Թաթուլ Հակոբյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտում կներկայացնի Քաջազնունու «Ազգ և հայրենիքը»

1300

Հուլիսի 21-ի երեկոյան ժամը 18.30-ին Արցախի Ժուռնալիստների միությունում (Ստեփանակերտ, Թումանյան-63/15) Սիվիլնեթի լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» աշխատությունը, ինչպես նաև ելույթ կունենա «Հայ-թուրքական հարաբերությունները և Ադրբեջանը. 1917-1921 թթ» թեմայով:

Հայ քաղաքական ու փիլիսոփայական մտքի պատմության այս բացառիկ աշխատությունը՝ «Ազգ և հայրենիքը», առաջին անգամ հատվածաբար տպագրվել է ՀՅԴ ՀԱՅՐԵՆԻՔ (Բոստոն, ԱՄՆ) ամսագրում՝ 1923-1924 թվականներին, բացառությամբ վերջին երկու հատվածների:

«Քաջազնունին հայ քաղաքական մտքի պատմության մեջ բացառիկ տեղ ունի: Նրա այս հատորը շատ ծանոթ չէ Հայաստանի ընթերցողին: Եվ որպես պետական-քաղաքական գործիչ, և որպես գրող, ցավոք, Քաջազնունին ըստ արժանվույն գնահատված չէ ո՛չ Սփյուռքում, ո՛չ Հայաստանում: Վերահրատարակելով նրա աշխատությունները, ԱՆԻ կենտրոնը իր համեստ լուման է ներդնում այս խոշոր հային, այս խոշոր անհատականությանը ժամանակակիցներին ծանոթացնելու համար», ասել է Թաթուլ Հակոբյանը:

Հուլիսի 21-ին Արցախի ընթերցասեր հասարակությունը հնարավորություն կունենա ձեռք բերել ինչպես «Ազգ և հայրենիք» աշխատությունը, այնպես էլ ԱՆԻ կենտրոնի և Թաթուլ Հակոբյանի մյուս հրատարակությունները.

Հովհաննես Քաջազնունի, «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս», 

Սիմոն Վրացյան«Խարխափումներ»,

Արշակ Ջամալյան«ՀՔաջազնունին և Հ.ՅԴաշնակցությունը», 

Ռուբէն Դարբինեան, «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի»,

Վահան Նավասարդյան«Հ. Յ. Դաշնակցության անելիքը»,

«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի», 

Եղիշէ Քաջունի, «Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը», 

Թաթուլ Հակոբյան«Արցախյան օրագիր. Կանաչ ու սեւ», 

Թաթուլ Հակոբյան, «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը»: