոնյաներին հեռանալ Ալեքսանդրապոլ: 1919թ. ապրիլից Անդրկովկասի բրիտանական հրամանատարության քաղաքականությունը զգալի փոխվեց հօգուտ հայերի: Հայաստանի կառավարության և բրիտանական բարձր հրամանատարության համաձայնությամբ որոշվեց հայ-բրիտանական ուժերով գրավել քաղաքը: Կարսի զինվորական նահանգապետ նշանակվեց գնդապետ Քլայվ Էռինգթոն Թեմբըրլեյը, ապրիլի 12-ին քաղաքացիական նահանգապետ` Ստեփան Ղորղանյանը: Հայ և բրիտանական զորքերը երկաթուղով ու խճուղիով շարժվեցին առաջ և առանց դիմադրության հանդիպելու, ապրիլի 24-ին մտան Կարս: Շուրան փորձեց հակառակվել, բայց բրիտանացիները ձերբակալեցին Շուրայի անդամներին և ուրիշ այլ աչքի ընկնող թուրքերին` մոտ 150 հոգի, և ուղարկեցին Մալթա կղզի: Մայիսի 2-ին հայերի ձեռքն անցավ Արփաչայ-Սարիղամիշ երկաթուղին, մայիսի 4-ին սկսվեց կանոնավոր երթևեկությունը: Մայիսի 9-ին հայկական զորքերը գրավեցին Մերդենեկը, մայիսի 13-ին առանց կռվի մտան Օլթի ու Կաղզվան: Մայիսի 10-ին Կարս հասան և մեծ հանդիսավորությամբ ընդունվեցին վարչապետ Խատիսյանը և զորավար Քիթ Մեյթլենդ Դեյվին: Մայիսի 11-ին համաժողովրդական մաղթանք եղավ Սուրբ Առաքելոց պատմական վանքում, որտեղ Խատիսյանն իր ճառում հայտարարեց. ՙՄինչև մայիսի 15-ը մեր զորքերը պետք է գրավեն Ալաշկերտի հովիտը և Բասենը՚:

Բաթումում 1918թ. հունիսի դաշնագրի ստորագրումից հետո օսմանյան զորքերը ամրացել էին Նախիջևանի ուղղությամբ և հուլիսի 25-ին մտել Ագուլիս: Օգոստոսի 8-ին Օրդուբադ քաղաքի և շրջանի զինվորական կառավարիչ էր նշանակվել օսմանյան բանակի սպա Խալիլ բեյը, ով իր ձեռքի տակ ուներ 5-6 այլ թուրք սպաներ և հազարի չափ տեղական թաթար զինվորներ: Ջաֆար Ղուլի խանը 1918թ. դեկտեմբերին Նախիջևանում` մուսավաթականների ու երիտթուրքերի քաջալերանքով, հռչակել էր Արաքսի հանրապետությունը:

Առաջին աշխարհամարտում օսմանյան թուրքերի պարտությունից հետո Օրդուբադի պարետ Խալիլի զորքը ցրվեց, նա տեղափոխվեց Շարուր, որտեղ կազմակերպեց ուժեր` Հայաստանի դեմ կռվելու: Մյուս կողմից, Գողթան գավառի հայկական գյուղերը Խալիլի հեռանալուց հետո կազմեցին տեղական իշխանություն: Նույնպիսի մի կառավարություն էլ մահմեդականները կազմեցին Օրդուբադում: Սկզբում, գոնե արտաքուստ, այս երկուսի հարաբերությունները բարեկամական էին:

1918թ. դեկտեմբերին հայկական զորքերը փորձ արեցին թուրք-թաթարական գրավումից ազատել Նախիջևանը, բայց Շարուրում հանդիպեցին մահմեդականների դիմադրությանը: Հայկական զորքերին հաջողվեց Նախիջևան քաղաքը վերցնել միայն 1919թ. մայիսին` բրիտանական զորքերի աջակցությամբ:

Հայաստանի կառավարությունը ծրագրեց Շարուր-Նախիջևանը հանրապետության կազմի մեջ մտցնել որպես առանձին նահանգ` ենթաբաժանված Գողթնի (Օրդուբադ), Նախիջևանի և Շարուրի շրջանների` Ագուլիս, Նախիջևան և Բաշ-Նորաշեն վարչական կենտրոններով: Գևորգ Վարշամյանը նշանակվեց նահանգապետ: Մի հատուկ հանձնախումբ, որի կազմի մեջ մտան Վարշամյանը, վարչապետ Խատիսյանը, զորավար Դրոն և  զինվորական նախարար Հախվերդյանը, ավարտեց միացման մանրամասների մշակումը, թեև գործընթացի վերաբերյալ կարծիքների միասնականություն չկար, գրում է Ռիչարդ Հովհաննիսյանը:

Դրոն պնդում էր, որ ամբողջ ճակատով հարձակումը Նախիջևանի վրա միակ միջոցն է, որի շնորհիվ Երևանը կկարողանար ազատվել ապստամբության և անջատման մշտական սպառնալիքից, և որի շնորհիվ մահմեդական բնակչությունը կհակվեր Հայաստանի կառավարության հետ խաղաղություն պահպանել: Կառավարությունն առարկում էր Դրոյին` պաշտպանելով Կարսում նահանգապետ Ստեփան Ղորղանյանի որդեգրած քաղաքականությունը. զգուշավոր, խաղաղասիրական մոտեցում մահմեդականների հնազանդությունն ու հավատարմությունն ապահովելու համար:

Հայաստանի իշխանությունը Նախիջևանի վրա տարածելու համաձայնագիրը հրապարակվեց 1919թ. մայիսի 3-ի հռչակագրով, որը ստորագրել էին Դրոն և որպես վկա` գեներալ Դեյվին: Դաշնակիցների և  հայկական կառավարության որոշմամբ, երևանյան զորամասի ջոկատները Դրոյի գլխավորությամբ պետք է անցնեին Նախիջևան` բոլոր բնակիչների համար ապահովելու կյանքի խաղաղ պայմաններ: Մայիսի 13-ին Խատիսյանը, Դեյվին և Վարշամյանը գնացքով շարժվեցին դեպի Նախիջևան, որտեղից Խատիսյանը և Դեյվին ուղևորվեցին հարավ` մինչև Պարսկաստանի սահմանը: Այս կենսական ճանապարհը դեպի արտաքին աշխարհ վերջապես բացվում էր Հայաստանի համար: Խատիսյանը մայիսի 16-ին վերադարձավ Երևան, չորս օր անց հայկական զորքերի առաջին վաշտը մտավ Նախիջևան:

Սակայն Նախիջևանը ընդամենը երկու ամիս, այն էլ ոչ լիովին, մնաց Հայաստանի Հանրապետության  վերահսկողության տակ: ՙ1919թ. հուլիսին հայկական իշխանությունը ծանր անհաջողություն էր ունեցել Նախիջևանում, որտեղ հաստատված էր հայ նահանգապետություն, կային փոքրաթիվ հայ զորքեր, բայց ազգաբնակչությունը, որ գրեթե ամբողջությամբ կազմված էր մահմեդականներից, գտնվում էր թուրքերի և ազրբեջանցիների ազդեցության տակ՚,- գրում է Վրացյանը:

Նախարարներից Արտաշես Բաբալյանը հավելում է. ՙ1919թ. գարնանը անգլիական զորքերը գրավեցին Շարուրն ու Նախիջևանը և այդ երկու գավառների իշխանությունը հանձնեցին մեզ: Հազիվ երկու ամիս կարողացանք պահել. տեղական թաթար ազգաբնակչությունը, ղեկավար ունենալով թուրք սպաներին, հուլիսի 23-ին ապստամբեց, և մեր զորքերը ստիպված եղան մեծ կորուստներ տալով նահանջել դեպի Երևան: Ապստամբության ժամանակ անգլիական զորքեր չկային, և դա եղավ պատճառը, որ նախիջևանցիները գլուխ բարձրացրին և  հարձակվեցին մեր զորքերի վրա և խլեցին իշխանությունը: Զուր էին մեր կառավարության դիմումներն ու թախանձագին խնդրանքները որոշ ժամանակով ևս պահելու անգլիական փոքրաթիվ զորքը Նախիջևանում՚:

Անկախ Հայաստանը 1919թ. գոյություն ուներ ավելի քան 45 հազար քառ. կմ. տարածքով, բայց, ինչպես գրում է Ռուբենը, ՙփաստորեն երկու երրորդը իր մահմեդական բնակչությամբ գտնվում էր Ադրբեջանի և թուրքերի ձեռքին՚: ՙԴա մի երկիր էր, որի բանալիները գտնվում էին ուրիշների ձեռքին: Դա մի գանձ էր, որ տրված էր Հայաստանի ժողովրդին, բայց որից օգտվելու իրավունք ունեին միմիայն թաթարներն ու թուրքերը, քանի որ նրանք էին նստած թե բարեբեր հողերի վրա և թե Հայաստանի բոլոր տեսակի հանքերի վրա` հայերին թողնելով միայն քարոտ լեռները, Սևանի ջրերը և այն ինքնասիրական պատրանքը, թե Հայաստան երկրի տերն ու տիրականը հայերս ենք՚:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:

Փափուկ կազմ, 485 էջ,

լեզուն՝ արևելահայերեն,
2012, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-365-2,