Քանի դեռ դեղձենիները չէին չորացել, Զորականը դրախտ էր

1750

45-ամյա Հարություն Վիրաբյանը երեք երեխաների հայր է, ավագ որդին՝ Հրաչը, եկող աշնանը գնալու է բանակ: Հարությունը, ինչպես զորականցիների մեծ մասը, լավ չի ապրում, չնայած շատ է աշխատում: Դոնի Ռոստովում բնակվող հարազատներն են օգնում: «Ես էլ եմ ուզում գնալ, ապրել Ռուսաստանում, այստեղ ջուր չկա, գործ չկա»,-ասում է Հարությունը:

Ոռոգման ջուր չլինելու պատճառով 1993-1994թթ. չորացել են Զորականի 364 հեկտար պտղատու այգիները, որից 336-ը դեղձենու այգի էր:

Խորհրդային ժամանակներում Նոյեմբերյանի շրջանի Զորական գյուղում ադրբեջանցիներ էին բնակվում: Գյուղի անունը Վերին Քյոռփլու էր, հետո, երբ այստեղ հաստատվեց Ադրբեջանի Շամխորի շրջանի ավելի քան 1000 տնտեսություն ունեցող Չարդախլու գյուղի բնակիչների մի մասը, գյուղն անվանվեց Չարդախլու: Մի քանի տարի հետո գյուղը վերանվանվեց Զորական՝ ի պատիվ մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի, չնայած եւ՛ գյուղացիները, եւ՛ Նոյեմբերյանի շրջանի բնակիչները շարունակում են Չարդախլու անունն օգտագործել:

78-ամյա Ռուբեն Բաղդասարյանը հիշում է հարազատ գյուղից նոր բնակավայր տեղափոխվելու առաջին տարիները: «Որ եկանք, ասինք՝ դրախտ ենք ընկել: Մի քանի տարի, մինչեւ 1992թ., պտղատու այգիները ջարդվում էին բերքի ծանրությունից: Հետո ջուր չեղավ, այգիները չորացան: Առաջին հերթին ջուր է պետք, եթե ջուրը եղավ, ապրելու ենք, հակառակ դեպքում բոլորը հեռանալու են: Որտեղ ջուր կա, այնտեղ կա նաեւ կյանք, որտեղ չկա, այնտեղ կյանք չի լինի: Այս տարի դեռ ջուր չեն տվել, հոնը ծառի վրա թոռոմում, չորանում է: Ասում են՝ կանխավճար տվեք, ջուրը տանք, մենք էլ ասում ենք՝ ջուրը տվեք, նոր փողը տանք»,-բողոքում է տարիքն առած մարդը:

Յուրի Մանասյանը Զորականի գյուղապետն է 2001թ. հունվարի 1-ից, մեկ ամիս առաջ՝ մայիսի 28-ին, վերընտրվել է: Մեր հարցազրույցի օրը նա առաջին անգամ էր մտնում նոր աշխատասենյակ: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի եւ ազգային բարերարներ Խնդիրյան ամուսինների ֆինանսավորմամբ Զորականում կառուցվել է երկհարկանի շենք՝ գյուղապետարան, գրադարան, ակումբ, հանդիսությունների սրահ:

Գյուղում այսօր հաշվառված է 1380 բնակիչ, որից միայն 1000-ն է տեղում, 380 մարդ արտագաղթել եւ հաստատվել է հիմնականում Ռուսաստանում: Չարդախլուից գաղթած մյուս բնակիչները հաստատվել են Գեղարքունիքի մարզի Այգուտ, Մասիսին հարակից Խաչպար գյուղերում, ինչպես նաեւ՝ Վարդենիսի մի քանի բնակավայրերում: Չարդախլվեցիների մի մասն անմիջապես՝ 1988թ., տեղափոխվել է Ռուսաստան, իսկ մյուս մասը Ռուսաստան է տեղափոխվել Հայաստան գալուց եւ Խորհրդային Միության փլուզումից հետո:

«Հիմնականում դեպի ծննդավայրը, նախնիների գերեզմանները կարոտի խնդիրը կա, դա միշտ էլ լինելու է»,-ասում է գյուղապետ Մանասյանը՝ անմիջապես ավելացնելով նաեւ տեղական խնդիրները՝ խմելու եւ ոռոգման ջրի պակաս, մարդկանց սոցիալական ծանր վիճակ:

«Ոռոգման ջրի խնդիրն ահավոր է, անցյալ տարի մեկ անգամ ենք ջուր ստացել: Ջուրը գալիս է Դեբեդից՝ քառաստիճան պոմպակայանի միջոցով: Շատ վատ է խմելու ջրի խնդիրը: Երբ մենք եկանք, կար եւ՛ ոռոգման, եւ՛ խմելու ջուրը, մեզ համար դրախտ էր՝ ծաղկուն այգիներ, հեկտարից ստացվում էր ավելի քան 30 տոննա բերք, իսկ այսօր ժողովուրդը թշվառության մեջ է»,-ասում է գյուղապետը եւ հավելում, որ վճարելու դեպքում ոռոգման ջուր հնարավոր է ստանալ, բայց գյուղացիների մեծ մասը չի կարողանում վճարել, որովհետեւ նրանց համար ջուրը թանկ է:

Ի՞նչ անել, որ մարդիկ դուրս գան թշվառության ճիրաններից: «Լուծել ջրի խնդիրը, հիմնել դեղձի այգիներ»,-պատասխանում է գյուղապետը:

Արտագաղթն այս գյուղից շարունակվում է, չնայած նախկինի նման չեն հեռանում, բայց հեռանում են: Հիմնականում գնում են արտագնա աշխատանքի: «Տնտեսական առումով կյանքը կանգնած է, մեր զարգացումը կախված է ջրից: Ամռան շոգին թզենու, հոնենու, մյուս պտղատու ծառերի վրա պտուղը մնում, թոռոմում է, իսկ տերեւները չորանում են: Բերքը ծառերի վրա չիր է դառնում»,- ասում է Մանասյանը: Անասնապահությունը զարգացնելու հնարավորություններ չկան, քանի որ Զորականը սարեր չունի, նրանց սարերի հատվածը Ստեփանավանում է՝ Զորականից բավական հեռու: Ամեն ընտանիք ընդամենը մեկ-երկու կով է պահում:

1990-ականների կեսերից, երբ Զորականում հացի խնդիր կար, արդեն չորացած պտղատու ծառերի կոճղերը մաքրվեցին եւ նախկին այգիները վերածվեցին ցորենի, ապա՝ գարու դաշտերի, որոնք այս տարածաշրջանի համար արդյունավետ կուլտուրաներ չեն: Սա դեղձի երկիր է: Եթե մեկ հեկտար դաշտը տալիս է 2-3 տոննա գարի կամ ցորեն, ապա մեկ հեկտար դեղձենու այգին՝ ավելի քան 30 տոննա արեւահամ միրգ: IFAD-ի ծրագրով վերականգնվել է 12 հեկտար դեղձենու այգի, անցյալ տարի ստացվել են բերքի առաջին նմուշները: Բայց ծրագիրը չի շարունակվում, իսկ գյուղացին ի վիճակի չէ միայնակ վերականգնել դեղձենու այգիները:

2003թ. այս գյուղը 100 տոկոսով, այսինքն՝ բոլոր ընտրողները՝ մոտ 550 մարդ, քվեարկել է Ռոբերտ Քոչարյանի օգտին, 1998թ. նախագահական ընտրություններում միայն երկու մարդ չի քվեարկել գործող նախագահի օգին: Գյուղապետն ասում է, որ Զորականում Հայաստանի նախագահին հարգում են: Երբ նրան հարցրեցի, թե 100 տոկոս ձայն տալու դիմաց զորականցիները չե՞ն ակնկալել յուրահատուկ վերաբերմունք նախագահի կողմից, գյուղապետ Մանասյանն ասաց, որ չեն ակնկալել, պարզապես զորականցիները հարգում են երկրի նախագահին:

Զորականում, ինչպես Հայաստանի շատ բնակավայրերում, ադրբեջանցիների գերեզմանները չեն պղծվել: Իսկ ի՞նչ վիճակում են հայկական գերեզմանները Չարդախլուում, որտեղ այսօր բնակվում են Հայաստանի տարբեր բնակավայրերից գաղթած ադրբեջանցիներ: Ռուսաստանում բնակվող նախկին չարդախլվեցիները լրագրողներ են ուղարկում, եւ ամեն տարի գյուղը նկարահանվում է: «Մեր նախնիների շիրիմները ավերված են: Այստեղ, որքան հնարավոր է, պահպանել ենք ադրբեջանցիների գերեզմանները: Նոր եկած ժամանակ հարեւան գյուղի տղաների հետ ընդհարումներ ունեցանք ադրբեջանցիների գերեզմանների պատճառով, փորձում էին քանդել: Մենք հակված չէինք քանդելու, որպեսզի նրանք էլ մերը չքանդեն: Նրանք գիտեն, որ իրենց նախնիների գերեզմանները քանդված չեն: Եթե մենք կարողանում ենք Ադրբեջանի խորքում գտնվող մեր գյուղի մասին տեղեկություններ ստանալ, տեսաժապավեն ունենալ, միանշանակ նրանք էլ կարող են տեղեկություններ ստանալ: Թուրքերը դարեր ի վեր փորձել են հայերի հետքերը ջնջել: Մեր նախկին գյուղի տարածքը եղել է Գարդմանա երկիրը հայկական հին բերդատեղերով, ժամատեղերով: Այստեղ մենք չենք քանդում ադրբեջանցիների գերեզմանները, որովհետեւ մենք բարբարոս չենք եւ գիտենք, որ սա հայկական հող է»,-ասում է գյուղապետը:

Չնայած հայ-ադրբեջանական նոր հակասությունների կամ, այլ կերպ ասած, ղարաբաղյան շարժման սկիզբն ընդունված է համարել 1988թ. փետրվարը, 1987թ. կեսերից բռնությունների ալիքը սկսվել է հենց Չարդախլուում: Սեւիլ Դանիելյանը 1977-ից մինչեւ 1988 թվականը եղել է Չարդախլուի գյուղխորհրդի նախագահի քարտուղարուհին եւ գործի բերումով հաճախ շփվել Շամխորի շրջանի ղեկավարության հետ:

«1987թ. աշնանը սկսեցին խոսակցություններ տարածվել, որ ադրբեջանցիները մեզ պետք է հանեն Չարդախլուից, ինչպես նաեւ՝ Շամխորի շրջանի մյուս հայկական գյուղերից: Արդեն սկսել էին հայ հիվանդներին Շամխորի հիվանդանոցում չընդունել, հաց չէին բերում Չարդախլու, մեր մեքենաներին քարերով խփում էին: Շամխորի զինկոմիսարիատում փակցված էին մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի նկարները: Երբ ես վերջին անգամ գնացի ժողովի, դա 1987թ. նոյեմբերն էր, զինակոչիկների հարցեր կային, տեսա մեր մարշալների նկարները չկան: Զինկոմին հարցրեցի, թե ինչո՞ւ են նկարները հանել: Նա կոպիտ պատասխանեց՝ ասելով, որ դա ինձ չի վերաբերում: Այդ օրը հասկացա, որ հայերի հետ մի բան լինելու է»,-հիշում է Սեւիլ Դանիելյանը:

Թաթուլ Հակոբյան

19 հունիսի, 2006

ՀԵՏՔ, http://hetq.am/arm/print/10582/

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2016/01/14/korkotyan-zorakan-haghtanak-1831-1931/