Բեքիր Սամի բեյի նամակը Հայաստանի արտգործնախարարին. հունիս 24, 1920

4765

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է հայ քաղաքական մտքի պատմության լավագույն ստեղծագործություններից մեկը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից մի հատված: Այդ գիրքը պատասխան է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունուն:

____________________

Գալիս ենք Քաջազնունու և մի այլ վերին աստճանի ծանր մեղադրանքին՝ Դաշնակցության դերին հայ-թուրքական պատերազմի ժամանակ: Նա գրում է. «Մի փաստ մնում է անհերքելի, աղաղակող. Մենք չենք արել այն ամենը, ինչ որ պետք է անեինք, պարտական էինք անելու, պատերազմից խույս տալու համար: Անկախ նրանց, թե որքան կհաջողեինք, մենք պետք է փորձեինք հաշտության լեզու գտնելու թուրքերի հետ: Սա է, որ չենք արել»:

Ապա. «Օլթիի հապճեպ գրավումը ձեռնոց էր, որ, կարծես, դիտմամբ նետում էինք թուրքերի երեսին, կարծես ինքներս որոնում էինք ու ցանկանում պատերազմ»:

Եվ, վերջապես. «Երբ սահմանի վրա զինական ընդհարումնները սկսած էին արդեն, թուրքերը առաջարկեցին մեզ տեսնվել ու բանակցել: Մենք մի արհամարական ժեստով մերժեցինք առաջարկւը: Եվ դա մեծ հանցանք էր»:

Այդպես չէ, Քաջազնունին սխալվում է:

Նախ, մենք Օլթին չենք գրավել և նպատակ էլ չենք ունեցել գրավելու: Կռիվներ ունեցել ենք Փենյաքի շրջանում և այն ոչ թե պատերազմ որոնելու դիտավորությամբ, այլ որովհետև առանց այդ շրջանի քարածխի անկարող էինք ապրել: Փենյաքի շրջանը պատկանում էր ոչ թե թուրքերին, այլ Հայաստանին, և ինչպես Զանգիբասարի կամ Վեդիի թուրքերը, այնտեղի ազգաբնակչությունն էլ չէր ուզում ճանաչել Հայաստանի իշխանությունը: Մեր կատարյալ իրավունքն էր և պարտականութիւնը այդ շրջանում ևս տարածել Հայաստանի իշխանությունը, և այս ամենևին  թուրքերի երեսին ձեռնոց նետել չէր: Եթե Փենյաքի շրջանի գրավումը թշնամական գործ էր թուրքերի հանդեպ, ապա, ուրեմն, է՛լ ավելի մեծ թշնամություն էր Կարսի ու Սարիղամիշի գրավումը:

Այդ շրջանի «հապճեպ» գրավումը կենսական անհրաժեշտություն էր, որովհետև Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը թույլ չէր տալիս, որ Բաքվից նավթ գա Հայաստան, և մեր երկաթուղիները գտնվում էին կանգնելու սպառնալիքի տակ: Հայաստանի կառավարությունը նավթ հասցնելու համար մի շարք արտակարգ միջոցներ ձեռք առնելուց զատ, ստիպված եղավ դիմելու և իր սահմաններում գտնվող քարածխին: Փենյաքի հանքային շրջանը հունիս ամսին բռնվեց հայ զորքերով, ուղարկվեցին հանքագետներ ու մասնագետներ և նախնական փորձերը կատարելուց հետո, ձեռնարկվեց ածխահանքերի շահագործումը:

Ածխով բեռնավորված առաջին սայլերը արդեն սկսել էին հասնել Կարս, երբ տեղական թուրքերը հարձակվեցին աշխատողների վրա, մի մասին կոտորեցին ու գերի տարին, իսկ մյուս մասը հազիվ կարողացավ ազատվել: Սրանից հետո էր, որ կառավարությունը ստիպված եղավ կտրուկ միջոցներ ձեռք առնելու: Այս դեպքը Քաջազնունին անվանում է «Oլթիի հապճեպ գրավում»:

Երկրորդ և ավելի էական ուղղում. ճիշտ չէ, թե՝ «Երբ սահմանի վրա զինական գործողությունները սկսված էին արդեն, թուրքերը առաջարկեցին մեզ տեսնել ու բանակցել»: Սահմանի վրա ընդհարումները սկսելու միջոցին թուրքերի կողմից այդպիսի առաջարկություն չի եղել մեզ: Հայ-թուրքական ընդհարումները սկսվեցին սեպտեմբերի 23-ին, իսկ «տեսնվելու և բանակցելու» առաջարկությունների թուրքերը ար[եց]ին ուղիղ երեք ամիս առաջ: Եվ թե «տեսնվելու ու բանակցելու» ի՞նչ առաջարկություններ էին դրանք, ցույց են տալիս հետևյալ տեղեկությունները:

Հունիս 24-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին գործերի գործավար Բեքիր Սամին մի թուղթ է գրում Հայաստանի արտաքին գործոց նախարարություն, հայտնելով, թե «հայկական շահերը թուրքականի հետ անհամապատասխան չեն, հակառակը՝ կարելի է համաձայնեցնել և ավելի սերտ դարձնել», խորհուրդ է տալիս խաղալիք չդառնալ անգլիացիների ձեռքին և դադարեցնել զինվորական գործողությունները Օլթիի շրջանի մահմեդական ազգաբնակչութեան դեմ (նկատի ունի քարածխի հանքերի գրավման համար կատարված  գործողությունները): Հակառակ դեպքում, «հարձակումների  շարունակության ամբողջ  պատասխանատվությունը թողնվում է հայկական կառավարության վրա»: Ինչպես տեսնում եք, այս թղթի մեջ չկա և ոչ մի խոսք «տեսնվելու և բանակցելու» մասին:

Բեքիր Սամիի նամակին Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը պատասխանում է հունիսի 30-ին ՝ քարտուղար Տեր-Հակոբյանի ստորագրությամբ*: * Անկասկած, արտաքին գործոց նախարարության կողմից վրիպում էր այս. նախարարի նամակին պետք է պատասխաներ նախարարը: Այս սխալը ահագին զայրույթ և գրգռություն է առաջ բերել Անկարայում: Այդ պատասխանի մեջ հայտնվում էր, որ «հայ [կական] զորքերի վերջին ռազմական գործողությունները Օլթիի շրջանում նպատակ ունեին ազատելու հայկական հողամասերը անիշխանական տարրերից և երբեք ուղղված չէին մահմեդական խաղաղ ազգաբնակչության դեմ»:

Ապա. «Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիաական փոխհարաբերությունների վերահաստատումը ամբողջապես կախված է թուրք ղեկավարների ընթացքից, որոնք մեկ անգամ ընդմիշտ պետք է ճանաչեն հայ ազգի իրավունքները ամբողջական Հայաստանի սահմանների վերաբերմամբ և վերջ դնեն Հայաստանի Հանրապետության սահմաններում իրենց գործակալների գործունեությունը»:

«Տեսնվելու և բանակցելու» մասին ո՛չ մի խոօսք չկա և այս թղթում:

Մի շաբաթ հետո, հուլիսի 7-ին Բեքիր Սամի մի հեռագիր է ուղարկում Հայաստանի արտաքին գործոց նախարարությանը: Նա նորից բողոքում է Օլթիի շրջանում կատարվող գործողությունների դեմ, որոնք խախտում են երկու պետությունների փոխհարաբերությունները: «Ինչպես ձեզ էլ անծանոթ չէ, երկու կառավարությունների միջև գոյություն ունեցող հարաբերությունների հիմք են ծառայում Հայաստանի Հանրապետության պաշտոնապես ճանաչած Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և նրա լրացուցիչ՝ Բաթումի դաշնագիրը, որը լիազորություն ունեցող  պատվիրակությունների կողմից ընդունված և հաստատված է»: Ապա նորից հայտնելով, որ «մեր կառավարությունը և թուրք ազգը հայ[կական] կառավարության և հայ ժողովրդի թշնամին չեն և ցանկանում են գտնել մի կապ փոխադարձ շահերը ապահովելու համար», կրկին պահանջում է. «Ձեր զորամասերը հետ քաշել և հիմնվելով մեր երկուսի միջև գոյություն ունեցող փաստական և իրավական տեսակետով գործադրության մեջ եղող Բաթումի դաշնագրի վրա՝ բողոքում եմ կատարված շարժումների դեմ և պատասխանատու եմ գտնում մուսուլման ազգաբնակչութեան վնասների պատճառ եղողներին»:

Եվ դարձյալ  ո՛չ մի խոսք «տեսնվելու և բանակցելու առաջարկի» մասին:

Բացի այս երկու նամակից, թուրքերի կողմից Հայաստանի կառավարությանը ուրիշ դիմում չի եղել: Մնում է անհասկանալի՝ ո՞րտեղից է առել Քաջազնունին, թե «թուրքերը առաջարկեցին մեզ տեսնվել ու բանակցել», իսկ մենք «մի արհամարական ժեստով մերժեցինք»:

Այս այսպես լինելով հանդերձ, ես կատարելապես համաձայն եմ Քաջազնունու հետ, որ «մենք պետք է փորձեինք հաշտության լեզու գտնել թուրքերի հետ» և որ այդ մենք չենք արել: Եվ դա «մեծ հանցանք է «: Բեքիր Սամիի դիմումներից չօգտվելն ու բանակցությունների մեջ չմտնելը ծանր սխալ էր: Մենք ինքներս պետք է քայլեր անեինք բանկցելու, որովհետև մենք թույլ էինք և շատ պետք ունեինք հաշտութեան: Բայց միաժամանակ լավ հասկանանք. հաջողության հույս կա՞ր այդպիսի փորձերի համար և հոգեբանորեն կարո՞ղ էինք այդպիսի քայլեր անել:

Քաջազնունու գրածից պարզ չէ՝ հավատո՞ւմ է նա, թե այն ժամանակ հնարավոր էր թուրքերի հետ հասկացողության գալ: Մեկ ասում է, թե «հավանական է պատերազմը լիներ (քանի որ պետք էր թուրքերին)», մեկ,  թե «մի խաղաղ ելք գտնելը անկարելի չէր (անհավանական, բայց ոչ անկարելի)»: Մնում է չպարզված , թե ինչպե՞ս «խաղաղ ելք գտնելը անկարելի չէր», երբ «պատերազմը պետք էր թուրքերի համար»: Սա տրամաբանական հակասություն է: Եթե թուրքերի համար շահավետ էր մեզ հետ պատերազմելը», մենք ո՞րտեղից «որոշ շանսեր ունեինք թուրքերին խոսք հասկացնելու»: Պարզ է, որ Քաջազնունին իր ցանկությունները շփոթում է իր իսկ առաջ բերած փաստերի ու եզրակացությունների հետ, և նրա թված փաստերից ու եզրակացություններից չի հետևում, թե մենք կհաջողեինք թուրքերի հետ ընդհանուր լեզու գտնելու. հակառակը՝ այդ փաստերից մի եզրակացություն միայն կարելի է հանել՝ ա՛յն, որ թուրքերին պատերազմը Հայաստանի հետ հարկավոր էր և որ ո՛չ մի քայլ մեր կողմից չպիտի փրկեր մեզ պատերազմից:

Բայց ենթադրենք մի պահ, որ «տեսնվելու և բանակցելու» առաջարկ կար թուրքերի կողմից և որ բանակցություններն, իրոք, սկսվեցին: Ի՞նչ կլիներ հետևանքը: Իհարկե, եթե ես ու Քաջազնունին մեր այսօրվա խելքով վարեինք բանակցությունները, երևի մի համաձայնության կհասնեինք, որովհետև այսօրվա մեր ախորժակները շա՜տ են համեստ: Բայց այն ժամանակ՝ 1920թ. հունիս-օգոստոս ամիսներին այդպե՞ս էինք մտածում: Թո՛ղ Քաջազնունին վերհիշի, թե  ի՞նչպես էր մտածում ինքը ոչ թե 1920թ. հունիս-հուլիսին, այլ հոկտեմբեր ամսին, երբ ծառանում էր Լեգրանի պահանջի դեմ և համոզում «աչքի լույսի պես պահել Սևրի դաշնագիրը»: Եվ եթե այդպես էր մտածում Քաջազնունին, որ նոր էր գալիս արտասահմանից և, ուրեմն, տեղյակ էր Ամերիկայի և «մեր մեծ Դաշնակիցների» տրամադրություններին, ի՞նչ կարելի էր պահանջել մեզանից, որ բոլորովին կտրված էինք արտաքին աշխարհից և տապակվում էինք մեր յուղի մեջ:

Սևրի դաշնագիրը մի անգին գանձ էր, որ պետք էր պահել աչքի լույսի պես, իսկ Բեքիր Սամի բեյը խոսում էր Բրեստ-Լիտովսկի ու Բաթումի դաշնագրերի անունից: Պե՞տք էր հուսալ, որ այս երկու բևեռ-մտածողությունները կարելի կլինի հաշտեցնել միմյանց հետ: Կա՞ր, կարող է՞ր գոյություն ունենալ հայոց մեջ այն ժամանակ թեկուզ մի մարդ, որ հրաժարվեր Սևրի հեռանկարներից և թուրքերի հետ առանձին հաշտություն կնքեր, օրինակ, Ալաշկերտ-Բասեն ստանալով: Չկար ու չէր կարող լինել: Այդպես է համոզված և ինքը՝ Քաջազնունին :

Ինչո՞ւ չէր կարող լինել: «Որովհետև, պատասխանում է նա, բոլոր քաղաքական կուսակցություններն ու խմբակցությունները, ազգային բոլոր դիվանագետները, կոչված ու անկոչ հայրենիք փրկողները թե երկրի ներսը և թե մանավանդ երկրից դուրս, բոլորը իբրև մի մարդ կըմբոստանային, կքարկոծեին, միաբերան դավաճան  կհայտարարեին… Սևրի դաշնագիրը շլացրել էր բոլորի աչքերը»:

Քիչ առաջ տեսանք, որ Սևրի դաշնագիրը ոչ միայն «ազգային բոլոր դիվանագետների, կոչված ու անկոչ հայրենիքի փրկիչների» աչքն էր «շլացրել», այլև իրեն՝ Քաջազնունու պես զգաստ մարդու աչքը: Եվ հետո, արդյո՞ք միայն Սևրի դաշնագիրն էր դեր խաղում, որ հայերը այնպես վերապահ էին դեպի թուրքերը, թե՞ կար և ուրիշ պատճառ: Ինչո՞ւ 1920-ի ամառը միայն մեջտեղ եկավ թուրքերի հետ «տեսնվելու և բանակցելու» խնդիրը: Արդյոք որոշ չափով իրավացի չէի՞ն այն հոռետեսները, որոնք պնդում էին, թե թուրքերի նպատակը Սևրի դաշնագիրը վիժեցնելն է և ոչ թե հայերին գոհացում տալը: Անկարելի չէ և այս: Շատ բնական  է, որ թուրք գործիչները կուզենային հայկական հարցը հանել կնքելիք դաշնագրից և դարձնել հայ-թուրքական անմիջական  հարաբերությունների առարկա,  վստահ, որ եթե իրենք հայերի հետ մնան երես առ երեսի, միշտ էլ միջոց կգտնեն իրենց ուզածը ընդունել տալու:

Հայ-թուրքական հարաբերությունները խիստ բարդ ու ցավոտ և, մանավանդ, մեզ համար չափազանց շատ անհայտ կողմեր ունեցող երևույթ են, և կարելի չէ այնպես թեթև կերպով մոտենալ նրան, ինչպես վարվում է Քաջազնունին: Այնքան թեթև, որ նույնիսկ նեղություն չի քաշել իր գործածած փաստերը ճշտելու…