Թուրքիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանություն արտահայտությունն արգելող օրենք

1038

Թուրքիայի խորհրդարանը ընդունել է ներքին կանոնակարգ օրենքի փոփոխություններ, որոնցով արգելվում է խորհրդարանում օգտագործել Հայոց ցեղասպանություն, ինչպես նաև Քրդիստան կամ քրդական շրջաններ արտահայտությունները, հաղորդում է Ազատությունը:

Կանոնակարգում 17 փոփոխությունների առաջարկը հուլիսի սկզբներին ներկայացրել էին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու Ազգայնական շարժման պատգամավորները: Երկարատև ու բուռն քննարկումներից հետո սահմանադրական հանձնաժողովը վավերացրեց նախագիծը:

Քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր, հայազգի Գարո Փայլանը նախաձեռնությունը կոչել է «իշխող և ազգայնական կուսակցությունների կողմից արված ազգայնական կոալիցիայի առաջարկ»:

Խորհրդարանի ներքին վարքի օրենքի փոփոխություններով նաև պատիժ է սահմանվում օրենքը խախտողների նկատմամբ՝ «թուրք ազգի պատմությունը և համատեղ անցյալը վիրավորած» պատգամավորների գործունեությունը խորհրդարանում ժամանակավորապես կասեցվելու է: Նրանք նաև տուգանվելու են աշխատավարձի մեկ երրորդի չափով:

Օրինագծին դեմ էր նաև քեմալական Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցությունը, որի հայազգի պատգամավոր Սելինա Դողանն ասել էր, թե խորհրդարանում փորձ է արվում լռեցնել ազգային փոքրամասնությունների ձայնը:

«Եթե ցեղասպանության մասին խոսողները պետք է պատժվեն Թուրքիայի անցյալը վիրավորելու համար, ապա ինչո՞ւ չպետք է պատժվեն նույն ամբիոնից հայերին վիրավորողները»,- ասել է նա՝ Թուրքիայի իշխանություններին մեղադրելով ազգային և կրոնական ատելություն սերմանելու մեջ: