Քյարքիի «օպերացիան». Ալեքսան Հակոբյանի հուշերը

1606

Ծանոթ. – Այս հրապարակման հեղինակը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանն է: Այն պատմում է Քյարքի (այժմ՝ Տիգրանաշեն) գյուղի հայացման պատմությանը (1990 թ.): Քյարքին Հայաստանում ադրբեջանական երեք անկլավներից մեկն էր՝ ընկած ռազմավարական նշանակություն ունեցող Արարատ-Վայոց ձոր, այսինքն՝ Երեւանը Զանգեզուրին, հետեւաբար՝ Արցախին կապող ճանապարհին:

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. Քյարքիի «օպերացիան»

Քյարքիի «օպերացիան» 1990 թ. հունվարին մի քանի օր տեւած իրադարձություն էր, որը պատերազմի փուլ մտած մեր Արցախյան շարժման լուրջ հաջողություններից էր։ Սրա մասին պատմելը հեշտ չէ, քանի որ մինչ օրս էլ քաղաքական գաղտնիության պահեր կան, որոնք գուցե եւ արժե չտարածել, սակայն մյուս կողմից՝ անցել է 26 տարի, եւ գաղտնիությունն այն աստիճանի պարտադիր չէ, որքան առաջ։

Քյարքին, այսօր՝ Տիգրանաշենը, Արարատի նախկին շրջանի տարածքի մեջ է՝ Երասխ գյուղից վեր, Վայոց Ձոր եւ Սյունիք տանող ճանապարհին, Պարույր Սեւակ գյուղից հետո եւ լուսահոգի Պարույր Սեւակի ծննդավայր Զանգակատուն (նախկին Սովետաշեն) գյուղ չհասած։ Հենց ճանապարհին ընկած մի փոքրիկ կղզյակ հողատարածք է, որը նախկինում պատկանում էր Ադրբեջանին. Նախիջեւանի Նորաշենի շրջանի (ժամանակին՝ Իլյիչեւսկ, ներկայումս՝ Շարուր) մի կտորն էր, որը խորհրդային վերջնական քարտեզները գծելուց հետո մինչեւ 1927 թ. մոտ 6 տարի տեւած վեճերի արդյունքում, այնուամենայնիվ, թողնվեց Ադրբեջանին։

Միակ կղզյակը չէր Քյարքին. Հայաստանում անկլավ-կղզյակներ կային նաեւ Իջեւանի եւ Նոյեմբերյանի շրջաններում։ Հայաստանն էլ մի կտոր ուներ Ադրբեջանում՝ Արծվաշեն գյուղը, որն ադրբեջանցիները 1992-ին խորհրդային զորքի օգնությամբ գրավեցին ու մինչ օրս պահում են։

1921-1927 թթ. Հայաստան-Ադրբեջան-Մոսկվա եռյակի միջեւ Կենտկոմների եւ Սովնարկոմների մակարդակով քննարկվում էր սահմանային ճշգրտումների հարցը։ 1927-ին Մոսկվայի Կենտկոմի կամ Գերագույն խորհրդի նախագահության մի հրամանագրով 1922-ին կազմավորված Խորհրդային միության կազմի մեջ մտած երկու հարեւան հանրապետությունների սահմանները գծվեցին վերջնականապես (դրանից հետո եղան որոշ փոփոխություններ, բայց գոնե մեծ վեճերը սրանով փակվեցին։ Թե ի՛նչ փաստեր էր ներկայացնում հայկական կողմը, ի՛նչ փաստեր՝ ադրբեջանականը, եւ ինչո՞ւ պետք է սահմաններն այսպես գծվեին, դեռ ամբողջապես ուսումնասիրված չէ. մասնագետների ձեռքին կա ազգային արխիվից հավաքված արձանագրությունների մի մեծ փաթեթ, բայց ամփոփ հետազոտություն դեռ արված չէ։

1989 թ. մայիսի վերջին օրը, երբ «Ղարաբաղ» կոմիտեի հիմնական կազմը բանտից դուրս եկավ, ծանր խնդիրներ կային, որ հերթով պիտի լուծվեին։ Սկսեցինք լուծել. 1989 թ. երկրորդ կեսում լուրջ կազմակերպչական աշխատանքներ տարանք բոլոր ուղղություններով՝ սկսած աղետի գոտուց, վերջացրած ինքնապաշտպանության կազմակերպմամբ։

Ժամանակին ասել եմ, կրկին ասեմ, որ 1988 թ. վերջերին – 1989-ի սկզբներին՝ բանտ նստելու նախօրյակին եւ ընթացքում, մենք, ըստ էության, կորցրեցինք Հյուսիսային Արցախը, բացի Գետաշենի ենթաշրջանից, որի հետագա կորուստը ծանր է ինձ համար անձամբ, քանի որ դրանով զբաղվել եմ ե՛ւ մասնագիտորեն, ե՛ւ այդ ընթացքում Հյուսիսային Արցախի համար պատասխանատուն լինելով, բայց շատ բան անել չկարողանալով։ Պատճառն այն էր, որ 1988-ին «Ղարաբաղ» կոմիտեն համարում էր, որ պաշտպանությունը տեղի ժողովրդի եւ հատկապես՝ Ղարաբաղի մեր ընկերների պատասխանատվության տակ է։ Սակայն պարզվեց՝ դա քիչ է. 1988 թ. նոյեմբերին տեղի ունեցավ այն հսկայական գաղթը, որով կորցրեցինք Ադրբեջանի հայության մեծ մասը, բացի Շահումյանից, Գետաշենի ենթաշրջանի գյուղերից եւ բուն Արցախից։ Հայությունը դուրս եկավ, հրով ու սրով բռնագաղթեցվեց իր բազմահազարամյա Հայրենիքի մի մեծ կտորից՝ Գանձակի, Գարդմանի, նաեւ Շիրվանի ամբողջ հատվածից։ Մնաց նաեւ Բաքվի հայության մի մասը, որը հետո բռնագաղթեցվեց եղերական ձեւով… Բաքվի ջարդերը տեղի ունեցան 1990 թ. հունվարին՝ զուգահեռ նրան, ինչ կպատմեմ Քյարքիի մասին։

Արդեն 1989-ի վերջին – 1990-ի սկզբին երեւում էր, որ անխուսափելի է նաեւ Բաքվի հայության բռնագաղթը, բայց ոչինչ անել հնարավոր չէր, քանի որ Խորհրդային Միությունը դեռ բավականին ամուր էր, իսկ Արցախը՝ կապանքների մեջ. Մոսկվան մի ռեժիմ էր սահմանել Արցախի մարզի համար՝ հատուկ կառավարման ռեժիմը, որն էապես թուլացնում էր նախաձեռնությունների հնարավորությունը, եւ որի առկայությամբ Արցախն ամրապնդելը լուծելի էր դառնում միայն ընդհատակյա գործունեությամբ, ինչն էլ կատարվում էր ե՛ւ տեղում, ե՛ւ Կոմիտեի օգնությամբ (որն արդեն 1989-ից դրանով էապես զբաղվում էր)։

Հատուկ կառավարման ռեժիմի սկզբնական տարբերակով Արցախում նշանակվել էր Մոսկվայի ներկայացուցիչ՝ Արկադի Վոլսկին, որն ուղիղ ենթարկվում էր Մոսկովյան Կենտրոնին։ Հետո սա փոխարինվեց մեկ ուրիշ տարբերակով, որով Բաքվի Կենտկոմի երկրորդ քարտուղար եւ Մոսկվայից նշանակված Պոլյանիչկոն դարձավ Ղարաբաղի գերագույն իշխանություն, որի հրամանները պարտադիր էին տեղական մարզային իշխանության, այդ թվում՝ մարզկոմի քարտուղար Հենրիկ Պողոսյանի համար։ Իսկ տեղում գլխավոր իշխանությունը զինվորականն էր՝ զինվորական պարետը, որ գեներալ Սաֆոնովն էր։

Մոսկվան երկու որոշմամբ այսպիսի կարգ էր սահմանել, ինչով մի կողմից՝ փորձում էր լրիվ բացասական չպատասխանել արցախցիների այն բողոքին, թե իրենց համար դժվար է Ադրբեջանի կազմում մնալը, ինչը սպառնում է «սումգայիթով», մյուս կողմից էլ՝ աշխատում էր Արցախի ենթակայությունը Բաքվին դարձնել հնարավորինս «բնական»… ինչը, փառք Աստծո, չստացվեց, եւ չէր էլ կարող ստացվել։

Ղարաբաղյան շարժման ոչ ֆորմալ իշխանությունն Արցախում «Կռունկ» կոմիտեն էր իր տարբեր խմբերով։ Կար նաեւ բավականին լուրջ ընդհատակյա շարժում, որը Կռունկին ուղիղ ենթակա չէր, այլ անմիջապես աշխատում էր «Ղարաբաղ» կոմիտեի հետ։ Կոմիտեն ուներ հատուկ պատասխանատուներ, այդ թվում՝ ռազմական գործի համար, որի հիմնական համակարգողը Մանուկյան Վազգենն էր։ Այլ մարդկանց անուններ, իհարկե, չեմ տա, որովհետեւ կատարածն ընդհատակյա զինվորական գործ էր։

Հունվարի երկրորդ շաբաթում Բաքվում արդեն հայերի ջարդերն էին սկսվել։ Մի քանի օր ուշացումով խորհրդային զորքը մտավ քաղաք եւ հայերի մի մազապուրծ մասին ազատեց լրիվ բնաջնջումից. նրանց նավերով տեղափոխեցին Թուրքմենիա, Կրասնովոդսկ եւ այլուր։ Բաքվի հայությունը՝ 150000-ից ավելի մարդ, 300000-350000 նախկին համայնքից մնացած վերջին կտորը, որ հույս ուներ, թե կկարողանա ապրել իր, ինչպես համարվում էր՝ երկրորդ հայրենիք Ադրբեջանում, ստիպված եղավ ամբողջությամբ դուրս գալ՝ տալով 100-ից ավելի զոհ, որոնց անունները մինչ օրս ճշգրիտ գրանցված չեն, ինչպես եւ 1988-ի Սումգայիթի զոհերինը, որտեղ, գիտենք, զոհերն ավելին էին, բայց ընդամենը 33-ի անունները հաջողվեց հետագայում փաստաթղթավորել։

Բաքվում հայերի հալածանքներին զուգահեռ՝ ադրբեջանցիներն սկսեցին նաեւ Քյարքիից գնդակոծել Զանգեզուր տանող մեր ճանապարհը, որն անցնում էր գյուղին պատկանող հողերով։ Պարզեցինք, որ 1989 թ. հունվարին ադրբեջանցի ընդհատակային զինյալները Նախիջեւանից անցել էին այս կողմ եւ լուրջ ջոկատ կազմել։ Հասկացանք, որ կանգնած ենք Սյունիքի ճանապարհը կորցնելու իրական վտանգի առջեւ։ Ուստի Արարատի մեր ջոկատը, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, մի օպերացիա մշակեց, համաձայնացրեց «Կոմիտեի» հետ եւ իրականացրեց. հունվարի 16-ին մեր տղաները մտան գյուղ ու բոլոր զինյալներին քշեցին։ Բայց գյուղում, իրենց ՕՄՕՆ-ից բացի, խորհրդային ներքին զորքերի մի փոքրիկ խումբ կար, որի պահանջով էլ մերոնք գյուղից դուրս եկան՝ տալով մեկ զոհ՝ Տիգրանին Արարատի շրջանի Արմաշ գյուղից, որի անունով էլ Քյարքին հետագայում անվանակոչեցինք Տիգրանաշեն։ Աստիճանաբար պարզ դարձավ, որ ադրբեջանցի գյուղացի ժողովուրդը ադրբեջանցի զինյալների հետ միասին հեռացել է Քյարքիից։

Հունվարի 18-ին սկսվեցին Արարատի սահմանային Երասխ գյուղի կռիվներն ու թեժ շարունակվեցին մինչեւ ամսի 20-ը։ Հունվարի 22-ին երկու կողմերում խորհրդային զինվորական հրամանատարների միջնորդությամբ տեղի ունեցան որոշ բանակցություններ, եւ Երասխի ճակատամարտն ավարտվեց։ Կռիվների 4-5 օրերին ունեցանք զոհեր, որոնցից էր Մովսես Գորգիսյանը՝ մի քանի հերոս տղաների հետ միասին։ Երասխի ճակատամարտի ամբողջ ընթացքում «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչը տեղում Բաբկեն Արարքցյանն էր, որը Վազգեն Սարգսյանի կողքին էր, եւ խնդիրները միասին էին լուծում։

Այդ ընթացքում պարզ էր, որ Սյունիքի ճանապարհն ենք կորցնում ու մնալու ենք Մարտունիից Եղեգնաձոր գնացող, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքով անցնող ճանապարհի հույսին, որն այն ժամանակ միայն բեռնատարներով էր հնարավոր անցնել։ Հայաստանի կենտրոնից Սյունիքի կտրվելն անթույլատրելի էր՝ կորսվում էր նաեւ Արցախի հետ կապը (Բերձոր-Լաչինի ճանապարհն այդ ժամանակ արդեն վաղուց չկար՝ դիրքավորված էին երկու կողմից էլ, բայց Կոռնիձորից անցնում էինք Բերդաձորի Հինշեն)։ Ուստի ճանապարհը պահելու միակ ձեւը Քյարքի գյուղն ադրբեջանական վերահսկողությունից հանելն էր, իսկ դա հնարավոր էր միայն գյուղը հայ փախստականներով բնակեցնելով… ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի մնացած՝ ադրբեջանցիներից ազատված գյուղերում էր արվել։

«Ղարաբաղ» կոմիտեից ես էի, որ դարձա այդ հարցի պատասխանատուն։ Հունվարի 22-ին մեկնեցի Արարատ եւ տղաների հետ տեղում պայմանավորվեցի, որ Երեւանում անմիջապես նախապատրաստում ենք Քյարքիում բնակվելիք փախստականների խումբը, եւ, եթե բնակեցնելու հնարավորությունը գյուղում կա, տեղափոխում ենք հենց հաջորդ օրը։ Նույն օրը Վազգեն Սարգսյանի հետ գնացինք դեպի գյուղ, բայց չմտանք. տեսանք, որ, այնուամենայնիվ, ինչ-որ կրակներ երեւում են։ Պետք էր պարզել՝ ովքեր են՝ ադրբեջանցինե՞ր, թե՞ ռուսներ, զորքե՞ր, թե՞ բնակչություն։ Գիշերը Վազգեն Սարգսյանի տղաները պարզեցին եւ ասացին, որ ամենայն հավանականությամբ ռուսներ են, ու նրանց հետ պետք է խոսել։

Հաջորդ օրը՝ հունվարի 23-ին, Վազգեն Սարգսյանի ու Բաբկեն Արարքցյանի հետ Երասխում հանդիպելուց հետո իմ ընկերներից Միշա Հակոբյանի հետ վերջինիս Ժիգուլիով երեկոյան կողմ մտանք Քյարքի։ Գիտեինք, որ բնակիչները գնացել են, բայց արարատցի տղաները, զբաղված Երասխի ճակատամարտով, հաստատ չգիտեին՝ վերադարձե՞լ են, թե՞ ոչ։ Ուստի պիտի պարզեինք։ Ձորակի կամուրջն անցնելով՝ երկարուկ ձգվող այդ գյուղի (ընդամենը՝ 45 տուն) մի ծայրից մյուսն անցանք ու ոչ մեկին չտեսանք, կանգնեցինք գյուղի կենտրոնում, սկսեցինք կանչել, պատասխան չստացանք, նոր ձյունը նստած՝ թարմ հետքեր չերեւացին։ Մենք պատրաստ էինք բոլոր տարբերակներին, բայց պարզվեց՝ ամսի 16-ից հետո գյուղը դատարկ է… համենայն դեպս՝ մեզ այդպես թվաց։ Վերադարձանք՝ գործն անելու։

Հաջորդ օրն արդեն պիտի փախստականներին տանեինք։ Մի քանի օր էր՝ Հայոց համազգային շարժման (Տեխնիկայի տանը) փախստականների հանձնախումբը, որ ղեկավարում էին Ներսիսյան Գագիկն ու Պետրոսյան Շահենը, պայմանավորվել էր Բաքվից Երեւան հասած մի մեծ խմբի հետ, որ իրենց բնակեցնենք Երեւանից ընդամենը 80 կմ հեռավորության վրա ընկած Քյարքի գյուղում։ Ցուցակագրվել էր մոտ 100 մարդ։ Մենք էլ պատրաստ էինք այդ մարդկանց հավաքել ու ցերեկով 3 ավտոբուսով տեղափոխել։

Հաջորդ օրը՝ հունվարի 24-ին, Վազգեն Սարգսյանը վաղ առավոտյան զանգահարեց, ասաց, որ դա հնարավոր չէ, քանի որ մայրուղուց Քյարքի տանող մուտքին՝ կամուրջի վրա, արգելափակոց (շլագբաում) է հայտնվել եւ ռուսական զորք է երեւում՝ ավտոմատներով, գնդացիրներով եւ այլն։

Միշայի Ժիգուլիով շտապ Քյարքի գնացինք՝ այս անգամ հետներս վերցնելով մեր 3-րդ ընկերոջը՝ Վլադիմիր Դյակովին, որը կրտսեր եղբորս մոտիկ գործընկերն էր եւ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում հեծանվասպորտի լաբորատորիայի վարիչը (Հայաստանն այն ժամանակ լավ հեծանվասպորտ ուներ, եւ այդպիսի հատուկ լաբորատորիա կար), մանկավարժական գիտությունների թեկնածու, մեր տարեկից՝ 36-37 տարեկան, ծնունդով վոլգոգրադցի, հայաստանցի ռուս տղա, որը 1990-ականների վերջին, երբ հայրը մահացավ, մորը մենակ չթողնելու համար վերադարձավ Վոլգոգրադ ու մնաց… բայց մեկ-մեկ գալիս է։ Վովան շատ արագ համաձայնեց գալ ու փորձել մեզ օգնել՝ ռուս զինվորներին համոզելու, որպեսզի չխանգարեն՝ Քյարքին Բաքվի փախստականներով բնակեցնենք։ Մտածեցինք՝ ռուս տղաներին ի՞նչ տանենք, ու 3 աստղանի հինգ շիշ կոնյակ վերցրեցինք, որն այն ժամանակ, կարծես, 5 ռուբլի արժեր։ Փողը Բաբկեն Արարքցյանից ստացանք, որը «Ղարաբաղ» կոմիտեի «գանձապահն» էր։

Հասանք Քյարքի ու տեսանք, որ գյուղ մտնել հնարավոր չէ, կամրջի արգելափակոցի պոստից չէին մոտենում ու սպառնում էին կրակել։ Բայց պետք էր ինչ-որ կերպ հետները կոնտակտ հաստատել։ Մայրուղով գնալ-գալով՝ նկատեցինք, որ իրենց հիմնական դիրքը գյուղի մյուս ծայրին, ձորակի մյուս կողմից մայրուղուն նայող դպրոցի կաթսայատան մոտի բարձունքին է, որն իշխում է գյուղի եւ զուգահեռ անցնող մայրուղու կենտրոնական հատվածի վրա։ Մոտեցանք դրա դիմացի ճամփեզրին, սկսեցինք ճանապարհից կանչել՝ «на-до по-го-во-рить, на-до по-го-во-рить»։ Ոչ մի արձագանք։ Չհուսահատվելով՝ համարյա տասը րոպե երեքով այդպես գոռացել ենք, մինչեւ ծիկրակող ինչ-որ շարժում նկատեցինք, ու մեզ նշան արեցին, որ գյուղի վերեւի ճանապարհին մեզ կհանդիպեն։ Մեր Ժիգուլիով հասանք այնտեղ. նույնպես արգելափակոց կար։ Երկու մեքենա մեզ ուղեկցում էր Արարատի ջոկատի զինված տղաներով, որոնք ի սկզբանե գյուղից վեր՝ երկրորդ ոլորանի վերեւում կանգնել հեռադիտակներով հետեւում էին, բայց՝ մեծ հեռավորության վրա, քանի որ զինված տղաներով ռուսական զորքին մոտենալն անվտանգ չէր։

Գյուղի վերին հատվածից մեզ ընդառաջ եկան մի ավագ լեյտենանտ, մի սերժանտ, երեք զինվոր։ Տարբերանշաններից երեւում էր, որ խորհրդային ներքին զորքերի ներկայացուցիչ են։ Զրույցն սկսելով՝ հասկացանք, որ ամսի 23-ին, երբ բարձրացել էինք մինչեւ գյուղի ծայրը, մեզ տեսել էին։ Մենք պարզապես չէինք գնացել դպրոցի կողմը, որը գյուղամիջի հիմնական ճանապարհից մի քանի տասնյակ մետր վերեւ էր։ Ըստ երեւույթին՝ մեզ պարզապես չէին պատասխանել, բայց ռուսական զորք այդ օրն արդեն եղել էր։ Ուղղակի պոստեր չէին դրել. դրանք դրվեցին հաջորդ առավոտյան՝ որպես մեր այցի պատախան։

Բացատրեցինք մեր ուզածը։ Ավագ լեյտենանտը, անունը՝ Միշա, 27-28 տարեկան էր, հրավիրեց շտաբում խոսելու. պարզ է՝ մենակ չէր կարող պատասխանել։ Գնացինք շտաբ, որտեղ կար եւս մի ավագ լեյտենանտ։ Հասկացանք, որ գործ ունենք մեկ դասակի հետ. դուրս ու ներս անելիս, դիրքեր փոխելիս մոտ 30 զինվորական հաշվեցինք։

Կոնյակներից չորսն էի վերցրել, մեկը թողել էի մեքենայում։ Իրենց հասկացրինք, որ ուզում ենք սեղանի շուրջ զրուցել՝ ջերմ պայմաններում։ Մտանք դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճը, որտեղ զորանոցն էին հարմարեցրել, եւ մի ծայրում, ուր խոհանոցային հատվածն էր, սեղանի շուրջ նստեցինք։

Այդ ժամանակ Միշային խնդրեցի (ռուսների համաձայնությամբ), որ, քանի որ դպրոցում առանձնապես բան չկա, բարձրանա տեսնի՝ Արարատից մեզ ինչ «закуска» կբերի։ Նա էլ Վազգենի տղաներից մի քանիսի հետ մեքենայով անմիջապես իջավ Պարույր Սեւակ գյուղ եւ մի կես ժամից վերադարձավ խորովածով. Վազգենը նախապես ծրագրել ու ամեն ինչ պատրաստել էր տվել։ Մի քանի ժամ տեւած զրույցի ընթացքում Միշան եւս մեկ անգամ ստիպված եղավ մեզ «закуска» բերել, որովհետեւ, դե, զինվոր տղաներն անընդհատ մոտենում օգտվում էին։ Վազգենը երկրորդ անգամ էլ մի մեծ «բոխչայով» խորոված-քյաբաբ ուղարկեց, դեռ մի թաս էլ խաշլամա էր հաջողացրել։

Ամբողջ ժամանակ ինքը՝ Վազգենը, մնաց երկրորդ ոլորանի վերեւում, անհանգիստ կանգնած։ Ռուսներն, իհարկե, մեզ ասացին, որ տեսել են ինչ-որ զինված տղաների։ Մենք էլ պատասխանեցինք, որ մեր ընկերներն են, կարող ենք կանչել, ասացին՝ ոչ. չպնդեցինք։

Խնդիրն արդեն ներկայացրել էինք, փորձում էինք իրար կոմպլիմենտներ անել, մոտիկից ծանոթանում էինք, ընդհանուր ծանոթներ փնտրում, ինչ-որ թեթեւ պատմություններ հիշում։ Ինչքան էլ մեր ռուսերենը հերիքում էր, Վովայի ռուսերենին չէր հասնի. շատ անուշ էր զրուցում զինվորների հետ՝ իրար կատարյալ հասկանալով, ծանրակշիռ, հարգանքով, սիրով. դե, դասախոս մարդ, որն անընդհատ երիտասարդների է տեսել, ընդ որում՝ մարզիկ երիտասարդների, ինքն էլ՝ մարզիկ հեծանվորդ։

Կոնյակի երկրորդ բաժակը դատարկելուց հետո մեկ էլ ռուսները՝ թե՝ «ախր, սա ի՞նչ խմելու բան է», ու գնացին 6 լիտրանոց շտոֆով սպիրտ բերեցին, որ 90 աստիճանից բարձր թնդություն ուներ։ Ասացին՝ «այ է՛ս է խմիչքը»։ Լցրեցին բոլորիս։ Խմեցի առաջին բաժակը… ու լավ է, որ հրաշքով ոչ մի վատ բան այդ պահին չկատարվեց… բայց հասկացա, որ երկրորդը խմեմ՝ կհանգեմ։ Ասացի՝ «էս ի՛նչ լավն էր, բայց ես կոնյակ կխմեմ, սովորություն է»։ Իսկ Վովան, կեցցե, դիմացավ։ Միշան որպես վարորդ չէր խմում, իրենցից 4-5 հոգին էին, որ մշտապես մեզ հետ էին, եւ տղաներ, որ մոտենում էին, մի բաժակ խմում, հետո՝ երկրորդը, երրորդը, չորրորդը… Մի խոսքով, 3 ժամ տեւած ջերմ բանակցությունների ընթացքում հասցրեցինք 6 լիտր սպիրտն ու 4 շիշ կոնյակը վերջացնել։

Պայմանավորվեցինք, որ հաջորդ օրը փախստականներին տանում ենք. ընկերաբա՛ր համաձայնեցին։ Մեր ներկայացրած տրամաբանությունն այն էր, որ փախստականները եկել են Բաքվից՝ քաղաքից, իսկ Հայաստանն այժմ հնարավորություն չունի նրանց տեղավորելու, մինչդեռ Քյարքին հա՛մ Ադրբեջանի՝ իրենց հայրենիքի մի կտորն է, հա՛մ վերահսկելի է՝ նրանց կյանքին գոնե ոչինչ չի սպառնա, հա՛մ էլ ռուսական բանակն է առկա, որ ներկայությունն է Կենտրոնի, եւ պետք է ապահովի նրանց անվտանգությունը։ Իսկ եթե կլինեն հին ադրբեջանցի խաղաղ բնակիչներ, որ կցանկանան վերադառնալ, թող գան, միասին կտեղավորվեն, կապրեն (իհարկե, ոչ մի ադրբեջանցի այլեւս չէր վերադառնալու)։

Հաջորդ օրը՝ հունվարի 25-ին, 3 ավտոբուս՝ պատրաստ, 95 հոգին՝ մեջը, բայց Վազգենը զանգեց ու ցավալի լուր հաղորդեց, որ դիրքերն ավելացվել են, ռուսական նոր զորք է բերվել Նախիջեւանից եւ սպառնալից կանգնած են դիրքերում. վտանգավոր է առանց լրացուցիչ պայմանավորվածության մարդկանց այնտեղ տանելը։ Վազգենը, իհարկե, հասկանում էր, որ իր վրա շատ մեծ պատասխանատվություն կա։ Ահա այդ ժամանակ էր, որ «Ղարաբաղ» կոմիտեում մեկ անգամ եւս լուրջ քննարկվեց մեր այս անելիքի իրատեսականությունը, եւ ինձնից նորից պահանջվեց տղաներին հերթով ապացուցել, որ սա իրատեսական է ու այն աստիճանի վտանգավոր չէ, որ դրա փոխարեն մեզ անդառնալի կորուստներ թույլ տանք. բոլորին էր հասկանալի, որ Զանգեզուրի ճանապարհի հարցը պետք է լուծենք։

Հունվարի 25-28-ը ծանր օրեր էին. համարյա ամեն օր երեքով Քյարքիում էինք։ Մոտենում էինք դիրքերին, Միշան ընդառաջ էր գալիս՝ հետն ընկերացել էինք, բայց միանում էր մի ուրիշ, նոր եկած ավագ լեյտենանտ՝ Յուրա անունով, ու մերժում՝ «ո՛չ մի դեպքում»։ Նկատել էինք, որ զորքի քանակը հասցվել է վաշտի՝ մոտ 100 զինվորական, բոլորը՝ ներքին զորքերից։ Մեզ բացատրում էին, որ իրենց ղեկավարությունը տեղյակ է եւ կատեգորիկ արգելել է։ Մի քանի օր շարունակ համոզում էինք, իսկ ողջ ընթացքում արարատցի մեր տղաները ոլորանին կանգնած պատրաստ հսկում էին։ Համառում էինք, որ մենք, միեւնույն է, ուրիշ ճար չունենք, եւ դա անելու ենք։ Բայց սպառնալիքի ենթատեքստով որեւէ խոսակցություն ռուսական զորքի հետ չենք վարել… ո՛չ դրանից առաջ, ո՛չ դրանից հետո։ «Համբերատար» զրուցում էինք, առաջին մերժումից հետո, միեւնույն է, շարունակում էինք, 10-րդ մերժումից հետո՝ նույնպես… ինչը կարելի է եւ վերջնագիր համարել։

Ավելորդ բաներ, սակայն, չէինք ասում եւ չէինք էլ պատրաստվում անել. 1990-ի հունվարին չէինք կարող պատկերացնել, որ խորհրդային զորքի դեմ ինչ-որ բան կարող ենք անել, երբ Բաքվում ու Ղարաբաղի շուրջ դրությունը ծանր էր։ Իսկ հենց այդ ժամանակ՝ հունվարի 20-ին, նաեւ սրվել էր վիճակը Գետաշենի ենթաշրջանում՝ Ազատ եւ Կամո գյուղերում, որտեղ հրազդանցի Սասունի եւ Զարզանդի ջոկատներն ու «Արաբոյի» կազմի մեջ մտնող, բայց ՀՀՇ-ին ենթարկվող Շահումյանի երկրապահ ջոկատը լրջորեն ջարդեցին ադրբեջանական ՕՄՕՆ-ի հարձակումը։ Դրանից հետո այնտեղ ռուսական ներքին զորք լցվեց, որի օգնությամբ փետրվարի սկզբին Խանլարի շրջանային իշխանություններն ամբողջությամբ շրջապատման մեջ պահվող Ազատի եւ Կամոյի բնակիչներին ստիպեցին իրենց տների վաճառք ձեւակերպել՝ տալով որոշ գումար (ոչ՝ աստղաբաշխական, բայց ոչ էլ՝ կոպեկներ)։ Իսկ գնորդները տեղի ադրբեջանցիներն էին, փախստականներ էլ չէին։ Հենց իմացանք, մեծ խմբով զբաղվեցինք այդ հարցով։ Անմիջապես այնտեղ մեկնեց Կոմիտեից մի խումբ՝ Դավիթ Վարդանյանն ու Երջանիկ Աբգարյանը (որը Կոմիտեի գաղտնի խմբի անդամ էր)։ Իսկ Քյարքիից հետո ես դարձա «Ղարաբաղ» կոմիտեի՝ այդ խնդրով պատասխանատուն եւ փետրվարի 16-ին ուղղաթիռով մեկնեցի Գետաշեն։ Հայաստանից մեծ գումար տարանք՝ մեկ միլիոն ռուբլուց ավելի, որ Ստամբոլցյան Խաչիկի «Գթություն» կազմակերպությունը տրամադրեց, եւ յուրաքանչյուր ընտանիքի հանձնելով՝ հատ-հատ պայմանավորվեցինք, որ կվերադարձնեն գնորդներին. նրանք էլ պաշտոնապես ետ վերադարձրին վերցրած գումարներն ու պայմանագրերը չեղարկեցին։ Սակայն դրանից հետո՝ փետրվարի 27-ին, խորհրդային զորքն ուղղակի БТР-ներով մտավ Ազատ եւ Կամո, ժողովրդին՝ մի քանի հարյուր մարդու, լցրեց բեռնատարները՝ հայտարարելով, որ պայմանագրերն իրեն չեն հետաքրքրում, ու Կիրովաբադով (Գանձակով) բերեց Հայաստանի սահման։ Ներքին զորքերի մտնելուց հետո մեր ջոկատները ստիպված եղան նահանջել Գետաշեն եւ Մարտունաշեն ու ողջ ընթացքում մնացին այնտեղ։ Դրանից հետո՝ մինչեւ մարտի 9-ը, վերջին 10 ծանր օրերին յոթ հոգով՝ ես (որ արդեն մենակ էի) եւ Կամոյի ու Ազատի մի քանի երիտասարդ բնակիչ, մնացինք գյուղում. զորքին ու միլիցիային պնդում էինք, որ՝ «չենք հեռանալու, սա մեր գյուղն է, մենք պայմանագրեր ունենք, մյուսներին էլ զոռով եք տարել»։ Ադրբեջանական ՕՄՕՆ-ին էլ էինք դիմում, որը ռուսների ներկայությամբ մեզ վնաս չէր տալիս։ Յոթով երկու կից տներում էինք գիշերում։ Գետաշենից ցերեկները միշտ գալիս, մեզ միանում էին (հիմնական «կապավորը» հերոս ռադիստ Լենա Ավագյանի որդի Ալեքսն էր, որը հետո Քաշաթաղի բնակիչ դարձավ), ու ման էինք գալիս 2 խմբով՝ ցույց տալով, որ գյուղերը ձերը չեն, եւ դուք պարտավոր եք ետ բերել հայ բնակիչներին։ Նույն ընթացքում Կոմիտեն փորձում էր Հայաստանի Կենտկոմի ղեկավարության միջոցով (Մոսկվայի հետ անմիջապես կապվելու հնարավորություն Կոմիտեն, իհարկե, չուներ) Կենտրոնից պոկել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոցով բնակչությանը ետ բերելու որոշում. չստացվեց… ու մարտի 9-ին մեր խումբը դուրս եկավ։ Այդ օրը Գետաշենում ու Մարտունաշենում 2 ժողով արեցինք եւ որոշում կայացրեցինք, որ գյուղերը մնալու են տեղում, ջոկատները՝ նույնպես. բանն այն է, որ նրա՛նց էլ համառորեն առաջարկվում էր տներն ադրբեջանցիներին վաճառել ու հեռանալ։ Մեկ օր անց, վերադառնալով Ազատության հրապարակ, հայտարարեցի, որ մեր պատասխանը կարող է լինել միմիայն անկախության հռչակումը, քանի որ, տեսնում ենք, առանց անկախության ու Հայաստանի ներկա իշխանություններով մենք չենք կարողանում լուծել մեր խնդիրները։ Մենք հասկանում էինք, որ Մոսկվան ծանր քայլերի է գնալու, բայց միեւնույն էր։ Ազատն ու Կամոն թույլ էին՝ այնտեղ մի քանի տասնյակ ընտանիք էր մնացել, իսկ Գետաշենն ու Մարտունաշենն ուժեղ էին, հարյուրավոր ընտանիքներով։ Մեկ ու կես տարի հերոսական մաքառումով դիմացան, կամավոր չլքեցին հարազատ օջախները, մինչեւ որ 1991-ի ապրիլի 30-ին «Կոլցո» օպերացիան սկսելով՝ հսկայական զորքով ու տանկերով ներխուժեցին ու նվաճեցին… (դա նաեւ իմ անձնական ողբերգությունը եղավ, որին դիմանալ կարելի էր միմիայն գետաշենցիների ու մարտունաշենցիների կողքին մնալու անհրաժեշտության պարտադրանքով)։ Այդ օրը մերոնք կռվեցին, բազմաթիվ զոհեր տվեցին (սեպտեմբերից Գետաշենի ջոկատներին էր միացել նաեւ Թաթուլ Կրպեյանի խումբը), բայց ջոկատները ստիպված նահանջեցին անտառներ, որից հետո ժողովրդի մի մասը ջոկատների հետ անտառով տեղափոխվեց Շահումյան, իսկ մյուս մասը՝ ծերեր, կանայք, երեխաներ, ավտոբուսներով Նոյեմբերյան հասցվեց նույն կերպ, ինչպես Ազատում ու Կամոյում էին արել դրանից տարի եւ կես առաջ։

Գետաշենի մասին էլ բան չեմ պատմի։ Ծանր է։ Իմ գիտնական ընկերներով անցյալ տարի որոշեցինք, որ այս տարի այդ օրը կնշենք երկօրյա գիտաժողովով՝ ապրիլի 29-ից մինչեւ 30-ը։ «Կոլցոյի» 25-ամյակն է: Արեցինք, ու թեման էր Գարդմանի եւ Շիրվանի հայության պատմա-մշակութային ավանդները։ 20-ի չափ զեկուցում ընթերցվեց։ Եկող տարի էլ, եթե ստացվի, Կառավարությանը կփորձենք համոզել, որ ադրբեջանահայությանը նվիրված մի երկրագիտական թանգարան ստեղծվի բյուջետային ներդրումներով, օրինակ՝ Նոր Հաճնում կամ Աբովյանում, որտեղ բավականաչափ ադրբեջանահայեր կան (օրինակ՝ գետաշենցիների ամենամեծ գյուղն Արտամետն է, որ Նոր Հաճնի կողքին է)։

Շատ շեղվեցի: Վերադառնա՛նք Քյարքի։

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. 4 շիշ կոնյակ՝ Քյարքիի դիմաց

Երեկոները ծանր քննարկումների արդյունքում բարեբախտաբար կարողացա համոզել «Կոմիտեի» այն տղաներին, որոնք կասկածներ ունեին… իսկ դա հեշտ չէր։ Համոզում էինք երեքով՝ Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանն ու ես, ե՛ւ կոլեկտիվ քննարկումներում, ե՛ւ առանձին-առանձին։ Մի անգամ, երբ Վազգեն Մանուկյանին, որը շատ դժվար էր համոզվում, ասացի՝ «Տեսնո՞ւմ ես, Վազգե՛ն, իմ վստահությունը, դեմքիս ժպիտը, ախր դա հաջողության նշան է», Վազգենը տարավ-բերեց, երեւի կիսակատակ ասաց՝ «Զգույշ եղի՛ր, մահվանից առաջ բոլոր մարդիկ ժպտում են»։ Բայց համաձայնվեց։

Հունվարի 28-ին հասկացա, որ ռուս զինվորներին՝ Միշայով, Յուրայով ու մյուսներով, հնարավորինս համոզել ենք, որ՝ «մենք գալիս ենք, իսկ դուք չեք կրակելու»։ Եւ ամսի 29-ի առավոտյան ավտոբուսները Տեխնիկայի տնից շարժվեցին։ Մեր հանձնախմբի տղաները շատ լավ էին աշխատում. կարողանում էին փախստականների խմբին գերօպերատիվ հավաքել։ Իսկ սա արդեն երրորդ անգամն էր։ 29-ի կեսօրին ավտոբուսները կանգնեցին գյուղի մուտքի կամրջի մոտ։ Տեսանք, որ զինվորները կանգնել եւ ցույց են տալիս նոր մերժում։ Զինվորների մեջ կային իրենց գործին հատկապես «նվիրվածները», որ առավել դեմ էին մեր մուտքին։ Այդ պահին, բարեբախտաբար, Յուրա կոչվածը՝ երկրորդ խմբի պատասխանատուն, չկար. Միշան էր ու արդեն մեր ընկեր դարձած տղաները, որոնց հետ դեռ ամսի 24-ին լեզու էինք գտել։ Շլագբաումը բաց էր։ Եզրերով շարված զինվորներին փախստականներն ուղղակի գրկերն առնելով, ժպտալով ու ծիծաղելով, «сынки, сыночки» ասելով՝ թափանցեցին Քյարքիի կենտրոնական փողոց։ Այդ պահին եկավ Յուրա կոչվածը, ավտոմատով մի քանի անգամ օդ կրակեց, ու թե՝ պիտի դուրս գաք։ Բարեբախտաբար, գյուղի կեսն արդեն մերն էր, եւ ոչ մեկը դուրս չէր գալու. փախստականները լուրջ էին տրամադրված, եւ պիտի ասեմ՝ հերոսական ձեւով պահեցին իրենց։ Մի մոտեցում կա Բաքվի փախստականներին պակաս աչքով նայելու, բայց այդ օպերացիային իրենց մասնակցությունը ցույց տվեց, թե ինչ զինվորի քաջություն ու կարգապահություն դրսեւորեցին՝ հասկանալով, որ խնդիրը պարզապես իրենց տնավորվելը չէ, այլ ազգային լրջագույն խնդիր է լուծվում։

Դյակով Վովան կանգնեց Յուրայի առջեւ ու սկսեց ե՛ւ սիրով, ե՛ւ ավագի տոնով խոսել հետը, որ՝ «քեզ խելոք պահի՛ր, այսպե՛ս է լինելու եւ ո՛չ մի ուրիշ կերպ, մենք նույն ազգից ենք, վաղը հանդիպելու ենք, մի՛ արա այնպես, որ ադրբեջանցիների պատճառով թշնամանանք»։ Յուրան նորից սկսեց օդ կրակել ու հայտարարեց, որ անձամբ գնդակահարելու է Վովային։ Անմիջապես պայմանավորվեցինք, որ Վովան դուրս է գալիս… Եւ սկսեցին աշխատել մեր փախստական կանայք։ Երեխաներին չէինք բերել, վտանգավոր էր. թողել էինք հանրակացարաններում, ուր նախնական տեղավորվել էին։ Յուրային մի կերպ հանգստացրինք, զորքն իր դիրքերն ամրացրեց ու մեզ զգուշացրեց, որ, միեւնույն է, համաձայն չէ։ Փախստականները մտան, 45 տունը քարտեզագրեցին, թե ո՛ր ընտանիքը ո՛ր տանն է ապրելու, ու տեղավորվեցին։

Երեկոյացավ, ճաշեցինք, փորձում էինք նաեւ ռուս տղաներին հյուրասիրել, հիմնականում՝ անհաջող, քանի որ արդեն կապվում, հրամաններ էին ստանում, թե՝ աշխատեք հանել։ Բարեբախտաբար, չկարողացան. մերոնք շատ պինդ էին։ Ողջ ընթացքում Արարատի ջոկատի մոտ կեսը վերեւից հսկում էր։ Իսկ փախստականների հետ խռնված, ծպտված՝ գյուղ էր մտել նաեւ Պարույր Սեւակ գյուղի ջոկատից տասը տղա՝ փոքր զենքերով զինված՝ անհրաժեշտության դեպքում մեզ անվարան պաշտպանելու։

Ես ու Հակոբյան Միշան, ջոկատի տղաների հետ միասին, տեղավորվեցինք երկու տներում։ Միշայի մեքենան մնացել էր դրսում, 3 ավտոբուսները հետ էինք ուղարկել, եւ ընդամենը 2 հոգի էր փախստականների հսկա խմբից ավտոբուսով ետ վերադարձել՝ վախենալով անորոշ ապագայից։ Վովային էլ էինք ետ դարձրել, որովհետեւ Յուրայի խումբը նրան համարում էր իր ամենամեծ թշնամին։ Այսօր՝ տարիներ անց, զարմանում եմ, որ Վովային ոչ մի բանով չպարգեւատրեցինք. այդպե՛ս էինք վերաբերվում ինքներս մեզ, կամ էլ՝ մեր ընկերներին ուրիշներից առանձնացնելուն… կռիվներ էին, հետո՝ Ղարաբաղյան պատերազմ… հետո այս կարգի բաները մոռացվեցին… դարձան փոքրիկ «արկածներ»։

Հաջորդ օրն արթնացանք, տեսանք, որ ռուսական ներքին զորքերի վաշտը դարձել է մի ամբողջ գումարտակ՝ մոտ 200 զինվորական, որ նաեւ ուղղաթիռներով էին իջել։ Գլխավորն արդեն մայոր էր. դիմեց մեզ, իսկ մենք… ղեկավարներ չունեինք։ Մելքումյան Ռոզան (ինձնից մի քիչ տարիքով, փախստական հրաշք կին), մի քանի բաքվեցի տղաների հետ, անընդհատ կանգնում էր դրանց առջեւ։ Մայորը բանակցություններ փորձեց վարել, թե՝ պետք է խաղաղ գնաք։ Ռոզան էլ վերցրեց «լաչառությունը» դրեց, թե՝ «թողե՛ք հեռացե՛ք, մե՛նք ենք էս հողի տերերը, մենք Ադրբեջանի քաղաքացի ենք, Քյարքին էլ Ադրբեջանի մի գյուղ է, իսկ դո՞ւք ով եք, դուք ո՞ւմ շունն եք, ձեր անձնագրերը ցույց տվեք տեսնե՛մ»։ Եւ այդպես մի 15 ակտիվ կին ու տղամարդ ռուս զինվորներին, սպաներին նույն ոգով բացատրում էին, որ՝ «արդեն վե՛րջ, սա մեր տունն է, խնդրեմ՝ եկե՛ք մեր տուն հյուր, բայց ոչ ավելին, կամ էլ գնացե՛ք մեր հին տները Բաքվում այնպես պաշտպանեք, որ մենք ետ վերադառնանք»։

Հունվարի 30-ին Երեւանից մեզ մոտ եկավ Հայաստանի բարձրագույն ղեկավարության պատվիրակությունը՝ մի քանի հոգի Կենտկոմից ու ԿԳԲ-ից, Հայաստանում խորհրդային ներքին զորքերի հրամանատար գեներալ-մայոր Սուրկովը եւ լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը (մինիստրների խորհրդի նախագահը՝ վարչապետը)։ Եկել էին համոզելու փախստականներին, որ «Ադրբեջանի ղեկավարությունը տեղյակ է արդեն եւ համաձայն չէ, որ դուք այստեղ ապրեք, քանի որ բնիկ բնակչությունը մի օր պետք է վերադառնա, որ նույնպես փախստական է դարձել եւ ապրում է Իլյիչեւսկում ու Սադարակում՝ սպասելով իր վերադառնալու հնարավորությանը. իսկ մենք Հայաստանի կառավարության կողմից ձեզ խոստանում ենք, որ այստեղ հավաքված բոլոր անտուն բաքվեցիներին կապահովենք տներով Երեւանում կամ նրա շրջակայքում, կամ էլ՝ գոնե ավելի լավ ժամանակավոր կացարաններով, քան այն հանրակացարանները, որտեղ այս տասն օրն ապրել եք՝ Թուրքմենիայից Երեւան հասնելով»։

Մոտավորապես այս էր խոսակցությունը։ Հեռացան՝ փոշմանած, որ հասել են Քյարքի, քանի որ Ռոզան ու մյուս կանայք քիչ էր մնում դրանց մազերը պոկեին։ Եթե ռուս զինվորներին, սպաներին խնայում էին, ապա Հայաստանի ղեկավարությանն ամենեւին չէին պատրաստվում խնայել. պարզապես քշեցին։

Տարիներ անց, երբ Մովսիսյանի հետ արդեն ընկերական հարաբերություններ ունեինք (1991 թ. վերջին, մեկուկես տարի իմ աշխատելուց հետո, նա փոխարինեց ինձ Կառավարությանն առընթեր Փախստականների կոմիտեի նախագահի պաշտոնում), մեծ սիրով ու գորովանքով հիշում էինք այդ օրերը։ Ախր նա մեկ անգամ էլ եկավ, ու նրան մեկ անգամ էլ ձեռնունայն ետ ուղարկեցին. կենտկոմի քարտուղար Սուրեն Հարությունյանն ուղարկում էր, նա էլ ստիպված գալիս էր, իսկ Հարությունյանն էլ կատարում էր Մոսկվայի պահանջը։ Ոմանք գուցեեւ չընդունեն, բայց ես միշտ պնդել եմ, որ ճիշտ էր այն «մեծ դաշինքը», որ կնքվեց Հայոց համազգային շարժման եւ կոմունիստների միջեւ (իհարկե, ոչ՝ կոմունիստական կուսակցության որպես այդպիսին, այլ՝ կոնկրետ մարդկանց)։ Երբ քաղաքականության մեջ ճգնաժամին մոտեցող իրավիճակ կա, «մեծ դաշինքները» փրկում են բոլոր հասարակություններում։ Եւ դա՛ է խնդիրներ լուծելու ամենանորմալ, ժողովրդավարական եղանակը։ Եւ մենք էլ Հայաստանում դա կիրառել ենք ողջ 90-ական թվականներին։ Անգամ 1998-ից հետո, երբ իշխանափոխություն կատարվեց եւ նախագահական ընտրություններում լուրջ խնդիր առաջացավ Կարեն Դեմիրճյանի ընտրության հետ կապված, նա եւ Վազգեն Սարգսյանը կիրառեցին այդ նույն մեթոդը՝ ստեղծվեց «Միասնություն» դաշինքը, որը մեր նախկին «մեծ դաշինքի» վերակերտումն էր։ Կան նաեւ, իհարկե, խնդիր լուծելու հակաժողովրդավարական մեթոդներ. այդ դեպքում ճգնաժամերի ժամանակ վերացվում են պայքարի, բողոքի օրինական հիմքերը, ինչպես վարվեց հենց ներկայիս իշխանությունը՝ Սահմանադրության այս տարբերակն ապօրինի ձեւով՝ ժողովրդի «ոչ»-ի մեծամասնությամբ անցկացնելով։ Երբ տվյալ սահմանադրական կարգում ճգնաժամային վիճակ է հասունանում, դու հասկանում ես, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել. օրինակ՝ պարզ բան՝ ավելի լավ աշխատել, ուժերի ավելի լայն ընդգրկում եւ համախմբում ապահովել։ Մինչդեռ դրա փոխարեն իշխանությունը փոխում է բուն կարգը՝ ստեղծելով այնպիսինը, որում իր նկատմամբ քննադատությունը դառնում է ոչ օրինական կամ անհասցե։ Այսինքն՝ հարցերը կարելի է լուծել կա՛մ ժողովրդավարական (օրինակ՝ քաղաքական համախմբման), կա՛մ հակաժողովրդավարական ու հակաօրինական ճանապարհով, որը հարցի սուռոգատ լուծում է։ Մենք, Արցախյան շարժմումից հետո գալով իշխանության, բնականաբար, նախընտրեցինք առաջինը։

Մի խոսքով… Հաջորդ օրը՝ փետրվարի 1-ին, երկու ուղղաթիռով Քյարքի եկավ Ադրբեջանում խորհրդային ներքին զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Վարեննիկովը. այն նույն հայտնի Վարեննիկովը, որը 1991-ի օգոստոսին գովերգում էր Պուտչը, իսկ Հայաստանից հեռացավ միայն, երբ 1990 թ. մայիսյան ընտրություններով իշխանությունը փոխվեց (հետագայում Ելցինը դրան նստեցրեց եւ արժանին հատուցեց)։ Սա եկավ, շրջապատեց մի 10 հոգու, ձերբակալեց ու ավտոմատավորներով տարավ դպրոցում՝ շտաբում փակեց։ Եւ այդ ամբողջը՝ մեր կանանց «վայնասունի» ֆոնին։ Ընդամենը կես ժամ անց ստիպված եղավ ազատ արձակել, որովհետեւ հասկացավ, որ մեր կանայք կամ կզոհվեն, կամ իրենց մազերն էլ կփետեն։ Վարեննիկովի հետ Ռոզան էր կռիվ տալիս. կողքից նայում էի ու քեֆս գալիս էր, վերցնեիր կինո նկարեիր, հրաշք կերպար էր, որ դարձել էր փախստականների Ժաննա դ’Արկը։

Վարեննիկովը նեղսրտած հեռացավ իր ուղղաթիռով եւ հայտարարեց բլոկադա: Քյարքին փակվեց ու ոչ մի բան, ոչ մի կենդանի էակ չէր կարող Քյարքի մտնել։ Բոլոր կողմերից մի հսկա լրացված գումարտակ փռվեց ողջ գյուղի շրջակայքով, տեխնիկան ավելացվեց, ԲՄՊ-ներ դրվեցին գյուղամիջում, եւ համարյա թե արգելվեց անգամ շարժը տներից։ Գյուղից դուրս գալ թույլատրում էին (ոչ մեկը, ի դեպ, չգնաց), բայց ներս ոչ ոքի չէին թողնում։ Դժվարացավ մատակարարումը. մենք մեզ հետ ինչ-որ բաներ, իհարկե, ավտոբուսներով բերել էինք, բայց դա հերիքեց 2-3 օր։ Դրանից հետո սկսեցինք ուտել՝ ինչ որ տներում գտնում էինք։ Լենինգրադի բլոկադայի պես տնային կենդանիներ չենք մորթել, բայց վախենում էինք, որ անգամ դրան կհասնի։ Ոչ փախստականը ես էի, Պարույր Սեւակի ջոկատի հրամանատար Ավետիսյան Էդիկը (մի պարզ, լավ տղա, որ տարիներ անց դարձավ Պարույր Սեւակի երկարամյա գյուղապետը) եւ եւս 3 հոգի։ Արարատցի տղաները երբեմն թափանցում էին, բայց այնքան թույլ էր դրա հնարավորությունը, որ հետները որեւէ լուրջ բան բերել չէին կարողանում. միայն մանր փաթեթներ, որոնք իրենց շորերի տակ չէին երեւա։ Զինվորական խմբերը երբեմն փոխվում էին, եւ ամեն մի նորը մոտենում էր բոլորիս ու հերթով զգուշացնում, թե՝ «իմացեք, դուք հակաօրինական քայլ եք կատարում, մենք ձեզ ձերբակալելու ենք» եւ այլն։ Անընդհատ տեսնում էինք՝ ոնց են մեր տղաները՝ Վազգենը եւ մյուսները, զանազան ոլորաններից ծիկրակում։ Բայց դե, նշաններով իրար հետ շատ բան չէինք խոսի, ռացիա չկար, մոտավորապես էինք իրար հասկանում ու գիտեինք միայն, որ մնալու ենք տեղում։

Կենցաղը, իհարկե, բացարձակ բլոկադայի մեջ ապրելու կենցաղ էր։ Ոչ մի մաքուր բան չունեինք, անցել էինք այն ամենն օգտագործելուն, ինչ մնացել էր թուրքերից։ Բարեբախտաբար, մեր փախստականներն էլ պինդ դուրս եկան, էլ չեմ ասում մեր ջոկատի տղաների մասին։ Այդ օրերին արդեն զգում էի, թե ո՛նց է մեր փախստական ժողովուրդը տաքանում «իր» տների վրա։ Արդեն վերադասավորումներ էին անում, մաքրում այդ ձյուն-ձմեռվանը, հողամասում ինչ-որ բաներ փորփրում, հերթով տանում, ցույց էին տալիս, թե՝ «գիտե՞ս, ախր իմ այգում տանձենի չկա, մենակ խնձոր կա» կամ «իմ գոմը փոքր է, էն մեկինը մեծ է, բա ո՞նց անենք՝ փոխենք. իմ էրեխեքը շատ են» եւ այլն, եւ այլն։ Համայնքային կյանքը հոսում էր, ես էի՝ գյուղապետի կարգավիճակում, Էդիկն էլ՝ զինվորական հարցերն ու կարգուկանոնն ապահովողի։

Ամսի 6-ի երեկոն էր, որ հիշողությունիցս դուրս չի գա։ Հերթական ինչ-որ փշրանքներ ուտելուց հետո Էդիկի հետ խոսում ենք, ասացի՝ «Ժողովրդին ստիպված հանելու ենք. կա՛մ սովամահ ենք լինելու, կա՛մ էլ ժողովուրդն ինքն է դուրս գալու, ի՞նչ կարծիքի ես», ասաց՝ «Հրամանատարը դու ես, ոնց ասես, էդպես ենք անելու, բայց ես խորհուրդ եմ տալիս հիմա քնել. հո հենց հիմա չե՞նք գնալու, առավոտյան կերեւա»։ Ասացի՝ լավ։ Քնեցինք։ Որքան շնորհակալ եմ իրեն (միայն ինքն իմացավ եւ իմաստնաբար գաղտնի պահեց րոպեական թուլությունս)…

Փետրվարի 7-ի առավոտյան վեր կացանք… ու ինչպես հեքիաթի վիշապը մի օր աղբյուրի ակունքից հանկարծ ցնդում է, այդպես էլ տեսանք՝ գյուղը դատարկ է, զորք չկա։ Ո՛նց էին գիշերով գնացել՝ չէինք էլ իմացել, ո՛նց էին տեխնիկան հավաքել, որ ոչ ոք չարթնանա, չհասկացանք, ո՛նց էր 200-ից ավելի զինվոր հօդս ցնդել, չիմացանք։ Ութօրյա բլոկադան վերացել էր։

Դե, դրանից հետո միայն հրավառություն էր պետք, բայց դրա հնարավորությունը չկար. մոտ 100 հերոսներ բավարարվեցինք կշտանալով։

Փետրվարի 7-ի երեկոյան արդեն վերադարձա Երեւան։ Կոմիտեի նիստ գումարվեց, զեկուցեցի։ Որոշվեց, որ ես այնտեղ այլեւս շատ չեմ երեւալու (Մոսկվային չպիտի խրտնեցնեինք). Արարատի տղաները մուտքուելքի հնարավորություն արդեն ունեն, կապը բավարար է։

Հաջորդ օրը գնացի, գյուղում մի լավ քեֆ արեցինք, մնաս բարով ասացի ու վերադարձա… իհարկե, համարում էի, որ ավելի ուրախ կլիներ, եթե կարողանայի շարունակել Քյարքիով զբաղվել ու այն դարձնել հենց հայության դեմքը, օրինակելի համայնք՝ բառի բոլոր իմաստներով՝ ե՛ւ ներդրումների, ե՛ւ շինարարության, ե՛ւ մարդկային հարաբերությունների։ Բայց որոշումը կայացվե՛ց՝ մենք զգուշորեն ենք շարժվում եւ չենք թմբկահարում Հայաստանի միջամտությունը։

Եւ իրոք, մոտ 1992 թվականից Քյարքիում, արդեն՝ Տիգրանաշենում, սկսեց լուրջ գործ արվել, իսկ մինչ այդ ավելի շատ աշխատում էինք ոչ պաշտոնական ուղիներով՝ Արարատի տղաների միջոցով։ Վլադիմիր Մովսիսյանն ինձ պատմում էր, որ հետագայում էլի է գնացել, մարդիկ էլ է ուղարկել՝ իմանալու, թե ինչի կարիք ունեն։ Բայց Քյարքիի բնակչության հետ հիմնականում աշխատում էր ՀՀՇ-ի փախստականների հանձնախումբը՝ Ներսիսյան Գագիկի գլխավորությամբ, որին որոշ չափով միացան նաեւ Վերածնունդը (Ռոմիկը, Ալբերտը), Ազգային կառույցը (Միսակյան Աշոտը, Ֆրիդան) եւ այլն։ Այդ հերոսական օրերի մեր գյուտը՝ Մելքումյան Ռոզան, անմիջապես ընտրվեց ոչ պաշտոնական գյուղապետ։ Արարատի ջոկատը մի մեքենա հայթայթեց նրա համար։ Հետը բազմիցս հանդիպել եմ Երեւանում։ Թեպետ սիրտս շատ կցանկանար ստեղծել այնտեղ այդ օրինակելի համայնքը՝ ուտոպիստական լավագույն համայնքների ոգով, բայց հույս ունեի, որ առանց ինձ էլ դա անելու են, եւ ինչ-որ չափով, իրոք, արեցին. գյուղը վերածնվեց ու դարձավ Արարատի տարածաշրջանի նորմալ գյուղերից մեկը։ Ճիշտ է, փախստականների մի մասը, հենց որ հնարավորություն առաջացավ համեմատաբար խաղաղ պայմաններում, վաճառեց տներն արարատցիներին ու հեռացավ։ Այսօր գյուղը կես-կես է. մոտ 20 տուն փախստական, մոտ այդքան էլ՝ արարատցիներ։ Իսկ փոխադրվեցին հիմնականում Երեւանի մերձակա շրջաններ՝ Մասիս, Նոր Հաճն, որտեղ տներ էին կառուցվում փախստականների համար։ Ռոզան, կարծեմ 1996-ին, ի վերջո, մեկնեց Եւրոպա ու այնտեղ էլ ինչ-որ հիվանդությունից անժամանակ մահացավ։

Սա՛ էր Քյարքիի օպերացիան՝ մեր հաջողված գործերից մեկը, որպիսիք քիչ չեն եղել, եւ որոնց շարքում կդնեի նաեւ Նյուվադիի գրավումը 1991-ի օգոստոսի 8-ին, որն էլի ծանր եղավ (ի դեպ, գետաշենցիների մի մեծ խմբի ակտիվ մասնակցությամբ). Նյուվադին՝ Նռնաձորը, վերջին թուրքական գյուղն էր Հայաստանի տարածքում՝ Մեղրիի արեւելյան հատվածում։

Դա էլ իմ անձնական տոնն եմ համարում։ Իսկ հունվարի 29-ը՝ Քյարքիի բնակեցման օրը, եթե անգամ ընկերներիս հետ չի ստացվում, որդիներիս հետ պարտադիր կոնյակով եմ նշում։

Հետագայում կատակներ էին հնչում, թե 5 շիշ կոնյակով Քյարքին հայացրեցինք, ես էլ միշտ միջամտում էի, որ՝ 5 չէ՝ 4 շիշ. որպես պատմաբան ճշգրտություն եմ սիրում։ Որովհետեւ այն մեկ շիշը, որ մնացել էր մեքենայում, եւ որն այդ օրը հատուկ որոշել էի չօգտագործել, մեկ տարի անց՝ Քյարքիի բնակեցման նույն օրը, ես, լուսահոգի Սարգսյան Վազգենը, Դյակով Վովան, հրամանատար Էդիկը եւ Հակոբյան Միշան նույն Ժիգուլիով տարանք Քյարքի, Ռոզայի, Արտոյի ու մեր մնացյալ ակտիվի հետ խնջույք կազմակերպեցինք ու բնակիչների հետ միասին խմեցինք։

Համարում եմ, որ մենք մեր համբերատարությամբ, ե՛ւ ոգու, ե՛ւ ֆիզիկական ամրությամբ կարողացանք Քյարքին վերցնել ու պահել։ Մեր կյանքով խնդիր դրեցինք, որ Զանգեզուրի ճանապարհը չենք թողնելու օտարի ձեռքին՝ ո՛չ խորհրդային, ո՛չ էլ, առավել եւս, ադրբեջանական իշխանության, ու ստիպեցինք, որ խորհրդային կենտրոնը դրա հետ հաշտվի, որի կամքին եթե թողնվեր, ադրբեջանական ՕՄՕՆ-ը մշտապես կմնար այնտեղ։ Իսկ դա ցանկացած պարագայում դառնալու էր վտանգ, առավել եւս՝ կես տարի անց, երբ իշխանությունը Հայաստանում փոխվեց. այլեւս հնարավոր չէր լինի կանխատեսել, թե ինչ քայլերի կդիմեին նրանք։

ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ