«Մուրճ» գրական հանդեսը. 1922-ի նոյեմբեր

2204

1922թ. նոյեմբերին Երեւանում լույս է տեսնում «Մուրճ» գրական հանդեսը, որի խմբագիրն Ազատ Վշտունին էր։ Նա վիճարկում էր ոչ միայն անցյալի գրականությունը, այլեւ ամբողջ արվեստը՝ նշելով, որ արվեստը չի կարող լինել քաղքենիական ու մանր բուրժուական։

Հեղափոխական արվեստը պետք է ներկայացներ աշխատավորների ու գյուղացիների շահերը, սպասարկեր նրանց պահանջմունքները, լիներ գաղափարախոսական առաջատարը։ ««Մուրճ»-ը հրատարակվում է ոչ թե տիրացու էսթետների հոգեկան բավարարման համար, այլ կռելու, կոփելու աշխատավորության գեղարվեստական գիտակցությունը, դուրս քաշելու անորոշությունից եւ լքումից այն բոլոր աշխատունակ գրողներին, բանաստեղծներին, որոնք մինչեւ հիմա հնարավորություն չեն ունեցել դուրս գալու հրապարակ, մարզվելու, կրթվելու»,- այսպես էր բացատրվում նոր հանդեսի նպատակները։

 

 

«Մուրճ» հանդեսին միանում են Վահրամ Ալազանը, Գուրգեն Մահարին, Նաիրի Զարյանը, Հմայակ Սիրասը եւ ուրիշներ։

Հանդեսի առաջին համարում Ազատ Վշտունին նկարագրում էր տվյալ պահին հայ գրականության անմխիթար դրությունը եւ նշում, որ անհրաժեշտ է ստեղծել նոր գրականություն։ «Մեր գրականագետներից շատ շատերը այժմ տատանվում են հնի ու նորի միջեւ բացված անդունդի շուրջը, նրանք ընդունակ չեն այլեւս հանդես գալու պարզ ու որոշ աշխարհայացքով։ Այդպիսի անհատներից կազմված զանազան խմբակցությունների եւ միությունների մեջ տարվող աշխատանքները՝ դասախոսությունները, քննադատություններն ու հավաքական գրական հրատարակությունները չեն կրում դասակարգային-կոմունիստական աշխարհայացքի կնիքը եւ դեպի գեղարվեստական արժեքները չեն դրսեւորվում մարքսիստական մերձեցում»,- ասում էր Վշտունին։

 

1923թ. հունվարից «Մուրճը» դառնում է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի (ՀՊԳԱ) պաշտոնական օրգանը, սակայն նույն տարում նրա հրատարակությունը դադարում է։

Աղբյուրը՝ Հայկական Կարմիր, 1922 թվական, Մեդիամաքս

Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան

Դիտել նաև ԱՆԻ կենտրոնի երկու քննարկումները՝ 

«Խորհրդային Հայաստանը 1922 թվականին»

«1934-ը. Գրողների միության ստեղծումը խորհրդային հասարակարգի ամրապնդման համատեքստում»