Արթուր Մկրտչյանից՝ Արայիկ Հարությունյան. Արցախի բոլոր առաջնորդները

3652

2017 թվականի հուլիսի 19-ին Արցախի խորհրդարանը երեք տարի ժամկետով նախագահի պաշտոնում քվեարկեց Բակո Սահակյանի օգտին։ Արցախի նորագույն պատմության մեջ սա երկրորդ դեպքն էր, երբ խորհրդարանն է ընտրում երկրի առաջնորդին։ Առաջինը տեղի է ունեցել 1994 թվականի վերջերին, երբ Լեռնային Ղարաբաղի առաջին խորհրդարանը նախագահ ընտրեց Ռոբերտ Քոչարյանին։

Երբ 1991-ի սեպտեմբերին Արցախը հռչակեց իր անկախությունը, նույն տարվա դեկտեմբերի վերջերին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ մեծամասնական ընտրակարգով։ Փաստացի, հաղթեց ՀՅԴ-ն, թեև ընտրությունները մեծամասնական ընտրակարգով էին և թեկնածուների կուսակցական պատկանելիության մասին այնքան էլ չէր բարձրաձայնվում։ 1992-ի հունվարին ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանը ընտրվեց խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ, դառնալով Արցախի առաջին առաջնորդը։

Հայաստանում իշխանության էր ՀՀՇ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Ցուցադրական կերպով, Տեր-Պետրոսյանը չէր ընդունում Արթուր Մկրտչյանին, և համագործակցում էր ՀՀՇ-ի արցախյան թևի ներկայացուցիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Օլեգ Եսայանի հետ։ Այսպես, Տեր-Պետրոսյանի օգնությամբ Արցախում ձևավորվում էր ստվերային իշխանություն՝ ընդդեմ Մկրտչյանի ու ՀՅԴ-ի։

1992-ի այս օրը՝ ապրիլի 14-ին, սպանվեց Արթուր Մկրտչյանը։ Նա Արցախը ղեկավարեց ընդամենը 95 օր։

Ի տարբերություն Հայաստանի, Արցախը խորհրդարանական կառավարում ուներ, անգամ երկրի նախագահի ինստիտուտ գոյություն չուներ։

Արթուր Մկրտչյանի սպանությունից հետո Արցախի փաստացի առաջնորդ դարձավ Ռոբերտ Քոչարյանը։ 1992-ի օգոստոսին ձևավորվեց 7 հոգուց բաղկացած ՊՊԿ-ն՝ Պաշտպանության պետական կոմիտեն, որի ղեկավար դարձավ Քոչարյանը։ Մկրտչյանի սպանությունից հետո խորհրդարանի նախագահի պաշտոնակատար դարձավ ՀՅԴ-ական Գեորգի Պետրոսյանը, թեև Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն ամեն կերպ աջակցում էին Քոչարյանին և վերջինիս կողմնակիցներին։ 1993-ի հունիսին Պետրոսյանը Երևանի ճնշումների տակ հրաժարական տվեց, նրան փոխարինեց Կարեն Բաբուրյանը, ով համագործակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի արցախյան թևի հետ, որը, ՀՀ առաջին նախագահի բառերով, անվանվում էր ՀՀՇ-ի տեղական՝ Արցախյան ցանց։

1994-ի վերջերին Արցախի Գերագույն խորհուրդը նախագահ ընտրեց Ռոբերտ Քոչարյանին, ով երկու տարի անց նախագահի պաշտոնում շարունակեց մնալ արդեն 1996-ի նախագահական ընտրությունների արդյունքներով։ Թեև 1995-ի գարնանը Արցախում ընտրությունների ճանապարհով ձևավորվել էր նոր խորհրդարան՝ Ազգային ժողով, սակայն օրենսդիրը ամբողջությամբ ենթարկվում էր Քոչարյանին և այդ ժամանակներում Արցախի ամենազոր մարդուն՝ Սամվել Բաբայանին։

1997-ի մարտին Տեր-Պետրոսյանը Քոչարյանին հրավիրեց Երևան և նշանակեց վարչապետի պաշտոնում։ Արցախում տեղի ունեցան նախագահական վաղաժամկետ ընտրություններ, որոնցում հաղթեց Արկադի Ղուկասյանը՝ արտգործնախարարը և ղարաբաղյան բանակցություններում Արցախյան պատվիրակության գլխավոր բանագնացը։

2002-ին Ղուկասյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում և Արցախը ղեկավարեց մինչև 2007 թվական։

2007-ին նախագահ դարձավ Բակո Սահակյանը, ով 2012-ին վերընտրվեց այդ պաշտոնում։

Արցախի Սահմանադրության համաձայն, այն է՝ երկրի նախագահը չի կարող հաջորդաբար երկու անգամից ավելի զբաղեցնելայդ պաշտոնը, Բակո Սահակյանը պետք է թողներ աթոռը, ինչպես դա արեց Արկադի Ղուկասյանը։ Սակայն տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, մտցվեց երեք տարի ժամկետով անցումային նախագահի դրույթ, որը հնարավորություն տվեց Բակո Սահակյանին ևս երեք տարի մնալ նախագահի պաշտոնում, այս անգամ ընտրվելով խորհրդարանի կողմից։

Այսպիսով, Արցախի չորս առաջնորդներից Արթուր Մկրտչյանը չճանաչված հանրապետությունը ղեկավարել է 95 օր, Ռոբերտ Քոչարյանը՝ 4 ու կես տարի, որից երկու տարուց ավելին որպես ՊՊԿ նախագահ։ Արկադի Ղուկասյանը նախագահի պաշտոնում մնացել է 10 տարի։ Բակո Սահակյանը նախագահի պաշտոնն զբաղեցրել է ամենաերկարը՝ 13 տարի։

2020 թվականի մարտի 31-ին Արցախում կայացան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկան Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը:

Մասիս Մայիլյանը, ով ընտրությունների առաջին փուլում ստացել էր քվեների 26,4 տոկոսը, քաղաքացիներին կոչ է արել «նոր կորոնավիրուսի համավարակի՝ գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը»:

Մայիլյան ազգանունը, սակայն, կար ապրիլի 14-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկում: Մյուս թեկնածուն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն էր, որին առաջին փուլում հաղթելու համար չբավարարեց մի քանի հարյուր քվե միայն: Նա ստացել էր 49,3 տոկոս ձայն:

Արայիկ Հարությունյանը ապրիլի 14-ին դարձավ Արցախի նախագահ, իսկ երդմնակալությունը կայացավ մայիսի 21-ին:

Թաթուլ Հակոբյան