Խաշթառակ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Իջևանի շրջան

3525

Խաշթառակ գյուղը Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Աղստև գետի աջ ափին, Երևանից 144 կմ, մարզկենտրոնից՝ 11 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից շուրջ 750 մետր բարձրության վրա:

Նախկինում ունեցել է Խաչդարակ, Սարհատու անունները: Գյուղին հարակից բնակավայրերն են Լուսահովիտը, Լուսաձորը, Ակնաղբյուրը և Դիտավանը:

Խաշթառակի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1831թ.- 214, բոլորը՝ հայ,

1873թ.- 473, բոլորը՝ հայ,

1886թ.- 642, բոլորը՝ հայ,

1897թ.- 783, բոլորը՝ հայ (հայ լուսավորչական, հայ կաթոլիկ)

1908թ.- 1404,

1914թ.- 1420՝ ըստ Կովկասյան օրացույցի,

1916թ.- 1220,

1919թ.- 1110,

1922թ.- 1114,

1926թ.- 936, բոլորը՝ հայ,

1931թ.- 1296, բոլորը՝ հայ:

Խաշթառակը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Իջևանը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

1920 թվականի նոյեմբերի 29-ին Իջևանում հաստատվեցին խորհրդային կարգեր:

Դիտել և կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2019/04/01/ijevan-1831-korkotian-19-villages/