Օսմանյան կայսրության հայ սպա Սարգիս Թորոսյանը․ ՍիվիլՆեթի զրույցը Այհան Աքթարի հետ

1049

Օսմանյան բանակի հայ սպայի հուշերի շուրջ․ Այհան Աքթար

Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Այհան Աքթարը 2012 թվականին Թուրքիայում հրատարակել է Սարգիս Թորոսյանի հուշերը։ Սարգիս Թորոսյանը Օսմանյան կայսրության հայ սպա էր, որը կռվել է օսմանյան զորքերում, նաև՝ 1915-ի Դարդանելի մարտերում, թեպետ նույն ժամանակ նրա ընտանիքը Ցեղասպանության զոհ է դարձել։ Հուշերի հրատարակությունը մեծ իրարանցում առաջացրեց Թուրքիայում․ այն խարխլում էր թուրքական ավանդական պատումն այն մասին, թե Օսմանյան բանակում հայեր չեն եղել, թե «հայերն ապստամբել են ու հարվածել թիկունքից»։ Թուրքիայում հայի կերպարի, Սարգիս Թորոսյանի հուշագրության հրատարակության, դրա հարուցած փոփոխությունների մասին ՍիվիլՆեթի Գոռ Երանյանը զրուցել է Այհան Աքթարի հետ։

Պարոն Աքթար, գաղտնիք չէ, որ Թուրքիայում հայերի նկատմամբ որոշակի ատելություն կա։ Ուզում եմ հասկանալ՝ այն պատմության ճշմարիտ արտացուլու՞մն է, թե՞ ավելի շատ դասագրքային է, դասագրքերից է սնվում։

Հանրության բոլոր շերտերում չէ, որ  հայերի նկատմամբ ատելություն կա։ Սակայն  այն ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում։ Որոշ չափով քաղաքական էլիտաները, քաղաքական գործիչներն են  սերմանում։ Սակայն այս հարցում ամենահանգուցային խնդիրը Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է։

Եթե Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունները մի քիչ  մեղմվեն, լավանան, երկրները ճանաչեն միմյանց,  դեսպանություններ բացվեն, վստահ եմ, որ մի քիչ կփոխվի դրությունը, այսպես չի մնա։ Չնայած առկա բացասական պատկերին՝ վերջին տասը տարիների ընթացքում Թուրքիայում ակտիվորեն սկսել է քննարկվել հարցը՝ ի՞նչ է տեղի ունեցել 1915 թվականին, ցեղասպանությու՞ն է, թե՞ չէ։ 2015-ի ապրիլի 24-ին էլ հիշատակի արարողություն տեղի ունեցավ։  Դրանք էլ քննարկվող հարցի դրական կողմն են։ Թուրքիան այդ առումով մի քիչ կատակերգական վայր է, բացասականն ու դրականը մշտապես  միախառնված են։ Հարցին պետք է երկու կողմից նայել։

Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կազմակերպած հավաքի ժամանակ բազմությունը «հայ» բառը որպես հայհոյանք էր օգտագործում։ Վերջին շրջանում հայ են անվանում Ֆեթուլլահ Գյուլենին։ Թուրքիայի ներկայիս կառավարության անդամներից մեկն էլ հայտարարեց, որ ռազմական հեղաշրջման նպատակը Հայաստան պետության ստեղծումն էր Թուրքիայում։

Իրավացի եք, ատելության մի դրսևորում է։ Տեղի, թե անտեղի կարծես որպես վիրավորանք օգտագործում են։ Սակայն դրա հիմնական կիրառողները քաղաքական գործիչներն են։  Բոլոր երկրներում ներքին խռովությունների ժամանակ մշտապես սկսվում է արտաքին թշնամիների փնտրտուքը։ Թուրքիայում էլ այդպես է։ Թուրքիայում սովորություն է ներքին անկայունության ժամանակ արտաքին աշխարհին մատնացույց անելը։ Ձեր նշածն էլ ասվածի վառ ապացույցն է։

Թե ինչ է մտածում ժողովուրդը հայերի մասին, չեմ կարող ասել։ Վերջիվերջո նեղ խնդիրներով զբաղվող ակադեմիական եմ, իմ շրջապատի մարդիկ հայերի մասին թշնամաբար չեն մտածում։  Չեմ տեսել որևէ ուսումնասիրություն, թե ժողովուրդն ինչ է մտածում հայերի մասին։ Սակայն, երբ քաղաքական գործիչները այդպես են խոսում, ժողովուրդն էլ նրանց նայելով կրկնում է։ Քաղաքական գործիչներն այդպես չպետք է խոսեն, սա իմ կարծիքն է։

Ի՞նչ դեր են կատարում Թուրքիայի դպրոցական դասագրքերը, հատկապես հայերի մասին պատմող դրվագները։

Ես  հիմնովին չեմ ուսումնասիրել պատմության դասագրքերը։ Երբ ես աշակերտ էի, հայերի մասին նյութեր չկային։ Հայերի մասին սկսեցին գրել 1970-ականներից հետո, իսկ հատկապես 80-ականներից հետո դպրոցական դասագրքերում ատելություն պարունակող նյութեր ի հայտ եկան։ Սովորելու ժամանակ այս ատելությունը սկսում է տեղ գտնել երիտասարդների մտքերում։ Սակայն, եթե մեր ժամանակ մարդիկ միայն գրքեր էին կարդում ու այնտեղից ինչ-որ բան սովորում, հիմա՝ համացանցից, Ֆեյսբուքից, սոցիալական այլ ցանցերից, և սովորում են իրարից տարբերվող բաներ։ Այդ պատճառով՝ այո՛, ճիշտ է, դասագրքերը ատելություն սերմանում են, սակայն ամբողջովին չի հաջողվում դասագրքերի միջոցով ատելություն սերմանել։ Այլ կողմերից այլ նյութեր էլ են հասանելի դառնում։ Այդ պատճառով անցյալի համեմատ  ավելի դժվար է դարձել դասագրքերի միջոցով աշակերտներին տվյալ նյութի ուսուցանումը։ Դա էլ, գուցե, ավելի լավ է։

Ժխտողականության վրա հիմնված թուրքական պատմագրության հիմնական դրույթը հետևյալն է՝ «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերն ապստամբեցին, սկսեցին հարձակվել թուրքերի վրա, համագործակցեցին ռուսների հետ»։ Դուք այն թուրք պատմաբաններից եք, որ ժխտում եք այս մոտեցումը և կապիտան Սարգիս Թորոսյանի հուշերի հրատարակությամբ փոքր-ինչ խարխլում այս տեսակետը։ Ի՞նչ փոխեց այն Թուրքիայում։

Շատ բան փոխեց։  Սարգիս Թորոսյանի հուշերը հրատարակեցի 2012 թվականի օգոստոսին։ Ես երկար՝ 80 էջանոց առաջաբան գրեցի, մի երիտասարդ թարգմանեց, և «Իլեթիշիմ» հրատարակությունը տպագրեց։ Մի ամիս հետո երկու ազգայնական պատմաբան Չանաքքալեում՝ Դարդանելում, մամուլի ասուլիս հրավիրեցին ու հայտարարեցին, որ Սարգիս Թորոսյանի գրքի հրատարակումը հայկական սփյուռքի  հերթական խաղն է, և որ  հայկական սփյուռքի նպատակն է կիսել  Չանաքքալեում թուրքերի հաղթանակը։

Սկսում ես մտածել, թե ինչու են այդպես ասում․ պատճառը հետևյալն է՝ գործ ունենք շատ զգայուն թեմայի հետ։ Ինչպես դուք նշեցիք, Թուրքիայում ժխտողականության պատումը հետևյալն է․ հայերն ապստամբություն բարձրացրին, եկող ռուսական բանակի հետ համագործակցեցին։  Հիմա տեսնում ենք, որ առաջին՝ Սարգիս Թորոսյանը Օսմանյան ռազմական ակադեմիայի սան է, Կեսարիայի հայ է, էվերեկցի,  հրետանու սպա է և բանակում էլ կռվել է։  Նկարներն ունենք, շքանշաններ ունի՝ թե՛ օսմանյան, թե՛ գերմանական։ Սա խախտում է ընդհանուր պատումը, խոսույթը։  Ահա այս պատճառով հուշերի հրատարակությունը մեծ անհանսգտություն պատճառեց  ազգայնական պատմաբաններին։ Ասեմ նաև ինչու․ Առաջին աշխարհամարտի ժամանակ օսմանյան բանակը կոսմոպոլիտ էր՝ կային արաբներ, քրդեր, հայեր, հրեաներ, հույներ, կայսրության բոլոր ժողովուրդները։  1909 թվականին, երբ օսմանյան խորհրդարանում քննարկվում էր այս հարցը, պատգամավորներ Վարդգես ու Զոհրապ էֆենդիները ամբիոն բարձրացան ու ասացին՝ հայերին բանակ վերցրե՛ք, մենք ուզում են ծառայության մտնել։ 1909 թվականիմ օրենքը փոխվում, և զինվորական ծառայությունը պարտադիր է դառնում Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների համար։  1914 թվականին, երբ սկսվում է պատերազմն ու զորահավաքը, մարդկանց բանակ են տանում։  Թորոսյանն արդեն զինվոր էր, ռազմական ակադեմիայի սան։

Սակայն հետագայում Թորոսյանի նմանները ջնջվում են պատմությունից, և պատմությունը սկսում է նեկայացվել, որ օսմանան բանակը թուրքական բանակ էր։ Մոռացության են տրվում օսմանյան բանակում ծառայող արաբները, քրդերը, չերքեզները։ Սարգիս Թորոսյանի հուշերի հրատարակությամբ՝ այս մոտեցումը լիովին խարխլվեց։

Բացի այդ, Թուրքիայում գերիշխող  երկորդ պատումը հետևյալն է․ օսմանյան բանակը իսլամական բանակ է․ բայց արի ու տես՝ Սարգիս Թորոսյանը քրիստոնյա է, այս պատումն էլ խարխլվեց։  Այս պատճառով գրքի հրատարակությունը թե՛ ազգայնական, թե՛ իսլամական հատվածի մոտ էլ հակակրանք առաջացրեց։ Դրանից հետո սկսվեց մեծ քննարկում, այդ քննարկումները գրքով հրատարակվեց, բայց դրանք դեռ շարունակվում են։ Այս քննարկումների ընթացքում,- որոնց ժամանակ նույնիսկ կասկածի տակ էին դնում, թե արդյոք Սարգիս Թորոսյան անունով օսմանյան սպա եղել է, թե ոչ,- տեղի ունեցավ հետևյալը՝ քրքրեցին նրա ասած ամեն բառ,  էս բառը ճի՞շտ է, թե՞ սխալ, գնդի հրամանատրի անունը Ահմեթ չէր, Մեհմեթ էր, բարձունքի անունը իքս չէր, իգրեկ էր և այլն, և այլն։ Հայ ընկերներիցս մեկը շատ հետաքրքրիր բան ասաց․ ասաց, եթե այս հուշերը գրած լիներ ոչ թե Սարգիս Թորոսյանը, այլ Սուլեյման Թորոսօղլուն, արդյոք այսպիսի մեծ քննարկում կառաջանա՞ր։ Հարցը սա է։

Սակայն, պետք է նշել, որ գրքի հրատարակությունից ու սկսված քննարկումներից հետո Թուրքիայում որոշ բաներ մեղմվեցին։ Պատմեմ, թե ինչեր եղան։  Առաջին՝ ոչ մահմեդական փոքրամասնություններն այս խնդրահարույց թեմաները սկսեցին ավելի ազատ քննարկել։ Օրինակ, Ստամբուլում՝ Քադըքոյ թաղամասում, հրեական գերեզմանատուն կա, այնտեղ հատուկ բաժին առանձնացրին՝ Դարդանելում նահատակված հրեա զինվորների հիշատակին։ Անկարայում, խորհրդարանի պատկերասրահում ցուցահանդես բացվեց «Օսմանյան բանակի, Դարդանելի ճակատի հրեա զինվորները» խորագրով։

Այսպիսով, Սարգիս Թորոսյանի հուշերի հրատարակությունը պատճառ դարձավ, որ Թուրքիայում ընդունեն որոշ իրողություններ։ Գիտեք, որ Թուրքիայի կառավարությունը որոշեց 2015 թվականի ապրիլի 24-ին Դարդանելում հիշատակի արարողություն կազմակերպել և հրավիրեց տարբեր երկրների ղեկավարների։ Հրավիրվեց նաև Հայաստանի նախագահ Սարգսյանը։  Պետք է ասել, որ ապրիլի 24-ին Դարդանելում ոչինչ տեղի չի ունեցել։ Հիմնական ռազմական գործողությունը տեղի է ունեցել 1915 թվականի ապրիլի 25-ին։

Լրագրողները հարցրին  Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուին՝ Սագսյանին ինչո՞ւ եք կանչել։  Նա էլ ի պատասխան ասաց՝ ռազմաճակատում հայ զինվորներ էլ կային։ Այսպիսով, ամենաբարձր՝ նախարարի մակարդակով Սարգիս Թորոսյանի պատմությունը ընդունեության արժանացավ, և արդեն ոչ ոք չի կարող ասել, թե Օսմանյան բանակում հայեր չեն եղել և այլն, և այլն։ Եղել են, պետք է նրանց հրապարակ դուրս բերել։ Շատ ուրախ եմ, որ իմ ներդրումն եմ ունեցել այս գործում։